Հինգշաբթի օրերը, երբ ռադիո «Բելգրանոյի»[1] ձայնագրություններից ու նոր նախագծերի փորձերից հետո Լեմոսը ինձ բար էր հրավիրում մի երկու բաժակ խմելու, տենչում էի դուրս պրծնել այնտեղից ու երկու կամ երեք հարյուր տարով մոռանալ ռադիոթատրոնի մասին, բայց ստիպված էի նրա ընկերական զեղումները լսել, քանի որ Լեմոսը ժամանակակից  ու հայտնի հեղինակ էր և բացի այդ` լավ էր վարձատրում իր նախագծերին մասնակցելու համար՝ նույնիսկ այն երկրորդական մանր դերերի համար, որոնք հիմնականում բացասական էին։

-Ձայնդ հենց այն է, ինչ պետք է,-սիրալիր ասում էր Լեմոսը,- ռադիոունկնդիրները լսում են ձայնդ ու միանգամից ատելությամբ են լցվում քո հանդեպ։ Բնավ հարկավոր չէ, որ ինչ-որ մեկին դավաճանես կամ սպանես սեփական մորդ՝ բնամորմով[2] թունավորելով, բավական է, որ բերանդ բացես, և Արգենտինայի կեսը պատրաստ է խարկելու հոգիդ մարմանդ կրակի վրա։

Արգենտինայի կեսը, բայց ոչ Լուսիանան։ Հենց այն օրը, երբ մեր պճնամոլ Խորխե Ֆուենտեսը «Խայտառակության վարդերից» հետո Տանդիլի[3] երազավառ ու սեթևեթ կալվածատիրուհուց սպիտակ գառնուկ ստացավ և սիրային նամակների երկու զամբյուղ, կարճահասակ Մացցան տվեց ինձ Լուսիանայի ուղարկած առաջին մանուշակագույն ծրարը։ Քանի որ արդեն համակերպվել էի միայնությանս, նամակն անմիջապես խցկեցի գրպանս, և դրա մասին չէի հիշում այնքան ժամանակ, մինչև որ չմտա սրճարան («Վարդերի» հաղթական հաջողությունից հետո մի շաբաթ ունեինք հանգստանալու համար, որպեսզի սկսեինք «Թռչունները փոթորիկում» ներկայացման փորձերը), որտեղ Խուարես Սելմանի և Օլիվի հետ երկրորդ շիշ մարտնինին խմելու ընթացքում միայն հիշեցի ծրարի գույնը և հիշեցի, որ նամակը չեմ կարդացել։ Չէի ուզում ընկերներիս ներկայությամբ կարդալ, որովհետև նրանց նման ձանձրալի մարդիկ ծաղրելու առիթ են փնտրում, և այնպիսի առիթը, ինչպիսին մանուշակագույն ծրարն է, կատակների անսպառ աղբյուր կդառնար։ Այսպիսով՝ համբերեցի, մինչև որ գնամ իմ բնակարան, որտեղ կատուս, ամեն դեպքում, նման պատմությունների վրա թքած ունի։ Տուն վերադառնալուց հետո նրան տվեցի քնքշանքի և կաթի իր բաժինը, այնուհետև ծանոթացա Լուսիանայի հետ։ Լուսիանան գրում էր․

«Ինձ պետք չէ Ձեր լուսանկարը, և ինձ ամենևին չի հետաքրքրում այն, որ Սինտոնիան և Անտենան հրապարակում են Միգեսի և Խորխե Ֆուենտեսի լուսանկարները, իսկ Ձերը երբեք չեն հրապարակում։ Չի հետաքրքրում, քանի որ ես ունեմ Ձեր ձայնը։ Կարևոր չէ նաև այն, որ շատերը Ձեր ձայնը տհաճ և զզվելի են համարում։ Թքած ունեմ նաև այն բանի վրա, որ Ձեր դերերը ամբողջ աշխարհին մոլորության մեջ են գցում։ Ընդհակառակը՝ ուրախանում եմ՝ երևակայելով, թե ես եմ այն միակը, որ գիտի ճշմարտությունը․ այդ չարագործների դերերը հնչյունավորելով՝ Դուք տառապում եք, Ձեր ամբողջ տաղանդն եք դնում դրանց մեջ, բայց զգում եմ, որ հոգով այնտեղ չեք, ամենևին նման չեք Միգեսին կամ Ռակելիտա Բեյլիին։ Ախր Դուք այնքաա՜ն եք տարբերվում  «Խայտառակության վարդերի» այդ դաժան արքայազնից․․․ Մարդիկ, կարծելով, թե ատում են այդ արքայազնին, իրականում Ձեզ են ատում․ նրանք չեն կարողանում մեկը մյուսից տարանջատել։ Անցյալ տարի (Դուք այդ ժամանակ հնչյունավորում էիք մաքսանենգ և մարդասպան Վասիլիսին) ես դրանում համոզվեցի հորաքույր Պոլիի և այլ մարդկանց օրինակով։ Այդ երեկո մի քիչ միայնակ զգացի ինձ և ցանկացա պատմել Ձեզ այս ամենը․ հավանաբար ես միակը չեմ, որ այս ամենն ասում է Ձեզ, գուցե նույնիսկ ուզում եմ, որ դա այդպես լինի, հանուն Ձեր իսկ բարօրության, որովհետև Դուք պետք է իմանաք, որ միայնակ չեք․․․ Բայց միևնույն ժամանակ կցանկանայի լինել այն միակը, որը կկարողանար վարժվել Ձեր դերերին ու ձայնին, կճանաչեր Ձեր իրական էությունը ու Ձեզանով ավելի շատ կհիանար, քան նրանցով, ովքեր հեշտ դերեր են հնչյունավորում։ Ինչպես Շեքսպիրի դեպքում էր․․․Այն ժամանակ վախենում էի որևէ մեկին խոստովանել, որ Ձեր Յագոյին ավելի շատ եմ համակրում, քան Օթելլոյին։ Չեմ ուզում Ձեզ պարտավորված զգաք ինձ պատասխանելու հարցում։ Հասցես նշում եմ միայն նրա համար, որ գրեք, եթե իրոք պատասխանելու ցանկություն ունենաք։ Այնուամենայնիվ, եթե հանկարծ չանեք դա, միևնույնն է, ինձ երջանիկ կհամարեմ, քանի որ կարողացա գրել Ձեզ այս ամենի մասին»։

Մթնում էր։ Ձեռագիրը շեշտակի և սահուն էր։ Մանուշակագույն ծրարի հետ խաղալուց հետո կատուն քնեց բազմոցի բարձին։ Բրունայի անվերադարձ հեռանալուց ի վեր տանը ճաշ չէի պատրաստում։ Ես և կատուս լիովին բավարարվում էինք պահածոներով, իսկ անձամբ ես՝ կոնյակով և ծխամորճով։ Հանգստյան օրերին (հետո «Թռչունները փոթորիկում» ներկայացման փորձերը պետք է սկսվեին) առանց պատասխանելու մտադրության նորից կարդացի Լուսիանայի նամակը․ հետո՞ ինչ, գրողը տանի, որ դերասան եմ, որը երեք տարին մեկ է միայն նամակ ստանում․․․ Մի խոսքով՝ պատասխանեցի նրան միայն ուրբաթ երեկոյան՝ կինոթատրոն մտնելուց առաջ․ «Հարգելի Լուսիանա, շոյված եմ Ձեր խոսքերից, և սրանք ընդամենը հարգանքի բառեր չեն»։ Իհարկե, դա այդպես չէ։ Գրում էի մի կնոջ, բայց պատկերացնում էի նրբագեղ, թախծոտ, շագանակագույն մազերով ու ջինջ հայացքով մի աղջնակի, որն այդ պահին նստած էր կողքիս, և ես նրան ասում էի, որ ինձ շոյել են իր խոսքերը։ Մնացածը շատ շինծու և անբնական ստացվեց, որովհետև նման խոստովանությունից հետո չգիտեի է՛լ ինչ գրել։ Նամակի մյուս մասը նմանվեց ձևական պատասխան գրության՝ երկու-երեք հարգալից ու շնորհակալական արտահայտություն՝ Ձեր ընկեր Տիտո Բալկարսել։ Սակայն հետգրության մեջ կար ևս մի խոստովանություն․ «Ուրախ եմ, որ Ձեր հասցեն տվեցիք, այլապես կվշտանայի, որ չեմ կարող ասել Ձեզ այն ամենը, ինչ զգում եմ»։

Ոչ ոքի դուր չի գալիս խոստովանել, որ երբ երկար ժամանակ չես աշխատում, սկսում ես ձանձրանալ․ համենայն դեպս, ինձ նման մարդու դեպքում այդպես է։ Երիտասարդ ժամանակ սիրային շատ արկածներ եմ ունեցել․ ազատ ժամանակ դուրս էի գալիս զբոսնելու և բավական էր «կարթը գցեի», անպայման մի «ձկնիկ կուլ էր տալիս այն»։ Սակայն հետո հանդիպեցի Բրունային․ չորս տարի միասին էինք։ Երեսունհինգ տարեկանից սկսած՝ կյանքդ Բուենոս Այրեսում սկսում է դալկանալ, ու թվում է, թե կարճանում է։ Համենայնդեպս միայնակ մեկի համար, որպիսին ես եմ, որն ապրում է կատվի հետ և առանձնապես չի սիրում ընթերցել ու երկար զբոսնել, կյանքն այդպիսին է։ Այնպես չէ, որ ինձ ծերուկ էի զգում․ ընդհակառակը՝ ավելի շուտ շրջակա աշխարհն էր ծերանում։ Այդ իսկ պատճառով նախընտրում էի երեկոներն անցկացնել տանը, կատվիս ուշադիր հայացքի ներքո փորձել «Թռչունները փոթորիկում» ռադիոներկայացումը, վրեժ առնել այդ անշնորհակալ դերերից՝ հասցնելով կատարելության, դարձնելով իմը, այլ ոչ թե Լեմոսինը, սովորական արտահայտությունները փոխելով ու վերածելով հայելիների հետ խաղի, որը ավելացնում է վտանգավոր հերոսի հմայքը։ Ուստի՝ երբ գալիս էր ռադիոյում դերն ընթերցելու ժամանակը, ամեն ինչ կանխատեսված էր՝ յուրաքանչյուր ստորակետ և ձայնի յուրաքանչյուր փոփոխություն, որ ուղղորդում էր ատելությունը (կատարյալ սրիկաներից ևս մեկը, ավելի ու ավելի ստոր էր դառնում՝ հասնելով անդունդի եզրին հետապնդումների, ու եզրափակիչ ցատկ էր կատարում՝ մեծագույն բավականություն պատճառելով ռադիոլսողներին)։ Երբ երկու բաժակ մատե խմելու ընթացքում Լուսիանայի՝ ամսագրերի դարակում մոռացված նամակն աչքովս ընկավ, ձանձրույթից դրդված՝ վերընթերցեցի այն և նորից տեսա նրան։ Երևակայությունս լավ է զարգացած, դրա համար ցանկացած բան հեշտությամբ կարողանում եմ պատկերացնել։ Սկզբում Լուսիանան շատ նրբագեղ աղջիկ թվաց՝ գրեթե իմ տարիքին և ամենակարևորը՝ ջինջ, համարյա թափանցիկ հայացքով։ Այժմ նորից այդպիսին տեսա նրան ու պատկերացրի՝ ինչպես է ամեն բառից առաջ մտածում, իսկ հետո վճռականորեն գրում։ Մի բան հաստատ էր․ Լուսիանան այն կանանցից չէր, որոնք յոթ չափում, մեկ կտրում են։ Համոզված եմ՝ տատանվում էր ինձ գրելուց առաջ, սակայն «Խայտառակության վարդերը» լսելուց հետո անհրաժեշտ բառերը գտավ․ զգացվում էր, որ նամակն անմիջական է։ Միևնույն ժամանակ (գուցե մանուշակագույն ծրարի պատճառով) լիկյոր պատկերացրի, որը երկար ժամանակ ննջում էր տարայի մեջ։

Բավական էր՝ միայն աչքերս փակեի ու արդեն նույնիսկ նրա տունն էի պատկերացնում․ այն հաստատ պետք է բակ ունենար, որտեղ կլիներ մի հարմարավետ տաղավար կամ գոնե սենյակային բույսերով լի ապակեպատ պատշգամբ։ Ամեն անգամ, երբ մտածում էի Լուսիանայի մասին, նույն վայրում էի տեսնում նրան՝ ապակեպատ պատշգամբում (վերջիվերջո նախապատվությունը տվեցի ապակեպատ պատշգամբին)։ Գունավոր ապակենախշերով պատշգամբ, որի վարագույրների միջով ներթափանցող լույսի շողերը հետզհետե գորշանում էին, իսկ Լուսիանան, եղեգից հյուսված բազկաթոռին նստած, գրում էր ինձ․ «Ախր Դուք այնքաա՜ն եք տարբերվում  «Խայտառակության վարդերի» այդ դաժան արքայազնից․․․»։ Հետո գրիչը շուրթերին է մոտեցնում ու մի պահ մտածելուց հետո շարունակում էր․ «Չիմանալով, որ Դուք այդքան տաղանդավոր եք, մարդիկ ատում են Ձեզ․․․»։ Շագանակագույն վարսեր, որոնք կարծես երիզված լինեին մի հին լուսանկարի մոխրագույն լույսով։ Միևնույն ժամանակ ապակեպատ պատշգամբի այդ թափանցիկ ու պայծառ լույսը․․․ «Կցանկանայի լինել այն միակը, որը կկարողանար վարժվել Ձեր դերերին ու ձայնին․․․»։

«Թռչունները փոթորիկում» ներկայացումից առաջ ստիպված էի Լեմոսի և բեմադրության մյուս մասնակիցների հետ փորձեր անել։ Կարդում էինք այն տեսարանները, որոնք Լեմոսը կոչում էր «բանալի», իսկ մենք՝ «ամենանշանակալի»։ Այնտեղ բախվում էին տարբեր խառնվածքներ, ու ստեղծվում էին դրամատիկ իրավիճակներ, իսկ ես Լեմոսի երևակայությամբ հորինված անսպառ չարագործության ճիրանների մեջ էի գցում  գոռոզ աղջնակ Ժոզեֆինային, որին հրաշալի մարմնավորում էր Ռակելիտա Բեյլին։ Մյուսները նույնպես հեշտությամբ մտան իրենց դերերի մեջ, մանավանդ որ, գրողը տանի, այդ ռադիոպիեսը առանձնապես չէր տարբերվում նախորդ տասնութից, որոնք արդեն հնչյունավորել էինք։ Մանրամասնությամբ հիշում եմ այս ամենը, քանի որ այդ օրը կարճահասակ Մացցան ինձ բերեց Լուսիանայի երկրորդ նամակը։ Այս անգամ ցանկացա միանգամից կարդալ այն և դրա համար կարճ ժամանակով գնացի պետքարան, քանի դեռ Անխելիտան և Խորխե Ֆուենտեսը, անձնատուր լինելով պարին, հավերժական սիրո երդում էին տալիս միմյանց։ Նմանատիպ տեսարանները սովորաբար հիացնում էին մշտական ռադիոլսողներին և յուրաքանչյուր հերոսի հոգեբանության մեջ ներթափանցելու հնարավորություն էին ընձեռում․ համենայն դեպս, ըստ Լեմոսի և Ֆրեյդի՝ այդպես էր։

Ընդունեցի Ալմագրո փողոցում գտնվող հրուշակարանում հանդիպելու նրա հասարակ ու սիրալիր հրավերը։ Այդ հանդիպման մեջ մի ծեծված շտրիխ կլինի․ նա՝ կարմիր զգեստով, իսկ ես՝ չորս տակ ծալված թերթով։ Իհարկե, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Մնացած բաներում նա նույն Լուսիանան էր, որը, ապակեպատ պատշգամբում իր հոր կամ մոր հետ նստած, նորից ինձ էր գրում։ Սկզբում նրան ծերուկի հետ էի պատկերացնում մեծ ընտանիքի համար նախատեսված տանը, սակայն այժմ այդ տունը դատարկվել էր, իսկ մթնոլորտում մայրական տխրությունն էր սավառնում, այն մոր տխրությունը, որ կարոտում էր մյուս դստերը, որը հեռացել կամ մահացել էր։ Հնարավոր է՝ վերջերս մահվան ստվերն անցել էր այդ տան միջով։ «Եթե չցանկանաք կամ չկարողանաք ընդունել հրավերս, ես կհասկանամ, որ չպետք է առաջին քայլն անեի․․․բայց չէ՞ որ ես գիտեմ (վերջին բառերը որևէ կերպ ընդգծված չէին), որ Դուք վեր եք ամեն տեսակի նախապաշարմունքներից»։ Մի բան ևս ավելացրեց, որը ես չէի սպասում, բայց միևնույն ժամանակ հիացած էի։ «Դուք միայն այս երկու նամակով եք ճանաչում ինձ, իսկ ես արդեն երեք տարի է ապրում եմ Ձեր կյանքով, զգում եմ Ձեզ, յուրաքանչյուր նոր հերոսում զգում եմ Ձեր իրական էությունը։ Ես Ձեզ տեսնում եմ թատրոնից դուրս, թե՛ ձեր դերերում, թե՛ դրանցից դուրս ինձ համար Դուք միշտ նույնն եք»։ (Երկրորդ նամակում, որը ես կորցրի, այդ էր ասվում, բայց առաջին նամակը դրել էի Մորավիայի[4] մեջ, որն այդ ժամանակ կարդում էի։ Համոզված եմ, որ այն դեռևս իմ գրադարանում է)։

Եթե այս ամենը պատմեի Լեմոսին, նրա գլխում մի նոր պիեսի գաղափար կծնվեր, որի հիմքը կլիներ երկու երիտասարդների հանդիպումը։ Մի շարք իրադարձություններից հետո երիտասարդը կպարզեր, որ Լուսիանան հենց այնպիսինն է, ինչպիսին պատկերացնում էր նրան։ Իսկ դա կապացուցեր, որ սերը առաջ է անցնում սիրուց, հայացքը՝ հայացքից․ տեսություններ, որոնք միշտ անխափան աշխատում են ռադիո Բելգրանոյում։

Սակայն Լուսիանան երեսունն անց կին էր։ Լավ էր պահպանվել, չնայած որ նա շատ ավելի մարմնեղ էր, քան ապակեպատ պատշգամբի կինը, փարթամ ու շքեղ սև վարսեր ուներ։ Երբ շարժում էր գլուխը, դրանք կարծես ինքնուրույն կյանքով էին ապրում։ Երբեք հստակ չեմ պատկերացրել Լուսիանայի դեմքը, միայն ջինջ ու տխուր հայացքը։ Այժմ ինձ դիմավորող ծիծաղկոտ աչքերը մուգ շագանակագույն էին, տխրության ստվեր անգամ չկար այդ շքեղ ու փարթամ վարսերի տակից ինձ նայող հայացքում։ Այն, որ նա վիսկի էր սիրում, ինձ դուր եկավ․ դա հակասում էր Լեմոսին, ըստ որի՝ բոլոր ռոմանտիկ հանդիպումները թեյախմությունից են սկսում (իսկ Բրունայի հետ գնացքի վագոնում կաթով սուրճ էինք խմում)։ Լուսիանան հրավերի համար ներողություն չխնդրեց, իսկ ես (չնայած որ երբեմն չափազանցնում էի, քանի որ հոգուս խորքում չէի հավատում կատարվածին) ինձ շատ բնական էի զգում, և կեղծ չթվաց այն, որ Լուսիանան վիսկի էր սիրում։ Իսկապես հրաշալի ժամանակ անցկացրինք իրար հետ, ու թվում էր, թե պատահաբար էինք ծանոթացել, այլ ոչ թե միտումնավոր։ Սովորաբար հենց այդպես են առողջ հարաբերություններ սկսվում, երբ որևէ բան ի ցույց դնելու կամ թաքցնելու հարկ չկա։

Տրամաբանական է, որ հիմնականում իմ մասին էինք խոսում։ Քանի որ ծանոթությունս Լուսիանայի հետ սահմանափակվում էր երկու նամակով, չվախենալով փառամոլ թվալուց՝ թույլ տվեցի նրան հիշել իմ բազմաթիվ դերերը տարբեր ռադիոներկայացումներում՝ ներկայացումներ, որոնցում տանջամահ էին անում ինձ, հանքահորում թաղված աշխատավորների մասին պիեսը և այլն, և այլն։ Քիչ-քիչ համակերպվեցի նրա դեմքի և ձայնի հետ, բայց դժվարությամբ հրաժարվեցի ապակեպատ պատշգամբից և եղեգից հյուսված բազկաթոռից։ Մինչ հրաժեշտ տալը իմացա, որ Լուսիանան ապրում է առաջին հարկում գտնվող նեղլիկ բնակարանում իր հորաքույր Պոլիի հետ, որը 30-ական թվականներին Պերգամինոյի[5] սրճարաններից մեկում դաշնամուր էր նվագել։ Լուսիանան նույնպես վարժվեց ինձ, ինչպես որ լինում է հեռակա ծանոթություններից հետո։ Հանդիպման ավարտին նա ասաց, որ մի փոքր ավելի բարձրահասակ էր պատկերացնում ինձ, գանգուր մազերով և մոխրագույն աչքերով։ Գանգուր մազերն ինձ ապշեցրին, քանի որ երբեք գանգրահերի դեր չեմ հնչյունավորել։ Հնարավոր է՝ նման պատկերացումները ձևավորվել էին Լեմոսի պիեսներում մարմնավորածս բոլոր հերոսների ու դրանց կողմից գործված չարիքների հավաքական պատկերացման արդյունքում։ Կատակելով նման եզրակացություն արեցի, սակայն Լուսիանան առարկեց՝ ասելով, որ բոլոր հերոսներին պատկերացնում էր այնպիսին, ինչպիսին որ Լեմոսը նրանց պատկերում էր, սակայն հեշտությամբ կարող էր հեռանալ դրանցից, միայնակ մնալ իմ ձայնի ու ինձ հետ, և բացի այդ՝ նա գիտեր, թե ինչու էր ինձ ավելի բարձրահասակ ու գանգրահեր պատկերացնում։

Եթե Բրունան դեռևս լիներ իմ կյանքում, կարծում եմ՝ Լուսիանային չէի սիրահարվի։ Սակայն Բրունայի բացակայությունը իրեն զգացնել էր տալիս։ Լուսիանան, առանց գիտակցելու և գուցե հակառակ իր սպասումների, սկսեց լրացնել այդ բացը։ Ամեն ինչ շատ արագ ընթացավ․ իմ ձայնից անցում կատարեց այդ նոր Տիտո Բալկարսերին, որն ուներ ուղիղ մազեր և չուներ այնքան վառ անհատականություն, որքան Լեմոսի չարագործները։ Այս ամենը հազիվ մեկ ամիս տևեց․ երկու անգամ հանդիպեցինք սրճարանում, երրորդ անգամ՝ իմ բնակարանում։ Կատուս բարեհաճորեն ընդունեց Լուսիանայի մաշկի և օծանելիքի բույրը, նրա ծնկներին հանգիստ քնեց, իսկ մի անգամ երեկոյան վրդովվեց, երբ հասկացավ, որ նա երրորդ ավելորդն է և ստիպված եղավ մլավելով ցատկել հատակին։ Իր առաքելությունն ավարտին հասցնելով՝ հորաքույր Պոլին մեկնեց քրոջ մոտ Պերգամինո, իսկ Լուսիանան հենց այդ իսկ շաբաթ տեղափոխվեց իմ տուն։ Երբ օգնում էի տեղավորել նրա իրերը, ցավով գիտակցեցի ապակեպատ պատշգամբի և մոխրագույն լույսի բացակայությունը։ Գիտեի՝ չեմ տեսնելու դրանք, բայց, միևնույնն է, ինչ-որ բանի պակասության ու անկատարության զգացում ունեի։ Մեկնելու երեկոյան հորաքույր Պոլին ընտանեկան մի համառոտ սագա պատմեց՝ Լուսիանայի մանկության մասին, նախկին փեսացուի, որը թողել էր նրան ու մեկնել Չիկագո՝ ընդունելով սառնարաններ արտադրող մի կազմակերպության գործնական առաջարկը, «Պրիմերա Խունտա» հյուրանոցի տիրոջ հետ ամուսնության ու դրանից վեց տարի անց բաժանման մասին։ Այդ ամենը ես իմացել էի Լուսիանայից, բայց մի փոքր այլ կերպ, քանի որ նա այնպես էր այդ ամենի մասին խոսում, ասես իրականում իր մասին չէր պատմում․ չէ՞ որ այդժամ սկսել էր բոլորովին նոր կյանքով ապրել՝ մեր մարմինների մերձեցումը, կատվի կաթի ամանիկները, հաճախակի այցերը կինոթատրոն և սերը։

Եթե չեմ սխալվում, «Արյունը ցորենի հասկերի վրա» ռադիոներկայացման շրջանում էր, երբ խնդրեցի Լուսիանային ավելի բաց գույն ներկել մազերը։ Սկզբում Լուսիանան խնդրանքս արվեստագետի տարօրինակ քմահաճություն համարեց։

-Եթե ուզում ես, կեղծամ կառնեմ,-ծիծաղելով ասաց նա և, իմիջիայլոց, ավելացրեց,-իսկ քեզ գանգուր մազեր շատ կսազեին։

Սակայն երբ մի քանի օր անց նորից խնդրեցի, համաձայնեց՝ ասելով, որ իր համար տարբերություն չկա`շագանակագույն, թե սև մազեր։ Մի պահ նույնիսկ ինձ թվաց, թե Լուսիանան հասկացավ, որ խնդրանքս կապված է ոչ թե արվեստագետի տարօրինակ քմահաճությունների, այլ բոլորովին այլ բաների հետ՝ ապակեպատ պատշգամբ, եղեգից հյուսված բազկաթոռ․․․ Երրորդ անգամ խնդրելու կարիք չեղավ։ Այնքան գոհ էի, որ հանուն ինձ Լուսիանան փոխեց իր մազերի գույնը։ Անընդհատ կրկնում էի նրան այդ խոսքերը, երբ գուրգուրում էինք միմյանց, երբ գլուխս կորցնում և անէանում էի նրա փարթամ մազերի մեջ, երբ փարվում էի նրա կրծքին, և երբ շրթունք շրթունքի տված՝ քնում էինք երկար ու երանելի քնով։ (Գուցե հաջորդ առավոտ կամ խանութ գնալուց առաջ (հաստատ չեմ հիշում) երկու ձեռքերով կապեցի նրա մազերը և ամրացրի ծոծրակին՝ հավատացնելով, որ այդպես նրան ավելի շատ է սազում։ Լուսիանան նայեց հայելու մեջ և ոչինչ չասաց, բայց զգացի, որ համաձայն չէ։ Եվ նա իրավացի էր։ Լուսիանան այն կանանցից չէր, որոնք կապում են իրենց մազերը։ Անհերքելի էր՝ քանի դեռ նա բաց գույն չէր ներկել վարսերը, արձակած փարթամ մազերով գեղեցիկ էր։ Սակայն ստեցի նրան, քանի որ ինձ դուր էր գալիս նրան այդպիսին տեսնել՝ ավելի լավը, քան այն երեկո, երբ նա առաջին անգամ մտավ հրուշակարան)։

     Երբեք չեմ սիրել լսել իմ ռադիոներկայացումները․ ուղղակի կատարում էի աշխատանքս, և վերջ։ Գործընկերներս զարմանում էին սնափառությանս բացակայության վրա, որն այդքան բնորոշ էր նրանց։ Հավանաբար մտածում էին (գուցեև ոչ առանց պատճառի), որ իմ դերերի բնույթն է այդպիսին, որ չի ոգեշնչում վերհիշելու դրանք։ Այդ իսկ պատճառով, երբ խնդրեցի արխիվից հանել «Խայտառակության վարդերի» սկավառակները, Լեմոսի հոնքերը զարմանքից թռան ճակատին։ Հարցրեց, թե ինչիս են պետք դրանք, իսկ ես պատասխանեցի, որ տոնայնության  որոշակի խնդիրներ կան, որոնց վրա ուզում էի աշխատել ու լավացնել կամ նմանատիպ մի բան։ Երբ տուն վերադարձա, Լուսիանան ևս մի փոքր զարմացավ, քանի որ երբեք նրա հետ չէի խոսում աշխատանքիս մասին, այդ նա էր, որ, կատվին ծնկների վրա առնելով, երեկոներն անցկացնում էր իմ մասնակցությամբ ռադիոներկայացումները լսելով և ամեն րոպե իր տպավորությունները բարձրաձայնելով։ Նրան նույն բանն ասացի, ինչ որ Լեմոսին, սակայն ձայնագրությունները մեկ այլ սենյակում լսելու փոխարեն նվագարկիչը բերեցի հյուրասենյակ ու խնդրեցի Լուսիանային մի փոքր մնալ ինձ հետ։ Ես ինքս թեյ պատրաստեցի և հարմարավետ ու հանգիստ լուսավորություն ստեղծեցի։

-Ինչո՞ւ ես փոխում լամպի տեղը,-ասաց Լուսիանան,-այնտեղ լավ է։

Այո՛, լավ էր այնտեղ, սակայն այնտեղից լամպը կտրուկ, պայծառ լույս էր գցում բազմոցին, որին նստած էր Լուսիանան։ Ավելի լավ կլիներ, որ երեկոյան կիսաստվերը ներս թափանցեր պատուհանից, այն մոխրագույն լույսը թափանցեր, որը երիզում էր նրա վարսերն ու այդ պահին թեյ լցնող ձեռքերը։

-Երես ես տալիս ինձ,-ասաց Լուսիանան,-ամեն ինչ ինձ համար է, իսկ ինքդ կուչ ես եկել այդ անկյունում և նույնիսկ չես նստում կողքիս։

Իհարկե, «Խայտառակության վարդերից» ընդամենը մի քանի հատված միացրի երկու բաժակ թեյ և մեկ սիգար վայելելու ընթացքում։ Ինձ դուր էր գալիս հետևել Լուսիանային, որ ուշադիր լսում էր պիեսը և ժամանակ առ ժամանակ մի փոքր բարձրացնում էր գլուխ, իսկ երբ ճանաչում էր ձայնս, ժպտում էր, կարծես նրան բոլորովին չէր հուզում այն, որ խեղճ Կարմենսիտայի ողորմելի փեսան սկսել էր դավեր նյութել, որպեսզի տիրանար Պարդո ընտանիքի ունեցվածքին, և որ մյուս մի շարք տեսարաններում շարունակելու էր գարշելի արարքներ գործել այնքան ժամանակ, մինչև որ սերն ու արդարությունը չհաղթանակեին (ըստ Լեմոսի)։ Կուչ գալով անկյունում՝ նստեցի Լուսիանայի կողքին ու մի բաժակ թեյ խմեցի, բայց հետո վերադարձա հյուրասենյակի խորքը, իբրև թե այնտեղից ավելի լավ էի լսում։ Հրաշալի էի զգում ինձ․ մի պահ վերագտա այն, ինչի պակասը զգում էի, և ուզում էի, որ այդ երանությունը չավարտվեր, իսկ մայրամուտի լույսը շարունակեր հիշեցնել ապակեպատ պատշգամբի մոխրագույն լույսը։ Ի՞նչ խոսք, դա անհնար էր․ անջատեցի նվագարկիչը, և դուրս եկանք պատշգամբ, բայց մինչ այդ Լուսիանան լամպը իր տեղը վերադարձրեց, քանի որ իմ դրած տեղից այն իրոք վատ էր լուսավորում սենյակը։

-Հը՞ն, օգտակար եղա՞վ լսումդ,-հարցրեց Լուսիանան՝ շոյելով ձեռքս։

-Այն էլ ինչքա՜ն։

Խոսեցի շնչառության, ձայնավորների խնդիրների և այլ դատարկ բաների մասին, որոնց Լուսիանան մեծ ակնածանքով էր վերաբերվում։ Միայն չասացի, որ այդ հրաշալի պահին նրան պակասում էին միայն եղեգից հյուսված բազկաթոռն ու գուցե մի փոքր տխրություն, որպիսին ունենում են նրանք, ովքեր միառժամանակ դատարկությանն են հառում իրենց հայացքները մինչև նամակը շարունակելը։

Ավարտին էինք հասցնում «Արյունը ցորենի հասկերի վրա» ռադիոներկայացումը․ ևս երեք շաբաթ, և արձակուրդ կտան ինձ։ Աշխատանքից վերադառնալիս Լուսիանային գտնում էի բազկաթոռին նստած կարդալիս կամ կատվի հետ խաղալիս, այն բազկաթոռին, որ նվիրել էի նրան ծննդյան տարեդարձին, և դրա հետ մի հյուսված սեղան, որն այնքա՜ն էր համապատասխանում բազկաթոռին։

-Դրանք չեն համապատասխանում ընդհանուր կահավորվածությանը,-շփոթված և զվարճացած ասաց Լուսիանան,-բայց եթե դրանք քեզ դուր են գալիս, ուրեմն՝ ինձ նույնպես դուր են գալիս, հրաշալիորեն լրացնում են սենյակի կահավորանքը և բավականին հարմարավետ են։

-Ավելի շատ կսիրես դրանք, եթե սկսես նամակներ գրել,-ասացի նրան։

-Լավ,-համաձայնեց Լուսիանան,-արդարև պարտական եմ խեղճ հորաքույր Պոլիին։

Քանի որ երեկոյան սեղանի մոտ մութ էր լինում (դժվար թե կռահած լիներ, որ փոխել էի լամպը), գործելու կամ ամսագրեր կարդալու համար Լուսիանան բազկաթոռն ու սեղանը վերջիվերջո սկսեց մոտեցնել պատուհանին։ Երևի հենց այդ աշնանային օրերին էր կամ մի փոքր ավելի ուշ, որ մի երեկո, երկար ժամանակ անցկացնելով նրա կողքին, հափշտակված նայեցի նրան, երկար համբուրեցի և ասացի, որ երբեք նրան այնքան չեմ սիրել, որքան այդ պահին՝ այնպիսին, ինչպիսին տեսնում էի նրան ու ինչպիսին կուզեի միշտ տեսնել։ Ոչինչ չասաց։ Նրա մատները դիպչում էին մազերիս՝ խառնելով դրանք։ Լուսիանան գլուխը դրեց ուսիս և անշարժացավ, կարծես կողքիս չլիներ։ Էլ ի՞նչ կարելի էր սպասել Լուսիանայից մայրամուտի ավարտին։ Նման էր մանուշակագույն ծրարի․ իր նամակների այն հասարակ ու համարյա ամաչկոտ բառերին էր նման։ Այդ պահից դժվար էր պատկերացնել, որ հրուշակարանում էի ծանոթացել նրա հետ, որ նրա փարթամ սև մազերը գալարապտույտ վեր էին բարձրանում (ճիշտ մտրակի նման), երբ ողջունեց ինձ՝ հաղթահարելով առաջին հանդիպման հուզմունքը։ Սիրային հիշողությանս մեջ մնացին միայն  ապակեպատ պատշգամբը, եղեգից հյուսված բազկաթոռին նստած ստվերապատկերը՝ իմ Լուսիանային հեռացնելով առավոտյան անցուդարձ անող և կատվի հետ խաղացող բարձրահասակ կնոջ իրական կերպարից։ Այդ կերպարը նորից ու նորից ներխուժում էր այն ամենի մեջ, ինչն արդեն վաղուց սիրում էի, և այն ամենի մեջ, ինչը որ սնում էր իմ սերը։

Հավանաբար պետք է ասեի նրան այդ ամենի մասին։ Չհասցրի կամ երկմտեցի, որովհետև նախընտրում էի, որ այդպիսին մնա․ ամեն ինչ այնքան հիասքանչ ու ամբողջական  էր, որ չէի ուզում մտածել Լուսիանայի տարօրինակ լռության, ցրվածության մասին, որ նախկինում չէի նկատում, որևէ բան փնտրելիս ինձ վրա զննող ակնարկ նետելու սովորության մասին, հանդիմանող հայացքի մասին, որն անմիջապես դարձնում էր դեպի կատուն կամ գիրքը։ Դա նույնպես հագուրդ էր տալիս իմ ցանկություններին, քանի որ արտացոլում էր մանուշակագույն ծրարների և ապակեպատ պատշգամբի մելամաղձոտ մթնոլորտը։ Մի անգամ, ուշ գիշերով արթնանալով և հետևելով, թե ինչպես է ինձ սեղմված քնել, զգացի, որ նրան ամեն ինչ ասելու պահը եկել է, եկել է նրան ամբողջությամբ իմը դարձնելու՝ սիրուցս հյուսված թելերով նրան ոտքից գլուխ կապանքելու ժամանակը։

Չարեցի այդ։ Չարեցի, որովհետև Լուսիանան քնած էր, իսկ հետո արթնացավ, չարեցի, որովհետև երեքշաբթի օրը գնացինք կինոթատրոն, իսկ հետո արձակուրդ մեկնելու համար մեքենա էինք փնտրում, և, ընդհանրապես, որովհետև կյանքը սրընթաց առաջ էր շարժվում և կանգ էր առնում միայն երեկոյան, երբ մոխրագույն լույսը պարուրում էր եղեգից հյուսված բազկաթոռը, ու կատարյալ ներդաշնակություն էր տիրում։ Լուսիանայի այժմյան լռության և նորից ու նորից հայտնվող ու փախչող հայացքի պատճառով էր, որ զսպում էի ինձ, չէի պատմում ողջ ճշմարտությունը ու վերջապես չէի բացատրում շագանակագույն մազերը, ապակեպատ պատշգամբի լույսը․․․ Չհասցրի։ Մի անգամ ամենօրյա կյանքի սովորական ընթացքի պատահական փոփոխության պատճառով ուշ առավոտյան հայտնվեցի քաղաքի կենտրոնում ու մի հյուրանոցից դուրս գալիս տեսա Լուսիանային։ Չճանաչեցի նրան։ Ճանաչելով չհասկացա։ Հասկանալով գիտակցեցի, որ գնում է՝ մտերմիկ թևանցուկ արած մի բարձրահասակ (ավելի բարձրահասակ, քան ես եմ) տղամարդու, որը, մի փոքր խոնարհվելով, համբուրում էր նրա ականջը, իսկ իր գանգուր մազերը դիպչում էին Լուսիանայի շագանակագույն փարթամ վարսերին։

 

 

[1] Ռադիո Բելգրանոն  ռադիոկայան է Բուենոս Այրեսում։ Այն կոչել են արգենտինացի ռազմական ու քաղաքական գործիչ Մանուել Բելգրանոյի անվամբ, որը 1820-1826 թվականներին մասնակցել է Ամերիկայի իսպանական գաղութների ազատագրման համար մղվող պատերազմին։

[2] Բնամորմը կամ ստրիխնինը ժանտընկույզի արմատներից ու սերմերից ստացվող ուժեղ թույն է։

[3] Բուենոս Այրես նահանգի հարավում գտնվող  քաղաք։

[4] Ալբերտո Մորավիա (1907-1990) – իտալացի գրող։

[5] Քաղաք Բուենոս Այրես նահանգի հյուսիս –արևմուտքում։

 

 

Իսպաներենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 5023

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: