35 տարվա սպասումից հետո Համազգային թատրոնն ունեցավ իր նոր շենքը

«35 տարի առաջ՝ 1991 թվականին, Սոս Սարգսյանը  Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջն է համախմբում Հայաստանի մի շարք լավագույն դերասանների և ստեղծում Համազգային թատրոնը: Այն սկզբում գործում էր Ժուռնալիստների միությունում և բացումը եղավ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» ներկայացմամբ: Այդ օրն էլ այսպիսի ձյուն էր գալիս: Կա տեսագրությունը, թե ինչպես են վառարանի մոտ կանգնած ասում՝ «այսօր մեր տանկն էլ կրակեց»: Երևի հիշում եք՝ այդ տարիները ինչ ծանր էին Հայաստանի համար»,- Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի  բացման առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

Hamazgayin tatron shenq 3

Թատրոնի գործունեությանը հետադարձ հայացք գցելով` նա նշեց, որ Ժուռնալիստների միությունից հետո թատրոնն իր գործունեությունը շարունակել է Գրողների միությունում, ապա Թատերական ինստիտուտում ու այդպես անվերջ դեգերումների մեջ էր:

«Այն ինչ այսօր կատարվում է՝ հրաշք է: Մեզ համար շատ հուզիչ է, նունիսկ տեքստը գրելիս՝ թատրոնը 35 տարի սպասում էր իր շենքին, անվերջ հուզվում ենք: Այսօր պատմական օր է մեզ համար և մենք այն սերունդն ենք, որը կվայելի այդ պահը»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Hamazgayin tatron shenq 4

Թատրոնի նորակառույց շենքը գտնվում է Անրի Վերնոյի 3 հասցեում: Այն կառուցվել է պետության և մասնավոր կառույցների համագործակցությամբ:

«Որոշել ենք, որ թատրոնը պիտի բացվի առաջնախաղերով: Ամեն ինչ պիտի նոր լինի, իհարկե, հին ներկայացումներն էլ պիտի համապատասխանեցվեն այս բեմին»,- նշեց Նարինե Գրիգորյանը:

Ըստ այդմ՝ ստեղծագործական նոր փուլի մեկնարկը տրվեց Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղով:

«Ինչու՞ այս ներկայացումը, որովհետև այն թատրոնի մասին է, այսինքն՝ թատրոն է, թատրոնի մեջ: Ուզում ենք ինչ-որ չափով պատմել՝ ինչ հրաշք է թատրոնը»,- մանրամասնեց Նարինե Գրիգորյանը՝ հավելելով, որ առջևում կլինի ևս 2 նոր ներկայացման պրեմիերա՝ Սիմոն Աբգարյանի «Պենելոպե» և Անդրանիկ Միքայելյանի «Քարը»՝ հիմնված Երվանդ Քոչարի ստեղծագործությունների վրա:

Hamazgayin tatron shenq 7

Hamazgayin tatron shenq 5

«Ես այսօր բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել տարբեր երկրներից: Գործընկերներս ասում էին՝ ինչ հրաշք է տեղի ունեցել այսօրվա ժամանակներում, երբ տնտեսական ճգնաժամի պատճառով սովորաբար ավելի շատ փակվում են թատրոնները, քան բացվում»,- պատմեց Գրիգորյանը:

«Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, որ թատրոն է բացվում»,- մատնանշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ըստ նրա՝ թատրոնի շենքը հիանալի տանիք ունի  և արդեն իսկ խոսում են այնտեղ տարատեսակ մշակութային միջոցառումներ անցկացնելու մասին: «Ամեն ինչ մտածված է, նոր դիզայն, նոր տեխնիկական լուծումներով դահլիճ և կառույց»:

Hamazgayin tatron shenq 9

Hamazgayin tatron shenq 2

Թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի խոսքով՝ շենքի բացումն իրականացվում է փուլային տարբերակով, նախ կգործեն այն հատվածները, որոնք անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործունեության համար, ապա կգործարկվեն մյուսները: Դահլիճը նախատեսված է 230 հանդիսականի համար: Բարեկարգման, լուսաձայնային տեխնիկայով հագեցվածության աշխատանքները դեռ շարունակվում են:

«Ավելի քան 6 ամիս մենք չենք ունեցել մեր տանիքը և շրջագայել ենք Հայաստանի տարածքում և դրսում: Ավելի քան 20 հազար հանդիսատես ենք ունեցել մարզերում, որը կարելի է ասել ռեկորդային է կիսամյակի համար: Սա նաև համահունչ էր «համազգային» կոչվածին, որ մենք գնացինք այն վայրեր, որտեղ հանրությունը չէր կարող ինքը գալ: Եղել ենք Բերդում, Կապանում, Սիսիանում…և այս գործունեությունը շարունակվելու է՝ անկախ այն հանգամանքից, որ մեր շենքն արդեն կա»,- ասաց Ղուկաս Մադոյանը:

Hamazgayin tatron shenq 8

Hamazgayin tatron shenq 6

Թատերախումբը մինչ այս «Փափլիկը» ներկայացմամբ եղել էր Սանկտ Պետերբուրգում, Թունիսում, Նովոսիբիրսկում, իսկ հունվարի 25-ին հյուրախաղերով կմեկնի Հնդկաստան:

«Ես միշտ ասում եմ՝ աշխարհի թատրոն պիտի դառնանք: Նույնիսկ հրավիրյալ ռեժիսորները, դրամատուրգները հայազգի կայացած մարդիկ են, բայց իրենց էլ ենք ուզում համախմբել մեր շուրջը և համազգային շարժում անել»,- խոստովանեց Նարինե Գրիգորյանը:

Մարջան Չոբանյան

231
Հունվար 24, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: