Աբբաս Մարուֆի. Ռեմի

Ռեմի[1]

Քանի դեռ փորձում էր իրեն ազատել մարմինների ու ուսերի ճնշումից կամ այդ խիտ բազմության մեջ դեպի ձախ սահել, մարդկանց հսկայական հոսանքը նրան տարել էր մինչև ամենածայր աջ կողմը, ինչը բոլորովին հակառակ էր նրա ցանկությանը։ Նա այլևս ոչ մի իշխանություն չուներ իր վրա․ նրան տանում էին։ Իսկ եթե չգնար, անպայման ոտքերի տակ կճզմվեր միլիոնավոր սպիտակազգեստ մարդկանց, որոնց հայացքները սևեռված էին Ջամարաթի բետոնե սյուներին։

Նա փորձեց զգուշությամբ քայլել՝ համաչափվելով մյուսների ճնշմանը, և թողնել, որ քրտինքը սահի դեմքի վրայով, իսկ արևի սուր տապը խանձի ուղեղը, որովհետև մեկ ուրիշ ուժ էր նրան ակամա քաշում առաջ՝ սևամորթ մի կնոջ բազուկը, որ դուրս էր մնացել սպիտակ սրբիչի տակից։ Այն ճիշտ նման էր փայլեցված, սև քարից քանդակված արձանի․ երկար ու հարթ, այն թարմությամբ, որը նա միայն որոշ ծաղկաթերթերի մեջ էր տեսել՝ այնպիսիք, որոնք կարծես թավշյա լինեին, բայց ոչ մի թավիկ չունենային։ Որքա՜ն էր ուզում իրեն քաշել այդ կողմը, մոտենալ կնոջը և նրա ամուսնու կողքին զույգ կազմել՝ ինչպես աղավնու երկու թևեր, որոնք երկուսն էլ թափահարում են իրենց փետուրները, որպեսզի այն կինը, որի դեմքը չէր երևում, չմնա այդ կործանարար տապի մեջ։ Բայց բազմությունն այնքան սեղմված էր իրար, որ դա անհնար էր։

Վաղ առավոտյան նա շրջակա անապատներից քսանմեկ փոքրիկ քար էր հավաքել, լցրել իր սպիտակ կաշվե քսակի մեջ և հիմա գնում էր, որպեսզի Ջամարաթի տարածքից դուրս յուրաքանչյուր սյանը յոթական անգամ քար նետի։ Նա կարդացել և ուշադիր մտապահել էր, որ՝ «Սատանային պետք է ոչ միայն ներսից, այլև նրա խորհրդանիշի մեջ քարահարել ու վանել»։

Եթե այդ երկար ու գեղեցիկ բազուկը, որ հանկարծ դուրս էր սահել սրբիչի տակից, չտեսներ՝ նա ինքն իրեն բոլորից լավ էր ճանաչում՝ հնազանդ ու կարգապահ մի երիտասարդ, որին ընդամենը մեկ ամիս առաջ հանկարծ վիճակվել էր ուխտագնացության պատիվը, չէր կարողանա զսպել իր զայրույթը Ջամարաթի սյան առաջ․ ամբողջ ուժով, սրտով ու հոգով կխփեր։ Իր բոլոր ցավերը կկենտրոնացներ քարի մեջ ու կնետեր։ Իսկ եթե կարողանար տեսնել կնոջ դեմքը, թեկուզ միայն մեկ անգամ, կհանգստանար, լավ կզգար իրեն ու իրեն կհանձնարար ժողովրդին, որ տանի իրեն։ Բայց հիմա մի այնպիսի վիճակի մեջ էր ընկել, որ երազում էր թաց տերևների ստվերում պառկելու մասին։

Առաջին անգամ, երբ այսպես ընկել էր հավերժական հափշտակության մեջ, տասը տարեկանից ավելի չկար։ Այդ օրերին քույրը նրան իր հետ տանում էր հարևանի տուն, որպեսզի, երբ ինքը հարևանի աղջկա հետ կտորից ծաղիկներ էր պատրաստում, տղան մի անկյունում նստեր ու նայեր նրանց։ Վառարանի վրա միշտ ութ ծաղկագործական արդուկ կար՝ դրված երեք պատրույգով վառարանի վրա, որի կապույտ ու դեղին բոցերն էին խաղում։ Երբ արդուկի գլխիկի գնդիկը շիկանում էր, այն դնում էին կտրված թերթիկների վրա, որպեսզի ձևը նստի ու ոլորվի։ Հիմա էլ հիշում էր, որ խոհանոցի կողքի այդ փոքրիկ սենյակը միշտ տաք էր, հատկապես այն վերջին օրը, երբ ինքը ոտք էր դրել այդ տուն։ Շոգն այնպես էր խեղդում, որ մարդուն անհանգիստ էր դարձնում, և նա այնքան էր ձանձրացել, որ հետագայում, երբ որևէ մեկին էր սպասում, միշտ հիշում էր այդ օրը, իսկ ավելի շատ՝ այդ օրվա դեպքը։ Այս տաղտկալի վիճակը գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ ծաղիկներ պատրաստելու աշխատանքը սկսեց միապաղաղ թվալ, և նույնիսկ աղջիկների խոսակցությունն այլևս չուներ նախորդ օրերի թարմությունը։ Մի կատու էլ նստած էր սենյակի շեմքին և այնքան հանգիստ էր թարթում աչքերը, որ մարդուն քուն էր տանում։ Հենց այդ պահին հարևանի աղջիկը քրոջից հարցրեց. «Ինչո՞ւ է եղբորդ շուրթերն այսպես»։

«Որովհետև մինչև չորս տարեկանը ծծակ էր ծծում»։

Եվ հիմա էլ յուրաքանչյուր ոք, ով նրան տեսներ, կարող էր պատկերացնել, թե ընդամենը մի քանի օր առաջ էր ծծակ ծծում։ Հատկապես երբ ուզում էր ծխախոտի ծուխը դուրս փչել, այդ տեսքն ավելի էր աչքի զարնում․ ատամներն էլ երևում էին։

Քույրն ասաց. «Ինքն իր մեջ է, բայց ես նրան շատ եմ սիրում»։ Հարևանի աղջիկն ասաց. «Ձուկի պես է, փոքրիկ գլուխ ունի՛»։ Ու ժպտաց նրան և իր շեկ մազերի փունջը մի շարժումով ետ գցեց։

Հենց այդ պահին նրա աչքն ընկավ աղջկա սպիտակ ու փափուկ բազկին։ Հանկարծ իր մեջ մի տարօրինակ հաճույք զգաց, որի գոյության մասին մինչ այդ չէր էլ իմացել․ քաղցր թմրություն տարածվեց մաշկի վրա, և կոպերը թեթևակի թրթռացին։ Զգաց, որ ականջի բլթակը շարժվեց, իսկ գլխի մաշկը կարծես ետ քաշվեց։ Այդ պահին նրա ձեռքը՝ չէր հիշում, թե որ ձեռքը, բացվեց, վերցրեց արդուկներից մեկը և դրեց աղջկա բազկին։ Հետո ամեն ինչ վերջացավ։ Այրված մսի հոտ տարածվեց, աղջիկը ճչաց ու սկսեց լացել, և ամեն ինչ իսկապես վերջացավ, որովհետև դրանից հետո նա այլևս երբեք չկարողացավ հասնել այդ հաճույքին։

Քույրն ասաց. «Ինչո՞ւ արեցիր այդ բանը, անասո՛ւն»։ Ու մի ապտակ հասցրեց ականջի տակ, ապա ուղիղ նայեց նրա աչքերին. «Ինչո՞ւ արեցիր այդ բանը»։

«Ջրծաղիկի տեղը անհարթ էր»։

Այդ նույն պահին նա հիշեց «լորիկի և հողագործի»[2] պատմությունը և մտածեց, թե ինչու հողագործը ուշադրություն չէր դարձնում լորիկի կյանքին։ Նա չգիտեր, թե ինչու էր հենց այդ պատմությունը հիշել, և հետագայում էլ երբեք չհասկացավ։

Հիմա, այդքան տարիներ անց, նա կրկին նույն վիճակի մեջ էր ընկել։ Թմրությունը պատել էր ամբողջ մարմինը։ Դրան ավելացել էր մեկ ուրիշ զգացում, որ ներսում գալարվում էր, և նա գիտեր՝ այն վեր է բանականությունից ու գիտակցությունից։ Նա հասել էր մի խոր հոգևոր ձգողության, որի պատճառով այդ միջավայրում ուզում էր ճչալ․ ինչպես գոլորշի, պարում էր քրտինքից թրջված մարմնի մեջ ու նորից սառչում։ Եվ այդ ամբողջ հաճույքը վերածվել էր մերկ կնոջ բազկի պատկերի, որն այժմ իրենից երկու-երեք քայլ առաջ էր անցնում՝ ձախ կողմում մի սևամորթ, գեր ծերունու հեռավորությամբ, ամուսնու հետ կողք կողքի ու թեք ուղղությամբ։ Բայց յուրաքանչյուր քայլի հետ կարծես ծառի մի ճյուղ էր ցնցում։ Երանի մի պահ գլուխը ետ շրջեր կամ մի ակնթարթ դեմքը դեպի աջ դարձներ, կամ գոնե ուշադրություն դարձներ իր բազկին՝ տեսնելու, թե ինչ է անում։ Բայց նա էլ, ինչպես մյուսները, այնքան էր սևեռված այդ սյուներին, որ թվում էր՝ եթե գլուխը ետ շրջեր, կյանքը կկորցներ։

Նա փորձեց նայել սյուներին և մոռանալ այդ փայլուն շագանակագույն մաշկը, բայց ինչպե՞ս էր հնարավոր։ Նա կորցրել էր իր կամքը։ Մեկը գոռում էր, մեկը լաց էր լինում, մեկը հեծեծում էր, իսկ մեկը երգում էր. «Նա մեզ մի հայացքով սպանեց ու ճակատագիրն արդարացում դարձրեց»․ Եւ կրկնում էր այդ տողը։ Նա գիտեր, համոզված էր, որ այսօր սպանվելու է, ու իրեն հարցնելու են՝ ո՞նց սպանվեցիր։ Իսկ պատասխանելու է՝ ոտքերի տակ։ Ո՛չ, նույնիսկ եթե ոտքերի տակ մեռներ, ուզում էր գոնե մեկ անգամ տեսնել կնոջ դեմքը։ Նա կտրուկ շարժումով ուսը առաջ տարավ ու նետվեց կնոջ կողմը։ Փորձեց հասնել նրան, և որքան էլ ճիգ գործադրեց, հասկացավ, որ կրկին՝ ինչպես միշտ, հետ էր մնում։ Քրտինքը հոսում էր գլխից ու դեմքից, իսկ արևն ուղիղ վերևից էր շողում։ Ձայները վերածվել էին մի հսկայական, անհասկանալի երգչախմբի, որից միայն այնպիսի բազմություն կարող էր հետք թողնել, որը գնում էր դեպի աշխարհի կյանքի ավարտը։ Կամ գուցե դրանք բոլորը Հարության դաշտի մարդիկ էին՝ առանց մեկը մյուսին ճանաչելու․ ամեն մեկը երգում էր իր սրտի համար, և բոլորը շարժվում էին դեպի մի բրոնզագույն սյուն։

Մինչ այդ նա երբեք այդքան հեռու ճանապարհ չէր անցել և երբեք չէր տեսել այդքան մարդ, որոնցից յուրաքանչյուրն այնպիսի տարօրինակ վիճակի մեջ լիներ։ Բազմությունը պտտվում էր իր շուրջը, տեղում դոփում, ալիքի պես ձգվում ու կծկվում՝ առանց իրարից բաժանվելու։ Նա լսել էր, որ պետք է ամբողջովին զգոն լինի, որպեսզի ոտքի վրա մնա։ Լսել էր, որ նախորդ օրը մի մարդ, երբ ուզել էր հանել իր նալիները[3], կամ փորձել էր փոխել ճանապարհը, կամ գուցե պարզապես շեղվել էր, ոտքերի տակ էր մնացել։ Հանկարծ հիշեց հարևանի աղջկան, որն ասել էր. «Թող քեզ աղբահավաք բահով հավաքեն»։ Եվ հիմա, եթե նա այստեղ լիներ, իր նույն սպիտակ բազուկով և նույն արդուկով, նա կհամաձայներ՝ նախ հասնել իր ուզած հանգստությանը, իսկ հետո թող իրեն աղբահավաք բահով հավաքեին։

Նա իրեն սթափեցրեց ու ամաչեց։ Ձեռքը տարավ իր քսակին, շոշափեց քարերը և գլուխը շրջեց, որպեսզի հայացքը սյուների վրա պահի, բայց տեսնում էր միայն այդ դեղձագույն սյունը, որն անընդհատ հեռանում էր իրենից։ Ակամա ճիգ գործադրեց ևս մեկ քայլ առաջ գնալու։ Եթե կարողանար հասնել կնոջը, քարերը դեն կնետեր, կբռներ կնոջ բազուկը և շիկացած արդուկն այնպես կսեղմեր նրա վրա, որ կինը ճչար ու գլուխը շրջեր։ Այդ ժամանակ նա, անշուշտ, նաև լաց կլիներ։ Հետո ամեն ինչ կավարտվեր։ Արգելված պտղի և նախնական մարդու հիշողությունը նրան սթափեցրեց։ Նա գլուխը շրջեց․ ուրախության գոռոց, արևի գետ, մարդկանց խառնված հեղեղ՝ բոլորը հոսում էին դեպի Մինայի կիրճը։

Նա հեծեծաց. «مِن شَرِّ الْوَسْوَاسِ الْخَنَّاسِ»[4]։  Ու մտածեց. «Այն, ինչ դու նետում ես, հաշվի չէ առնվում, այն, ինչ քեզ է դիպչում, է հաշվի առնվում։ Յոթ քար՝ չափով։ Յուրաքանչյուր սատանայի՝ յոթ քար, իսկ յոթը բազմության թիվն է։ Այսինքն՝ անհամար։ Նշիր ու խփիր։ Եվ այդ ժամանակ երեք կուռքերը՝ սատանայական երեք խորհրդանիշները, քո ոտքերի տակ ծնկի կգան։ Հաղթողը դու ես»։ Այս ամենը նա ինչ-որ տեղ կարդացել էր։ Նա գոռաց. «Լաբբայք, լաբբայք»[5]։

Մի պահ վերջին անգամ գլուխը դեպի ձախ շրջեց, բայց արդեն շատ ուշ էր, որովհետև որքան էլ նայեց, կնոջը չտեսավ։ Կարծես հալվել ու գետնի մեջ էր սուզվել։ Ո՞ր կողմը։ Եվ հնարավո՞ր էր։ Ո՛չ ձախ կողմում էր, ո՛չ առջևում, ո՛չ էլ ոտքերի տակ․ ընդհանրապես չկար։ Ճիշտ այնպես, ինչպես ինքն էր պատկերացնում, պարտվել էր խաղը։ Ուզում էր շրջապատի մարդկանցից հարցնել. «Դուք նրան չտեսա՞ք։ Չհասկացա՞ք՝ որ կողմ գնաց»։ Բողոքի պոռթկումով իրեն բարձրացրեց բազմության միջից ու ճիգով առաջ սողաց՝ սեղմվելով, ուժ գործադրելով, ձեռքերով երկու հոգու այս ու այն կողմ հրելով, բայց որքան էլ գնաց, ապարդյուն էր։ Նրա մտքով անցավ այն պահը, երբ երևույթը անհետանում է, և մարդը, անօգնական ու հուսահատ, մինչև կյանքի վերջ մտածում է, որ իր կյանքում մի մեծ դատարկություն կա։ Գուցե այս պահը նա նախկինում էլ էր տեսել։ Մինչև այն պահը, երբ աղջիկները կհավաքեին ծաղիկներ պատրաստելու իրենց պարագաները, և արդուկները կսառչեին, ինքը պետք է ինչ-որ բան աներ։ Պետք էր դրանցից մեկը վերցնել ու դնել հենց այդ սպիտակ բազկի ամենահարթ տեղին։ Եվ դրել էր։ Բայց հիմա, ոտքերի այդ հոգնածությամբ, ողնաշարի ցավով ու մարմնի անկարողությամբ, ինչպե՞ս կարող էր անգամ մեկ քայլ անել։ Եվ ո՞ւր էր գնալու։ Նա ասաց. «Լաբբայք»։

Չէր ուզում ինքն իրեն պարտք մնալ, բայց մնացել էր։ Երանի հենց այն ժամանակ մի ցատկով հասներ նրան և դեղձագույն սյունն այնպես սեղմեր, որ մատների տակից արյուն դուրս գար։ Այնքան էր զայրացած, որ ոչ ոք չէր կարող նրան մյուսների հետ նույն ձայնով չերգող համարել։ Հեռվից թվում էր, թե այդ շուրթերով կարծես գոռում է։ Իսկ բազմությունը նրան առաջ էր տանում։ Շոգն ու ուրիշների հայացքները նրան միշտ առանց պատճառի հիշեցնում էին մանկությունը՝ այն ժամանակները, երբ դեռ թույլատրվում էր բակի աղջիկների ու տղաների հետ իրենց տան բակում «արձանիկ» խաղալ։ Մեկը ասում էր. «Մամամա, չե չե չե, արձանիկ»։ Ու քայլում էր երեխաների միջով, նայում նրանց, հետո ասում. «Մրգեր քաղելու դիրքով»։ Բոլոր երեխաները արձան էին դառնում՝ մրգեր քաղելու դիրքով, իսկ հետո ամենալավ արձանը դառնում էր իշխանը։ «Մամամա, չե չե չե, արձանիկ»։ Ու աչքի տակ էր առնում տասներեք-տասնչորս տարեկան մի աղջկա, որի դեմքը վազելուց կարմրել էր, և ասում. «Արևին նայելու դիրքով»։

Փոքրերը գլուխները բարձրացնում էին ու իսկապես նայում արևին, իսկ արևի սուր լույսը նրանց աչքերին հարվածում էր նույնիսկ փակ վիճակում։ Բայց միայն այդ աղջիկն էր, առանց արևին նայելու, նայում ինչ-որ տեղ՝ ճյուղերի արանքում, ու ընդունել էր այն մարդու կեցվածքը, որ կլանված նայում է լուսնին․ մի ձեռքը գոտկատեղին, մյուսը՝ ձախ ականջին զուգահեռ, բացված ծաղկի ձևով, աչքերը փակ, իսկ մի քանի սև մազափունջ ճակատին քամու հետ պարում էր։ Նա ժամանակ ձգեց ու բոլոր խաղափուլերից ավելի երկար երեխաներին պահեց նույն դիրքում։ Հետո ուշադիր նայեց այդ աղջկան․ կոպերը թրթռում էին, իսկ սպիտակ ատամները ժպիտի արանքում փայլում էին։ Ժամանակը շատ էր անցել։ Նա պետք է մեկին ընտրեր, բայց չէր կարողանում հրաժարվել։ Հետո, ակամա, առանց իմանալու պատճառը, առաջ գնաց և, հարգանքով ու ակնածանքով, ոչ թե բնազդից դրդված, կանգնեց աղջկա առջև՝ հենց նրա կարմրած այտը համբուրելու և ասելու. «Դու»։

Բայց աղջիկը հենց այդ պահին դուրս եկավ արձանի դիրքից և ծիծաղեց նրա վրա։ Կնոջ ծիծաղ էր, որ նրան շփոթեցրեց։ Այլևս ինչպե՞ս կարող էր իրեն ներել։ Մեղավորը ինքն էր։ Ինչպես միշտ, դեռ չմտածած, շփոթության ու երկմտանքի մեջ կորցրել էր այն, ինչ ուզում էր։ Լացակումած երգեց. «Ձեռքերիս մատների ծայրերը կոշտացել են...»։

Հանկարծ, ինչպես մարդ, որ փրկվել է ծովի հատակի մամուռների միջից, իրեն ազատված զգաց։ Գետինը ոտքերի տակ անհարթ էր թվում, և այլևս բոլոր կողմերից մարդկանց մեջ չէր սեղմված․ քամու շունչը զգաց պարանոցի վրա։ Հեղեղի պես բազմությունը հոսում էր, իսկ ինքը մենակ էր մնացել՝ մանր քարերի մի կույտի վրա։ Այդ ժամանակ, անհավատության մեջ, տեսավ կնոջը, որ թեք ընթացքով առաջ էր գնում և դեռ ոչ մի կերպ չէր կարգավորել իր սրբիչը։ Նրա ոսկեգույն բազուկը ձգվում էր, արմունկի մոտ ծալվում և թաքնվում սպիտակ, մետաքսանման սրբիչի տակ։ Բազկի մկանի կողքին ջրծաղիկի հետքն էլ կար, բայց հեռվից չէր նկատվում։ Այդ հավերժական հաճույքը բացահայտելու համար հայացքը հառեց կնոջը։ Սիրտն ավելի արագ բաբախեց, քաղցր թմրություն սահեց այտերի վրայով, կոպերը թրթռացին, և զգաց, որ ականջի բլթակը շարժվեց, իսկ գլխի մաշկը ետ քաշվեց։ Այդ պահին, առանց իմանալու, թե որտեղ է, հենվեց մի կոշտ սյան և նստեց մանր քարերի կույտին։ Հոգնածությունից նստեց ու սպասեց, որ կինը գլուխը ետ շրջի։ Նա գիտեր, որ կինը կշրջվի։ Ձեռքերը առաջ մեկնեց և ասաց. «Քույր ջան, ես անասուն չեմ, ես շոգել եմ, ես ծարավ եմ, ես ուզում եմ թաց տերևների տակ քնել»։

Կինը խոժոռվեց ու կանգնեց նրա դիմաց։ Ուզում էր քարերը նետել, բայց երկմտում էր։ Չէր ուզում կամ չէր կարող նետել։ Բազմության հետ գնաց, կես շրջան կատարեց և վերջապես կանգնեց ուղիղ նրա դիմաց։ Ինչպես մյուսները, յոթ քարերը յոթ անգամ նետեց նրա վրա ու հեռացավ։

Պարսկերենից թարգմանեց՝ Անի Հովսեփեանը

 

[1] Ուխտագնացության ժամանակ Ջամարաթներին քարեր նետելու ծեսը։ Ջամարաթները Մինայի հովտում գտնվող երեք սյուներն են, որոնց վրա ուխտավորները քարեր են նետում՝ խորհրդանշականորեն պայքարելով սատանայի դեմ։

[2] Հհայկական ժողովրդական հեքիաթում հանդիպող մի պատմություն, որտեղ հողագործը անտեսում է լորիկի կյանքն ու ճակատագիրը։

[3] Ուխտավորների կողմից հագնվող պարզ, բաց կոշիկ, որը սովորաբար չի ծածկում ոտքի վերին մասը։

[4] «Մին շառռի ալ-վասվաս ալ-խաննաս»՝ Թաքուն շշնջացողի չարից, որը հետ է քաշվում։

[5] Ուխտավորի արձագանքն է Աստծո կանչին՝ «Ահա ես, Տե՛ր, եկել եմ և պատրաստ եմ ծառայելու Քեզ։

494
Սեպտեմբեր 25, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: