Պիկասոն երիտասարդ ստեղծագործողների աչքերով
2013թ.-ի դեկտեմբերի 11-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ և անմիջական հովանավորությամբ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի «Թերլեմեզյան» ցուցասրահում տեղի ունեցավ «Պիկասոն իմ աչքերով» խորագով ուսանողական ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված լեգենդար արվեստագետի մահվան 40-ամյակին: Ցուցահանդես-մրցույթին մասնակցում էին 70 տարբեր կուրսերի ուսանողներ: Շուրջ մեկ ամիս ուսանողները մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ պատրաստվել էին ցուցահանդեսին: Ցուցադրված էին գեղանկարչական աշխատաքներ, ինչպես նաև կոլաժներ, քանդակներ, վիթրաժներ: Ներշնչված լինելով մեծանուն արվեստագետի աշխատանքերից՝ երիտասարդ ստեղծագործողներից յուրաքանչյուրը փորձել էր յուրովի արտահայտել նրա ստեղծագործություններից ստացած տպավորությունը: Աշխատանքները տարբերվում էին մեկը մյուսից իրենց հորինվածքով, գունային լուծումներով, ի վերջո երևակայության թռիչքով, ինչը, կարծում ենք, ցուցահանդեսի հաջողության գրավականն էր: Երիտասարդ ստեղծագործողները ազատ էին իրենց մտքերի ու կերպարների ընտրության հարցում, նրանք հասկացել էին Պիկասոյի էությունը, լիարժեք ծանոթ էին նրա ստեղծագործություններին, և կարևորն այն է, որ բավականին մեծ տեղ տալով գեղանկարչի ստեղծագործական ոճին՝ ամենևին չէին փորձել ընդօրինակել: Եթե խոսենք ցուցահանդեսում ներկայացված դիմանկարների մասին, պետք է նշել, որ բոլորին էլ բավականին հաջողվել էր պահպանել ինքնուրունությունը և միաժամանակ միևնույն դիմագծերով արտահայտել տարբեր Պիկասոներ: Իհարկե կային գործեր, որոնք իրենց կատարմամբ մի փոքր զիջում էին մյուսներին, սակայն դա ոչ մի կերպ չէր թուլացնում ցուցահանդեսի ընդհանուր որակը:
Ինչպես նշեցինք միջոցառումը իրենից ներկայացնում էր նաև մրցույթ: Որպես ժյուրի անդամներ հրավիրվել էին ժամանակակից հայ արվեստի հայտնի անուններ՝ ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ Ազգային պատկերասրահի հայ գեղանկարչության բաժնի վարիչ Արմեն Գասպարյանը, գեղանկարիչ Շոթա Ոսկանյանը, գեղանկարիչ, պրոֆեսոր Անատոլի Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Էդիկ Վարդանյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդատու Ժան-Միշել Գասպարյանը, ով հանդիսանում է նաև այս ցուցահանդես-ծրագրի համահեղինակը: Քոլեջից ժյուրիի կազմում ոչ ոք չկար, որպեսզի հնարավոր լիներ ապահովել անաչառ մոտեցում:
Ցուցահանդեսի մասնակիցներին մեծ անակնկալ էր սպասվում: Երկար քննարկումներից հետո ներկայացվեցին 2 հաղթող ուսանողների անունները՝ Սիրանուշ Անդրիասյանը՝ իր վիթրաժային աշխատանքով և Սուրեն Վարդանյանը՝ «Պիկասոն իմ աչքերով» գեղանկարով: Այնուհետև պարզ դարձավ, ոչ հաղթողները Ֆրանսիայի դեսպանատան հովանավորությամբ 2014թ.-ի գարնանը մեկնելու են Փարիզ տասնօրյա ճամփորդության, իսկ ևս 10 լավագույն հայտարարված աշխատանքերի հեղինակները հնարավորություն են ստանում քոլեջում անցնել ֆրանսերեն լեզվի ամբողջական կուրսեր: Սա ողջունելի քայլ էլ դեսպանատան կողմից, որն էլ ավելի ոգևորեց ուսանողներին, և վստահ ենք, որ այն կնպաստի և կմղի նրանց կատարելագործվելու: Տեղեկացված ենք նաև, որ Ֆրանսիայի դեսպանատունը նախաձեռնում է կարճամետրաժ ֆիլմ նկարահանել ցուցահանդես-մրցույթի մասին հայերեն և ֆրանսերեն լեզուներով, որ կցուցադրվի Ֆրանսիայի հայ համայնքերում՝ ներկայացնելու այսօրվա հայ երիտասարդության արձագանքը Պիկասոյի կերպարին: Ի դեպ նշենք, որ սա Թերլեմեզյան քոլեջի և Ֆրանսիայի դեսպանատան առաջին համագործակցությունը չէ: Դեռևս ամիսներ առաջ Ժան-Միշել Գասպարյանը ներկա է եղել Թերլեմեզյանի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությանը, և հենց իր նախաձեռնությամբ լավագույն աշխատանքների հիման վրա կազմակերպվել է ցուցահանդես:
Հանձնաժողովը հաղթողներին ընտրել էր իրենց կայացած ձեռագրի և գեղարվեստական մտածելակերպի համար: Հաղթողներից մեկը՝ 4-րդ կուրսի ուսանող Սուրեն Վարդանյանը, 6 աշխատանք էր ներկայացրել, որոնք կարելի է ասել մեկը մյուսի շարունակությունն էին և ցուցասրահում անմիջապես աչքի էին ընկնում ոճական ընդհանրությամբ՝ հուշելով, որ նրանք բոլորն էլ մեկ ձեռագրի են պատկանում: Ինչպես վերը նշվեց, մրցույթի հաղթող է ճանաչվել Սուրենի «Պիկասոն իմ աչքերով» գործը, որտեղ պատկերված էր աթոռին հենված մերկ Պիկասոն, լուսամուտի գոգին՝ գեղանկարչի ստեղծագործությունների հավատարիմ ուղեկից կատուն: Երիտասարդ հեղինակն ասում է. «Ինձ համար Պիկասոն եղել է և շարունակում է լինել ոգևորության մեծ աղբյուր, հաղթած աշխատանքում Պիկասոյի մերկությունը ընդհանուր տպավորություններից ծնված հավաքական կերպար է: Մեկ ամսվա ընթացքում աշխատել եմ մեծ սիրով և երբևիցե մրցանակ ստանալու ակնկալիքներ չեմ ունեցել: Լինելով Փարիզում՝ անպայման կայցելեմ Պիկասոյի տուն-թանգարան և իմ խորին շնորհակալությունը կհայտնեմ 20-րդ դարի ամենահզոր արտիստին, ով պատճառ դարձավ իրականացնելու իմ վաղեմի երազանքը՝ գոնե մեկ անգամ լինել Փարիզում»:
Ի դեպ, Սուրեն Վարդանյանը պարբերաբար մասնակցել է քոլեջի սահմաններում կազմակերպված ցուցահանդեսներին և արժանացել տարբեր մրցանակների, օրինակ՝ այս տարվա մայիսի 8-ին «Կարիտաս Ֆրանսիա» կազմակերպության աջակցությամբ կազմակերպված «Միգրացիա և տրաֆիկինգ» խորագրով ուսանողական ցուցահանդես-մրցույթին ստացել է գումարային մրցանակ: Իսկ Սիրանույշ Անդրեասյանի համար սա առաջին ձեռբերումն էր: Նրա համար ևս իր հաղթանակը մեծ անակնկալ էր և մեծ երազանքի իրականացման՝ Փարիզը տեսնելու փայլուն հնարավարություն:
«Պիկասոն իմ աչքերով» ցուցահանդեսի բացմանը ներկա էին արվեստի հայտնի գործիչներ, ծնողներ, ուսանողներ տարբեր բուհերից, քոլեջի շրջանավարտներ, արվեստասեր մարդիկ, ինչպես նաև ցուցասրահի հավատարիմ այցելուներ:
Քոլեջին և նրա բոլոր ուսանողների մաղթում ենք բեղուն ստեղծագործական գործունեություն և բազում ցուցահանդեսներ:
Արևիկ Պռազյան
Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի
Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի
- Created on .
- Hits: 7008