Քեզ գտա Սոհոյում[1]. հարբած քայլում էիր մայթով, շիշը ձեռքիդ: Քայլում էիր թեթև ու անկայուն քայլերով: Ամեն մի քայլդ մի թիթեռ էր հիշեցնում, ու մտովի քայլերդ հավաքում էի բռիս մեջ: Դու այնքան փխրուն էիր թվում ինձ՝ այրված թղթի պես փխրուն, որ կարծես ուր-որ է փշրվելու էիր: Անսպասելիորեն նստեցիր շենքի պատի տակ՝ հենց գետնին, շիշը մոտեցրիր բերանիդ ու ձևացրիր, թե իբր խմում ես: Մինչդեռ վիսկին կոհակի պես բախվեց շուրթերիդ ու առանց մի կաթիլ կորցնելու՝ ետ նահանջեց:
Հետո սկսեցիր հայհոյել՝ հայհոյում էիր լուսնին, հայհոյում էիր Լոնդոնին ու մեկ էլ այն պոռնիկին, որը կողքովդ անցնելիս աչքով էր արել քեզ: Ծխախոտը բերանդ դնելուց հետո պայուսակը տակնուվրա արեցիր ու վերջապես գտար կրակայրիչը, վառեցիր ծխախոտն ու ծուխը ներքաշելով՝ փակեցիր աչքերդ: Հենց այդ պահին ինձ թվաց, որ թիթեռները դուրս սահեցին բռիս միջից ու քողարկեցին լուսինը: Հետո աչքերդ բացեցիր ու նկատելով ինձ՝ մեղմ ժպտացիր:
- Բեկի... վեր կաց...
Դու անթարթ նայում էիր աչքերիս, կարծես տեսնում էիր աչքերս, կարծես ուր որ է խոսելու էիր աչքերիս հետ, բայց ինձ թվաց, թե իրականում դու փնտրում էիր հենց աչքերս:
- Բեկի... կմրսես...
- Այսօր ես կորցրեցի կուրծքս...- հանկարծ հայտարարեցիր դու, ու ես չգիտես ինչու վախեցած նայեցի կրծքիդ: Դու նկատեցիր, որ փնտրում եմ կրծքերդ ու թույլ ծիծաղեցիր:
- Չէ... դու չես հասկանում...
Նստեցի կողքիդ: Ձգտում էի չնայել կրծքիդ:
- Կուրծքս կախվել էր ծառից ու դանդաղ մեռնում էր, տղա՛, կուրծքս մեռնում էր, բայց կաթ էր տալիս թռչուններին, որոնք բոլորովին չէին խղճում կուրծքս... անճոռնի կտուցներով քրքրում էին իմ խեղճորեն ցցված պտուկները, նրանք քրքրում էին պտուկներս կաթ ստանալու համար... տղա՛, մի տմբտմբացրու գլուխդ, իբր բան ես հասկանում... դու ոչինչ էլ չես հասկանում... պտուկներս ուռեցին, կարմրեցին ու ճաքեցին... կուրծքս մեռավ... տե՛ս, այլևս չունեմ...
Ու իջեցնում էիր բլուզդ: Ես փորձում էի խանգարել քեզ: Բայց դու այն համառորեն ձգում էիր վար: Երևացին գունատ կրծքերդ, որոնք կարծես երբեք չէին տեղաշարժվել, երբեք չէին ցնցվել, երբեք չէին պոկվել ու կախվել ծառերից, երբեք կաթ չէին տվել ու երբեք չէին գժվել: Իզուր էիր անհանգստանում՝ ինքնամփոփ կրծքերդ, թաքուն տենչերով, հանգիստ շնչում էին:
- Բեկի, հիմար աղջիկ...- ինչու այդպես ասացի, չեմ հասկանում, բայց փչացրեցի պահը, բլուզը ետ սահեց՝ մինչև կոկորդդ: Թափ տվեցիր ձեռքդ ու շշից մի կում արեցիր:
- Ասում ես Դիկե՞նս...- ասացիր հետո ու նայեցիր լուսնին:
Ուրեմն հիշում էիր ինձ: Ես վախենում էի, որ մոռացած կլինես ինձ: Չէի էլ համարձակվում հարցնել այդ մասին:
- Ես չեմ ճանաչում նրան,- շարունակեցիր դու,- նա ինձ համար ոչ մի բան չի արել... Ո՞ւր էր նա, երբ ինձ հարկավոր էր մարիհուանա քաշել ու չէի կարողանում ճարել... Ես ընդամենը ուզում էի անջատվել քաղաքից... հա... հենց անջատվել, որովհետև ես մեռնում եմ այստեղ, մաս-մաս մեռնում եմ, դեռ կուրծքս մեռավ, հետո ձեռքերս մեռան, հիմա էլ զգում եմ, որ կորցնում եմ ոտքերս... իսկ ո՞ւմ է պետք՝ անկուրծք, անձեռ ու անոտ Բեկին, ո՞ւմ ասա, ո՞ւմ... ո՞վ նրան կգրկի, ո՞վ կպաչի, ո՞վ սեքս կանի նրա հետ... ո՞վ, դե ասա, ո՞վ...
Դու արտասվեցիր: Գունատ մատներովդ ծածկեցիր դեմքդ: Հեկեկում էիր: Թիթեռները հատ-հատ պոկվում էին լուսնից ու կիսամեռ պառկում մեր շուրջը:
- Ես ուզում եմ, որ ոչ մի տեղ չլինեմ... եթե մեռնեմ, միևնույն է՝ ինչ-որ տեղ կհայտնվեմ, իսկ ես չեմ ուզում որևէ տեղ լինեմ... բայց դա հնարավոր չի, չէ՞... մենք անպայման մի տեղ լինելու ենք, չէ՞...
- Երևի այդպես է, Բեկի...
- Ապուշություն եմ ասում, հա՞, ասա՛, ասա՛, ամաչկոտ տղա՛, համարձակորեն ասա՝ Բեկի, պոռնի՛կ, դու ապուշություն ես դուրս տալիս... ասա՛...
- Բեկի, պոռնի՛կ, դու ապուշություն ես դուրս տալիս...
Դու զարմացած նայեցիր ինձ: Երևի չէիր սպասում, հա՞, որ նման բան կասեի:
- Հիմար տղա ես...- ասացիր ու սկսեցիր ծիծաղել:
Մարիհուանա էիր ծխել: Զգացվում էր: Բայց չգիտես ինչու դու չէիր անջատվել քաղաքից, դու շարունակում էիր ապրել քաղաքում, իսկ քաղաքը՝ քո մեջ: Դու կրկին զգում էիր քաղաքը, քաղաքը նորից աղմկում էր քո երակներում, խփում էր քունքերիդ, քաղաքը շարունակում էր անշտապ սպանել քեզ ու նորից ծնել:
Ես էլ սկսեցի ծիծաղել, ծիծաղում էի՝ նայելով լուսնին, քանի որ նախորդ օրը մետրոյում «Լուսինը Սոհոյի վրա» գրքի վերնագիրը անհաջող էր թվացել ինձ: Ծիծաղում էի՝ նայելով տրանսվիստիտին, որը հազիվ էր քայլում բարձրակրունկ կոշիկներով, վերջում ջղայնացավ՝ հանեց կոշիկներն ու բոկոտն քայլեց մայթով՝ ազատ ու տղամարդավարի: Ծիծաղում էի՝ նայելով քեզ՝ Բեկի, որ այնքան տաք ու հարմարավետ տուն ունեիր, իսկ դու սառում էիր պատի տակ՝ հուսահատ ու շփոթված՝ հանկարծ հասունացած տիկնիկի պես:
Հենց այդ պահին, երբ նստած էի կողքիդ, լսո՞ւմ ես, հենց այդ պահին, Սոհոյում, ես գիտակցեցի, որ մարիհուանան ինձ էլ չօգնեց. ես կրկին զգում էի մարմնիս սպանված ու վերականգնված մասերը՝ մեկ իրարից զատ, մեկ համախմբված: Քաղաքը կուլ էր տալիս ինձ, կշտանում ինձանով, մեկ էլ հանկարծ հետ էր տալիս ու վերադարձնում անվնաս մարմինս:
Լոնդոնը, որը մշտարթուն կենդանու է նման, ինքը պիտի մարիհուանա ծխի, որ վերջապես մեքենաները կորցնեն անիվները, մարդիկ՝ ոտքերը, իսկ լույսերը անջատվեն, ու լսվեն միայն ծառերը:
Գիտե՞ս՝ կենդանին սկզբում ինձ չընդունեց: Ասենք ես էլ միանգամից չեմ նետվել նրա գիրկը: Ես կողքից էի նայում նրան: Քաղաքում քիչ էին իմ ոտնահետքերը, ես չկայի կենդանու հիշողության մեջ:
Հենց այս մասին էի մտածում, երբ կանգնած էի իմ նոր տան դռան առաջ ու չգիտեի ինչ անել: Մոռացել էի վերցնել տան բանալին: Դանդաղ մթնում էր: Մերթ նայում էի անձրևահարվող կտուրներին, մերթ դռանը՝ փակ դռանը, որը պատկանում էր ինձ, քաղաքի հարյուր հազարավոր դռներից միակը, որը իմն էր՝ փակ էր: Փողոցում ոչ ոք չկար: Մայթով քայլում էի ետուառաջ: Անձրևը մանրանում էր՝ խփելով ամենազգայուն ու մանր ջղերիս: Ցուրտը զգացնել էր տալիս իրեն: Հեռվից խուլ մռնչյունի ձայներ էին լսվում. կենդանին անհանգիստ էր:
Ես կանգ առա հարևանի պատուհանի առաջ: Պատուհանը վարագուրած չէր: Սենյակի բազմոցին նստած էր մի աղջիկ ու գիրք էր կարդում: Նա հայացքը հառեց վրաս: Ես արագ դեմքս շրջեցի ու շարունակեցի քայլել: Հետո նորից կանգնեցի նրա պատուհանի առաջ, նա նորից նայեց ինձ: Այս անգամ դեմքս չեմ շրջել:
Սենյակում լույսը վառ էր: Սենյակում հեռուստացույցը միացրած էր: Սենյակում գորգ էր փռած: Սենյակում մեծ բազմոց էր դրված: Սենյակում առանց հողաթափերի աղջիկը նստած էր բազմոցին ու գիրք էր կարդում: Սենյակում տաք էր:
Ես ձեռքով կանչեցի աղջկան: Նա գիրքը իսկույն մի կողմ գցեց: Ես կանգնեցի նրա դռան առաջ: Ու ի՞նչ եմ ասելու նրան, անցավ մտքովս:
- Բարև...- ասաց նա:
- Բարև... ներողություն... ես քո հարևանությամբ եմ ապրում... առաջին օրն է... մի խոսքով, բանալիս թողել եմ տանը... սպասում եմ, գուցե տանտերը գա... այսինքն գալու է... բայց դրսում ցուրտ է... թույլ կտա՞ս՝ քո տանը սպասեմ նրան...
- Իհարկե... ներս արի...
Ես ներս մտա:
- Անցիր սենյակ...- ասաց նա ժպտադեմ:
Ես մտա տաք սենյակը: Նստեցի բազկաթոռին: Նայեցի պատուհանին: Անձրևը ուժեղացավ:
Աղջիկը նստեց բազմոցին ու մի քանի հարց տվեց:
- Իսկ ի՞նչ է անունդ...- հարցրեցի՝ նայելով նրա աչքերին՝ պարզ, բարի ու բաց աչքերին:
- Բեկի:
- Բեկի, շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր ինձ սպասել այստեղ: Դրսում ցուրտ էր: Քիչ էլ ու կմեռնեի:
Ծիծաղեցիր:
- Ես մի պահ վախեցա, որ դու կասկածանքով կնայես ինձ ու... ոստիկանություն կզանգես ու...
Ծիծաղում էիր:
- Թեյ կխմե՞ս...
- Միայն ջուր... խնդրում եմ...
Գնացիր ջրի ետևից: Ես թեթևություն զգացի: Նայեցի պատուհանին: Անձրևը չէր դադարում: Ես այլևս կենդանու բաց գրկում չէի: Ես սենյակում էի՝ տաք ու ապահով սենյակում:
- Գուցե թե՞յ էլ խմես...- հարցրեցիր վերադառնալուն պես:
- Չէ... շնորհակալություն...
Ես մի քանի հարց տվեցի քեզ քաղաքի մասին:
- Թեյ կդնեմ,- քիչ հետո ասացիր,- կաթով կխմե՞ս:
- Առանց կաթ:
Մենք թեյում էինք: Դու կուչ էիր եկել բազմոցի մեջ: Առանց հողաթափերի էիր, ու դրանից սենյակը ավելի էր ջերմանում:
- Ի՞նչ գիրք է...- հարցրեցի՝ նայելով սեղանին դրված գրքին:
- International Peace and Security in a Changing World…
Ես էլ կարծում էի, թե գեղարվեստական գիրք է:
- Ես ձեր գրականությունից Դիկենսին եմ սիրում:
Բայց Դիկենս չէի կարդացել: Բերանիցս թռավ: Գոնե Շեքսպիր ասեի, Ջեյն Օսթին կամ Վիրջինյա Վուլֆ: Երևի չկարդացած Դիկենսը թաքուն ցավ էր պատճառում ինձ:
- Օ՜... Դիկենսին,- ասացիր՝ անթարթ աչքերով, գլուխդ տմբտմբացնելով: Զգացի, որ դու էլ չես կարդացել Դիկենսին: Ավելի լավ: Դու կարող էիր հանկարծ խոսել Դիկենսի մասին, ու ես չէի կարողանա տակից դուրս գալ: Դու այս անգամ ինձ իրոք կասկածելի կհամարեիր ու ոստիկանություն կզանգեիր:
- Բայց ավելի շատ սիրում եմ Վուլֆին...
- Օ՜... Վուլֆին...
Նորից նույն անթարթ աչքերն ու գլխի անհեթեթ տմբտմբոցը: Ես շտապ փոխելու էի խոսակցության նյութը, այլապես տնից դուրս կշպրտեիր ինձ:
- Թեյը միշտ կաթո՞վ ես խմում...
- Միշտ...- պատասխանեցիր աշխուժանալով:
- Իսկ մենք՝ երբեք:
Ժպտացիր ու հարցական նայեցիր ինձ: Հանկարծ ձեռքդ խփեցիր ճակատիդ.
- Օ՜հ... կներես, կոշիկներդ պետք է հանես, իմ տունը չի, տանտերը արգելում է...
Ես կոշիկներս թողեցի միջանցքում: Առանց կոշիկների կաշկանդված զգացի ինձ՝ ավելի ազատ լինելու փոխարեն:
Թեյս սառել էր: Ես այնպես էի ուզում, որ դու նորից թեյ առաջարկեիր, որ այս անգամ կաթով խմեի:
Իսկ դու լուռ նայում էիր աչքերիս...
- Պատմիր քաղաքիդ մասին...- ասացիր համարյա շշուկով:
Քաղաքս համարյա չէի հիշում... Կենդանին իր թաթով այնպես հարվածեց գլխիս, որ քաղաքս իմ հիշողության մեջ կծկվեց, փոքրացավ, նմանվեց միջատի, որին զգում ես այնպես, ինչպես զգում ես մեջքիդ խալը, երբ մեջքդ քորելիս՝ պատահաբար դիպչում ես նրան:
- Դո՞ւ էլ ես վարձով ուրեմն...
- Լիվերպուլից եմ...
- Ու տանտերդ քեզ արգելում է նույնիսկ հողաթափե՞ր հագնել...
Բեկի, ներիր ինձ, որ այսքան հիմար հարց տվեցի քեզ, ուզում էի կատակել, բայց...
- Հողաթափերս...- նայեցիր ոտքերիդ, հետո տխուր հայացքդ հառեցիր վրաս:
- Ես կորցրեցի կապիկիս...
- Ի՞նչ կապիկ...
- Ամեն տեղ փնտրում էի նրան, առաջին հերթին շուկայում, որովհետև նա սիրում էր շուկան, գժվում էր՝ այնքան էր սիրում... Սովորաբար շաբաթ օրն էինք շուկա գնում, հենց այստեղ է՝ մեր հարևանությամբ, երբեմն միրգ էր թռցնում, չէի էլ նկատում, թե ոնց...
Դու լռեցիր... Հայացքդ ավելի տխրեց...
- Չգիտեմ, թե ուր կարող էր գնալ... քաղաքում է, հաստատ քաղաքում է, բայց ո՞ւր, այնքան էլ մեծ է այս քաղաքը, ոնց գտնես նրան, բայց գիտե՞ս ինչից է սիրտս մղկտում, հողաթափերս էլ անհետացան, նա հետն է վերցրել հողաթափերս, հա, հենց այդպես էլ կա, նա է տարել, ստացվում է, որ նա փախավ ինձանից, իր կամքով փախավ, ես կգերադասեի, որ կորչեր, պարզապես կորչեր, այդ դեպքում նա կձգտեր գտնել ինձ, նա կգտներ, բայց հիմա նա... օ՛հ, որտեղ է կապիկս, ով գիտի ինչ մենակ է հիմա նա...
Դու արտասվեցիր: Փորձեցի մխիթարել քեզ: Առաջարկեցի միասին փնտրել կապիկիդ: Դու բացասաբար շարժեցիր գլուխդ:
- Բեկի, կապիկդ, համոզված եմ, իրեն լավ է զգում, եթե իր կամքը այդպիսին էր, ուրեմն այդպես լավ է նրա համար: Գուցե նա իրեն մեծ զգաց ու որոշեց անկախ ապրել: Մտածիր այդ մասին:
Ես ամեն կերպ ջանում էի, որ այս ամենը լուրջ ու կարեկցող տոնով ասեի քեզ: Սակայն իրականում հազիվ էի ծիծաղս զսպում՝ պատկերացնելով, թե ինչպես է մի կապիկ Լոնդոնի փողոցներում քայլում տանտիրուհու հողաթափերով:
- Չէ... եթե միայն այդպես լիներ... Բանն այն է, որ տանտերս արգելում էր ինձ կապիկին պահել տանը, իսկ ես թաքցնում էի նրան իմ սենյակում... Վերջերս լուրջ խնդիրներ ունեի դրա հետ կապված... Տնից հանում էր ինձ... Երևի կապիկս հասկացավ այս ամենը... ախր շատ խելացի էր նա... Հասկացավ ու որոշեց ազատել ինձ ավելորդ խնդիրներից... ու փախավ... հողաթափերս էլ տարավ, օ՜հ, ոնց էր սիրում ինձ...
Վերջին բառերդ ես լսում էի նաև հետո՝ արդեն իմ սենյակում՝ քնիս մեջ...
Մեկ շաբաթ անց, երբ թակեցի դուռդ, տանտերդ ասաց, որ տեղափոխվել ես ուրիշ տեղ, ինչ-որ մոտիկ տեղ, բայց թե ուր՝ նա ստույգ չէր կարող ասել:
Ես սկսեցի փնտրել քեզ: Հաճախ գնում էի շուկա, որտեղ հազար ու մի մարդ էր խռնվում, հազար ու մի կրոն էր թափառում, որտեղ ես կորցնում էի Աստծուն, բայց փնտրում էի քեզ՝ ֆանտաստիկ գույների, սպիտակազգեստ արաբ տղամարդկանց ու սևազգեստ արաբ կանանց, քրիստոնյաների, հնդիկների ու անաստվածների միջև: Աստված իմ, ինչքան աստված էր շրջում շուկայում, բայց քեզ գտնել, միևնույն է, չէր հաջողվում:
Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ հուսահատ վիճակի էի հասել, որ նույնիսկ ձուկ վաճառող մարդուց հարցրեցի քո մասին: Նա սրբեց քիթն ու բերանը բաց ձուկ առաջարկեց ինձ: Հետո միրգ վաճառողից հարցրեցի նույնը՝ նա էլ մանգո խոթեց ձեռքերիս մեջ, իսկ գլխաշորերի խանութում հնդկուհին խորհրդավոր ձայնով, շատ զգույշ, այնքան զգույշ, որ հանկարծ չվիրավորվեմ, ասաց՝ իսկ համոզվա՞ծ ես, որ Բեկիդ շուկայում է... Դու ոչ շուկայում էիր, ոչ փողոցներում, ոչ այգիներում, ոչ մի տեղ...
Հետո սկսեցի իմ մեջ բարություն փնտրել: Տակնուվրա արեցի ներսս, պրպտեցի ու քրքրեցի ներսս ու արդյունքում սկսեցի տարակուսել, որ ներսումս Աստված չի բնակվում: Աստված իմ, ես անաստված եմ, գիտակցեցի ես, քանի որ չէի կարողանում հասկանալ՝ եթե օտար մեկը թակի իմ դուռը, արդյո՞ք նրան կթողնեմ ներս ու թեյ կտամ նրան ու կկիսեմ նրա հետ կորցրած կապիկների, կատուների, կկուների, մի խոսքով՝ իմ կորցրած սերերի վիշտը:
Հետո զգացի, որ մոռանում եմ դեմքդ: Այդպես հաճախ է պատահում ինձ հետ: Երբ մեկին տեսնում եմ կյանքում առաջին ու վերջին անգամ, հետո մոռանում եմ նրա դեմքը: Երևի սա բնական է, այդպես էլ լինելու է: Բայց ինձ համար ծանր էր տանել իմ հիշողության միջից քո դեմքի անհետացումը: Ես ահավոր վախենում էի, որ եթե պատահաբար հանդիպեմ քեզ փողոցում, չեմ ճանաչի:
Օրեցօր դեմքդ կորցնում էի: Ես հուսահատ փորձում էի վերականգնել այն: Արդյունքից գոհ չէի մնում, քանի որ վստահ չէի լինում, որ դա հենց քո դեմքն էր: Փորձում էի հիշել, այլ կերպ պատկերացնել: Ի վերջո, միևնույն է, ինձ չհաջողվեց դեմքդ փրկել՝ այն վերջնականապես փլվեց ավազե ամրոցի պես: Հետո սկսեցի ամեն օր նոր դեմք ստեղծել, հուսալով, որ դեմքերից մեկը քոնը կլիներ:
Բեկի, գիտե՞ս, երբ երեկոյան սովորաբար տուն էի վերադառնում, ճանապարհի մայթին մի մարդ էր ինձ հանդիպում: Նա չոքած աղոթելիս էր միշտ լինում: Նրա շուրջը դեղին լամպեր էին վառվում: Տպավորիչ տեսարան էր: Իսկ մի անգամ տեսա, որ նա քնել էր հենց այդտեղ՝ իր աղոթատեղից քիչ այն կողմ՝ ստվարաթղթերի վրա, վերմակ էլ ուներ: Նրա շուրջը դեղին լամպեր էին վառվում:
Բեկի, այդ քնած բոմժին նայելիս, ես հասկացա, որ Աստծուն փնտրել հարկավոր չի: Աստված միշտ նույն տեղում է: Այդ մենք ենք մեկ մոտենում նրան, մեկ հեռանում նրանից: Ես որոշեցի, որ դու մոտ ես նրան: Ու քայլեցի այդ ուղղությամբ…
* * *
Այդ երեկո ձյուն էր գալիս: Ձյունը Լոնդոնին վերջապես լռություն բերեց:
Խոհանոցում թեյում էի ու զրուցում տանտիրոջ հետ: Նա այդ օրը իր վարձատուներից մեկին խնդրել էր սենյակն ազատել: Նա գիշերը աղջիկ էր բերել տուն: Դա տանտիրոջ դուրը չեկավ: Ջղայնացած բողոքում էր նրանից ու արդարացնում իր որոշումը: Հետն էլ մակարոն էր եփում:
Ձյուն էր գալիս՝ հանդարտ ու ինքնավստահ: Ահավոր ցուրտ էր: Ասում են՝ հարյուր տարվա մեջ դա ամենացուրտ ձմեռն էր Լոնդոնում:
Դուռը թակեցին: Ես շտապեցի այն բացել՝ փախչելով տանտիրոջից, որի բարկությունը հոգնեցրել էր ինձ:
Մեծ էր զարմանքս, երբ դուռը բացելով՝ տեսա քեզ: Կանգնել էիր մրսած ու հուսահատ՝ ճամպրուկով, իսկ կապիկդ՝ բթամատը բերանը խոթած, մեղավոր հայացքով նայում էր մեկ քեզ, մեկ ինձ:
- Լավն է Դիկենսը,- ասացիր դու:
Ես մոլորված նայում էի մեկ քեզ, մեկ կապիկին, մեկ ճամպրուկին ու պատկերացնում տանտիրոջս բարկացած դեմքը մակարոն եփելիս:
- Օ՜… Դիկենսը…
Եթե աստվածները ժպտում են, ապա համոզված եմ՝ այդ երեկո Աստված վերևից ժպտում էր ինձ…
2013թ.
Լոնդոն
- Hits: 7728