Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին կշնորհվի «ազգային» կարգավիճակ

    «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կշնորհվի «ազգային» կարգավիճակ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

    Երգչախմբին «ազգային» կարգավիճակ շնորհելու մասին որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 176-Ն որոշման պահանջներով մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին «ազգային» կարգավիճակ շնորհելու հարցերով հանձնաժողովի դրական եզրակացությամբ:

    Ըստ հիմնավորման՝ մշակութային առանձին կազմակերպությունների, որոնք երաժշտության ոլորտում իրականացնում են համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն, կարող է շնորհվել «ազգային» կարգավիճակ: «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը ստեղծման օրից բեղմնավոր գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում և արտերկրում՝ բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացնելով իր երգացանկը (Կոմիտաս, Եկմալյան, Կարա-Մուրզա, Տիգրանյան, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան և ուրիշ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ):

    Կառավարության որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի անցած ուղու արժևորումն է` նրա գործունեության համար բոլոր պայմանների ստեղծմամբ:

    «Գտնում ենք, որ իր գործունեությամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը միանգամայն արժանի է ունենալու «ազգային» կարգավիճակ»,- նշված է կառավարության որոշման մեջ:

  • Created on .
  • Hits: 3136

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: