Մենավոր պատի անապակի պատուհանը հորանջում էր վաղ իրիկնային կապտակարմիր արևի ներքո: Ծռմռված ծխնելույզի մնացորդների արանքից առկայծում էր փոշու ամպը: Ավերակների անապատը նիրհում էր:
Տղան փակել էր աչքերը: Հանկարծ զգաց, որ շուրջն ավելի մթնեց: Ինչ-որ մեկը եկել լուռ դիմացն էր կանգնել: «Բռնվեցի», - մտածեց տղան: Սակայն, երբ աչքերը փոքր-ինչ բացեց, տեսավ երկու ցնցոտիավոր ոտք միայն: Դրանք այնքան ծուռ էին, որ արանքից կարելի էր դիմացը տեսնել: Համարձակությունը մի աչքաթարթի էլ հերիքեց ու, վեր նայելով, տղան մի տարեց մարդու տեսավ` ձեռքին դանակ ու զամբյուղ, իսկ մատների ծայրերը` հողոտ:
-Դու ի՞նչ է, այստե՞ղ ես քնում, - հարցրեց մարդը՝ նայելով ցած՝ տղայի խճճված մազերին:
Յուրգենը տղամարդու ծուռ ոտքերի արանքից նայեց արևին ու ասաց.
-Ո՛չ, ես չեմ քնում, ես պետք է այստեղ հսկեմ:
-Ահա թե ի~նչ, - գլխով արեց մարդը, - ուրեմն դրա համա՞ր ես այդ մեծ փայտը ձեռքիդ պահում:
-Այո՛, - համարձակ պատասխանեց Յուրգենն ու փայտն ամուր սեղմեց ձեռքի մեջ:
-Իսկ ի՞նչն ես հսկում:
-Դա չեմ կարող ասել,-շարունակելով ձեռքերով ամուր սեղմել փայտն, ասաց տղան:
- Փո՞ղ է, ի՞նչ է: Տղամարդը ցած դրեց զամբյուղն ու սրբեց դանակն՝ այն տաբատին քսելով:
-Ո՛չ, փող չէ, - ասաց Յուրգենը մի տեսակ արհամարհանքով,- բոլորովին ուրիշ բան է:
-Հապա ի՞նչ է:
-Չեմ կարող ասել, հենց ուրիշ մի բան:
-Դե՛ լավ, եթե այդպես է, ուրեմն ես էլ չեմ ասի, թե ինչ ունեմ զամբյուղիս մեջ: Մարդը ոտքով հրեց զամբյուղն ու ծալեց դանակը:
-Պա~հ, ինքս էլ կարող եմ գլխի ընկնել, թե ինչ կա զամբյուղում, - ասաց Յուրգենը հեգնանքով, - ճագարի կեր է:
-Գրո~ղը տանի, այո~, - ա~յ, համա թե խելացի տղա ես, քանի՞ տարեկան ես,- հարցրեց տղամարդը զարմացած:
-Ինը:
-Տես է~, ուրեմն ինը տարեկան ես, դե պիտի նաև իմանաս, թե ինչ կանի երեք անգամ ինը, չէ՞:
-Պարզ է, - պատասխանեց Յուրգենը ու որպեսզի մի քիչ էլ ժամանակ շահի, ավելացրեց, - դա պարզից էլ պարզ է, - նա տարեց մարդու ծուռ ոտքերի արանքից հեռուն նայեց, - երեք անգամ ինը, չէ՞, - հարցրեց կրկին ու ասաց.
-Քսանյոթ, ես միանգամից իմացա:
-Ճիշտ է ու հենց այդքան էլ ճագար ունեմ ես:
-Քսանյո՞թ հատ ճագար, - Յուրգենի բերանը զարմանքից բաց մնաց:
-Դու կարող ես նրանց տեսնել, շատերը դեռ շատ փոքրիկ են, ուզու՞մ ես:
-Ես չեմ կարող, ես ախր պետք է հսկեմ, - ասաց Յուրգենը անվստահ ձայնով:
-Անընդհա՞տ, նույնիսկ գիշերնե՞րը, - հարցրեց մարդը:
Յուրգենը հայացքը ծուռ ոտքերից վեր բարձրացրեց ու շշնջաց.
-Անընդհա՛տ, մի՛շտ, շաբաթ օրվանից ի վեր,-շշնջաց նա:
-Դու ի՞նչ է, տուն չե՞ս գնում: Չէ՞ որ մի բան պիտի ուտես:
Յուրգենը մի քար բարձրացրեց, որի տակ կես հաց կար ու թիթեղյա մի տուփ:
-Ծխու՞մ ես, - հարցրեց մարդը, - ծխամորճ էլ կունենաս ուրեմն:
Տղան փայտն ամուր բռնելով երկչոտ ասաց.
-Ես ծխախոտներ եմ փաթաթում, ծխամորճով ծխել չեմ սիրում:
-Ափսո~ս, - ասաց մարդն ու կռացավ զամբյուղի վրա, - դու կարող էիր ճագարներին տեսնել, հատկապես փոքրիկներին, գուցե նույնիսկ մեկին քեզ համար ընտրեիր: Բայց ինչ արած, դու չես կարող հեռանալ այստեղից:
-Ո՛չ, չեմ կարող, ո՛չ, - տրտմորեն ասաց Յուրգենը:
Մարդը բարձրացրեց զամբյուղն ու շրջվեց, որ գնա` նորից կրկնելով.
-Ինչ արած, իսկապես ափսո~ս:
-Եթե ոչ ոքի չասես, կասեմ, թե ինչու չեմ կարող քեզ հետ գալ, - արագ-արագ ասաց Յուրգենը, - առնետների պատճառով է:
Ծուռ ոտքերը մի քայլ հետ եկան:
Առնետների պատճառո՞վ;
-Դե՛, այո՛, նրանք կրծում են մեռածների մարմինները, դրանով են նրանք սնվում:
-Այդ ո՞վ է ասում:
-Մեր ուսուցիչը:
-Եվ դու այժմ հսկում ես առնետների՞ն, - հարցրեց մարդը:
-Չէ~, նրանց չէ, - կամացուկ ավելացրեց տղան.
-Եղբորս եմ հսկում, նա այստեղ է ներքևում պառկած: Յուրգենն իր փայտով ցույց տվեց փլված պատերի կույտն ու ասաց.
-Մեր տան վրա ռումբ ընկավ, մի ակնթարթ ու նկուղում լույսը մարեց, նա` ևս: Հետո մենք նրան դեռ երկար ձայն էինք տալիս: Նա ինձանից փոքր էր, շատ փոքր, դեռ չորս տարեկան: Պիտի որ այստեղ լինի դեռ:
Տարեց մարդը կրկին վերևից հայացք գցեց տղայի խճճված մազերին ու հանկարծ ասաց.
-Բայց մի՞թե ձեր ուսուցիչը չի ասել, որ առնետները գիշերները քնում են:
-Ո՛չ, շշնջաց Յուրգենն ու միանգամից շատ հոգնած տեսք ընդունեց, - նման բան նա մեզ չի ասել:
-Նրանից էլ ի՞նչ ուսուցիչ ուրեմն, եթե նա նույնիսկ դա չգիտի: Առնետներն, իհարկե, գիշերները քնում են: Դու կարող ես գիշերը տուն գնալ: Նրանք քնում են գիշերը, անմիջապես, հենց մթնում է:
Յուրգենը ձեռքի փայտով գետնի վրա փոքրիկ փոսիկներ էր բացում:
«Սրանք բոլորը փոքրիկ մահճակալներ են, բոլորը, փոքրիկ-փոքրիկ»,- մտածում էր նա:
-Գիտե՛ս ինչ, - ասաց մարդն անհանգիստ շարժվելով իր ծուռ ոտքերի վրա, - այժմ գնամ ճագարներիս կերակրելու ու երբ մութն ընկնի, կգամ քո հետևից: Երևի մի ճագար էլ քեզ համար բերեմ, փոքրիկ մեկին, - ի՞նչ կասես:
Յուրգենը փոքր փոսեր էր նկարում: Բոլորը փոքր ճագարներ են` սպիտակ, մոխրագույն, սպիտակ ու մոխրագույն:
-Ես չգիտեմ, - ասաց նա, նայելով ծուռ ոտքերին, - չգիտեմ արդյո՞ք նրանք գիշերներն իրոք քնում են:
Տարեց մարդն անցավ քանդված պատի վրայով ու դուրս եկավ փողոց:
-Դե իհարկե~, - ասաց նա այդտեղից, - ձեր ուսուցիչը պիտի փասա-փուսան հավաքի, եթե նա նույնիսկ դա չգիտի:
Յուրգենը ոտքի կանգնեց ու հարցրեց.
-Եթե ես կարող եմ ճագար ունենալ, կարե՞լի է սպիտակը:
-Տեսնեմ՝ ինչ կարող եմ անել, - գոռաց մարդը հեռանալով, - բայց դու պիտի ինձ սպասես այստեղ: Քեզ հետ ձեր տուն կգամ, որ հայրիկիդ ցույց տամ` ինչպես ճագարի բույն պատրաստել: Դա անպայման պետք է իմանալ:
-Այո~, - կանչեց Յուրգենը, - ես կսպասեմ, ես դեռ պետք է հսկեմ մինչև մութն ընկնելը: Ես անպայման կսպասեմ: Մենք տախտակներ ունենք տանը, արկղի տախտակներ:
Բայց տարեց մարդն այլևս չէր լսում: Նա իր ծուռ ոտքերով դեպի արևն էր սլանում, որը երեկոյի հետ արդեն շառագունել էր ու որին Յուրգենը նրա ոտքերի արանքից էր նայում, այ այդքան ծուռն էին դրանք: Իսկ զամբյուղը հուզված այս ու այն կողմ էր ճոճվում: Նրա մեջ ճագարի կեր կար, կանաչ խոտ, որ ռմբակոծության փոշուց մոխրագույն էր դարձել:
Գերմաներենից թարգմանեց Էմիլյա Հակոբյանը
- Hits: 4935