Համերգային նոր ծրագիր Գրումրու պետական դրամատիկական թատրոնում

  Փետրվարի 7-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգային ծրագրով ելույթ կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

  Հանդիսատեսին կներկայացվի բազմաժանր ծրագիր` դասական ստեղծագործություններից մինչև հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած հանրահայտ ֆիլմերի երաժշտություն: Կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Դմիտրի Շոստակովիչի, Էդվարդ Միրզոյանի, Էդվարդ Գրիգի, Մոնթի Նորմանի, Ջոն Ուիլյամսի, Հանս Զիմերի, Ջեյմս Հորների, Էնիո Մորիկոնեի և Նինո Ռոտայի ստեղծագործությունները, հայտնում է նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:

  Նվագախումբը հասցրել է հանդես գալ բազմաթիվ համերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Նվագախմբի ելույթները միշտ ջերմորեն են ընդունվում հանդիսատեսի կողմից, արժանանում երաժշտասեր հասարակության բարձր գնահատականին, հիացնում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Նիդերլանդների և այլ երկրների հեղինակավոր համերգասրահների ունկնդիրներին: Նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ ելույթ է ունեցել աշխարհի հանրահայտ համերգասրահներում` Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն:

  2008թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակ՝ բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար:

 2009թ.-ից նվագախումբը Եվրոպայի ազգային երիտասարդական նվագախմբերի ֆեդերացիայի անդամ է (EFNYO):

  • Created on .
  • Hits: 2593

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: