Տարեկան հաշվետվություն և պարգևատրություններ

    Դեկտեմբերի 25-ին Գրողների միության վարչության նիստում ՀԳՄ ղեկավարությունը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը: Նիստին ներկա էին նաև ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարները: Լևոն Անանյանը համառոտ ներկայացրեց տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Երևանը գրքի մայրաքաղաք և հայ տպագրության 500 ամյակին նվիրված միջոցառումների մի մեծ շարք է իրականացվել` Մշակույթի նախարարության հետ համատեղ: Տարբեր լեզուներով թարգմանվել են հայ ժամանակակից արձակի ու պոեզիայի անթոլոգիաներ, պարսկերեն են թարգմանվում 12 հայ բանաստեղծների գրքերը: Տեղի է ունեցել Հայ գրողների համահայկական համագումարը, Գրողների միության շարքերը համալրել են 80 սփյուտքահայ գրողներ: Գրական կապեր են հաստատվել տարբեր երկրների հետ, իրականացվել են բազում  մեծ ու փոքր այլ միջոցառումներ Երևանում և մարզերում: 
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր ելույթում նշեց, որ քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, լավ կլինի, եթե հայ գրողները իրենց վրա վերցնեն առաջամարտիկի դերը և ակտիվորեն մասնակցեն ճանաչման գործընթացին:
    Նա նշեց նաև, որ Գրողների միության հետ համատեղ ստեղծել են երկու մեդալ` «Վիլյամ Սարոյանի» և «Հայերենի պաշտպան»: «Վիլյամ Սարոյանի» մեդալով առաջին պարգևատրվողները եղան ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը և ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը:
    Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ տարեցտարի աճում է և՛ տպագրվող գրքերի, և՛ միջոցառումների թիվը, սակայն, բնականաբար, միշտ կան թերություններ, և միշտ կա ավելին անելու ձգտում: Նա ասաց, որ նախարարությունը պարտրաստ է աջակցել ցանկացած լավ ծրագրի ու նախագծի: Իր վաստակի համար Մշակույթի նախարարության կողմից Լևոն Անանյանը պարգևատրվեց ոսկե մեդալով:  
  • Created on .
  • Hits: 2876

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: