Ռուզաննա Ոսկանյան

Քաղաքի, շաղգամի ու քո մասին (բանաստեղծություններ)








* * *
Ծառը համառորեն մխրճվեց նստարանի մեջ
ու հայտնվեց երկուսիս արանքում:
Հազար տարի է անցել,
բայց կեղևից էլի քո հոտն է գալիս,
որ ներծծված է կաշվեխառն ժանգահոտով:
Ստվերի պես անհաղորդ
սահեցի փողոցներով. 
ծանոթները տեսան ու ամաչեցին մոտենալ,
մեքենաները տեսան ու
հարկ չհամարեցին վրայովս չանցնել:
Վախ, Կիկոս ջան, վախ:
Դու մեծացար մանկատներում,
հայրդ եղավ տաղանդավոր ու սիրված
(զարմանալի զուգադիպություն),
հայրդ եղավ սիրված ու վախկոտ,
վախկոտ ու հիմար,
ամեն Աստծո օր ինքն իրեն կրկնող:
Խելացի, խելացի, խելացի,
կրկնվող տղամարդ:
Կրկնվող առավոտներից ու գիշերներից
հոգնած կին,
արի մեր տուն:
Տաք թեյի շուրջ
մի քանի դար կլռենք,
ու ոչ ոքի մտքով չի էլ անցնի
մի կողմ գլորել քարը
ու մտնել ներս:
 
* * *
Տատս ասաց` ինձ արագիլն է բերել`
երկարոտ ու սև,
տատս ասաց` ինձ արագիլն է բերել
երկրից հեռու ու մութ:
Հիշել են տատս ու պապս հսկա
պատմությունը շաղգամի,
հիշել են վաղվա օրը,
որ հաստատ դժվար ու ծանր է լինելու,
հիշել են, հոգոց հանել,
մի մեծ շնորհակալություն ասել արագիլին
ու ճանապարհել երկիրը հեռու ու մութ:
Պապս գրկել է ինձ
ու զգացել ծանրությունը շաղգամի,
ու մինչ մենք դրսում
բանակցում էինք սև արագիլի հետ,
տարիներ են անցել խրճիթում քարե,
ու քարը դանդաղ փայտ է դարձել,
որ կայրվի մի օր պատահական հրդեհից:
Պապս դանդաղ գրկել է ինձ,
տատս քայլել է մեր կողքով, մեր ետևից,
տատս իր ստվերով փորձել է ծածկել մեզ
երկարոտ արագիլի հայացքից:
Ու մինչ մենք դրսում
ձմռան գալուստն էինք տոնում,
որ արագիլը բերեց իր հետ երկրից հեռու
(հեռու երկրներում միշտ ձմեռ է ու տաք),
տարիներն էին անցնում խրճիթում փայտե:
Ագռավը, որ արագիլ էր կյանքում նախորդ,
կռռաց հեռվում.
- Ջան,- ասաց տատս
շաղգամի հեքիաթի վախը ցրելու համար:
Իսկ շաղգամը դանդաղ աճում էր իմ մեջ.
պապս հողն էր փորում խորն ու մեծ,
որ թակարդ էր դառնալու
հեռվից եկող արագիլի համար:
Պապս շաղգամ էր փնտրում
հողի մեջ մեռած, հողի մեջ թաց,
հողի մեջ, որի վրայով քայլել էր մի օր:
Ու մինչ դրսում ձմեռ էր` տաք ու թաց,
խրճիթը այրվեց վերջնականապես:
   
 
* * *
Կամացուկ բացիր պատուհանը,
ու քաղաքը կլցվի քո մեջ.
դու կդառնաս նույնքան ցանկալի,
նույնքան փոշոտ ու անտանելի,
ու մեքենաները կվազեն քո վրայով`
չնկատելով մարմինդ, աչքերդ կիսափակ…
Ու ես, ձեռքերս երկարելով, կգամ քեզ մոտ,
ու դու կլինես հեռու,
ու դու կլինես անտանելի սիրված,
ու վերնաշապիկդ, որ ինձ ծնող քաղաքն է վարդագույն,
կնայի քաղաքի աչքերով…
Ու ես կգամ, երբ ձմեռ կլինի,
ու երկրագունդը հոգնած
քիչ ավելի դանդաղ կպտտվի
քեզ պատկանող ոտքերիս տակ
(ու քոնն է առհասարակ
երկրագունդն այս` տուրուդմփոցներով լի,
քամուց դողացող ձեռքերս` ծառերից կախված,
ցեխոտ գիշերը, շները, տունը,
մի խոսքով` ամեն ինչ կամ… ես…)
Քայլ առ քայլ, քայլ առ քայլ, դանդաղ.
փողոցը դատարկվում է իրեն սիրող շներից,
քաղաքը հորանջում է քո մեջ,
հերթերը խանութում երկարում, երկարում,
հասնում են երկինք,
ու դու ավելի մոտ ես ինձ, ավելի, ավելի,
որովհետև ամեն ինչ փոխվում է ,
ամեն ինչ` բացի քեզնից…
 

* * *              
Ես գիտեմ հոտառությամբ գտնել ճանապարհները
ու մոլորվել կատվի պես` յոթերորդ հարկից նետվելով.
դու մի օր մոռանալու էիր ինձ,
իսկ ես, ոչինչ չունենալով կարոտելու,
նորից արագ քայլերով քեզ մոտ էի գալու
(գրպանումս անձայն խռմփացնող հեռախոսս վկա)…
Քո հեռանալու հետ մեկտեղ
ուժգնացավ չմայրանալու վախը
¥իսկ դուք կողպել եք վարագույրները բոլոր¤,
ու անպետք դարձած կաթի շշերը հայտնվեցին աղբարկղում…
Պատերի դատարկ մեխերից թելեր են կախված,
ու կատարյալ է առաստաղը
նրանից կախված ստվերներով…
Ես գիտեի հոտառությամբ գտնել ճանապարհները
ու մոլորվել կատվի պես,
բայց անհայտ համաճարակի պատճառով
սարքից դուրս են եկել բոլոր զգայարաններս
¥կներես¤
ու քեզ մոտ գալու փոխարեն
գժանոցից հիասթափված խելոքի պես
մի քիչ ուշացումով հեռանում եմ քեզնից…
 
 
* * *
Ու թեև երկինքը ցեխոտ էր անտանելի,
ու ճանճերն էլ չափից դուրս շատ,
թեև կարոտից դեղնած օդը
սարսափեցնում էր բոլորին,
հատկապես ձայները գլուխները գցած բվերին
(գիշեր էր, գիշեր, սովորական գիշեր),
դու ժպտում էիր հիմարաբար.
ճաղերից այս կողմ աշխարհը կանաչ էր,
ծառուղին` անվերջ, անվերջ ձգվող,
ու Աստված նրա հետ, թե
սա էլ քեզ ոչ մի տեղ չէր հասցնելու…
Ծուխը սիրահար փիսիկի պես քսմսվում է մաշկիդ,
հետո սկսում է տանջել ծարավը,
ծուխը չի դադարում իրեն փիսիկ երևակայել,
ու ծարավը դառնում է պաթոլոգիկ,
չնայած ճաղերից այս կողմ
աշխարհը հիմարաբար կանաչ է…
Ու ծառուղին ձգվում է, ձգվում է անվերջ,
ու բվերը կռնչում են անդադար,
ճանճերը հազարներով պտտվում գլխավերևումդ`
կծոտելով օդը (ձախից, աջից, աջից),
չհամարձակվելով մոտենալ քեզ`
դրանով իսկ հուշելով, որ դու չկաս…
 
 
* * *  
Ինձ մենակ թողեք
իմ ծակ շորերի
ու իմ չորացած ծաղիկների հետ:
Հողը, ասում են, հիշողություն է,
որ մոռացում է թագմանվում
հեռու, մեռած մի լեզվով.
հող լցրեք վրաս
ու մենակ թողեք
այս մերկ ծառի հետ,
որ ճանկռոտում է օդը վերևի,
օդը՝ ներսս դանդաղ ողողող,
ինձ մենակ թողեք
կմախք-ծառի հետ
ու անհետացեք,
ցնդեք օդի մեջ:
Հողը, ասում են, հիշողություն է,
որ տառապանք է
թարգմանվում ինչ-որ մեռած մի լեզվով.
օդից ձեռք քաշած մարդուկի համար
տառապելն ի՞նչ է որ.
ինձ մենակ թողեք
չորացած դեղին ծաղիկների հետ:
 

* * * 
Մարդ էիր…
Ձմռանը արջ դարձար,
աշնանը չվեցիր,
ես մնացի կանաչ դեզերի արանքում…
Մարդ էիր.
կանաչ աչքեր ունեիր,
մի-երկու պոզ…
Վազեցի, վազեցի ձյուների միջով
(սառույց էլ կար),
վազեցի
20 տարի, 30, 40.
հոգնեցի.
մարդ էիր … ընդամենը…
Հիմա ձմռանը նստում եմ վառարանի մոտ
ու վառում քեզ, վառում,
որ տաքանամ,
աշնանը քարշ եմ տալիս ինձ մեր այգին,
պառկում ծառի տակ
ու ծածկվում հողով՝ խորը-խորը,
որ տաքանամ…
Ծառը քրտնեց շոգից
ըւ կանաչեց…
Վաղը գարուն է…
 

* * *
Հազը խառնվել է օրվա կարոտիս,
ու դժվարացել է շնչելն առանց քեզ…
Քաղաքում ավելանում են անթև սողունները,
ու սեղանի տակ վխտում են կասկածներս մերկ…
Ծառից կախվել էր տերևը,
տերևից կախվել էիր դու,
իսկ սև ակնոցդ ամենուր հետևում է ինձ…
…սուրճի մրուրից աչքով անող տղա
ու ծանոթ անտարբերությամբ
շտապող անցորդներ…
Ծառը կախվել էր տերևից
(հազս կապտում է քիչ-քիչ),
տերևից կախվել էիք ծառն ու դու,
իսկ քամին էլի ուշանում էր…
 

* * * 
… ու ցրտից չմեռնելու համար
(ես այնքան բարի էի) փաթաթվեցի քեզ,
և հուշեց գիշերը մաքուր արտագրված,
որ ոչ ոք չի նկատել թուլությունս հավիտենական…
…այնքան բարի եմ ,
որ կարող եմ մոռանալ քեզ` առանց տանջելու,
իսկ փողոցում թափառում է գարշահոտը մենակության.
ինչ լավ է, որ տանն եմ.
երնեկ հիմար լինեմ ու հավատամ,
որ մյուս ծայրում խոսափողի
դու ես լռում ինձ հետ,
հեքիաթասպան իմ սեր.
կրկին հեքիաթ եմ հորինել զվարճանքիդ համար.
կհանդիպենք ճիշտ նույն ժամին ու նույն տեղում.
այնքան բարի եմ, որ չեմ գալու…
 
* * *
Դու ծերուկ էիր, ես՝ փոքրիկ մի աղջնակ՝
ինչ-որ հեքիաթում խճճված.
ժպտալ վաղուց էի սովորել
սերերիցս նախորդ,
սերերիցս՝ խաչմերուկներում հավասար տեղաբաշխված,
որ ինձ մենակ չզգամ մեքենայի անիվների տակ.
ժպտալ, ասենք, քիչումիչ գիտեի.
ժպտալ անձրևին՝ հարևանի սիրեկանին թրջող,
ժպտալ պատերին՝ ինձ հաճախակի մերկ բռնացնող,
ժպտալ հայելուն, որ վաղը ճերմակ սավանով կծածկվի,
ժպտալ…
Խաղում էինք.
ես փոքրիկ աղջնակ էի, ծովը մեծ էր, մեծ.
սպասել վաղուց էի սովորել,
լացել էլ քիչումիչ գիտեի
շնորհիվ սերերիս նախորդ,
շնորհիվ սերերիս ամենաբարի,
քո շնորհիվ.
խաղի վերջում դու նորից փոքրիկ տղա կդառնաս,
իսկ ես կմնամ այս հեքիաթում խճճված՝
ժպտալով ծղոտե գլխարկիս տակից…
 
* * *
Մի պարանից գիշերը կախեցին,
մյուսից՝ ցերեկը,
թևքերը վեր քաշեցին
ու հոգոցը թևատակը խցկած՝
նստեցին պատի տակ:
Կյանքը շատ է երկար
ճոճվող, օրորվող, օդը տարուբերող
պարանների մոտ
նստելու համար:
Պարանը սիորւհու պես կանչում է,
բայց մրոտված գմբեթի տակ խոստացել ես
չլքել, չդավաճանել, ետ չնայել,
գիշերը ճոճվում է պարանից կախ,
գիշերը՝ կանաչ աչքերով:
Երկու ժամ հառաչեցին,
երկու ժամ էլ նայեցին պարապ հեռվին՝
խպասեցին, լռեցին, սպասեցին.
կյանքը շատ երկար է,
ձերեկը ճոճվում է պարանից կախ,
ախր շատ է երկար,
ու գիշերն է ճոճվում,
երկար ու երկար է էլի,
գիշերն ու ցերեկը ոլորվեցին,
հոգոցն ընկավ թևատակից
ու պայթեց:
Պարանը սիրուհու պես կանչում է,
ճերմակ, ձիգ պարանը:
Եկեղեցու զանգերը՝ դընգ-դընգ,
դընգ-դընգ, դընգ…
…Ու նա ապրեց
հարյո՞ւր, երկո՞ւ, թե՞ հինգ հարյուր տարի…
***
Դու կլինես միակը,
ով գեղեցիկ է
ու սիրում է ինձ…
 
Ու կարոտից ցնցվող սեղանին
հենված մարմինն իմ
կհիշի տապը ձեռքերիդ
ու երկինքը նույնքան մոտ կլինի,
որքան դին սառած
ու մեխակները սև ժապավենից կախ:
 
Երեկ կրակում էին ամբողջ գիշեր,
ու վրիպում էին ամբողջ գիշեր,
ու փախչողը դու էիր…
 
Միակդ,
գեղեցիկդ,
սուզվիր ջրի մեջ,
ու թող մամուռը մարմնիդ ձևն ընդունի,
կանաչ, կանաչ լուսաբաց իմ
տրորված…
 
Առաջին կրակոցից մեռար,
երկրորդից ցավ չզգացիր,
երրորդը տեղ չհասած՝
սյուն ձևացար:
 
Մարմինս քարշ տվեցի օտար քաղաքներ,
ու քեզ այնտեղ ճանաչողները
երազանքի կոպեկներ փակցրին վրաս:
Լուսաբացը ցավոտ էր
օտար երկնքի տակ,
գետնատարած լուսաբացը:
 
Էլ մի ցնցիր սեղանը,
հանգիստ թող մարմինն իմ կանաչած
ու խաչակնքիր…
 
 
  • Hits: 7573

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: