***
ինչու գրկել
եթե խեղդել չի կարելի

ինչու համբուրել
եթե ուտել չի կարելի

ինչու վերցնել
եթե չի կարելի տանել հավերժ
քեզ հետ
այնտեղ
դրախտի այգի

 

***
Հակահարմարում

Այլևս չեմ մտապահում աստղերի անունները
Ինձ պետք չի գա

Այլևս չեմ մտապահում երկրների անունները
Ինձ պետք չի գա

Այլևս չեմ մտապահում քաղաքների անունները
անունները հրապարակների

Ինձ
պետք
չի գա

Փորձում եմ հիշել դեմքդ
հացի գինը
բնակարանիս համարը

 

***
Կյանքը -
խազ է
փորագրված կույրի
ձեռնափայտով

 

***
ուզեցի եռանիվ հեծանիվ քշել -
ոտքերս չեն տեղավորվում

ուզեցի ժպտալ իմ մեքենայից -
ատամներ չունեմ

ուզեցի արտասվել -
չունեմ աչքեր

տաքսիստին ռուբլի պարզեցի -
օբոլ էր

 

***
Կյանքը -
աստիճանական
դիմակազերծում է

մինչև վերջինը

գիպսե

 

***
Ժամանակը
դարձնում է գլուխն արծաթե
աչքերն անագե
բերանը ոսկի է լցնում

հրամայում են լռել

 

***
Փառքը -
ժպիտների բանտ է
որի պատերից ներս
համբերատար սպասում է
մահը

 

***
Ահա հասար
ուզածիդ

դարձար տերը
ժամանակի
և քո

սեղան նստեցիր
հորդ տեղում

բայց չկա ժամանակը մեծերի -
կա մեռածների աշխարհը

 

***
որտե՞ղ է մարմինս
տարիների փշերից քրքրված

որտե՞ղ է արյունս
հազարավոր ձեռքերի վրա մնացած

որտե՞ղ են աչքերս
ուրիշ մոլորակից ինձ նայող

որտե՞ղ եմ

 

***
Երկարատև համակերպում
ձայնի հնչերանգի
աչքերի գույնի
հասակի հետ
գանգի ձևի դաստակի ատամների քթի

արդարացում
փոխհատուցում
տեղավորում շրջանակում

հանկարծահաս բաժանման համար

ու դառնում ես եռամիասնություն -
մարմնի
գործի
մտերիմների հիշատակի

 

***
Ճեմուղում
թերթով վախից դեմքները փակած
նստած են
թոշակառուները
մահվան սպասումով

Ծեր Քրիստոսը և Հուդան շաշկի են խաղում
ավազակները պարծենում են, որ իրենց էլ են խաչել
Մարիան թաթպաններ է գործում թոռների համար

Նրա ոտքերի մոտ
երեխաները
ավազից
Բաբելոնյան աշտարակ
են սարքում

 

***
- Ծիտիկ, ծիտիկ...
Ի՞նչ ես տեսնում։
- Ես տեսնում եմ...
(միջնադարյան ֆրանսիական երգ)

 

***
Գիշերը պատուհանից նայեցի ինձ

Եվ տեսա
որ այնտեղ չեմ

Ու հասկացա
որ կարող եմ չլինել

 

***
Կիսակառույց տուն
մտքեր ամռան
երեխաների
երջանկության մասին

Կառուցված տուն
մտքեր հիմնանորոգման
ժառանգների
մահվան մասին

 

 

Ռուսերենից թարգմանեց Արմեն Սարգսյանը

  • Hits: 3087

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: