Հայկական խաչքար Բարիում

2013թ.-ի հունվարի 11-ին Բարիի (Իտալիա) պատմական կենտրոնում, նավահանգստի դիմաց բացվեց հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող խաչքար-հուշասյունը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Իտալիայում Հայաստանի դեսպանության փոխդեսպան Բորիս Սահակյանը, Իտալիայի՝ Ապուլիա շրջանի հայկական համայնքի ղեկավար Ռուբեն Թիմուրյանը, հուշասյուն-խաչքարի հեղինակ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը, Վենետիկից ճարտարապետ Արա Զարյանը, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, Միլանի համալսրանի պրոֆեսոր Պայքար Սիվազլյանը, Հրանտ Նազարյանց հիմնադրամի քարտուղար, պրոֆեսոր Կառլո Քոփփոլան և բազմաթիվ հյուրեր:
Հուշասյուն-խաչքարը մեծ հանդիսությամբ օծվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբաններ, Իտալիայի Հայոց Հովվության հոգևոր հովիվներ աբեղա Թովմա Խաչատրյանի (Միլան) և աբեղա Գառնիկ Մխիթարյանի (Հռոմ) կողմից:
Խաչքար-հուշասյան հեղինակը պարգևատրվեց Բարիի քաղաքապետարանի և Իտալիայի հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հուշամեդալներով:
Հայ-Իտալական բարեկամությանը նվիրված խաչքար-հուշասյան ստեղծման պատմությունը մեզ տանում է 1998 թվական: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Իտալիայում Հայաստանի առաջին դեսպան Գագիկ Բաղդասարյանը ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի մասնակցությամբ հարավային Իտալիայի Տրանի քաղաքում կազմակերպեց հայ ճարտարապետությանը, շինարվեստին և շինանյութին նվիրված ցուցահանդես: Դեսպանը ցուցահանդեսի հանձնակատար ճարտարապետ Աշոտ Գրիգորյանի հետ այցելեց Ապուլիայի շրջանում գտնվող մի շարք հայկական հուշարձաններ և ի մասնավորի իր մտահոգությունը հայտնեց Բարի քաղաքի հայկական Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին, որի վրա ոչ մի արձանագրություն չկար այն մասին, որ դա հայկական է: Տեղում որոշում ընդունվեց նախագծել և Իտալիայի համապատասխան մարմիններին ներկայացնել մի հուշաքարի էսքիզային նախագիծ՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցու պատին հուշաքար տեղադրելու թուլտվություն ստանալու համար:

Հուշարձանի աջ, ձախ և ետնամասի հարթությունները խաչապատկեր համադրություններով լուծումներ ունեն: Հեղինակի և հուշասյան ճակատագրով մտահոգված անձանցից անկախ հուշասյան տեղադրումը տարիներ շարունակ հետաձգվում էր: Վերջապես 2012 թվականին Իտալիայի Ապուլյա շրջանի և Բարիի հայ համայնքի ղեկավար, գործարար Ռուբեն Թիմուրյանի ջանքերով և Բարիի
քաղաքապետի անմիջական մասնակցությամբ ընտրվեց հուշասյան տեղադրման տարածքը: Արվեց տարածքի բարեկարգման և հուշասյան տեղադրման նախագիծ և տեղադրվեց խաչքար-հուշասյունը: Այս խաչքար-հուշասյունը մեր օրերում հարավային Իտալիայում տեղադրված միակ հայկական խաչքարն է: Խաչքար-հուշասյան հանդիսավոր բացման արարողությունը համգամանալից ներկայացվեց իտալական զանգվածային լրատվամիջոցների կողմից:
- Created on .
- Hits: 3876