Տարիներ անց Գրասիա բուլվարում թաղման թափորին նայելիս, երբ դեպի իր վերջին հանգրվանն էին ճանապարհ դնում վարպետիս, հիշեցի այն տարին, երբ ծանոթացա Գաուդիի հետ, ու երբ ճակատագիրս անվերադարձ փոխվեց։ Այդ աշուն Բարսելոնա եկա՝ ճարտարագիտական համալսարան ընդունվելու։ Ճարտարապետների քաղաքի նվաճման մասին երազանքներս կախված էին կրթաթոշակից, որը հազիվ հերիքում էր ուսման վճարը տալու և Կարմե փողոցի կացարանում սենյակ վարձելու համար։ Ի տարբերություն համակուրսեցիներիս, որոնք ազնվականների նման էին հագնվում՝ ամենավայելուչ հագուստս հորս կոստյումն էր, որ հինգ անգամ լայն ու երկու անգամ կարճ էր նստում վրաս, քան անհրաժեշտ էր։ 1908 թվականի մարտին ուսուցիչս՝ դոն Խաումե Մոսկարդոն, իր աշխատասենյակ կանչեց ինձ առաջադիմությանս և, ինչպես որ ենթադրում էի, անշուք տեսքիս գնահատական տալու համար։
-Կարծես թե աղքատ եք, Միրա՛նդա, - վճռեց նա։ - Հագուստը չէ, որ գեղեցկացնում է մարդուն, բայց ճարտարապետը լրիվ ուրիշ դեպք է։ Եթե փողի հետ խնդիրներ ունեք, կարող եմ օգնել։ Դասախոսներն ասում են, որ շնորհալի երիտասարդ եք։ Ասե՛ք ինձ, խնդրում եմ, Գաուդիի մասին լսե՞լ եք։
Գաուդի։ Այդ անվան հիշատակումից անգամ մարմնովս սարսուռ անցավ։ Նրա աներևակայելի կամարների, նեոգոթիկական կամուրջների և ֆուտուրիստական պրիմիտիվիզմի մասին երազելով եմ մեծացել։ Գաուդիի շնորհիվ էր, որ վճռել էի ճարտարապետ դառնալ, և ամենանվիրական երազանքս, բացի նրանից, որ ուսանելու տարիներին հյուծումից չմահանամ, այն սատանայական մաթեմատիկայի հազարերորդական մասի ըմբռնումն էր, որի շնորհիվ Ռեուսից[1] ճարտարապետը անկրկնելի առանձնահատկություններ էր հաղորդում իր գործերին։
-Նրա մեծ երկրպագուն եմ, - ասացի ես։
-Հենց դրանից էլ վախենում էի։
Նրա ձայնում որսացի ներողամիտ տոնը, որով այն ժամանակ խոսում էին Գաուդիի մասին։ Բոլոր կողմերից մեղադրանքներ էին հնչում այն բանի վերաբերյալ, ինչ ոմանք մոդեռնիզմ էին կոչում, իսկ ոմանք էլ՝ լավ ճաշակի անարգանք։ Կարճ դրույթներից մի ամբողջ ուսմունք էր հյուսվում, և դրա հիմնական իմաստն այն էր, որ բարոկկո ոճով կառուցված այդ խելահեղ ճակատային հատվածները (որոնք հետագայում կստեղծեն քաղաքի կերպարը) պետք է հասարակայնորեն ոչնչացվեն։ Գաուդին խելագար, մռայլ, երազկոտ, կանանց հանդեպ անտարբեր ու փողը արհամարհող (նրա մեղքերից ամենաաններելին այս մեկն էր) մարդու համբավ էր ձեռք բերում, որը միայն մեկ գաղափարով էր համակված՝ ցնդաբանական մայր տաճարի կառուցումով, որի ստորգետնյա խորանում էր անցկացնում իր ժամանակի մեծ մասը՝ թափառաշրջիկի նման հագնված, երկրաչափության օրենքներին մարտահրավեր նետող պլանների մեջ խորասուզված ու համոզված, որ իր միակ պատվիրատուն Բարձրյալն է։
-Գաուդին խելքը թռցրել է, - շարունակում էր Մոսկարդոն։ - Հիմա էլ ուզում է Աստվածամոր՝ Հռոդոսի կոթողի[2] մեծության արձանը տեղադրել Միլայի տան[3] վրա՝ Գրասիա բուլվարի հենց կենտրոնում։ Դե՜, եղբա՜յր։ Բայց խելագար է նա, թե ոչ, մեր մեջ ասած, նրա նման ճարտարապետ չի եղել և չի էլ լինի։
-Ես էլ եմ այդպես կարծում, - համարձակվեցի ասել ես։
-Այդ դեպքում քաջ հասկանում եք, որ չարժե փորձել նրա հաջորդը դառնալ։
Հավանաբար պատվարժան պրոֆեսորը հայացքումս հիասթափություն տեսավ։
-Լավագույն դեպքում կարող եք նրա օգնականը դառնալ։ Լիմոնա[4] ընտանիքի անդամներից մեկն ասել է ինձ, որ անգլերենին տիրապետող ինչ-որ մեկն է հարկավոր Գաուդիին, միայն թե չհարցնե՛ք՝ ինչի համար։ Նրան իսպաներեն թարգմանիչ է հարկավոր, քանի որ այդ կամակոր մարդը չի ցանկանում խոսել որևէ այլ լեզվով՝ բացի կատալոներենից, հատկապես երբ նրան ծանոթացնում են նախարարների, արքայազնների և իշխանների հետ։ Ես առաջարկեցի թեկնածու գտնել։ Դու յու իսպիկ ինգլիշ, Միրանդա[5]։
Թուքս կուլ տվեցի և սկսեցի աղաչել Մաքիավելիին՝ սրընթաց մտքի հովանավոր սրբին։
-Է լիտել[6]։
-Այդ դեպքում քոնգրաթյուլեիքսոնս[7], և Աստված ձեզ հետ։
Հենց այդ երեկո՝ մայրամուտից հետո, քաղաքում թափառելով՝ որոշեցի Սուրբ ընտանիքի մայր տաճարի[8] ուղղությամբ քայլել, որի ստորգետնյա խորանում Գաուդիի արհեստանոցն էր։ Այդ տարիներին Էշամպլե թաղամասը Սուրբ Խոան բուլվարի բարձրությունից աննշան էր թվում։ Հեռվում տեսապատրանքի նման երևում էին դաշտերը, գործարանները և այն հեռու-հեռու ընկած տները, որոնք բաղձալի Բարսելոնայի կողքին միայնակ ժամապահների էին նմանվում։ Քիչ-քիչ մթնշաղում ուրվագծվեցին տաճարի ապսիդների[9] սայրերը, որոնք դեպի ալ երկինք ուղղված դաշույնների էին նման։ Պահակը, գազային լապտեր բռնած, սպասում էր ինձ հետնամուտքի մոտ։ Սյունազարդ նախասրահների և կամարների մոտով հետևեցի նրան մինչև քարե աստիճան, որ տանում էր դեպի Գաուդիի արհեստանոց։ Արագ բաբախող սրտով իջա ստորգետնյա խորան։ Հեքիաթային արարածների մի ամբողջ ոհմակ էր թաքնվել խավարում։ Արհեստանոցի կենտրոնում՝ կամարից, չորս կմախքներ էին կախված, որոնք անատոմիական թատրոնի խաղացանկից չարագույժ բալետ էին կատարում։ Եվ այդ թատերական դեկորացիաների միջև մի ցածրահասակ, ալեհեր մարդու տեսա, որն ամենավառ կապույտ աչքերն ուներ, որ երբևէ հանդիպել էի, և պայծառատեսի հայացք, որն ունակ էր տեսնելու այն, ինչ ուրիշների մտքով նույնիսկ չէր անցնում։ Նա մի կողմ դրեց տետրը, որի մեջ ուրվանկարներ էր անում, և ժպտաց ինձ։ Կախարդանքներով և գաղտնիքներով լի մանկական ժպիտ ուներ։
-Մոսկարդոն հավանաբար ասել է Ձեզ, որ ասես «ջահ[10]» լինեմ, և որ երբեք իսպաներեն չեմ խոսում։ Խոսելը խոսում եմ, սակայն բացառապես վիճելու նպատակով։ Իսկ լեզուն, որին չեմ տիրապետում, անգլերենն է, և շաբաթ օրը նավով Նյու Յորք եմ մեկնում։ Երիտասա՛րդ, Դուք անգլերեն խոսո՞ւմ եք, - հարցրեց նա կատալոներեն։
Այդ երեկո աշխարհի ամենաերջանիկ մարդն էի՝ Գաուդիի հետ զրուցելով և ընթրիք պատրաստելով․ մի բուռ ընկույզով և ձիթայուղով հազարի տերևներ։
-Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է երկնաքերը։
Սեփական փորձ չունենալու պատճառով հիշողությանս մեջ վերականգնեցի ֆակուլտետային դասընթացի դրույթները Չիկագոյի համալսարանի, ալյումինե ամրանի և նորագույն հայտնագործության՝ «Օտիս» վերելակի մասին։
-Հիմարություններ են, - կտրուկ պատասխանեց Գաուդին։ - Երկնաքերը ոչ այլ ինչ է, քան տաճար այն մարդկանց համար, որոնք ոչ թե Աստծուն են երկրպագում, այլ փողին։
Այդպես իմացա, որ Գաուդին ինչ-որ մագնատից Մանհեթենի կենտրոնում երկնաքեր կառուցելու առաջարկ է ստացել, և որ թարգմանչի դեր պետք է կատարեի Գաուդիի և առեղծվածային մեծահարուստի հանդիպման ժամանակ, որը ինը օրից կայանալու էր «Վալդորֆ Աստորիա» հյուրանոցում։ Հաջորդ երեք օրը կացարանումս փակված անցկացրի։ Մոլագարի նման կրկնում էի անգլերենի քերականությունը։ Ուրբաթ օրը լուսաբացին գնացքով ուղևորվեցինք Կալե, դրանից հետո պետք է անցնեինք նեղուցը, որպեսզի Սաութհեմփթոնում «Լուսիտանիա» նավը բարձրանայինք։ Հենց որ նավի վրա հայտնվեցինք, Գաուդին մեկուսացավ նավախցիկում՝ արդեն իսկ տանջվելով հայրենիքի կարոտից։ Դուրս եկավ միայն հաջորդ օրվա երեկոյան։ Երբ տեսա նրան, նստած էր նավաքթին ու հետևում էր՝ ինչպես է հորիզոնում արևը շիկանում՝ շափյուղայի և պղնձի գույներով ներկվելով։ «Այն, ինչ ճարտարագիտություն է կոչվում, և՛ հողից, և՛ լույսից է ծնվում։ Եթե ուզում եք սովորել, բնությունի՛ց սովորեք», - ասաց նա կատալոներեն։ Այդ նավարկությունն արագացված փայլուն դասընթացի վերածվեց ինձ համար։ Ամեն երեկո զբոսնում էինք տախտակամածով, քննարկում մեր երազանքներն ու պլանները և ուղղակի կյանքի մասին զրուցում։ Այլ ընկերակցություն չունենալով ու ինձ համակած կրոնական հիացմունքի մասին կռահելով՝ Գաուդին ընկերացավ ինձ հետ ու ցույց տվեց երկնաքերի իր գծանկարը․ վագներյան ոգով իրագործված մի կոթող, որը կյանքի կոչվելու դեպքում կարող էր դառնալ մարդկության ամենահանճարեղ ստեղծագործությունը։ Գաուդիի գաղափարներից շունչս կտրվում էր, բայց, այնուամենայնիվ, չէի կարող չնկատել, որ նախագիծը ներկայացնելիս նրա ձայնում ո՛չ խանդավառություն կար, ո՛չ հետաքրքրություն։ Մեր ժամանման նախօրյակին ուշ երեկոյան համարձակվեցի հարց ուղղել նրան, որ մեր նավարկության սկզբից տանջում էր ինձ․ ինչպե՞ս կարող էր համաձայնություն տալ մի նախագծի, որ կարող էր ամիսներ, նույնիսկ տարիներ խլել նրանից՝ հայրենիքից ու, ամենակարևորը, իր ճարտարագիտական զավակից հեռու, որը նրա կյանքի իմաստն էր դարձել։ «Երբեմն աստվածային ստեղծագործություն ստեղծելու համար սատանայի ձեռք է հարկավոր», - պատասխանեց նա։ Այդ ժամանակ բարձրաձայնեցի իմ ենթադրությունը, որ եթե Մանհեթենի կենտրոնում կառուցի այդ բաբելոնյան աշտարակը, միգուցե պատվիրատուն ֆինանսավորի Սուրբ ընտանիքի մայր տաճարի կառուցումն ավարտին հասցնելու աշխատանքները։ Մինչև հիմա հիշում եմ նրա բառերը․ «Աստված երբեք չի շտապում, բայց իմ կյանքը հավերժական չէ»։
Նյու Յորք ժամանեցինք իրիկնադեմին։ Չարագույժ մառախուղը սահում էր Մանհեթենի՝ մոխրագույն երանգ ունեցող բոսորագույն ամպրոպաբեր երկնքի տակ թաքնված մեգապոլիսի աշտարակների միջև։ Չելսի առափին սև գույնի կառք էր սպասում, որը մռայլ կիրճերով կղզու կենտրոն տարավ մեզ։ Սալահատակների արանքներից գոլորշու գալարաձև շիթեր էին բարձրանում, և տրամվայների, կառքերի ու աղմկոտ մեքենաների մի ամբողջ պարս սլանում էր անհավանական առանձնատների վրա կուտակված դժոխային փեթակներով այդ քաղաքի փողոցներով։ Գաուդին մռայլ հայացքով նայում էր այդ տեսարանին։ Արնագույն լույսի թրաձև ճառագայթները, ամպերից պոկվելով, քաղաք էին ներթափանցում, երբ մեր առջև ձգվեց Հինգերորդ պողոտան ու երևաց «Վալդորֆ Աստորիա» հյուրանոցի՝ ձեղնահարկերով և աշտարակներով դամբարանի ուրվագիծը, որի մոխրից քսան տարի անց վեր էր խոյանալու Էմփայր Սթեյթ Բիլդինգը։ Հյուրանոցի տնօրենն անձամբ ողջունեց մեզ և տեղեկացրեց, որ մագնատն ավելի ուշ կընդունի մեզ։ Ոտքի վրա թարգմանում էի, իսկ Գաուդին միայն գլխով էր անում։ Յոթերորդ հարկում ընկած ճոխ շքասենյակ ուղեկցեցին մեզ, որտեղից աստիճանաբար խավարի մեջ ընկղմվող քաղաքն ամբողջությամբ երևում էր։ Բեռնակրին առատ թեյավճար տվեցի և այդպես իմացա, որ մեր պատվիրատուն ապրում է վերջին հարկում գտնվող համարում և երբեք դուրս չի եկել հյուրանոցից։ Երբ հարցրի՝ ինչ մարդ է նա և ինչ տեսք ունի, բեռնակիրը պատասխանեց, որ երբեք չի տեսել նրան, և արագ հեռացավ։ Երբ եկավ նշանակված հանդիպման ժամանակը, Գաուդին ոտքի մատների ծայրերի վրա կանգնեց ու թախծոտ հայացք գցեց ինձ վրա։ Միջանցքի մյուս ծայրին մեզ էր սպասում ալ կարմիր համազգեստ հագած վերելակապանը։ Երբ բարձրանում էինք, նկատեցի, որ Գաուդին գունատվում է և քիչ է մնում գծանկարներով թղթապանակը ձեռքից վայր գցի։ Հայտնվեցինք մարմարով զարդարված նախասրահում, որի դիմաց երկար պատկերասրահ էր ձգվում։ Վերելակապանը մեր մեջքի հետևում փակեց դռները, և խցիկի լույսն անհայտացավ շինության ընդերքում։ Այդ ժամանակ նկատեցի մոմի լույսը, որը միջանցքով դեպի մեզ էր սլանում։ Սպիտակ հագած վայելչակազմ մեկն էր բռնել մոմը։ Սև երկար վարսերը երիզում էին ամենագունատ դեմքը, որ երբևէ տեսել էի, և մինչև հոգու խորքը ներթափանցող կապույտ աչքերը։ Աչքերը ճիշտ այնպիսինն էին, ինչպիսին Գաուդիինը։
- Welcome to New York[11]։
Մեր պատվիրատուն կին էր։ Հուզելու աստիճան գեղեցիկ երիտասարդ կին էր՝ այնքան, որ նրա գեղեցկությունը գրեթե ֆիզիկական տառապանքներ էր պատճառում դիտորդին։ Վիկտորյական դարաշրջանի ժամանակագիրը հրեշտակի հետ կհամեմատեր նրան, բայց ես ոչ մի հրեշտակային բան չտեսա նրա կերպարում։ Կատվի շարժուձև և օձի ժպիտ ուներ։ Այդ կինը մի սրահ ուղեկցեց մեզ, որտեղ կիսախավար էր տիրում, և մոմեր էին վառված, որոնք ամպրոպի փայլատակման լույսի ներքո մարում էին։ Նստեցինք։ Մեկը մյուսի հետևից Գաուդին ցույց էր տալիս իր գծանկարները, մինչ ես թարգմանում էի նրա բացատրությունները։ Մեկ ժամ կամ հնարավոր է հավերժություն անցավ, կինը ուշադիր նայեց ինձ և լիզելով իր կարմիր շուրթերը՝ ակնարկեց՝ ժամանակն է եկել, որ իրեն և Գաուդիին մենակ թողնեմ։ Թաքուն հայացք նետեցի վարպետիս վրա։ Գաուդին անխռով կերպով համաձայնեց։ Ինքս ինձ հետ պայքարելով՝ դուրս եկա միջանցք, որտեղ արդեն բացվում էին վերելակի խցիկի դռները։ Մի պահ հապաղեցի, հետ նայեցի և տեսա, թե ինչպես է այդ կինը կռանում Գաուդիի վրա ու ափերի մեջ առնելով նրա դեմքը՝ անվերջանալի քնքշությամբ համբուրում նրա շուրթերը։ Հենց այդ պահին կայծակի փայլատակումն ակոսեց մթությունը, և մի պահ ինձ թվաց՝ ոչ թե այդ կինն է Գաուդիի կողքին, այլ մռայլ, դիակի նման մի կազմվածք, իսկ նրա ոտքերի մոտ մեծ սև շուն է պառկած։ Վերջինը, ինչ տեսա վերելակի դռների փակվելուց առաջ, Գաուդիի արցունքներն էին, որոնք թունավորված մարգարիտների նման շողշողում էին։ Երբ համար վերադարձա, պառկեցի՝ ինչ-որ հոգեկան սրտխառնոց ապրելով, և խոր քուն մտա։ Երբ վաղորդյան առաջին ճառագայթները դեմքիս դիպան, վեր թռա և Գաուդիի համար շտապեցի։ Անկողինը ձեռք տված չէր․ վարպետիս ներկայության ոչ մի նշույլ անգամ չկար։ Ընդունարան իջա՝ հարցնելու արդյոք ինչ-որ մեկը տեսել էր նրան։ Բեռնակիրն ասաց, որ մեկ ժամ առաջ Գաուդին դուրս է վազել և Հինգերորդ պողոտայով վեր բարձրացող ամբոխի մեջ մխրճվել, ընդ որում՝ քիչ էր մնացել, որ տրամվայի տակ ընկներ։ Չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց գիտեի՝ որտեղ նրան փնտրել։ Գնացի հինգ թաղամաս այն կողմ գտնվող Սուրբ Պատրիկի տաճարը, որն այդ վաղ ժամին ամբողջովին դատարկ էր։ Նախամուտքից երևաց խորանի առջև ծնկի իջած վարպետը։ Մոտեցա և նստեցի կողքին։ Ինձ թվաց, որ նրա դեմքը մի գիշերում քսան տարով ծերացել էր և տարակա արտահայտություն էր ստացել, որը մինչև կյանքի վերջ ուղեկցելու էր նրան։ Հարցրի, թե ով էր այն կինը։ Գաուդին շփոթված նայեց ինձ։ Այդ ժամանակ հասկացա, որ միայն ես էի տեսել սպիտակ հագած կնոջ, և չնայած որ չէի համարձակվում ենթադրել, թե ինչ էր տեսել Գաուդին, համոզված էի, որ անծանոթուհու հայացքը ճիշտ այդպիսին էր։ Հենց այդ նույն օրը նավ նստեցինք, որպեսզի վերադառնանք։ Նայում էինք՝ ինչպես է հորիզոնում անհայտանում Նյու Յորքը։ Այդ պահին Գաուդին հանեց գծանկարներով թղթապանակը և ջուրը նետեց այն։ Սարսափած հարցրի․
-Իսկ ի՞նչ է լինելու այն գումարի հետ, որ պետք է ստանայիք Սուրբ ընտանիքի մայր տաճարի կառուցումն ավարտին հասցնելու համար։
Իսկ նա կատալոներեն ասաց ․
-Աստված շտապելու տեղ չունի, իսկ ես չեմ կարող վճարել այն գինը, որ Նա պահանջում է ինձանից։
Ծովային ճանապարհորդության ընթացքում հազար անգամ հարցրի նրան, թե որն էր այդ գինը, և ով էր այն պատվիրատուն, որի հետ հանդիպել էինք։ Եվ հազար անգամ նա լուռ ժպտաց ինձ՝ հրաժարվելով պատասխանել։ Բարսելոնա վերադառնալուց հետո իմ՝ որպես թարգմանչի կարիք այլևս չկար, բայց Գաուդին ասաց, որ կարող եմ հյուր գնալ նրան, երբ ցանկանամ։ Ուսումնական առօրյային վերադարձա, որտեղ իր հարցուփորձերով ինձ էր սպասում Մոսկարոն։
-Մանչեսթեր մեկնեցինք՝ գնդերիթների[12] և գամերի գործարանը տեսնելու, սակայն երեք օր անց վերադարձանք, քանի որ Գաուդին ասաց, որ անգլիացիները միայն եզի խաշած մսով են սնվում և տանել չեն կարողանում Մարիամ Աստվածածնին։
-Դե՜, եղբա՜յր․․․
Որոշ ժամանակ անց՝ տաճար կատարած այցելություններիցս մեկի ժամանակ, վերնաճակատներից մեկի վրա նկատեցի պատկեր, որը ճշտությամբ կրկնում էր սպիտակ հագած կնոջ կերպարը։ Նրա դեմքը օձերի կծիկի մեջ էր ներհյուսված և սրված թևերով հրեշտակ էր հիշեցնում՝ լուսափայլ և դաժան։ Ես և Գաուդին այլևս երբեք չենք խոսել այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել Նյու Յորքում։ Այդ ճանապարհորդությունը հավերժ մեր գաղտնիքը մնաց։ Տարիների ընթացքում արժանավայել ճարտարապետ դարձա և շնորհիվ վարպետիս հանձնարարականների՝ աշխատանք ստացա Փարիզում՝ Էկտոր Գիմարի[13] արհեստանոցում։ Հենց այնտեղ Մանհեթենի այն գիշերվանից քսան տարի անց ստացա Գաուդիի մահվան լուրը։ Բարսելոնա գնացող առաջին իսկ գնացքը նստեցի և հասա հենց այն պահին, երբ թաղման թափորը տանում էր նրա մարմինը՝ թաղելու հենց այն նույն ստորգետնյա խորանում, որտեղ ծանոթացել էինք։ Նույն օրը Գիմարին աշխատանքից ազատվելու դիմում ուղարկեցի։ Երեկոյան գնացի Սուրբ ընտանիքի մայր տաճար այն նույն ճանապարհով, ինչ Գաուդիի հետ ծանոթության առաջին օրը։ Կառուցման վայրը արդեն շրջապատվել էր քաղաքով, որի կենտրոնում դեպի աստղաշատ երկինք էր խոյանում տաճարը։ Փակեցի աչքերս ու մի պահ այն ավարտին հասցված տեսա այնպիսի տեսքով, ինչպիսին միայն Գաուդին կարող էր տեսնել իր երևակայության մեջ։ Այդ պահին հասկացա, որ կյանքս վարպետիս գործը շարունակելուն եմ նվիրելու՝ գիտակցելով, որ վաղ թե ուշ էստաֆետան ուրիշներին եմ հանձնելու, իսկ նրանք էլ իրենց հերթին նույնն են անելու։ Որովհետև չնայած որ Աստված չի շտապում, բայց Գաուդին, որտեղ էլ որ լինի, դեռևս սպասում է։
[1] Քաղաք Կատալոնիայում, որտեղ 1852 թվականի հունիսի 25-ին ծնվել է ճարտարապետ Անտոնիո Գաուդին։
[2] Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։
[3] Միլայի տուն (իսպ.՝ Casa Milà)՝ առանձնատուն, որը 1906-1910 թվականներին Բարսելոնայում կառուցվել է ճարտարապետ Անտոնիո Գաուդին Միլա ազգանվամբ ընտանիքի համար: Այն Բարսելոնայի տեսարժան վայրերից մեկն է:
[4] Խոսքը կատալոնական մոդեռն արվեստի ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ իսպանացի քանդակագործ Ժոզեպ Լիմոնա ի Բրուգերայի ընտանիքի մասին է։
[5] Do you speak English? – Անգլերեն խոսո՞ւմ եք։
[6] A little. – Մի քիչ։
[7] Congratulations. – Շնորհավորանքներս։
[8] Սագրադա Ֆամիլիա (Sagrada Família):
[9] Շինության կիսաշրջանաձև ելուստ։
[10] (փխբ․) Ջահ, որ ազատություն, լուսավորություն է բերում։
[11] Բարի գալուստ Նյու Յորք։
[12] Մետաղյա ձող, որ մի ծայրն ունի գլուխ, իսկ մյուսը՝ պարույր, որին ագուցվում է մանեկը:
[13] Ֆրանսիացի ճարտարապետ և դիզայներ, արվեստի մոդեռն ոճի ներկայացուցիչ։ Փարիզյան մետրոյի հայտնի մուտքային տաղավարների ստեղծող։
Իսպաներենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը
- Hits: 4246