Վերականգնման արվեստը Հայաստանում
Սեպտեմբերի 12-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորումը՝ նվիրված հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին։ Ֆորումի նպատակն էր ներկայացնել Հայաստանում արվեստի գործերի վերականգնման արդի փորձը, ստեղծել մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև հանրության համար առավել տեսանելի դարձնել վերականգնողների կարևոր և հաճախ անտեսանելի աշխատանքը։

«Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորումը կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի համագործակցությամբ։ Ֆորումի անցկացման կարևոր շարժառիթներից մեկը Գրիգոր Խանջյանի մոնումենտալ աշխատանքի վերականգնումն էր։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանի խոսքով՝ Խանջյանի 100-ամյակը առիթ դարձավ անդրադառնալու ոչ միայն նկարչի ժառանգությանը, այլև Հայաստանում վերականգնման ոլորտին ընդհանրապես։
«Շարժառիթը Գրիգոր Խանջյանի հարյուրամյակն է, բայց ինչու հենց վերականգնման թեմայի շուրջ ֆորում։ Որովհետև դեռ այս հարյուրամյակից մի քանի տարի առաջ սկսվեցին Գրիգոր Խանջյանի մոնումենտալ աշխատանքի վերականգնման աշխատանքները։ Դեռ 2002 թվականին, երբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադրամը ստանձնեց Կասկադ համալիրի և Գաֆէսճեան քանդակների պարտեզի այդ ամբողջ տարածքի բարեկարգումը, իսկ 2009-ին բացվեց թանգարանը, այդ մոնումենտալ աշխատանքը և այլ աշխատանքներ ևս մեր հոգածության ներքո էին։

Որմնանկարը վերականգնման կարիք ուներ, և այդ հարցի շուրջ պարբերաբար քննարկումներ էին տեղի ունենում Խանջյան ընտանիքի հետ։ 2025 թվականին գտնվեց այն բարձրագույն որակավորում ունեցող մասնագետը, որը կազմեց ամբողջ այդ վերականգնման գործընթացի մեթոդաբանությունը և ինքն էլ ստանձնեց վերականգնման աշխատանքները։ Հավաքվեց թիմ, և հինգ ամիս Խանջյանի սրահը փակ էր, որպեսզի վերականգնողները կարողանան աշխատել։ Եվ վերջապես՝ 2026 թվականի ապրիլին տեղի ունեցավ սրահի հանդիսավոր վերաբացումը»:
Խանջյանի ստեղծագործության վերականգնումը դարձավ ավելի լայն նախաձեռնության մեկնակետ։ Մոնումենտալ գեղանկարչության նշանակալից ստեղծագործության վերականգնումն ու հանրությանը վերադարձը կարևոր շարժառիթ դարձան Հայաստանում ոլորտի մասնագետներին համախմբելու, մասնագիտական խնդիրներն ու փորձը քննարկելու համար։

Խանջյանի որմնանկարի վերականգնման տեխնիկական մանրամասներին ևս անդրադարձ է կատարվել ֆորումի ընթացքում։ Ելիզավետա Շիրինյանի խոսքով՝ մասնագետները ներկայացնում են այն մեթոդաբանությունը, որի հիման վրա իրականացվել են աշխատանքները։
«Ինչպես է կազմվել այդ մեթոդաբանությունը, ինչից են սկսել, փոքր ճեղքերից հետո ինչպես են սոսինձներով ամրացրել, հետո ամբողջ որմնանկարը դարձյալ ամրացնելու համար հատուկ նյութեր են օգտագործվել։ Այս ամբողջն է մանրամասն քննարկվում ֆորումում:

Ֆորումի առաջին մասում ներկայացվեց Խանջյանի որմնանկարի վերականգնման գործընթացը, ինչպես նաև ցուցադրվեց «Նոր լույսի ներքո» վավերագրական ֆիլմը։ Այնուհետև ելույթ ունեցավ վերականգնման թիմը՝ աշխատանքների ղեկավար Նիկոլայ Միխայլովի մասնակցությամբ: Իսկ երկրորդ հատվածը կազմակերպվել էր Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Ներկայացվեցին Հայաստանի տարբեր թանգարաններում և մասնագիտական կառույցներում իրականացվող վերականգնման աշխատանքները՝ գրավոր ժառանգությունից մինչև կտավ, խեցեղեն և քար: Անդրադարձ է կատարվել նաև գրավոր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը, որը հիմնականում իրականացվում է Մատենադարանում։ Անդրադարձ է կատարվել նաև կտավների վերականգնմանը, առանձին ներկայացվել է «Սալոմե» կտավի վերականգնման գործընթացը։ Հայաստանում վերականգնման ոլորտը ներկայացվել է տարբեր ուղղություններով։ Քննարկվել են նաև խեցեղենի նյութերի և քարի վերականգնման հարցերը։ Քարի վերականգնումը ներկայացրել է Իտալիայում մասնագիտական որակավորում ստացած վերականգնողը։ Լիլիթ Բաչաչյանի խոսքով՝ Հայաստանի վերականգնողների ասոցիացիան մասնագիտական ոլորտի համախմբման և հանրայնացման կարևոր հարթակ է։
«Ասոցիացիան մի հարթակ է, որը միավորում է Հայաստանում գործող վերականգնողներին և կոչված է հանրայնացնելու ու ավելի տեսանելի դարձնելու վերականգնող մասնագետների աշխատանքն ու մասնագիտական կյանքը»։

Ֆորումը նաև կրթական բաղադրիչ ուներ։ Սեպտեմբերի 12-ին «Հակոբ Կոջոյան կրթահամալիրի» մի խումբ սաներ մասնակցեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպված՝ Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված մասնագիտական ֆորումին։ Կոջոյանցիները դիտեցին «Նոր լույսի ներքո» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Գրիգոր Խանջյանի որմնանկարի վերականգնման գործընթացին։ Ֆիլմի դիտումից հետո նրանք մասնակցեցին հարցուպատասխանի՝ հնարավորություն ունենալով մասնագետներից լսելու վերականգնողների փորձառության, աշխատանքի առանձնահատկությունների և վերականգնման մասնագիտության մասին։
Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Վերականգնման արվեստը Հայաստանում» ֆորումը դարձավ Հայաստանում վերականգնման ոլորտի մասնագետների փորձը մեկ հարթակում ներկայացնելու հնարավորություն։ Այն միաժամանակ ընդգծեց վերականգնողի աշխատանքի նշանակությունը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, մասնագիտական գիտելիքի փոխանցման և մշակութային արժեքների նկատմամբ հանրային ուշադրության ձևավորման կարևոր օղակ։
Ալմաստ Մուրադյան