Մշակույթը՝ կամուրջ մարդու և բնության միջև․ բնիկ ժողովուրդների ձայնը COP17-ում

Բնությունն իր ողջ բազմազանությամբ՝ անտառներով, գետերով ու կենդանական աշխարհով, մեզ է փոխանցում նաև սերունդներով կուտակված գիտելիքը։ Այն մարդկանց հիշողությունն է, լեզուն, երաժշտությունն ու ծեսերը։ Բնիկ ժողովուրդների մշակույթը ձևավորվել է իրենց բնակեցրած տարածքների հետ սերտ կապի մեջ, ուստի կենսաբազմազանության պահպանումն անմիջականորեն կապված է նաև նրանց իրավունքների, ինքնության և ավանդույթների պաշտպանության հետ։ Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, այս հարցերի շուրջ միջազգային երկխոսության կարևոր հարթակ է։ Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներն իրենց հետ Երևան են բերել իրենց մշակույթի գույները՝ ավանդական հագուստի, ձեռագործ աշխատանքների, երաժշտության, ծեսերի և բնության մասին գիտելիքի տեսքով՝ հարստացնելով մայրաքաղաքի մշակութային կյանքը և նպաստելով տարբեր ժողովուրդների միջև երկխոսությանը։

Մշակույթը՝ բնության հիշողություն

Բնիկ ժողովուրդների երաժշտությունը, պարը և բանավոր ավանդույթները ոչ միայն գեղարվեստական արտահայտություններ են, այլև պատմական հիշողության ու ինքնության պահպանման միջոցներ։ Բրազիլիայի Ամազոնի ավազանի բնիկ համայնքներում երգերն ու պարերը փոխանցում են նախնիների պատմությունները, համայնքային արժեքներն ու բնության հետ հարաբերությունների մասին պատկերացումները։ Բրազիլիայի Էնավենե Նավե ժողովրդի Յաոկվա ծեսը միավորում է ձկնորսությունը, ընծաները, երաժշտությունն ու պարը՝ արտահայտելով մարդկանց, հոգևոր աշխարհի և շրջակա բնության կապը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված այս ծեսի շարունակականությանը սպառնում են անտառահատումները, հանքարդյունաբերությունն ու ջրերի աղտոտումը։

Cop17 bnikner 2

Գուարանի Կայովա ժողովրդի Ավատի Կիրի ծեսը կապված է եգիպտացորենի նոր բերքի հետ։ Այն միավորում է համայնքին և սերունդներին փոխանցում մշակաբույսերի, սննդի ու ավանդական արժեքների մասին գիտելիքը։ Տեղական սերմերի բազմազանության պահպանումն այս դեպքում կարևոր է ոչ միայն սննդային ինքնուրույնության, այլև մշակութային շարունակականության համար։ Պերուի Շիպիբո-Կոնիբո ժողովրդի քենե արվեստի երկրաչափական նախշերը կիրառվում են գործվածքների և կերամիկայի ձևավորման մեջ՝ արտահայտելով աշխարհընկալում ու մշակութային գիտելիք։ Դրանց պահպանման և փոխանցման գործում կարևոր դեր ունեն կանայք։ Նույն կերպ, քեչուա և այմարա համայնքների ավանդական հյուսվածքները՝ բնական ներկանյութերով, ալպակայի ու լամայի բրդով և տեղական նախշերով, արտացոլում են համայնքային պատկանելությունն ու բնության հետ կապը։

Պերուի Քեշվաչակա կամուրջը ևս վկայում է ավանդույթի և բնության փոխկապակցվածության մասին։ Բուսական մանրաթելերից կառուցվող և ամեն տարի համայնքի համատեղ ջանքերով վերակառուցվող կամուրջը պահպանվում է ոչ միայն որպես կառույց, այլև այն ստեղծելու համար անհրաժեշտ հմտությունների ու գիտելիքի շարունակական փոխանցման շնորհիվ։ 2013 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Այս օրինակները ցույց են տալիս, որ մշակութային ժառանգությունը հնարավոր չէ պահպանել՝ անտեսելով դրա բնական հիմքը։ Երբ վտանգվում են անտառները, ջրերը, տեղական բույսերն ու կենդանիները, վտանգվում են նաև դրանց հետ կապված ծեսերը, արհեստները, սննդային ավանդույթներն ու համայնքների պատմական հիշողությունը։

Cop17 bnikner 3

Ավանդական գիտելիքը և COP17-ի օրակարգը

Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքը ձևավորվել է բնական միջավայրի երկարատև դիտարկման ու դրա հետ փոխազդեցության արդյունքում։ Այն կարող է նպաստել էկոհամակարգերի վերականգնմանը, հողերի ու ջրերի կառավարմանը և տեսակների պահպանությանը։ Այս գիտելիքը գիտական հետազոտությունները լրացնող արժեքավոր աղբյուր է, սակայն դրա կիրառումը պետք է ուղեկցվի այն կրող համայնքների իրավունքների, համաձայնության և մասնակցության հարգմամբ։ COP17-ի շրջանակում անցկացված նախագահության միջոցառումը նվիրված էր բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների կիրառմանը։ Քննարկման ընթացքում կարևորվեցին ավանդական գիտելիքները, նորարարություններն ու գործելակերպերը՝ կենսաբազմազանության պահպանության և բնական պաշարների կայուն օգտագործման համատեքստում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց համայնքների մասնակցությանը ազգային ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը՝ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակներին հասնելու համար։ Հատկապես առանցքային նշանակություն ունի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածը, որն անդրադառնում է բնիկ և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների ու գործելակերպերի պահպանմանն ու հարգմանը։ Դրանց կիրառությունը պետք է նպաստի կենսաբազմազանության պահպանությանն ու կայուն օգտագործմանը՝ գիտելիքը կրող համայնքների հավանությանն ու ներգրավվածությանը համապատասխան։

2022 թվականին ընդունված Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը ևս կարևորում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներն ու մասնակցությունը։ Մինչև 2030 թվականը ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանության՝ «30×30» նպատակի իրագործումը պետք է հաշվի առնի նրանց տարածքային իրավունքները, կենսակերպը և կառավարման որոշումներին մասնակցելու հնարավորությունը։ Բնիկ ժողովուրդների համար տարածքը պարզապես բնակության կամ տնտեսական գործունեության վայր չէ․ այն լեզվի, ծեսերի, սննդային ավանդույթների և հոգևոր կյանքի պահպանման հիմքն է։ Սա հատկապես ակնհայտ է Ամազոնի այն ժողովուրդների դեպքում, որոնք կամավոր մեկուսացված են ապրում և ձգտում են խուսափել արտաքին շփումներից։ Անտառահատումները, հանքարդյունաբերությունը, անասնապահության ընդլայնումն ու ճանապարհաշինությունը կարող են վտանգել նրանց անվտանգությունն ու մշակութային շարունակականությունը։ Հետևաբար, նրանց ինքնորոշման իրավունքի հարգումը ներառում է նաև արտաքին շփումներից հրաժարվելու ընտրության պաշտպանությունը։

Cop17 bnikner 4

Բնիկ ժողովուրդների իրավունքներն ու մասնակցությունը COP17-ի շրջանակում

Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները շեշտում են, որ իրենց մասնակցությունը միջազգային բնապահպանական գործընթացներին չպետք է սահմանափակվի խորհրդանշական ներկայությամբ։ Նրանք պետք է իրական հնարավորություն ունենան ազդելու որոշումների վրա, մասնակցելու իրենց տարածքներին առնչվող ծրագրերի մշակմանը և ստանալու անհրաժեշտ ֆինանսական աջակցություն։

Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի կենսաբազմազանության հարցերով բնիկ կանանց ցանցի՝ Red de Mujeres Indígenas sobre Biodiversidad-ի ներկայացուցիչ Էդիթ Բաստիդասը կարևորում է Կոնվենցիայի 8(j) հոդվածով նախատեսված օժանդակ մարմնի գործունեության կանոնակարգի՝ Modus Operandi-ի, վերջնականացման և գենդերային գործողությունների ծրագրի առաջմղման անհրաժեշտությունը։

Նա նաև ընդգծում է բնիկ ժողովուրդների և կանանց համար ֆինանսավորման միջոցներին ուղղակիորեն՝ առանց միջնորդների, հասանելիություն ապահովելու կարևորությունը։ Սա համայնքներին հնարավորություն կտա սեփական առաջնահերթությունների, ձգտումների և ինքնորոշման սկզբունքի հիման վրա մշակելու ու իրականացնելու բնության պահպանության ծրագրեր։

Cop17 bnikner 7

Մորս Կաուագաս Ֆլորեսը ևս ուշադրություն է հրավիրում բնիկ ժողովուրդների առաջնորդության վրա՝ նշելով, որ աշխարհի պահպանված կենսաբազմազանության շուրջ 80 տոկոսը կապված է բնիկ ժողովուրդների կողմից պահպանվող տարածքների հետ։ Բնիկ համայնքների կանանց մասնակցությունը հատկապես կարևոր է, քանի որ նրանք բազմաթիվ համայնքներում առանցքային դեր ունեն ավանդական գիտելիքների, տեղական հումքի, ավանդույթների, ձեռագործ արվեստների և մշակույթի պահպանման ու փոխանցման գործում։ Հենց կանայք են հաճախ սերունդներին փոխանցում լեզուն, բանավոր պատմությունները, արհեստները, ծեսերն ու բնության մասին գիտելիքները։ Հետևաբար, նրանց ձայնի ներառումը բնապահպանական որոշումներում նպաստում է ոչ միայն գենդերային հավասարությանը, այլև մշակութային ժառանգության ու կենսաբազմազանության պահպանության միջև կապի ամրապնդմանը։

Cop17 bnikner 14

Միևնույն ժամանակ, բնության պահպանությունը չի կարող արդար համարվել, եթե դրա անվան տակ սահմանափակվում են այն համայնքների իրավունքները, որոնք սերունդներով պաշտպանել են իրենց տարածքները։ COP17-ի շրջանակում «Friends of the Earth International»-ի և «Legal Rights Centre»-ի նախաձեռնությունը՝ «Time to Face the Justice Gap @COP17!», ուշադրություն է հրավիրում բնապահպանական արդարադատության խնդիրներին։ «Indigenous Peoples Rights International»-ի միջոցառումը՝ «Indigenous Peoples as Stewards of Nature: Addressing Criminalization and Shrinking Space to Advance the Global Biodiversity Framework (GBF)», անդրադառնում է բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների ու բնապահպանների նկատմամբ քրեական հետապնդումների, սպառնալիքների և քաղաքացիական մասնակցության սահմանափակումների խնդիրներին։ Ամազոնի բնիկ ժողովուրդների կազմակերպությունները, այդ թվում՝ COICA-ն, OPIAC-ը, AIDESEP-ը, COIAB-ը և APIB-ը, այս հարցերն առաջ են մղում՝ պաշտպանելով համայնքների տարածքային իրավունքներն ու ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները։

Cop17 bnikner 8

Պաչամամայի ծեսը՝ Երևանում․ երախտագիտություն Մայր Երկրին

Համաժողովի շրջանակում Երևանի քաղաքային կենսաբազմազանության գոտում անցկացվեց նաև Պաչամամային նվիրված ծես՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ։ Այն հնարավորություն տվեց մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ծանոթանալու Անդյան ժողովուրդների բնաշխարհընկալման ավանդույթներից մեկին, որի առանցքում մարդու և Երկրի փոխադարձ կապն է։

Պաչամամա բառը կեչուա լեզվից թարգմանաբար սովորաբար ներկայացվում է որպես «Մայր Երկիր»։ Անդյան որոշ ժողովուրդների՝ հատկապես կեչուա և այմարա համայնքների աշխարհայացքում Պաչամաման կյանքի, պտղաբերության և բնական աշխարհի կենսատու ուժի խորհրդանիշն է։ Նա ընկալվում է որպես այն աղբյուրը, որից մարդն ստանում է սնունդ, ջուր, ապաստան և գոյատևման համար անհրաժեշտ բարիքներ։ Այս պատկերացման հիմքում բնությունը միայն օգտագործվող պաշարների ամբողջություն համարելու փոխարեն նրա հետ փոխադարձ պատասխանատվության և երախտագիտության հարաբերություն հաստատելու գաղափարն է։

Cop17 bnikner 9

Պաչամամային նվիրված ծեսերը հաճախ կապված են գյուղատնտեսական տարվա շրջափուլերի, ցանքի, բերքահավաքի և համայնքի բարեկեցության հետ։ Դրանց ընթացքում մարդիկ շնորհակալություն են հայտնում Երկրին տված պարգևների համար և խորհրդանշական ընծաներ մատուցում՝ առողջություն, բերրիություն, բարեկեցություն և բնական հավասարակշռություն հայցելով։ Որոշ համայնքներում այդ արարողություններն առավել հաճախ անցկացվում են օգոստոսին՝ գյուղատնտեսական տարվա և սեզոնային փոփոխությունների հետ կապված ավանդույթների շրջանակում։

Ծեսի տարածված ձևերից մեկի ժամանակ հողի մեջ փոքր փոս է բացվում, որի մեջ տեղադրվում են սննդամթերք, հացահատիկ, եգիպտացորեն, տերևներ, խմիչքներ կամ այլ խորհրդանշական ընծաներ։ Որոշ ավանդույթներում ընծաներն այրում են, իսկ մյուսներում դրանք հանձնում են հողին՝ թաղելով։ Արարողությունը կարող է ուղեկցվել աղոթքներով, երգերով, խունկով ծիսական խնկարկմամբ և համայնքային հավաքով։ Ընծաները խորհրդանշում են մարդու երախտագիտությունը և այն համոզմունքը, որ Երկրից ստացած բարիքներին պետք է պատասխանել հարգանքով ու հոգատարությամբ։

Cop17 bnikner 11

Այս յուրահատուկ մշակութային և կրոնական ծեսն արտահայտում է բնության և մարդու միջև փոխադարձության սկզբունքը։ Մարդը բնությունից ստանում է սնունդ, ջուր և կենսական այլ պաշարներ, բայց միաժամանակ պարտավոր է պահպանել այն միջավայրը, որից կախված է իր գոյությունը։ Այդ իմաստով Պաչամամայի ավանդույթը կարող է երկխոսության կամուրջ դառնալ բնիկ ժողովուրդների աշխարհայացքի և կենսաբազմազանության պահպանության ժամանակակից գաղափարների միջև։

Միևնույն ժամանակ, Պաչամամայի ծեսերը միատեսակ չեն. դրանց բովանդակությունը, ընծաները և կատարման կարգը տարբեր են ըստ համայնքի, տարածաշրջանի ու ընտանեկան ավանդույթի։

Երևանում անցկացված ծեսը կարևոր էր նաև խորհրդանշական առումով․ այն հնարավորություն տվեց բնության պահպանության միջազգային քննարկումները կապել մշակութային բազմազանության, հոգևոր ժառանգության և համայնքային հիշողության հետ։ Իսկ Մայր Երկրին նվիրված ավանդույթը հիշեցնում է, որ կենսաբազմազանության պահպանումը նաև վերաբերմունքի, արժեքների և մարդու՝ բնության մեջ իր տեղը գիտակցելու հարց է: Հոկտեմբերի 24-25-ին Երևանում անցկացված Բնության և մշակույթի գագաթնաժողովը ևս հարթակ ստեղծեց կենսաբազմազանության ու մշակութային բազմազանության կապը քննարկելու համար։ Նման նախաձեռնությունները կարող են ամրապնդել բնապահպանների, հետազոտողների, մշակութային գործիչների և բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների համագործակցությունը։

Cop17 bnikner 12

Պահպանել բնությունը՝ հարգելով մշակույթը

COP17-ի շրջանակում բարձրացվող հարցերը ցույց են տալիս, որ կենսաբազմազանության պահպանումը չի կարող սահմանափակվել միայն բնական միջավայրերի կամ առանձին տեսակների պաշտպանությամբ։ Այն պահանջում է նաև բնիկ ժողովուրդների մշակութային և տարածքային իրավունքների ճանաչում, ավանդական գիտելիքների հարգում, որոշումների կայացմանը նրանց լիարժեք մասնակցություն և ֆինանսավորման արդար մեխանիզմներ։ Բնիկ ժողովուրդների մշակույթը ոչ միայն անցյալից պահպանված ժառանգություն է, այլև կենսաբազմազանության պահպանության համար կարևոր գիտելիքային ու գործնական ռեսուրս։ Երբ համայնքները կարողանում են պահպանել իրենց տարածքները, լեզուներն ու ավանդույթները և ազդեցություն ունենալ իրենց ապագային վերաբերող որոշումների վրա, բնության պաշտպանությունն ավելի արդար ու կայուն հիմք է ստանում։ Իսկ բնությունը պահպանել նշանակում է պահպանել նաև այն մշակույթները, գիտելիքներն ու համայնքները, որոնց կյանքը սերունդներ շարունակ անքակտելիորեն կապված է եղել նրա հետ։

Ալմաստ Մուրադյան

210
Հոկտեմբեր 28, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: