• cultural.am
  • Թատրոն
  • Երբ սերը դառնում է խոչընդոտ. ընտանեկան դրամա Պարոնյանի բեմում

Երբ սերը դառնում է խոչընդոտ. ընտանեկան դրամա Պարոնյանի բեմում

21-րդ դարի մարդը հաճախ հայտնվում է իր ներքին ցանկությունների և սոցիալական պարտականությունների բախման կիզակետում։ Մի կողմից հասարակությունն է թելադրում իր պայմանները, մյուս կողմից՝ ընտանիքի հանդեպ պարտավորությունները, ավանդույթները, խղճի ձայնը։ Շատերը ապրում են ոչ թե սեփական ընտրությամբ, այլ այն ուղով, որն իրենց փոխարեն գծել են ուրիշները։ Իսկ այդպես կայացված կամ չկայացված որոշումները ժամանակի ընթացքում դառնում են անշրջելի։

Իտալացի դրամատուրգ Ալդո Նիկոլայն իր ստեղծագործություններում խորությամբ անդրադառնում է այս թեմաներին։ Նրա պիեսները հայտնի են հումանիստական մոտեցմամբ, հոգեբանական ճշգրտությամբ և հումորի ու դրամայի նուրբ համադրությամբ։ Նիկոլայի կերպարները հասարակ մարդիկ են՝ միայնակներ, ծերեր, սիրո կարիք ունեցողներ, ովքեր հայտնվել են կյանքի լուսանցքում։ Դրանք հակասական, բարդ ու երբեմն չլսված մարդիկ են։ Այս հարցերի մասին ավելի լայնորեն է անդրադարձել իր «Երբևէ ուղտի վրա չե՞ս նստել» (Mai stata sul cammello?) պիեսում։ Վերնագիրը փոխաբերական իմաստ ունի․ այն մատնանշում է, թե որքան հաճախ ենք մենք ապրում՝ առանց իրականում ինչ-որ նոր բան փորձելու, առանց ռիսկի ու շարժման։ 

Պիեսի հիման վրա  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվել է «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան» ներկայացումը, որի բեմադրիչը Անուշ Սարգսյանն է։ Թարգմանությունը Տիգրանուհի Տեր-Մարկոսյանն է, որը նաև մարմնավորում է մոր կերպարը։ 

Kmernem urbat erekoyan 6

Ներկայացման առանցքում ծնող–զավակ հարաբերությունն է։ Սերը այս դեպքում հանդես է գալիս ոչ թե որպես ազատություն պարգևող զգացում, այլ որպես վերահսկողության գործիք։ Մայրը, որին մարմնավորում է Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, խանգարում է դստեր ինքնուրույն որոշումներ կայացնելուն՝ քողարկելով իր վախերն ու մենակության զգացումը խնամքի, զոհողության և սիրո անվան տակ։

Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը կերպարի ներքին հակասությունները ներկայացնում է դրսևորումների խիստ հստակությամբ։ Դստեր ներկայությամբ մայրը կոպիտ է, պահանջկոտ, երբեմն՝ խայթող, սակայն մենության պահերին նրա կերպարի խոցելիությունը բացվում է լռության, ոչ խոսքային դադարների միջոցով։ Նա կին է, որը հասել է այն տարիքին, երբ սկսում է վախենալ մենակությունից, ինչն էլ ստիպում է դառնալ կպչուն և եսասեր։ Հատկապես տպավորիչ է մոր կողմից ուղղված հարցը՝ «Եթե գտնվենք մի բարձր տեղում, ու մեկիս պետք է ցած գցես, ի՞նձ կընտրես, թե՞ նրան՝ աղջկա կողակցին նկատի ունենալով»։ Այս հարցը հանդիսատեսի մոտ, կարծես, զայրույթ է առաջացնում։ Դահլիճում լռություն է, անորոշություն, շշուկներ։ Իսկ երբ դուստրը մոտենում է մորը, գրկում ու պատասխանում․ «Քեզ, իհարկե քեզ, մամ»․ հանդիսատեսն արձագանքում է ծանր ու խորը հոգոցով։ 

Kmernem urbat erekoyan 7

Զարուհի Խաչատրյանի մարմնավորած դստեր կերպարը շատ զուսպ է, ներփակված, սակայն՝ ուժեղ։ Նրա շարժումները կաշկանդված են, հայացքները՝ խուսափող, իսկ լռության մեջ զգացվում է ներքին բարկություն, որը երբեք չի վերածվում դառնության։ Նրա հերոսուհին տանջված է, ապրումների միջով անցած, բայց չկոտրված։ Նա պահում է իր մարդկայնությունն ու նրբանկատությունը, երբ ստիպված է դիմակայել մոր վերահսկողությանը։

Հարևանուհու կերպարը՝ Անի Քոչարյանը, ներկայացմանը թեթևություն է բերում։ Նա, լինելով կյանքի հանդեպ ավելի պարզ վերաբերմունք ունեցող մեկը, փորձ է անում օգնել, միջամտել, մխիթարել։ Անի Քոչարյանն իր խաղով ստեղծում է կենդանի ու սիրելի կերպար՝ կատակով, զարմանքով ու անկեղծ մտահոգությամբ լի։

Kmernem urbat erekoyan 5

Անուշ Սարգսյանի բեմադրության մեջ կարևոր դեր ունի լռությունը։ Այդ «լուռ խոսքը» հանդիսատեսին տալիս է ժամանակ՝ մտածելու իր իսկ կյանքի, իր կայացրած կամ չկայացրած որոշումների մասին։ Հատկանշական են տեսարանները, որտեղ գործողությունը սրվում է հենց խոսքով չարտահայտված պահերին։ Օրինակ՝ մոր քնելը, դստեր՝ նրան ծածկելը, մուրաբայի բանկաների դասավորումը, կամ մոր կողմից դստեր մատնելը ոստիկանությանը տեղի են ունենում առանց արտահայտված պաթոսի, բայց խորը ներքին լարումով։ 

Պիեսի կառուցվածքն ու բեմադրության ռիթմը դանդաղ են, խորհող. դրանք շեշտում են ոչ թե արտաքին զարգացումները, այլ՝ ներքին պոռթկումների ընթացքը։ Թեև ստեղծագործությունը կառուցված է կատակերգական տարրերով, այն աստիճանաբար վերածվում է զգայական դրամայի, որի առանցքում կայանում է մարդու՝ սիրելու, հասկանալու, բայց նաև՝ ազատ թողնելու անկարողությունը։ 

Kmernem urbat erekoyan 4

Ներկայացման ուժը ոչ միայն ասելիքի, այլև ձևի մեջ է․ ռեժիսորը կարողացել է լռությունն ու մոնոտոն ռիթմը վերածել խոսքի՝ թույլ տալով հանդիսատեսին ներգրավվել, նույնանալ և վերապրել։ Թատրոնը հերթական անգամ հիշեցնում է, որ իր առաքելությունը ոչ միայն պատմելն է, այլև՝ բացահայտելը։

Արմինե Դանիելյան

  • Hits: 538

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: