Ռուս գրական պատվիրակությունը Հայաստանում

    Այս օրերին Հայաստանում է գտնվում գրական լուրջ պատվիրակություն Ռուսաստանից: Պատվիրակության մեջ ընդգրկված են «Иностранная литература» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Յակովլևիչը, «Знамя» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ  Ն. Բ. Իվանովան, ռուս նշանավոր արձակագիրներ Օլեգ Պավլովը և Լեոնիդ Յուզեֆովիչը, բանաստեղծ Մարիա Վատուտինան, երիտասարդ բանաստեղծ, քննադատ Լև Աբորինը և ուրիշներ:

    Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը անց է կացվում Հայստանի ռուսալեզու գրողների գրական փառատոն: Փառատոնը կազմակերպել են Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի ֆոնդը` «Դրուժբա նարոդով» և «Օկտյաբր» ամսագրերի հետ համատեղ, Հայաստանից՝ Գրողների միությունը և Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը:

704697 305771739541791 1035930353 o    Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ փառատոնի պաշտոնական բացումը: Բացման խոսքում Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի ֆոնդի նախագահ Սերգեյ Ֆիլատովը նշեց, որ իրենց նպատակն է օգնել տաղանդավոր երիտասարդներին` նրանց համար կազմակերպերպելով վարպետության դասեր և գրական քննարկումներ, ոգևորել նրանց` հաջողված գործերը տպագրելով ռուսական գրական մամուլում և ժողովածուներում:

    Ս. Ֆիլատովը նշեց նաև, որ իրենք նման միջոցառումներ կազմակերպել են արդեն Ուկրաինայում և Բելոռուսում: Իսկ այժմ որոշեցին փորձել նաև Հայաստանում: Սկզբում իրենք կասկածում էին, որ կկարողանան 30 գրող գտնել, սակայն պարզվեց, որ այստեղ կան բազում օժտված մարդիկ:

    «Մեր խնդիրն է ստեղծել հարթակ շփման համար, երիտասարդներին գրողների հետ շփման հնարավորություն ընձեռել: Նա նշեց, որ իրենք յուրաքանչյուր տարի իրենց միջոցառումների ընթացքում հայտնաբերում են նոր անուններ և այդ երիտասարդների գործերը տպագրում «Նոր անուններ» գրքով: 2013-ի հատորում կընդգրկվեն նաև այս միջոցառման մասնակիցներից մի քանիսի գործերը»:

616112 305775179541447 849133094 o  ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, ողջունելով հյուրերին, ասաց, որ Ծաղկաձորի ստեղծագործական տունը բազմաթիվ նշանավոր անհատների է հյուրընկալել իր հարկի տակ և այս միջոցառումն էլ այդ ավանդների տրամաբանական շարունակությունն է:

    Ներկաներին ողջունեց նաև ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:

    Բացման հանդիսավոր արարողությունից հետո Նատալյա Իվանովան հանդես եկավ «Ինչ տեղի ունեցավ քանդումից հետո 90-ական թվականներին Ռուսաստանում և Հայաստանում» թեմայով` ներակայցնելով ԽՍՀՄ երկրների և այդ թվում Հայաստանի հետ գրական կապերի խզումը և դրանց վերականգնման կարևորությունը, նա իր զեկուցման հիմնական շեշտը դրեց ռուս գրական զարգացումների վրա, թվարկեց նաև մի շարք անուններ` Ֆազիլ Իկանդեռ, Լյուդմիլա Պետրուշևսկայա, Լեոնիդ Յուզևֆովիչ, Վիկտոր Պելևին և ուրիշներ, որ այսօր կարևոր դեր են խաղում ռուս գրականության մեջ: Նկարագրելով իրավիճակը Ռուսաստանում` նա նշեց, որ ասում են, իբր գրողներ չկան, գրականությունը մահացել է, բայց իրականում մահացել է ընթերցողը: Ստեղծվել է մի փակ շրջան, երիտասարդները հավաքվում, լսում են իրար, ու գրականությունն ապրում է այդ նեղ շրջանում: Անգամ երիտասարդ գրողները չեն կարդում ու չեն ճանաչում ավագներին:

    Կլոր սեղանից հետո մասնակիցներ բաժանվեցին պոեզիայի և արձակի սեկցիաների: Արձակի սեկցիան վարում էին  արձակագիրներ Օլեգ Պավլովը և Լեոնիդ Յուզեֆովիչը:

    Երեք խորհուրդ երիտասարդ արձակագիրներին

fest o    Քանի որ առաջին օրվա քննարկումները նվիրված են եղել մասնակիցների ներկայացրած գործերին, դրանց չենք անդրադառնա: Անդրադառնանք միայն վարպետության դասին, որն անցկացրեց ռուս արձակագիր Օլեգ Պավլովը: Նա մի քանի գործնական խորհուրդ տվեց երիտասարդ գրողներին:

    Գրողի առաջին հարցադրումն էր` ինչո՞ւ եք գրում, գրում եք, որ կարդան, հետևաբար պետք է կարողանալ գրել այնպես, որ կարդան: Ի՞նչ է պետք սրա համար: Օլեգ Պավլովն առանձնացրեց 3 հիմնական կետ.

    1. Ձեր գրածը պետք է լինի ճշմարտացի: Պետք է գրել այնպես, որ ձեզ հավատան: Սա մասնագիտություն է, ինչպես որ բժշկի, քիմիկի և մյուսների մասնագիտությունը: Ձեր սիրտը վիրահատելու համար արդյոք կվստահեք մի բժշկի, որը նույնքան է տիրապետում իր մասնագիտությանը, որքան դուք գրելու արհեստին: Գրողը պետք է ուսումնասիրի նյութը, պետք է իմանա հիվանդանոցի բոլոր միջանցքներն ու սենյակները, որի մասին գրում է:

    2. Պետք է լինի հետաքրքիր: Ի՞նչ է սպասում ընթերցողը գրականությունից, ի՞նչ է փնտրում: Նոր ապրումներ և տրամադրություններ: Հետաքրքիր կլինի այն, ինչը կստիպի նրան ապրել: Իսկ դրան հասնելու համար գրողը կարող է օգտվել հետևյալ միջոցներից`
ա) նոր թեմա
բ) նոր հերոս
գ) ինտրիգ
դ) կոնֆլիկտ
ե) պրովոկացիա:

    3. Պետք է լինի տպավորիչ և մնա ընթերցողի հիշողության մեջ: Կարող է ձեր գրածը լինի հետաքրքիր, բայց կարդան այն ու մոռանան: Այդ դեպքում դուք էլ կմոռացվեք ձեր գրքի հետ: Գրքի մեջ պետք է լինեն հատվածներ, որ կմեխվեն ընթերցողի հիշողության մեջ, այդ հատվածները կլինեն ձեր գործի հաջողության գրավականը: Կարող ես չիշել Շեքսպիրի «Համլետն» ամբողջությամբ, բայց երբեք չես մոռանա Յորիկի գանգը կամ հոր ուրվականը:

    Օլեգ Պավլովն իր խորհուրդներն ավարտեց հետևյալ խոսքերով` «Գրեք միայն, եթե ասելիք ունեք: Իսկ եթե ասելիք ունեք ու գրում եք, ցույց տվեք այն կենդանի պատկերների կամ երկխոսության միջոցով: Ահա սա է գրականությունը»:

    Ռուսերենի դերը Հայաստանում

615966 305772489541716 1858385703 o    Քննարկումներից մեկը նվիրված էր ռուսաց լեզվի դերին: Քննարկումը վարում էր Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի տնօրեն Մաքսիմ Կրոնգաուզը: Վերջինս խնդիր բարձրացրեց, որ պետք է Հայաստանում ամրացնել ռուսաց լեզվի դերը: Նա առաջարկում էր ռուսալեզու միջավայր ստեղծել այստեղ: Ռուսալեզու գրողները ոգևորությամբ ընդունեցին առաջարկը: Սակայն փառատոնի մասնակից հայալեզու գրողները ընդվզեցին` նշելով, որ Հայաստանի պես փոքր երկրի համար նման ցանկացած քայլ վտանգավոր է և ցանկացած նման փորձ ընդվզում կառաջացնի` ավելի թուլացնելով ռուսաց լեզվի հիմքերն այստեղ: Առաջարկվեց, որ ռուսերենը պայքարի որպես երկրորդ լեզու իր դիրքերն ամրացնելու համար և ոչ թե փորձի տարածվել հայերենի հաշվին:

    Փառատոնը շարունակվում է, այն կտևի մինչև դեկտեմբերի 5-ը: 

  • Created on .
  • Hits: 2851

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: