Գիտաժողով՝ նվիրված գրականագիտության արդի մեթոդներին

Փետրվարի 8-10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ գիտաժողով, որի նպատակը արվեստի և գրականության ժամանակակից ուղղությունների, տեսությունների և գրականության մեթոդների ու մեթոդաբանության խնդիրների վերհանումը, ուսումնասիրությունն էր: Գիտաժողովի կազմակերպիչները Գրողների միությունն էր՝ ի դեմս նախագահ Լևոն Անանյանի, և «Մշակութային հասարակություն» հասարակական» կազմակերպությունը` ի դեմս ծրագրի ղեկավար բ.գ.թ. Հասմիկ Խեչիկյանի: Ծրագիրն իրագործվեց նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:
Գիտաժողովը տևեց երեք օր: Առաջին օրն այն անցավ երկու լիագումար նիստերով, երկրորդ օրը աշխատանքը շարունակվեց երկու սեկցիայով, և տեղի ունեցավ երկու նիստ, երրորդ օրը երկու սեկցիայով անցկացվեց մեկ նիստ, որին հաջորդեց կլոր-սեղան-քննարկում և գիտաժողովի արդյունքների ամփոփում: Գիտաժողովի ժամանակ լսեցինք ավելի քան 30 զեկուցում:
Դեռևս 19-րդ դարի կեսերից սկիզբ առած և հետագայում իր զարգացումներն ապրած մոդեռնիզմը, ինչպես նաև նրանից հետո ծագած իր իսկ հակոտնյան` պոստմոդեռնիզմը, մինչ այսօր և գուցե այսօր ավելի շատ կարիք ունեն մանրամասն ուսումնասիրության: Ընդ որում, երկու ուղղությունների ըստ էության բացահայտումը պահանջում է համակողմանի քննություն և հետազոտական արդյունքների փոխկապակցվածություն «մշակույթ» կոչվող կենսական ողջ տարածքում: Ուստի հարցի առավել արդյունավետ քննարկման համար գիտաժողովին հրավիրված էին ոչ միայն վաստակ ունեցող և փորձառու հայրենական գիտնականներ, ոչ միայն երիտասարդ հետազոտողներ, այլ նաև հյուրեր Ռուսաստանից և Վրաստանից: Վերջին հանգամանքն առավել չափով էր ընդգծում գիտաժողովի կարևորությունը, քանի որ մեծացնում էր նույն խնդրի լուծման որոնողական տարածքը, ուստի և լուծման հնարավորությունները:

Կարևորելով հայ և ռուս ժողովուրդների մշակութային հաղորդակցությունը` փոխտնօրեն ՀՀ-ում Ռոսսոտրուդնիչեստվո ներակյացչության ղեկավարի տեղակալ Նատալիա Երոմենկոն նշեց նման գիտաժողովների անհրաժեշտությունը: Նշենք, որ ռուս տեսաբանի մասնակցությունն ապահովել էր Ռոսսոտրուդնիչեստվան: Այնուհետև ռուս պոստմոդեռնիզմի և հատկապես արդի փուլի բնութագրությամբ ելույթ ունեցավ ՌԴ Գրողների միության քարտուղար Նիկոլայ Միխայլովիչ Կոնյաևը (Ս. Պետերբուրգ): Հետաքրքրական էին նաև վրացուհիներ Նանա Տրապաիձեի (“У истоков грузинского постмодернизма”) և Լալի Անտիձեի (“Эрих Фром; о знчение и языке символов”) ելույթները:

Քանի որ ապագան անցյալի շարունակությունն է, և երևույթներն օժտված են կրկնվելու հատկությամբ, ուստի ներկան ու ապագան անցյալով ճանաչելու ձևը շարունակում է կենսունակ մնալ: Այս առումով պատմական գիտությունների թեկնածու, Սլավոնական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Երվանդ Մարգարյանի զեկուցումն իր նպատակամետությամբ հղված էր հելլենիզմի քննությանն ու դրա դրսևորումներին, ինչպես նաև ֆրանսիական հելլենիստագիտության առանձնահատկություններին («Ֆրանսիական հելլենիստագիտության առանձնահատկությունները «Բեզանսոնի պատմագիտական դպրոցի» օրինակով»):

Խիստ ուշագրավ էին նաև արվեստի քննադատ և համադրող Ռուբեն Արևշատյանի («Sovietmodernism. խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության պատմական արժևորումը») և ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, կոմպոզիտոր, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովի («Հայ արդի երաժշտարվեստի գերապատումները որպես զարգացման խոչընդոտ») զեկուցումները: Առաջինը ոչ վաղ անցյալում հայ ճարտարապետության հետքրքրական դրվագների բացահայտումն էր, «sovietmodernizm»-ի մեկնությունը, երկրորդը պատմում էր պոստմոդեռնիստական խիզախումների մասին երաժշտարվեստում: Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ գրականության տեսության և քննադատության ամբիոնի ասիստենտ Ալվարդ Սեմիրջյանը պոստմոդեռնիզմը դիտարկեց հայ ժամանակակից վեպերից մեկի` Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաք»-ի քննարկմամբ:
Գիտաժողովի ավարտին նախատեսված զեկուցումներն առավելապես ամփոփիչ բնույթի էին: Գ. Երանյանի (ԵՊՀ, փիլիսոփայության ֆակուլտետ) «Պոստմոդեռնի փիլիսոփայությունը» ի մի էր բերում մոդեռնիզմի ու պոստմոդեռնիզմի տեսությունները փիլիսոփայության դիտանկյունից, Լ. Վարդանյանի «Գեղագիտական հիմնական կատեգորիաները և դրանց զարգացումը մոդեռնիստական և պոստմոդեռնիստական տեսություններում» զեկուցումը էսթետիկ գիտակցության նոր փոխակերպումների վերհանումն էր: Բ.գ.թ. Տ. Սողոմոնյանը (Արցախի «Նարեկացի» համալսարան) խոսեց հայ իրականության մեջ երևույթի դրսևորումների մասին: Տվյալ դեպքում ուշադրության կենտրոնը Արցախն էր: Բացի այդ անդրադարձներ եղան պոստմոդեռնիզմի երկու կարևոր տեսաբանների` Միշել Ֆուկոյի (զեկուցող` բ.գ.թ., ԵՊՀ գրականության ամբիոնի ասիստենտ Ա. Շահնազարյան) և Ումբերտո Էկոյի (զեկուցող` բ.գ.թ., ԵՊԼՀ գրականության ամբիոնի ավագ դասախոս Հ. Եղիազարյան) երկերին: Այս զեկուցման մեջ հեղինակը դիտված էր իտալական պոստմոդեռնիզմի առանձնահատկությունների տիրույթում:
Ռուսական պետական հումանիտար համալսարանի պատմագիտության ասպիրանտ Լուսինե Մարգարյանն իր զեկուցման մեջ անդրադարձել էր գենդերային դիսկուրսին Վ. Ռոբերտսոնի պատմական ստեղծագործություններում: Նշված հարցադրումը նույնպես ժամանակի անմիջական մշակութային անդրադարձն է օրվա հրատապությանը, գրականության և իրականության անմիջական հարակցումը:
Զեկուցումները հագեցած էին շոշափած թեմաները լրացնող կամ պարզաբանող նաև հարցերով ու քննարկումներով:


Գիտաժողովը փակվեց եզրութաբանական հարցերի քննարկմամբ: Մեր լեզվի բառակազմական լայն հնարավորություններն ու լեզվի անաղարտության անհրաժեշտությունը օտար տերմինները թարգմանելու խնդրառություն ունեն, որը թեև հեշտացնում է եզրույթի սահմանումային ընկալումը, միաժամանակ սխալ մեկնաբանության վտանգ է առաջացնում: Իհարկե, այս հարցում իրարամերժ կարծիքների բախումը նոր քննարկման և ուսումնասիրության ակնկալիքն ունի:
Գիտաժողովի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկան գրեթե բոլոր ներկաները, որի ընթացքում իր հետաքրքիր ընդհանրացումներով թեմային անդրադարձավ նաև կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանը: Ցանկություն հայտնվեց գիտաժողովը շարունակական դարձնելու, ինչպես նաև հրատարակելու զեկուցումներն ընդգրկող գիտական ժողովածու, որը կհարստացնի հարցի մասին եղած գիտելիքները և կնպաստի այդ բնագավառում նոր որոնումների:
Լուսինե Վարդանյան, բ.գ.թ., գիտաժողովի մասնակից
- Created on .
- Hits: 4641