Մհերի դուռը մեր բոլորի դուռն է

   «Մհերի դուռը» բեմական ընթերցում (ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի բանտային օրագիրը)

    Մեզնից յուրաքանչյուրը Մհեր է: Ոչ ոք երբեք ոչնչից ապահովագրված չէ: Անարդարությունը մեկի հանդեպ անարդարություն է բոլորի հանդեպ: Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գրական ձիրքի շնորհիվ մեզ է փոխանցվել մի ամբողջ աշխարհ, որը թվում է, թե այնքան հեռու է, որ երբեք մեզ չի դիպչի, ու մենք ապրում ենք մեր հարմարավետ բնակարանններում՝ շատ հաճախ մոռանալով, որ մեր աղոթքի և ուշադրության կարիքն ունեցողները հենց այստեղ են՝ մեր երկրում, մեր քաղաքում, մեր կողքին:

    Մհերի օրագիրն այսօր շունչ առավ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի բեմում` դերասաններ Վարդան Պետրոսյանի, Կարինե Ջանջուղազյանի և ռեժիսոր Տիգրան Խզմալյանի շնորհիվ:

    Դատարկ, կիսամութ բեմ, պարզ հագնված արտիստներ, ոչ մի առանձնահատուկ բեմական լուծում, բայց ինչ-որ մի անհայտ կախարդանքով աչքիդ առաջ գալիս է անհավանական պատկերային մի շարք, որը երբեմն նմանվում է ֆիլմի, երբեմն դառնում է պոեզիա, վերջում դառնում է ուղերձ և պայթում է զսպված աղաղակի մեջ:

    Դերասանները դարձան արդարության զինվորներ, նրանց պահանջը իսկական կոչ էր իրականության առաջ աչք բացելու համար:

   Երևանյան իրականության մեջ այսօր սա ամենակենդանի, ամենաժամանակակից ներկայացումներից մեկն է, քանի որ գլխավոր հերոսը ապրում ու «կռվում» է մեր մեջ, բոլոր փաստերն իրական են, ապրումներն ու իրադարձությունները` անհերքելի: Այդ փաստագրականությունը սարսուռ է ավելացնում ընթերցումից եկած տպավորությանը, ստիպում է մտածել, գործել, պայքարել:
                                                                                                                      Անի Հակոբյան, կինոգետ

  • Created on .
  • Hits: 3575

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: