20-րդ դարի երաժշտություն և մեկ պրեմիերա

    Փետրվարի 22-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ այս կենտրոնի Դասական երաժշտության համերգաշարի հերթական համերգը, որը նվիրված էր 20-րդ դարի երաժշտությանը` գրված ջութակի և դաշնամուրի համար: 
    Համերգին բացման խոսք ասեց կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանը, որն էլ, բացի համերգային ծրագիրը ներկայացնելուց, նաև մի քանի բառով խոսեց արվեստի տարբեր ճյուղերի փոխներթափանցման մասին: Հավելեց նաև, որ եթե բանաստեղծության և երաժշտության միացումը կարող է տալ երգ, օպերա, նմանապես ժեստինն ու երաժշտությանը` պար, բալետ՝, ապա նոր ժամանակներում, երբ բացի ռեալ ու երևակայական աշխարհից գոյություն ունի նաև վիրտուալ աշխարհ, և այդ փոխներթափանցումները սկսվում են դրսևորվել այլ կերպ: Մասնավորապես խոսքը վերաբերում էր համերգի ընթացքում հնչած միակ ստեղծագործությանը, որը 20-րդ դարի երաժշտություն չէր, այլ որի ստեղծումը ավարտվել էր օր առաջ: Խոսքը Գևորգ Բադալյանի «Գրաֆիկ պատկերներ» ստեղծագործության մասին է՝ գրված դաշնամուրի համար:
    Սակայն, մինչ այդ ստեղծագործությանն անդրադառնալը թվարկենք համերգին հնչած մնացած ստեղծագործությունները` Պաուլ Հինդեմիտ՝ Սոնատ No 3, Չարլզ Այվզ՝ Սոնատ No 4, որոնք երկուսն էլ գրված են ջութակի և դաշնամուրի համար, և Բելա Բարտոկ՝ Սոնատ սոլո ջութակի համար: Համերգը եզրափակվեց Արվո Պյարտի «Frates» ջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությամբ: Համերգի ընթացքում իր կատարողական նրբությամբ, գունագեղությամբ, հնչյունի նկատմամբ ունեցած իր ուրույն վերաբերմունքով ունկնդրին հիացրեց ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը: Համերգի դաշնակահարն էր Գևորգ Բադալյանը, ով ամեն ինչ արեց, որպեսզի ստեղծի հետաքրքիր ու հաճելի միջավայր, ինչը, կարծում ենք, ստացվեց:
    Իսկ հիմա գնանք սկիզբ և հղվելով համերգի սկզբում հնչած տեքստին՝ համառոտ կներկայացնենք Գ. Բադալյանի պրեմիերան, որը հնչեց հեղինակի կատարմամբ: Ինչպես գիտենք, կերպարվեստի` մասնավորապես նկարչության հետ երաժշտությունը սերտ կապեր է ունեցել անցյալում, և հենց ուղղակի կապեր, երբ կոմպոզիտորները, հղվելով նկարիչների կոնկրետ գործերին, ստեղծել են երաժշտություն: Այս դեպքը մի քիչ ուրիշ է, որովհետև Գևորգ Բադալյանը երաժշտությունը գրելիս համագործակցել է նկարչուհի Լիլիթ Բաչաչի հետ: Ինչպես ներկայացրեց Գևորգ Բադալյանը, ամեն ինչ սկսվել է բանաստեղծությունից, որի հեղինակը հենց կոմպոզիտորն է, այսպիսով ստացվել է երեք բանաստեղծություն, երեք նկար և երեք երաժշտական պատկեր: «Գրաֆիկ պատկերների» կատարումը համատեղվեց էկրանի վրա երևացող բանաստեղծությունների և նկարների հետ, որոնք ամեն երաժշտական պատկերի ժամանակ փոխվում էին: Երաժշտությունը գերհարուստ էր դաշնամուրային տարբեր հնարներով, այսինքն՝ գործիքի արդեն ավանդական դարձած «ոչ ավանդական» օգտագործումով, որն էլ երաժշտությանը հաղորդեց հետաքրքիր գունագեղություն, և, իսկապես, արվեստի այդ երեք ճյուղերը ներթափանցել էին միմյանց մեջ:
    Ինչ խոսք, Հայաստանում հաճախ չէ, որ երիտասարդ կատարողները «ինքնակամ» նվագում են 20- 21-րդ դարերի ստեղծագործություններ: Այդ պատճառով էլ ցանկանում ենք, որ սա լինի շարունակական և որ հետագայում կայանալիք համերգները ունենան շատ ավելի համարձակ ծրագրեր:
  • Created on .
  • Hits: 3800

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: