Ալեքսանդր Հարությունյանի Հայրենիքը

Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ապրիլյան վերջին համերգը նվիրված էր անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի արվեստին: Մեծանուն կոմպոզիտորի բազմաժանր երաժշտական ժառանգության մեջ քիչ չեն ստեղծագործությունները` նվիրված Հայրենիքին, ուստի պատահական չէր այն, որ ապրիլի 30-ին տեղի ունեցած համերգը կրում էր «Հայրենիք» խորագիրը:
Համերգային ծրագիրն ընդգրկում էր երեք ստեղծագործություն` գրված կոմպոզիտորի կյանքի տարբեր տարիներին. «Կանտատ Հայրենիքիս մասին» (խոսք` Ա.Գրաշու և Սարմենի, 1948թ.), «Ասք հայ ժողովրդի մասին» (խոսք` Ա.Գրաշու, 1960թ.) և «Հայրենիքիս հետ» (խոսք`Հ.Թումանյանի, 1969թ.) վոկալ-սիմֆոնիկ երկերը, հնչելով մեկ երեկոյի ընթացքում, կարծես ուղենշում էին այն «ճանապարհը» և զարգացումը (կամ գուցե հակառակը), որն անցել է Հայրենիքի թեման Ալ. Հարությունյանի կոմպոզիտորական արվեստում:
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի վեհությամբ և ջերմությամբ լի բացմանք խոսքը ներկաներին համակեց հայրենասիրության, ազգանվիրության և հպարտության զգացումով, որը ողջ երեկոյի ընթացքում չէր դադարում իշխել համերգասրահում: Սա այն համերգներից էր, երբ հանդիսատեսը ոչ թե պարզապես ունկնդիր էր հնչող երաժշտության, այլ իր էությամբ դարձել էր վերջինիս կենդանի մասնակիցը:

Համերգը պատմամշակութային ժառանգության պահպանման տեսանկյունից կարևոր իրադարձություն էր, քանի որ երկար` մոտ 40-ամյա «մոռացությունից» հետո կրկին անգամ կատարվեց «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը, երկար դադարից հետո ևս մեկ անգամ հնչեց «Հայրենիքիս մասին» կանտատը:
Ստեղծագործությունների կատարման մասին նշենք, որ նկատելի էր, թե ինչպիսի մեծ աշխատանք էր արված Էդուարդ Թոփչյանի կողմից` առավելագույնս բարձր կերպով ներկայանալու համար. ստեղծագործությունների կատարումները կերտող յուրաքանչյուր բաղադրիչը` նվագախումբը, երգչախումբը և մենակատարները իրենց դրսևորեցին լավագույն կերպով: Հիրավի այս համերգը կարելի է համարել յուրատեսակ հաղթանակ:
Հարկ է նշել Արթուր Ութմազյանի ասմունքը «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմում, ում թավշյա տեմբրը և ասմունքի ժանրին վարպետորեն տիրապետումը անտարբեր չթողեցին և ոչ մեկին:

Համերգին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ում հովանավորությամբ էր անց կացվում համերգը), ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, մի շարք հոգևորականներ, Գևորգյան ճեմարանի սաներ, ում ներկայությունը որոշակի հոգևոր խորհուրդ էր հաղորդում երեկոյին, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլք:
Սոնա Անդրեասյան
Լուսանկարները Սոնա Անդրեասյանի, ՀՊՖՆ լրատվական բաժին
- Created on .
- Hits: 6511