Աբբաս Մարուֆի․ Ճանապարհ

Աբբաս Մարուֆին (1937–2022) իրանցի նշանավոր գրող, բանաստեղծ եւ լրագրող էր՝ ժամանակակից իրանական արձակի ազդեցիկ դեմքերից մեկը։ Նրա ստեղծագործություններում հիշողությունը, սերը, մենությունը ու մահը միահյուսվում են իրականության ու երեւակայության սահմանագծին։Նրա արձակը հարուստ է բանաստեղծական պատկերներով, ներքին մենախոսություններով եւ այնպիսի խորհրդանիշներով, որոնք բացահայտում են մարդկային կյանքի թաքնված շերտերը։ «Մեռյալների սիմֆոնիան» եւ «Տարվա խելագարությունը» նրա ամենահայտնի ստեղծագործություններից են։ Մարուֆին իր յուրահատուկ ու զգացմունքային լեզվով անմոռանալի կերպով ներկայացնում է մենության, կորստի ու սեփական եսի որոնման մեջ հայտնված մարդկանց աշխարհը։

***

Ճանապարհը երկար էր։ Ես բարձրացա բլրաշարից, իսկ լանջից բացվող տեսարանը ցորենի կանաչ դաշտ էր՝ այստեղ-այնտեղ դեղին ու սպիտակ ծաղիկներով։ Արևն էլ ինչ-որ տեղ այնտեղ էր, բայց չէի տեսնում։ Ներքևում մեկ-երկու ծառ էլ արևի տակ քրտնում էին։

Աչքս առվակ էր փնտրում, որ երեսիս մի քիչ ջուր ցանեմ, իսկ մտքերս հայելու մասին էին։ Ամեն ինչից շատ հայելի էի փնտրում։ Գիտեի՝ մազ-մորուքս խառնված է, ու մինչև քեզ հասնելը դեռ որքան ճանապարհ պիտի քայլեի։ Ամեն ինչ իրար նմա՞ն էր։ Մինչև հիմա չեմ տեսել, որ մի տեղը մեկ ուրիշ տեղին նման լինի։ Ամեն ծառ իր հնչյունն ու տերևն ունի, ամեն դաշտ իր բույրն է տարածում, իսկ դու բոլորից տարբեր ես։ Այնպես տարբեր, որ հազարավոր մարդկանց մեջ շնչառության ձայնից կճանաչեմ քեզ։ Քո սրտի արագ զարկերից այն գիշերներին, երբ քնից վեր էիր թռչում ու ուղիղ գալիս էիր աշխատասենյակս, որ գիրկս առնեմ ու հանգստացնեմ քեզ։

«Վա՞տ երազ տեսար»։

«Ըհը»։

Ու ինչպես գրկիս մեջ էիր, ես աշխատասեղանիս մոտ մի քանի տող էի գրում, նշում էի այդ հատվածը, հետո քեզ տանում էի քնելու։

«Դու իմ փոքրիկ փափկասո՞ւնն ես»։

«Ըհը»։

Քո մազերի բույրը շնչում էի իմ կյանքի ամենախաղաղ քնի մեջ, իսկ քո կողքին պառկած՝ երազում էի քո մասին։ Տարօրինակ չէ՞։ Մարդ կողքին մեկին քնած լինի ու միաժամանակ նրա մասին երազ տեսնի։ Միշտ քեզ էի կարոտում, ու այլևս տարբերություն չկար՝ արթո՞ւն էի, թե՞ քնած։ Քո ներկայությունը, ինչպես շունչս, իմ ողջ լինելու նշանն էր։

Դու կայի՛ր։ Ոչ թե այս օրերի պես, երբ քո կարոտից չէի կարողանում քնել, իսկ երբ վերջապես քուն էի մտնում, այլևս չէի ուզում արթնանալ։  Դու քայլում էիր իմ երազների միջով, իսկ ես հարբում էի քեզ նայելուց ու վախենում էի, որ հանկարծ արթնանամ ու տեսնեմ՝ չկաս։ Սարսափահար էի դառնում։ Իսկ հիմա, քեզ տեսնելու հուզմունքից երկու օր անքուն մնալուց հետո, մի քիչ նիհարել էի։ Նիհարել ու հիվանդացել էի, իսկ ճանապարհը երկար էր։

Ցորենի դաշտը դեռ չէր վերջացել, երկու կողմերից էլ եգիպտացորենի դաշտեր էին կանաչում նեղ արահետի կողքին։ Եվ դեռ չտեսած՝ ցորենի, եգիպտացորենի ու երեքնուկի հոտից հասկանում էի, որ հիմա անցնում եմ արևածաղկի արտի կողքով։ Բեռս թեթև չէր։ Մի ծանր ուսապարկ ու մի մեծ ձեռքի պայուսակ այն իրերն էին, որ քեզ համար էի բերում։ Իսկ մի քանի թղթապանակ, որ ամուր գրկած էի պահում, իմ գործերն էին։ Այն ամենը, ինչ գրել էի ու դու դեռ չէիր կարդացել։ Լուսանկարներ, որոնք մենակությանս մեջ էի նկարել քեզնից։ Իմ կյանքի գործը՝ կյանքի տևողությունը, ծննդյան ու մահվան ժամանակը, անցյալս, ապագաս և այն ամենը, ինչ գոյություն ունի մարդու մեջ՝ մտքերն ու պատկերացումները, այն մտքերը, որոնք հետո են գալիս մարդու գլխին, որոշումները, ծրագրերը։  Իմ մարմնի քարտեզը, որ ցույց էր տալիս, թե ինչն է ինձ ստիպում լաց լինել, ինչն է ինձ ուրախացնում, ինչու հիվանդացա, և էլի շատ ու շատ բաներ։

Այս թղթապանակը ճամփորդությունիցս նախորդող գիշերը տակնուվրա էի արել, կետ առ կետ մանրակրկիտ մտապահել էի ամեն ինչ։ Ամեն ինչ գիտեի, բայց հիմա, երբ ճանապարհին էի, դրանից ոչինչ չէի հիշում։ Կարծես միայն գիտեի, որ մի օր ծնվելու եմ, ու մի օր էլ մեռնելու եմ։ Մնացած ոչինչ չգիտեի։ Ամեն ինչ իսպառ մոռացել էի։

Այն, որ գիտեի՝ գալիս եմ քեզ տեսնելու, ամենակարևորն էր։ Եվ գիտեի, թե ինչ ես հագել, նույնիսկ գիտեի՝ որտեղ ես կանգնած։ Մի ոտքդ ծառին է հենած, ափերդ՝ նրա բնի երկու կողմերում սեղմված։ Կարծես ինձ տեսնելուն պես թևեր առած վազելու ես, որ գիրկս ընկնես։ Գիտեի՝ ձեռքիդ մի փոքրիկ կապույտ ծաղիկ կա։

Ոչ, չգիտեի։

Երբ հասա, դու ուռենու մի ծառի ստվերում, երկու հաստ ճյուղերի արանքում մի տեղ էիր գտել ու նստել էիր՝ սպասելով ինձ։ Կանաչ բլուզ ու տաբատ էիր հագել։ Կանաչ՝ ինչպես եգիպտացորենի դաշտը։ Ասացի. «Սա որտե՞ղ է»։ Դու ասացիր. «Որտե՞ղ պիտի լիներ»։ Ու քեզ նետեցիր գիրկս։

Չգիտեմ՝ ինչու էի փորձում քեզ թաքցնել գրկիս մեջ, ծածկել քեզ, ու ձեռքերս ամբողջությամբ շուրջդ փաթաթել։ Կրկին այդ հավերժական, նախնական բույրը տարածվեց մտքիս մեջ, ու նորից ամեն ինչ մոռացա։ Թղթապանակները ձեռքիցս թափվել էին, ձեռքի պայուսակն ու ուսապարկը մի քանի քայլ այն կողմ՝ գետնին էին մնացել։ Այն խոսքերը, որոնց մասին ճանապարհին մտածել էի, հիմա չգիտեի՝ ինչ էին։ Ու ընդհանրապես ի՞նչ նշանակություն ուներ։ Ասացի. «Միայն այն, որ դու այստեղ ես, իսկ ես շնչում եմ մարմնիդ բույրը, նշանակում է՝ բոլոր խոսքերը․․․ Ու նշանակում է՝ կարոտներն ավարտվեցին։ Ամեն ինչ ավարտվեց, ինչպես մի հին մղձավանջ։ Ասես այդքան հեռավորությունն ու սպասումը ընդամենը մեկ ակնթարթ լինեին»։

Մոռացել էի, որ չորս ամիս շարունակ, գիշեր ու ցերեկ, ակնթարթ առ ակնթարթ, պահը պահի էի կարել, որպեսզի այս ճանապարհն անցնեմ ու հասնեմ այստեղ։

«Որքա՜ն գեղեցիկ է։ Նայի՛ր»։

«Մի բան ասացի՞ր»։

Ասացի․ «Ես՞»։ Ձեռքդ բռնեցի ափիս մեջ ու կողքիդ նստեցի։ Ծառին հենվեցի, ոտքերս երկարեցի և ուզում էի պատմել քեզ, որ ճանապարհին այնքան բան էի տեսել, որ անընդհատ քեզ էի հիշում։ Օրինակ՝ մի ձի տեսա ու երեխաների պես ասացի․ «Կով»։ Դու ասացիր․ «Ո՛չ, ձի է»։ Ու ինչ կենդանի տեսնում էի, ասում էի՝ «Ձի է»։ Դու ասում էիր․ «Ո՛չ, ոչխար է»։ Ծիծաղում էինք, քայլում, նայում ու անցնում։ Հիշո՞ւմ ես։ Ամբողջ ճանապարհն այդ խաղերով անցա։ Մինչև հասա, այս մի քանի գյուղերն անցնելը աչք թարթելու չափ տևեց, կայծակի պես անցավ։ Ու ես երջանկացած, թեթևացած քեզ հետ խոսում էի։ Քեզ մոտ գտնվելիս մարդ ամեն ինչ մոռանում է։ Չի զգում ո՛չ հոգնածությունը, ո՛չ բեռի ծանրությունը։ Որոշ զգացումներ մարդու բոլոր մեռած բջիջները նորից կենդանացնում են, գիտե՞ս։

Քո բացակայության համար այնքան ծանր եմ զղջում։ Սովորեցի, որ մարդ ընդամենը մեկ անգամ է ապրում, ու լավ է այդ մեկ կյանքը ամբողջությամբ ծախսել դրա վրա։ Հասկացա՝ որտեղ եմ թերացել, որտեղ եմ կորցրել քեզ նայելու հնարավորությունը, որտեղ մենակ ես կերել։ Այստեղ՝ մենակ ուտելիս, ամեն օր ամբողջ հացը կոկորդիս մեջ լաց էի լինում։ Որտե՞ղ քեզ թողեցի։ Որտե՞ղ ինձ թողեցիր։ Քո բացակայությունը թանկ նստեց։ Հալվեցի ինքս իմ մեջ։ Սովորեցի հասկանալ, թե իմ բոլոր ձգձգումներն ինչքան էին ցավեցրել սիրտդ։ Նույնիսկ եթե վատն էի, դու լավ գիտեիր, որ ես քոնն էի։

«Սե՛ր իմ»։

«Ջա՞նս»։

Ասացի․ «Ոչ։ Ես ոչինչ չասացի»։ Ու մատնացույց արեցի թղթապանակները։ «Չե՞ս ուզում սրանք տեսնել»։

«Ես այնտեղ եմ նայում։ Թող հետո»։

«Որտե՞ղ ես նայում։ Ինձ էլ ցույց տուր»։

«Արևի մայրամուտին»։

«Արևի մայրամո՞ւտը։ Արևն այնտեղ չէ։ Կարծում եմ՝ մեր հետևում է։ Իրականում այսօր ընդհանրապես չեմ տեսել նրան։ Ամենուր արևոտ է, բայց արևը չեմ տեսել»։

Ու նորից հայացքս հառեցի հեռավոր տեսարանին՝ ինչպես դու։ Հեռվում ինչ-որ մեկը օդապարուկ էր թռցրել, և ես ուզում էի, որ հայացքս նրա հետ ճոճվի երկնքում, հեռանա մեզնից, այս տեղից, որտեղ հիմա գտնվում ենք։ Մի տեղ, որտեղ հնարավոր չէ հասկանալ՝ օդապարուկի թելը ո՞ր կողմից է ձգվում։ Թելը չես տեսնում, միայն օդապարուկից հասկանում ես, որ ինչ-որ մեկը դրա ծայրը ձեռքում պահած է։ Իսկ հիմա որտե՞ղ է նա։ Ի՞նչ տարբերություն։

Առաջին անգամ, երբ քեզ տեսա, դու կապույտ էիր՝ փոքրիկ ու կապույտ։ Դեմքդ ամբողջությամբ աղջկական ուրախություն ու ամաչկոտություն էր՝ առանց որևէ անհանգստության կամ վշտի։ Գրկեցի քեզ, ու ձեռքս խճճվեց մազերիդ մեջ։ Մենք չգիտեինք՝ որ կողմ գնալ։ Մի պտույտ արեցինք ու դուրս եկանք սրահից։ Հենց այդ պահին մեր առջև մի տաքսի արգելակեց։ Ճամպրուկները դրեցինք բեռնախցիկը, ու ես աջ կողմից նստեցի։ Վարորդը՝ քիչ մազերով, ժպտերես ծերուկ, իր կողմի դուռը բացել էր քեզ համար ու սպասում էր։ Բայց դու արագ հետևեցիր ինձ, ու մի պահ տեսա, որ կանգնել ես դռան մոտ՝ նստելու համար։ Նույնիսկ չհասցրի մի կողմ քաշվել։ Դու նստեցիր ու տեղավորվեցիր ծնկներիս վրա։ Ծերուկը, որ դեռ ժպտում էր, նստեց ղեկին ու շարժվեց։ Ամբողջ ճանապարհին հայելու միջից նայում էր մեզ ու ուրախանում, որ դու ծնկներիս վրա թռչկոտում ես ու զվարթորեն ինչ-որ բաներ ցույց տալիս ինձ։ Տաքսին բարձրանում էր լեռան լանջով՝ նեղ ու ոլորապտույտ ճանապարհով։ Որքան բարձրանում էինք, այնքան օդը մթնում էր, իսկ ձյունը՝ խտանում։ Մինչև մի տեղ կանգ առանք ու մտանք մի մեծ շենք։ Մեզ ցույց տվեցին մի սենյակ, որը մերն էր՝ քոնը և իմը։

Ասես ջրին հասած արմատ լինեի, սկսեցի քեզ դիտել։ Դիտում էի քեզ մինչև այն պահը, երբ դու ֆիլմ էիր նայում, իսկ ես՝ քեզ։ Բազմոցի վրա նստած էի եռանկյան երրորդ կողմում, որի գագաթը դու էիր։ Հետո, այն օրերին, երբ դու չկայիր, քո նամակներից մեկը գտա։ Պատրաստ եմ ամբողջ կյանքս տալ, միայն թե ևս մեկ անգամ, ընդամենը մեկ անգամ տեսնեմ քեզ այն պահին, երբ այդ նամակն էիր գրում։ Մի նամակ, որը բավական է ամբողջ կյանքում քեզ կարոտելու համար։ Կարծես անգիր եմ արել այն.

«Սլաքները անցնում են ու գնում, ո՞ւր։ Չգիտեմ։

Դու չկաս, որ նրանց մեջ պատճառ գտնեմ։ Ուզում եմ ամեն ինչ լռեցնել, նույնիսկ շունչս, որպեսզի քո սպասումը կրկնապատկված չանցնի ու ինձ իր մեջ չխեղդի։

Որովհետև միշտ սպասման պատկերն է մխրճվել աչքերիս մեջ, քանի որ քո գալը երբեք չեմ տեսել։

Քո լինելը նկարած բոլոր այն պատկերներն են, որոնք անձրևից վախենալով տարել եմ մահճակալիս տակ։

Որտե՞ղ եմ այսքան ճաղեր քաշել աչքերիս առաջ, որ ոչ դու հասկացար, ոչ էլ երկինքը։ Որտե՞ղ կուրացա, որ նույնիսկ նկարներիցս ոչ մի ճիչ դուրս չեկավ։

Որ ամեն ինչ, որ ամբողջ երկինքը, մի՞թե այս ձեռքերը չեն, որոնց դու խնձոր նվիրեցիր։ Որ ամբողջ երկինքը այս նույն ձեռքերով ինձ գնեցիր, գերի դարձրեցիր։ Որպեսզի ոչ մի խնձոր չաճի երկրից, ոչ էլ դրախտից։ Որ ամբողջ երկինքը այս նույն ձեռքերով գերի տարար, որպեսզի ոչ երկրի վրա ծիլ լինի, ոչ էլ դրախտից անկում։

Մտածիր՝ երկրի ու երկնքի բոլոր խնձորներն էլ քեզ նվիրեցի, որ գարունը գա։ Չի՞ լինի։ Ու դու մտածիր՝ ես ինչպե՞ս դիմանամ իմ կյանքի մնացած մասը։»

Հավատաս, թե չհավատաս, այս զգացումը մի ժամանակ եղել է այս սրտում, իսկ հիմա դրա փոխարեն բողոքներ են եկել։ Ի՞նչ անեմ, որ ամեն ինչ վերադառնա հենց այս բանաստեղծությանը, իսկ հետո աշխարհը վերջանա ինձ համար։ Որտեղի՞ց սկսեմ, որ հասնեմ այդ կետին։ Դու ասա, իմ գեղեցիկ ծաղիկ։Դու վերադարձար ու ժպիտով մնացիր դեմքիս։

«Ի՞նչ»։

Ասացի․ «Որքա՜ն ավելի գեղեցիկ ես դարձել»։

Բռնեցի ձեռքդ ու մատներիդ ծայրերը մեկը մյուսի հետևից համբուրեցի։ Հետո վեր կացա ու պայուսակս դրեցի ոտքերիդ առաջ։

«Չե՞ս ուզում տեսնել, թե քեզ համար ինչ եմ բերել»։

«Ի՞նչ ես բերել ինձ համար։ Տեսնեմ»։

Բացեցի պայուսակը և առաջինը մի փոքրիկ շիշ տվեցի ձեռքդ։

«Բալի օշարակ․ այն, որի կարոտից քո սիրտը թռչկոտում էր»։ Բացեցիր շշի կափարիչը և մանկական ուրախությամբ մի քանի կում խմեցիր։ «Ուզում էի։ Դու ուզո՞ւմ ես»։

«Ո՛չ։ Քեզ համար եմ բերել։ Խմի՛ր»։

Ձեռքս մտցրի պայուսակի մեջ ու մի փոքրիկ սպիտակ տոպրակ հանեցի։ «Մեր տան բակի մագնոլիայի ծաղիկներն են»։

Տոպրակը վերցրիր, հոտ քաշեցիր ու սեղմեցիր կրծքիդ։ «Մեր տան հոտն է»։

Հետո նորից ձեռքս մտցրի պայուսակի մեջ։ «Այս տուփը, որ բացես՝ դիլինգ-դիլինգ է անում։ Այս շոկոլադը։ Այս գիրքը, որ մինչև կեսը կարդացել էիր։ Այս օծանելիքը։ Այս կոնֆետը, որը միշտ սիրում էիր։ Այս վերնաշապիկը, որ թողել էիր, իսկ ես ամեն օր դեմքս թաքցնում էի դրա մեջ ու շնչում քո հիշողությունը։ Այս բլուզը, որը քեզ շատ է սազում։ Այս շոկոլադը, որ...»։ Ամեն ինչ, ինչ նայում էիր, ձեռքիցդ վերցնում էի ու կախում ծառի ճյուղերից, իսկ դու պտտվում էիր այդքան գույների մեջ, ու ես քեզ էի նայում։ Հետո եկար կողքս, գլուխդ դրեցիր կրծքիս ու մնացիր։ Ձեռքերս շուրջդ օղակեցի։ Գլուխդ մի քանի անգամ ավելի ամուր սեղմեցիր կրծքիս։

«Վախենում եմ։ Վախենում եմ, որ վաղը ամեն ինչ կմոռանաս»։

«Սերը մոռացվելո՞ւ բան է»։

«Ո՛չ։ Հիմա դու չես հիշում։ Չես հիշում, որ միշտ ինձ մոռանում էիր»։

«Ո՛չ ես, ո՛չ էլ ոչ ոք քեզ չի մոռանում։

Հիշո՞ւմ ես թռչունների շուկայի այն խելամիտ ծերունուն։ Ամեն անգամ, երբ գնում էի, հարցնում էր․ «Ձեր գեղեցիկ կինը որտե՞ղ է»։ Ես ասում էի․ «Ճամփորդության է գնացել»։ Այս ամբողջ ընթացքում ամեն կիրակի գնում էի թռչունների շուկա, այնտեղ պտտվում էի ու այնպես էի անում, որ այդ խելամիտ ծերունին ինձ նկատի ու հարցնի․ «Ձեր գեղեցիկ կինը վերադարձե՞լ է»։ Միայն այն, որ մի օտար մարդ հաստատում էր՝ քո տեղը կողքիս դատարկ է, ու քեզ հնարավոր չէ մոռանալ, ինձ բավական էր։ Կամ այն փոքրիկ աղջիկը, որ քո անունն իր ձևով էր արտասանում։ Ամեն անգամ, երբ մոր հետ գալիս էր մեր տուն, հերթով գլուխը խցկում էր սենյակների մեջ, աչքերի խորքում տխրությամբ ինձ էր նայում ու գլուխը շարժում՝ կարծես հարցնելով․ «Ո՞ւր է»։ Շոկոլադի տուփը մեկնում էի նրան, նա մեկը վերցնում էր, հետո, կարծես քեզ թաքցրած լինեինք բազմոցի հետևում, այնտեղ էլ էր փնտրում, քեզնից լուր էր հարցնում ինձ, իսկ ես արցունքներս կուլ էի տալիս, որ չհասկանա՝ ինչ է պատահել ինձ։

Ինձ համար թանկ է այն աչքը, որը քեզ տեսել ու հիշել է, էլ ուր մնաց՝ քո աչքերը։ Ինչպե՞ս կարող էի քեզ մոռացած լինել։ Բոլոր ակնթարթներով սգում էի քո բացակայությունը։ Երբեմն ժամանակն այնպես էր ձգվում, ու լռությունն այնպես էր պտտվում գլխումս, որ հանկարծ շրջվում էի դեպի միջանցքը և կարծում էի՝ այնտեղ կանգնած ես՝ սպիտակ սրբիչը ձեռքիդ, ուզում ես մազերդ չորացնել։ Թարթում էի աչքերս, քեզ էի փնտրում, ուզում էի նայել քայլելուդ։ Չկայիր։ Ցավում էի, իմ սեր։ Ձեռքդ տարար թևիս վրայով ու հարցրիր․ «Ջա՞ն»։

Ասացի․ «Երբ ուզես, թղթապանակներն էլ նայիր, հետո ուսապարկս էլ կբացեմ քեզ համար»։

«Ի՞նչ կա դրա մեջ»։

«Ավելի լավ է՝ ինքդ տեսնես»։

«Վերջիվերջո, շատ ժամանակ չունենք»։

«Ի՞նչ նկատի ունես»։

«Դա։ Երկու ժամ, ամենաշատը երեք ժամ, որ հիմնական խոսակցությունները անենք ու որոշենք, հետո ես պետք է գնամ»։

«Գնա՞ս։ Ո՞ւր»։ Ամբողջ ուժս գործադրեցի, որ ժամանակը դանդաղի, կամ գուցե աչքերիս մեջ պատկերների փոխանցման արագությունն էի մեծացրել, որպեսզի ձեռքիդ շարժումը դանդաղ տեսնեմ ու մատներդ հիշողությանս մեջ պահեմ։

«Գետի այն կողմում ինչ-որ մեկը սպասում է ինձ»։

Ցնցվեցի։ «Քեզ ինչ-որ մեկը սպասո՞ւմ է։ Այսինքն՝ ո՞վ»։

«Մի՛ հարցրու՝ ով, որտեղ ու ինչ։ Ժամանակը քիչ է»։

Ու նորից այդ անիծյալ տագնապը ներխուժեց մեջս։ Հավասարակշռությունս խախտվեց, ներսից սկսեցի դողալ։

«Այսքան կարճ ժամանակում ես ինչպե՞ս...» Ու ոտքով ցույց տվեցի ուսապարկը։

«Սա ի՞նչ անեմ»։

Իսկ ես հմայված նայում էի մատներիդ։ Նորից մազերիդ մի փունջ էր ընկել դեմքիդ առաջ։ Փչելով հետ մղեցիր, բայց այն նորից վերադարձավ։ Թղթերի շուրջը ժապավեն կապեցիր ու դրեցիր պայուսակի մեջ։

«Հիմա գիտեմ՝ ինչ ունենք և ինչ չունենք»։

Ասացի․ «Վախենում էի, որ կարոտից ձեռքերս կմեռնեն։ Հիմա արդեն ոչնչից չեմ վախենում»։

Դու ասացիր․ «Ինչո՞ւ ես ինձ այսպես նայում։ Հիմա, երբ իմ մեջ ամեն ինչ ավարտվե՞լ է։ Հիշո՞ւմ ես, ես ապահովություն էի ուզում։ Հիշո՞ւմ ես՝ այն գիշեր ջերմություն ունեի, իսկ դու ինձ մենակ թողեցիր»։

Քո բողոքներն ու իմ թերացումները քեզ համար սար են դարձել, իմ կարոտն ու քո լավությունները՝ ինձ համար սար։ Երկու բարձր լեռ է հիմա մեր միջև, ու երկուսս էլ չգիտենք՝ ինչ անենք այս լեռների հետ։ Հիշում եմ այն լեռները, որոնք անապատի եզրերի ճանապարհներին, մանկությանս ճանապարհների հիշողություններում, աչքերիս առաջ վեր էին խոյանում։ Մեկը կապույտ էր, մյուսը՝ հողի գույնի, մյուսը՝ շագանակագույն, հետո նորից կապույտ, հետո՝ մեկ ուրիշ գույն։ Երբեմն, երբ անձրև էր գալիս, կապույտ լեռն այնքան մանուշակագույն էր դառնում, որ անհնար էր պատկերացնել՝ սա նույն լեռն է, որը երեկ արևի տակ բաց կապույտ էր։ Հողի գույնի լեռն էլ շագանակագույն էր դառնում, իսկ այն շագանակագույն լեռը սևի էր տալիս՝ ինչ-որ բան մուգ հագեցած սևի միջև։ Լույսի ու ստվերի խաղն ու նախշերն էլ այնպես էին փոխվում, որ համոզվում էիր՝ այս լեռներն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Նույնիսկ այս պարզ անձրևը մի լեռան գույնն այնպես էր փոխում, որ թվում էր՝ նախորդը վերցրել ու դրա տեղը մեկ ուրիշն են դրել։ Նույնիսկ այն լեռը, որ հիմա հեռավորություն է դնում մեր միջև, տարբեր է՝ արևոտ եղանակին է, թե այս մութ, անձրևոտ երկնքի տակ, որն այստեղ անընդհատ տխրեցնում է ինձ։

Այս ամենը վերադառնում է կլիմաների ու երկրների գրականությանը։ Մի ժամանակ մեր գրականության մեջ անձրևը թարմության, ուրախության ու գեղեցկության աղբյուր էր։ Այստեղ, որ եկա، հասկացա, որ մեր որոշ նախադասություններ նրանք ընդհանրապես չեն հասկանում ու չեն կարողանում դրանց հետ հեգեպես կապ ստեղծել։ Բավական է մի քանի տարի ապրես մեր քաղաքի անձրևոտ, կապարի պես ծանր երկնքի տակ, ու արև կուզես։ Կուզես, որ լեռները լինեն իրենց իսկ գույնով՝ ջուր չտեսած, անձրև չճաշակած ու ինքնատիպ՝ հողի գույնի, կապույտ ու շագանակագույն։

Ջրի ու հողի այս հինավուրց խաղը երկուսի պատկերն ու տեսքն այնպես է փոխում, որ յուրաքանչյուր լեռ կարող է մի քանի լեռ դառնալ։ Աստված չանի, որ անձրև տեղա իմ ու քո այդ երկու լեռների վրա ու նրանց գույնը այս եղածից էլ մգացնի։ Տեսնո՞ւմ ես։ Նույնիսկ մարդու դեմքն է ուրիշ լինում՝ անձրևի տակ լինի, թե արևոտ եղանակին։ Դու էլ ես ուրիշ հիմա, երբ ամենուր արևոտ է։ Արևի պես փայլում ես։ Երանի այստեղ մի միրգ, մի զովացուցիչ, մի բան գտնվեր, որ այսպես չոր ու դատարկ չանցներ ժամանակը։ Գիտե՞ս, սիրելիս։ Դու վեր կացար ու եկար դեպի ինձ։

«Մի բան ասացի՞ր»։

«Ո՛չ։ Ոչինչ չասացի»։ Ու ուսապարկը խռխռացնելով քաշեցի ու բերեցի առաջս։

«Ուզո՞ւմ ես սրա գործն էլ ավարտենք»։

Դու նայեցիր ժամացույցիդ։ «Շատ ժամանակ չի մնացել։ Եթե կարծում ես՝ կհասցնենք, բացիր»։

«Որտե՞ղ»։

«Հենց այստեղ»։

«Այստեղ չի լինի։ Գնանք մի փոս, մի խրամատ գտնենք, որ...»

«Փոս ու խրամատն ինչի՞ համար։ Դե բացիր, տեսնեմ՝ ինչ կա մեջը»։

«Եթե բացեմ, պետք է փոսի կամ խրամատի կողքին լինենք, թե չէ պիտի նույն ձևով հետ դարձնեմ։ Իսկ ես այլևս ոչ կարող եմ, ոչ էլ ուզում եմ»։

Դու անհանգիստ ու տագնապած էիր։ Ինձ թվաց՝ եթե որևէ ելք, որևէ պատրվակ ձեռքդ ընկներ, հենց այդտեղ ինձ կթողնեիր ու կգնայիր։ Բայց անելանելի վիճակում նայեցիր ուսապարկին։

«Դե արի գնանք, մի փոս գտնենք։ Բայց որտե՞ղ էր փոսը։ Այստեղ ամեն ինչ հարթ ու կարգին է։ Կարծո՞ւմ ես՝ այստեղ փոս կթողնեն, որ մարդիկ մեջը ընկնեն։ Անհնար է գտնել։ Միայն... Ու լռեցիր։ «Միայն ի՞նչ»։

«Եթե բահ ու քլունգ լիներ, ինքներս կփորեինք։ Ես էլ կօգնեի, որ ավելի շուտ...»

«Մի՞թե թույլ կտամ, որ դու ձեռք տաս այս հողին»։

Մեր տեսադաշտում մի ծառի արմատ դուրս էր եկել հողից՝ ասես ծունկը հանել էր մահճակալի տակից, որ մի քիչ շուռ գա, իսկ ծնկի դատարկ տեղը բերանի պես բացված մի փոս էր դարձել։ Ասացի․ «Այնտեղ նայիր»։ Ու ուսապարկը խռխռացնելով քաշեցի դեպի ծառի կողքի այդ փոսը։ Առանց մտածելու ժամանակի մասին, առանց մտածելու քո անհանգստության մասին, մեկ ցատկով հասա փոսին և ձեռքերով արմատի շուրջը եղած հողը սկսեցի դուրս տալ։ Ծնկի իջա ու երկու ձեռքով հողը հետ էի հրում։ Այնտեղ մի մեծ քար գտա, որը շատ գործս հեշտացրեց։ Նրա սուր ծայրով սկսեցի քերել փոսի պատերը և նորից հողը դուրս տալ։ Հողակույտը մեջքիս հետևում արդեն բարձրացել էր, բայց դեռ գործ կար․ պետք էր այնքան հող հանել, որ մի կծկված մարմնի չափ տեղ բացվեր։ Իջա փոսի մեջ ու նորից քերեցի, հողը դուրս տվեցի։ Ծառի արմատների տակ մեկ ուրիշ փոս էր բացվել։ Եթե մի քիչ էլ փորփրեի շուրջը, հնարավոր կլիներ ոտքերը հանգիստ երկարել դրա տակ։ Քերեցի։ Փոս չէր։ Արմատների տակ, թեքությամբ, մի քարանձավի պես տեղ էր շարունակվում։ Թեթևացած շունչ քաշեցի։ Դուրս եկա փոսի վրայ ու նայեցի։ Հա՛, վատ չէր։ Եթե ուժ ունենայի, էլի կփորեի, էլի հող կհանեի։ Բայց արդեն հոգնել էի։ Քրտինքը գլխիցս ու պարանոցիցս հոսում էր, վերնաշապիկս թրջվել էր, իսկ դու ապշած միայն նայում էիր։ Ասացի․ «Դե լավ, պատրա՞ստ ես»։

«Ըհը»։

Ուսապարկը քաշեցի դեպի փոսը, բացեցի կայծակաճարմանդը և դուրս հանեցի կծկված մարմինը։ Ոտքերը երկարեցի դեպի փոսի ներսում գտնվող քարանձավը և ոտքով դիակի ուսերը առաջ հրեցի։ Հեշտությամբ սահում էր հողի վրայով ու ներքև էր իջնում։ Նիհարել էր, նիհար ու ոսկրոտ էր դարձել։ Ասացի, որ վերջին շրջանում հիվանդ էր՝ կարոտից հիվանդ։ Դու ասացիր․ «Վա՜յ։ Սա դու ես»։

«Այո՛, ես եմ»։

«Ի՞նչ ես ուզում անել նրա հետ»։

«Հոգնել եմ ինքս ինձնից։ Ուզում եմ թաղել»։ Ու նորից ոտքով սեղմեցի դիակի ուսերին։ Կամաց-կամաց ներս էր սահում։ Հետո ոտքերը մի տեղ խրվեցին ու մնացին այնտեղ։ Ասացի․ «Դե, վերջ։ Եկ հող լցնենք»։

«Ես ուշացել եմ։ Շատ եմ ուշացել»։

«Չե՞ս ուզում մնալ, որ հողը լցնեմ ու ծածկենք նրան»։

«Ո՛չ։ Ես ուշացել եմ։ Ուշացածից էլ ուշ»։ Ու դու նայեցիր հեռվում ինչ-որ մի կետի։ Ինչ-որ խուլ, անորոշ ձայն էր գալիս։

Ասացի․ «Որտե՞ղ։ Այնտեղը որտե՞ղ է»։

«Գետի այն կողմում»։

Ի՜նչ գալ էր սա։ Երանի ժամանակ տրամադրեիր, որ առաջին գիշերը նրա կողքին մնայինք։ Դու գիտես, չէ՞, որ նա վախենում է այս օտար հողի տակ մենակ մնալուց։ Այդ դեպքում ինչո՞ւ ես ուսերդ վեր քաշում։ Ինչո՞ւ նույնիսկ նրան չես նայում։ Ինչ էլ լինի, սերը դու ես նրան սովորեցրել, իմ փոքրիկ։

«Ի՞նչ»։

«Ոչինչ չասացի։ Եթե ուշացել ես, չեմ խանգարի։ Գնա՛»։

«Իսկ դու ի՞նչ ես անելու»։

«Ես՞։ Ոչինչ։ Կմնամ նրա կողքին, որ գիշերը լուսացնի, հետո չգիտեմ»։ Ու սկսեցի հողը լցնել։ Շուրջբոլորի ամբողջ հողը նորից լցրի փոսի մեջ, ծածկեցի նրա կուրծքը, իսկ դեմքը թողեցի վերջի համար։ Այդ ժամանակ մի պահ ուշադիր նայեցի նրա դեմքին։ Տարօրինակ էր։ Աչքերը թաց էին, ու նա այդպես անշարժ նայում էր երկնքին։ Դու ասացիր․

«Դե, ես գնացի։ Չեմ հրաժեշտ տալիս։ Մինչև հետո»։

«Քեզ լավ նայիր։ Մինչև հետո» ու սաց․ «Աստված քեզ պահապան, իմ սեր»։

Հետո ծնկի իջավ փոսի կողքին ու այլևս ոտքով չէր լցնում հողը․ ձեռքերով էր շարունակում։ Շունչս ամբողջությամբ հողի հոտ էր առել։ Նույն կերպ նայում էի երկնքին ու սպասում, որ այդ լքված գերեզմանատան հին ագռավները գան, տեղավորվեն ճյուղերի վրա, ու հաստ կտորի պատռվելու ձայնը լցնի գերեզմանատան տարածքը։ Հետո հողի առաջին շերտը եկավ դեմքիս վրա։ Ասաց․ «Սա էր, ընկեր։ Քո բաժինն այսքանը եղավ»։ Ու նորից հող լցրեց։ Ձեռքերով այնքան հող բարձրացրեց դեմքիս շուրջը, մինչև ամեն ինչ մթնեց։ Հետո ամբողջ այդ տարածքը հարթեցրեց հողի հետ ու մեջքով հենվեց ծառին։ Նստեց՝ դեմքով դեպի հորիզոնը։ Դեպի այն քարե քաղաքը, ուր մինչև աչքդ հասնում էր՝ քար էր, ծառ էր, արձան ու քար։ Այնքան նստեց, մինչև օդը մթնեց։ Քարե քաղաքի հետևում՝ գետի այն կողմում, խուլ ձայների արանքում, հորիզոնին մի թույլ լույսի շող էր պարում։ Հետո ինչ-որ ծիծաղելի զառանցանք բռնեց նրան։ Ուզեց վեր կենալ ու փախչել, չկարողացավ։ Վախենում էր տեղից շարժվել։ Վախենում էր, որ զառանցանքը կշրջապատի իրեն։ Վախենում էր շարժվել, որ այդ զառանցանքի մեջ ամբողջովին չդատարկվի։ Այդպես նստած մնաց ու փակեց աչքերը։ Այդ ժամանակ, ուժասպառությունից, քուն մտավ։ Մի քուն, որ մահվան պես էր։ Ինչպես իմ քունն էր ծառի արմատի կողքին՝ հանգիստ ու առանց ցավի։

Պարսկերենից թարգմանեց Անի Հովսեփեանը

66
Հոկտեմբեր 01, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: