«Հավատում եմ, որ երաժշտությունը ճամփորդում է»

  Ֆրանսահայ հայտնի դաշնակահար, գործիքավորող, ջազմեն Անդրե Մանուկյանը Երևանում է: Սա երաժշտի երկրորդ այցն է Հայաստան: Հայրենիք առաջին անգամ այցելել է 2009թ. մարտին՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի օրերին կազմակերպվելիք միջոցառումներին: Այս անգամ նա Երևանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ և «ՄԵՑՑՈ Փրոդաքշըն»-ի հրավերով: Վաղը` ժ. 19:00-ին, երաժիշտը իր կվարտետի հետ հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես կատակով ասաց ջազմենը, «խմբի կեսը հայ է»՝ ինքն ու սաքսոֆոնահարը:

   Լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ շատ տպավորված է եղել՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեսնելով իր պոստերը: Նա խոստովանեց, որ մի անգամ՝ մոտ 6 տարի առաջ, իրեն խնդրել են նվագել հայկական երաժշտություն, ու ինքը հիշողությամբ նվագել է իր տատի՝ իրեն սովորեցրած երգերից մեկը՝ «Հինգալան»: Հայկական երաժշտության հետ ծանոթանալը, նրա խոսքով, իր համար կարծես «գանձ գտնել» լիներ: «Այդ երաժշտությունը իմ նվագելու եղանակը հարստացրեց, նոր բանալի տվեց, ու ես համադրեցի ժողովրդականը ջազայինի հետ»,- ասաց նա: 

  Նրա կարծիքով՝ հայ ջազմեն Տիգրան Համասյանի, «Կատուներ» խմբի հիմնադիր Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումներն իրեն թույլ տվեցին մտածել, որ Հայաստանում անկախության տարիներից արդեն սկսել է ձևավորվել «ջազային առողջ երաժշտություն, որը 21-րդ դարում ձուլվում է արևելյանին»: Նա ուրախությամբ ասաց, որ «հպարտ է, որ ինչ-որ ձևով հայ երգի դեսպանն է Ֆրանսիայում»: 

   Ինչ վերաբերում է հայ երաժիշտների հետ համագործակցությանը, ապա նա որոշել է խորացնել այն՝ միտք ունենալով Ֆրանսիայում` իր բնակավայրում, կազմակերպված փառատոնին հրավիրել հայ ջազային երաժիշտների: «Հավատում եմ, որ երաժշտությունը ճամփորդում է, ծնվում է մի տեղում ու գնում ճամփորդության: Ուզում եմ, որ այդ ճամփորդությունը շարունակվի, ու օգտագործեմ հայ երգիչ-երգչուհիների ձայնը հաջորդ ձայնասկավառակիս համար»,- անկեղծացավ երաժիշտը: 

   Նրա խոսքով՝ հայկական մեղեդիների կատարումները իր երաժշտությունը «գեղեցիկ» են դարձնում: «Իմ մոտեցումը երաժշտությունը գեղեցկացնելն է: Երբ նվագում եմ, մարդիկ զարմանում են այդ երաժշտության գեղեցկությունից»,- խոսքն ամփոփեց վերջինս:

   Անդրե Մանուկյանի ծնողները Ֆրանսիա են գաղթել Արևմտյան Հայաստանից, ծնվել է Լիոնում 1957թ. ապրիլի 9-ին, դաշնամուր սկսել է նվագել 7 տարեկանից, ավարտել է Բերկլիի երաժշտության քոլեջը: Ֆրանսիայում հիմնել է Horn Stuff ջազ բենդը: Բազմաթիվ հիթերի հեղինակ է, որպես պրոդյուսեր համագործակցել է Շառլ Ազնավուրի ու Ժիլբեր Բեկոյի հետ, աշխատել է նաև հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալյանոյի, Միշել Պետրուչիանիի ու այլոց հետ: Թողարկել է 3 ձայնասկավառակ՝ «Հինգալա» (2008), So In Love (2010), «Մելանխոլիա» (2011):
 
http://www.1in.am/arm/armenia_arts_142122.html

  • Created on .
  • Hits: 2919

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: