Ամսվա վերջին երեքշաբթի օրը լուսադեմի ավտոբուսը` դեռևս միացված լապտերներով, բրիտանական հյուպատոսության դարպասների մոտ բերեց օրիորդ Ռեհանային։ Այն ժամանեց՝ փոշու ամպ բարձրացնելով և անծանոթների հայացքներից թաքցնելով օրիորդի գեղեցկությունը, մինչ նա իջնում էր ավտոբուսից։ Ավտոբուսն ամբողջությամբ զարդարված էր փայլուն բազմագույն արաբանախշերով: Առջևի մասում կանաչ ու ոսկեգույն տառերով գրություն կար՝ «Առա՛ջ, սիրելիս», իսկ հետևի մասում՝ «Տատա-Բատա» և «Գեղեցիկ կյանք»։ Օրիորդ Ռեհանան ասաց վարորդին, որ ավտոբուսը գեղեցիկ է, և նա դուրս ցատկեց, օրիորդի համար բացեց դուռը՝ թատերականորեն գլուխ տալով, մինչ նա իջնում էր։

Օրիորդ Ռեհանան մեծ, սև և այնքան պսպղուն աչքեր ուներ, որ սուրմայի կարիք անգամ չկար, և երբ խորհրդատվական փորձագետ Մուհամմեդ Ալին տեսավ դրանք, վերստին երիտասարդացավ։ Պայծառացող լույսի ներքո Մուհամմեդ Ալին նայում էր՝ ինչպես է օրիորդ Ռեհանան մոտենում հյուպատոսության դարպասները հսկող փայլուն կոճակներով խակի համազգեստ հագած և կոկարդով[1] չալմա կրող մորուքավոր լալային[2] և հարցնում, թե երբ են բացվելու։ Լալան, որ սովորաբար այնքան կոպիտ էր երեքշաբթի օրերին հյուպատոսություն եկող կանանց հետ, օրիորդ Ռեհանային գրեթե քաղաքավարի պատասխանեց։

-Կես ժամից, - քթի տակ ասաց նա։ - Հնարավոր է երկու ժամից։ Ո՞վ իմանա։ Սահիբները[3] նախաճաշում են։

Ավտոբուսի կանգառի և հյուպատոսության միջև գտնվող փոշոտ հրապարակն արդեն լի էր կանանցով, որոնց դեմքերը քողարկված էին, և նրանցից քչերն էին երեսբաց, ինչպես որ օրիորդ Ռեհանան։ Նրանք բոլորը վախեցած տեսք ունեին և ծանրորեն կախվել էին հորեղբայրների կամ եղբայրների թևերից, որոնք փորձում էին համարձակ երևալ։

Մուհամմեդ Ալին, որ մասնագիտացել էր ամենշաբաթյա այդ այցելուներից ամենախոցելի տեսք ունեցողներին խորհուրդ տալու մեջ, զգաց, որ ոտքերն իրեն տանում են այդ անծանոթ, սև աչքերով և ինքնավստահ աղջկա մոտ։

-Օրիո՛րդ, - սկսեց նա։ - Եկել եք Լոնդոն մեկնելու անցագիր ստանալու, այնպես չէ՞։

Նա կանգնած էր խուլ քաղաքի հրապարակի անկյունում գտնվող տաք ուտեստների կրպակի մոտ՝ գոհունակությամբ չիլի-պակորաներ[4] ծամելով։ Օրիորդ Ռեհանան շրջվեց, որպեսզի նայի նրան, և այդքան մոտ տարածությունից նրա աչքերը Մուհամմեդ Ալիի ներսը տակնուվրա արեցին։

-Այո՛։ Եկել եմ անցագիր ստանալու։

-Այդ դեպքում, խնդրում եմ, թո՛ւյլ տվեք մի խորհուրդ տալ Ձեզ։ Համեստ վճարի դիմաց միայն։

Օրիորդ Ռեհանան ժպտաց։

-Լավ խորհուրդն ավելի արժեքավոր է, քան սուտակը, - ասաց նա։  - Բայց, ավա՜ղ, վճարել չեմ կարող։ Որբ եմ, Ձեր այդ հարուստ լեդիներից չեմ։

-Ճերմակած մազերիս հավատացե՛ք, - պնդեց Մուհամմեդ Ալին։ - Խորհուրդս փորձով է կոփված։ Այն Ձեզ անպայման պետք կգա։

Օրիորդը տարուբերեց գլուխը․

-Ասացի, չէ՞, որ աղքատ եմ։ Այստեղ այնքան կանայք կան, որոնց արական սեռի ներկայացուցիչներ են ուղեկցում, որոնք լավ գումարներ են վաստակում։ Նրա՛նց մոտ գնացեք։ Լավ խորհուրդը պետք է շատ փող բերի։

«Խելագարվում եմ», - մտածեց Մուհամմեդ Ալին, որովհետև լսեց՝ ինչպես է իր ձայնն ինքն իր սեփական կամքով ասում օրիորդ Ռեհանային․

-Օրիո՛րդ, ճակատագիրն է ինձ Ձեզ մոտ բերել։ Ի՞նչ արած։ Մեր հանդիպումն ի վերուստ էր գրված։ Ինքս էլ հարուստ չեմ, բայց Ձեզ առանց վճարի խորհուրդ կտամ։

Օրիորդը կրկին ժպտաց․

-Այդ դեպքում անպայման պետք է լսեմ։ Երբ ճակատագիրը նվեր է ուղարկում, մարդու բախտը ևս բացվում է։

Մուհամմեդ Ալին ուղեկցեց նրան խուլ քաղաքի իր սեփական յուրահատուկ անկյունում գտնվող փայտե ցածր սեղանիկի մոտ։ Օրիորդ Ռեհանան հետևեց նրան՝ շարունակելով պակորաներ ուտել թերթի տոպրակից։ Ոչ մի հատ պակորա ուղեկցին չհյուրասիրեց։

Մուհամմեդ Ալին բարձ դրեց փոշոտ գետնին․

-Խնդրեմ, նստե՛ք։

Օրիորդ Ռեհանան արեց այնպես, ինչպես խնդրեց նա։ Մուհամմեդ Ալին, ոտքերը խաչած, նստեց սեղանիկի հակառակ կողմում՝ օրիորդ Ռեհանայի դիմաց՝ զգալով, թե ինչպես են երկու կամ երեք դյուժին տղամարդկային աչքեր նախանձով հետևում իրեն և սիրավառ հայացքներ գցում երիտասարդ գեղեցկուհու վրա, որին հմայել էր ճերմակ մազերով ծեր խաբեբան։ Մուհամմեդ Ալին խոր շունչ քաշեց, որպեսզի հանգստանա։

-Ձեր անունը, խնդրեմ։

-Օրիորդ Ռեհանա, - ասաց նա։ - Մուստաֆա Դարի հարսնացուն եմ, որն ապրում է Լոնդոնում՝ Բրեդֆորդում։

-Անգլիայում՝ Բրեդֆորդում, - նրբանկատորեն ուղղեց նրան Մուհամմեդ Ալին։ - Լոնդոնն այնպիսի քաղաք է, ինչպիսիք են Մուլտանը[5] կամ Բահավալպուրը[6]: Անգլիան մեծ տերություն է, որը լի է աշխարհի ամենասառը ձկներով։

-Հասկանալի է։ Շնորհակալություն, - լուրջ պատասխանեց օրիորդը՝ այնպես, որ Մուհամմեդ Ալին կասկածեց, թե նա ծաղրում է իրեն։

-Հարցաթերթիկը լրացրե՞լ եք։ Թո՛ւյլ տվեք տեսնել այն, խնդրում եմ։

Օրիորդ Ռեհանան խնամքով ծալված մի փաստաթուղթ փոխանցեց նրան, որը դրված էր շագանակագույն ծրարի մեջ։

-Ամեն ինչ կարգի՞ն է, - առաջին անգամ անհանգստության ելևէջներ լսվեցին նրա ձայնում։

Մուհամմեդ Ալին ափով թեթև թփթփացրեց սեղանիկին՝ համարյա դիպչելով օրիորդ Ռեհանայի ձեռքին:

-Անշո՛ւշտ, - ասաց նա։ - Սպասե՛ք, հիմա կստուգեմ։

Օրիորդ Ռեհանան կերավ, վերջացրեց պակորաները, մինչ Մուհամմեդ Ալին ստուգում էր նրա թղթերը։

-Գերազանց է, - վերջապես ասաց նա։ - Ամեն ինչ կարգին է։

-Շնորհակալ եմ Ձեր խորհրդի համար, - ասաց օրիորդ Ռեհանան՝ պատրաստվելով վեր կենալ։ - Հիմա գնամ ու դարպասի մոտ սպասեմ։

-Ի՞նչ եք կարծում, - բացականչեց Մուհամմեդ Ալին՝ մատով կտկտացնելով ճակատին։ - Մտածում եք՝ ամեն ինչ այդքան հե՞շտ է։ Ուղղակի կտաք հարցաթերթիկն ու, օ~հ, նրանք, լայն ժպտալով, անցագիրը Ձե՞զ կհանձնեն։ Օրիո՛րդ Ռեհանա, կասեմ Ձեզ, որ ավելի վատ տեղ եք պատրաստվում մտնել, քան ոստիկանական բաժանմունքն է։

-Իրոք այդպե՞ս է:

Մուհամմեդ Ալիի հռետորական արվեստն արեց իր գործը։ Այժմ օրիորդ Ռեհանան գերված ունկնդիր էր, և նա կարող էր մի քանի վայրկյան ավելի երկար նայել օրիորդին։

Եվս մեկ անգամ հանգստացնող շունչ քաշելով՝ Մուհամմեդ Ալին սկսեց իր խոսքը։ Նա օրիորդ Ռեհանային ասաց, որ սահիբները կարծում են, թե բոլոր կանայք, որոնք գալիս են երեքշաբթի օրերին և հայտարարում են, որ իրենց փեսացուները Լութոնում[7] ավտոբուսի վարորդներ կամ դիպլոմավորված հաշվապահներ են Մանչեսթերում[8], խարդախ և խաբեբա են։

Օրիորդ Ռեհանան վրդովվեց․

-Այդ դեպքում ամեն ինչ կպատմեմ նրանց, և նրանք կհասկանան, որ ես այդպիսին չեմ։

Նրա անմեղությունը ստիպեց Մուհամմեդ Ալիին վախից դողալ նրա համար։ Մուհամմեդ Ալին ասաց, որ նա ճնճղուկ է, իսկ նրանք շահեններ են, որոնց աչքերը վեղարով ծածկված են։ Բացատրեց, որ անձնական հարցեր են տալու, այնպիսի հարցեր, որ նույնիսկ եղբայրը քրոջը կամաչի տալ։ Հարցնելու են՝ արդյոք կույս է, իսկ եթե ոչ, ապա ինչպիսի սովորություններ ունի նրա փեսացուն անկողնում, և ինչ գաղտնի մականուններ են հորինել միմյանց համար։

Մուհամմեդ Ալին դիտավորյալ էր դաժանաբար խոսում, որպեսզի նվազագույնի հասցներ օրիորդի շոկը, որ նա կապրեր, եթե դա կամ նման մի բան իրոք տեղի ունենար։

Մուհամմեդ Ալին շարունակեց․

-Նրանք կհարցնեն, թե քանի սենյակ ունի ձեր ընտանեկան բնակարանը, ինչ գույնի են դրա պատերը, և երբ եք աղբը թափում։ Կհարցնեն Ձեր փեսացուի մոր հորեղբոր թոռնորդու մորաքրոջ խորթ դստեր հայրանունը։ Եվ այս բոլոր բաները նրանք Բրեդֆորդում արդեն հարցրել են Ձեր Մուստաֆա Դարին։ Եվ եթե նույնիսկ մեկ սխալ անեք, Ձեր վերջը եկել է։

-Պարզ է, - ասաց նա, և Մուհամմեդ Ալին լսեց՝ ինչպես է նա կարգավորում ձայնը։ - Եվ ի՞նչ խորհուրդ կտաք, ծերո՛ւկ։

Սովորաբար հենց այստեղ էր, որ Մուհամմեդ Ալին սկսում էր համառորեն շշնջալ՝ նշելով, որ հյուպատոսությունում աշխատող մի լավ մարդու է ճանաչում, որի միջոցով համապատասխան վճարի դիմաց կարելի էր ստանալ բոլոր անհրաժեշտ թղթերը՝ հավաստագրված անձանց կնիքներով։ Գործերը լավ էին գնում, որովհետև կանայք հաճախ հինգ հարյուր ռուփի էին վճարում նրան կամ ոսկյա թևնոց էին տալիս իր չարչարանքների համար ու երջանիկ հեռանում։

Նրանք հեռվից էին գալիս՝ հարյուրավոր մղոններ այն կողմ գտնվող վայրերից (սովորաբար, մինչև խարդախություններ անելը, այդ ամենը ճշտում էր), այնպես որ երբ բացահայտեին, որ իրենց խաբել էին, դժվար թե վերադառնային։ Մեկնում էին Սարդոգհա[9] կամ Լալուքետ[10], սկսում էին հավաքել իրենց իրերը, և ո՜վ գիտի, թե որ պահին էին իմանում, որ իրենց խաբել էին, բայց ամեն դեպքում արդեն չափազանց ուշ էր լինում։

Կյանքը դժվար բան է, և ծերուկը ստիպված էր ապրուստը խորամանկություններով վաստակել։ Մուհամմեդ Ալին չպետք է կարեկցանք զգար այդ երեքշաբթիօրյա կանանց հանդեպ։

Բայց ևս մեկ անգամ Մուհամմեդ Ալիի ձայնը դավաճանեց իրեն, և իր սովորական խոսքն ասելու փոխարեն, սկսեց իր մեծագույն գաղտնիքը բացահայտել օրիորդ Ռեհանային։

-Օրիո՛րդ Ռեհանա, - ասաց նրա ձայնը, իսկ Մուհամմեդ Ալին զարմանքով լսում էր այն, - Դուք եզակի մարդ եք՝ թանկագին գոհար, և ես Ձեզ համար կանեմ այն, ինչ հավանաբար հարազատ դստերս համար չէի անի։ Մի փաստաթուղթ ունեմ, որ միանգամից կարող է լուծել Ձեր բոլոր խնդիրները։

-Եվ ո՞րն է այդ կախարդական թուղթը, - հարցրեց նա, և այս անգամ նրա աչքերն անկասակած ծաղրում էին Մուհամմեդ Ալիին։

Մուհամմեդ Ալիի ձայնը է՛լ ավելի ցածրացավ․

-Օրիո՛րդ Ռեհանա, բրիտանական անձնագիր է։ Կատարելապես իսկական է։ Մի լավ ընկեր ունեմ, որը կգրի Ձեր անունն ու կփակցնի Ձեր լուսանկարը, և գործն արված է, բարի գալուստ Անգլիա։

Մուհամմեդ Ալին ասաց դա։

Այդ օրը՝ նրա խելագարության օրը, անհնարին բան չկար։ Հավանաբար այդ փաստաթուղթը անվճար կտա օրիորդ Ռեհանային, իսկ հետո ամբողջ տարի գլխին կտա:

«Հիմա՛ր ծերուկ, - ինքն իրեն կշտամբում էր Մուհամմեդ Ալին։ - Ամենատարեց հիմարները ամենաերիտասարդ աղջիկներով են զմայլվում»։

-Թո՛ւյլ տվեք հասկանալ Ձեզ, - ասաց օրիորդ Ռեհանան։ - Առաջարկում եք ինձ հանցա՞նք գործել․․․

-Հանցանք չէ, - ընդհատեց Մուհամմեդ Ալին։ - Արագացնել գործընթացը։

-․․․ և ապօրինի մեկնել Լոնդոն՝ Բրեդֆորդ, ու այդպիսով արդարացնել հյուպատոսության սահիբների ցածր կարծիքը մեր բոլորի մասի՞ն։ Ծեր բաբուջի[11], դա վատ խորհուրդ է։

-Բրեդֆորդ՝ Անգլիա, - Մուհամմեդ Ալին տխուր ուղղեց նրան։ - Չպետք է ընծաս նման ոգով ընդունեք։

-Այդ դեպքում ինչպե՞ս։

-Բիբի[12]՛, ես աղքատ մարդ եմ, և հանուն Ձեր գեղեցկության եմ անում այդ նվերը։ Մի՛ թքեք դրա վրա։ Վերցրե՛ք այն։ Կամ էլ մի՛ վերցրեք, գնացե՛ք տուն, մոռացե՛ք Անգլիան, միայն թե մի՛ մտեք այդ շինությունն ու մի՛ կորցրեք Ձեր արժանապատվությունը։

Բայց օրիորդ Ռեհանան արդեն ոտքի էր կանգնել, նրան մեջքով շրջվել ու գնում էր դարպասների մոտ, որտեղ կանայք սկսել էին խմբվել, իսկ լալան հորդորում էր նրանց հանգստություն պահպանել, այլապես ոչ ոքի չէին ընդունի։

-Ուրեմն հիմա՛ր եղիր, - նրա հետևից բղավեց Մուհամմեդ Ալին։ - Ի՞նչ պետք է պատահի հորս, եթե այդպես է (այսինքն՝ նրան ի՞նչ)։

Օրիորդ Ռեհանան չշրջվեց։

-Սա մեր ժողովրդի դժբախտությունն է, - ճչաց Մուհամմեդ Ալին։ - Մենք աղքատ ենք, տգետ ենք և բացարձակապես չենք ցանկանում սովորել։

-Հե՜յ, Մուհամմե՜դ Ալի, - ձայն տվեց նրան թմբուլ[13] վաճառող կինը։ - Ափսո՜ս, որ նա երիտասարդներին է նախընտրում։

Այդ օրը Մուհամմեդ Ալին հյուպատոսության դարպասների դռների մոտ կանգնելուց բացի ոչինչ չարեց։ Բազմիցս ինքն իրեն նախատում էր․ «Հեռացի՛ր այստեղից, ծե՛ր հիմար, լեդին այլևս չի ցանկանա խոսել քեզ հետ»։ Բայց երբ օրիորդ Ռեհանան դուրս եկավ, Մուհամմեդ Ալին դեռ սպասում էր։

-Սալամ[14], խորհրդատու վալլահ[15], - ողջունեց նրան օրիորդ Ռեհանան։

Օրիորդը հանգիստ էր թվում, և կրկին խաղաղությամբ էր տրամադրված Մուհամմեդ Ալիի հանդեպ, և վերջինս մտածեց․ «Աստված իմ, Ալլահ[16] ջան, նա արեց դա։ Բրիտանացի սահիբները նույնպես անձնատուր են եղել նրա աչքերին, և նա ստացել է Անգլիա մուտք գործելու իր անցագիրը»։

Մուհամմեդ Ալին հույսով լի ժպտաց օրիորդ Ռեհանային։ Վերջինս առանց որևէ անհանգստության ժպտաց նրան ի պատասխան։

-Օրիո՛րդ Ռեհանա Բեգամ[17], - ասաց Մուհամմեդ Ալին, - շնորհավորում եմ, աղջի՛կս, Ձեր հաղթական ժամի առթիվ։

Հանկարծ օրիորդ Ռեհանան թևանցուկ արեց նրան։

-Գնա՛նք, - ասաց օրիորդը։ - Թո՛ւյլ տվեք Ձեզ համար պակորա գնել, և այդպիսով շնորհակալություն հայտնել Ձեր արժեքավոր խորհրդի համար և ներողություն խնդրել կոպտությանս համար։

Կանգնած էին հյուպատոսության և մեկնելու պատրաստվող ավտոբուսի միջև գտնվող փոշոտ հրապարակում։ Կուլիները[18] ավտոբուսի տանիքին էին կապում անկողնային պարագաների փաթեթագլանները։ Շրջիկ փերեզակը բղավում էր ուղևորների վրա՝ փորձելով նրանց սիրային պատմվածքներ ու կանաչ դեղահաբեր վաճառել, որոնք դժբախտություն էին վանում։ Օրիորդ Ռեհանան և երջանիկ Մուհամմեդ Ալին իրենց պակորաները ուտելուց հետո նստել էին ավտոբուսի դիմացի ցեխապաշտպան վահանակի, այսինքն՝ հարվածամեղմիչի[19] վրա։ Խորհուրդների ծեր փորձագետը սկսեց կիսաձայն սուլել մի ֆիլմի սաունդթրեքի մեղեդին։ Ցերեկվա շոգը մեղմացավ։

-Նշանադրություն էր՝ ըստ նախնական համաձայնության, - անսպասելի ասաց օրիորդ Ռեհանան։ - Ինը տարեկան էի, երբ ծնողներս կնքեցին այն։ Մուստաֆա Դարը այդ ժամանակ արդեն երեսուն տարեկան էր, բայց հորս այնպիսի մեկն էր պետք, ով հոգ կտաներ իմ մասին այնպես, ինչպես ինքը, իսկ Մուստաֆային լրջմիտ մարդ էր համարում։ Հետո ծնողներս մահացան, Մուստաֆա Դարը մեկնեց Անգլիա, բայց խոստացավ, որ հետո ինձ նույնպես կկանչի իր մոտ։ Շատ տարիներ առաջ էր դա։ Մուստաֆա Դարի լուսանկարն ունեմ, բայց նա օտար է ինձ։ Նույնիսկ նրա ձայնն է օտար, հեռախոսով չեմ ճանաչում այն։

Նման խոստովանությունն անակնկալի բերեց Մուհամմեդ Ալիին, բայց գլխով էր անում՝ հույս ունենալով, որ իմաստուն տեսք ունի։

-Այնուամենայնիվ, - ասաց նա, - ծնողները երեխայի շահերից ելնելով են գործում։ Լավ և ազնիվ մարդ են գտել Ձեզ համար, որն իր խոսքի տերն է եղել ու Ձեզ իր մոտ է կանչել։ Հիմա նրան ճանաչելու ու սիրելու համար մի ամբողջ կյանք կա Ձեր առաջ։

Այժմ Մուհամմեդ Ալին շփոթված էր այն դառնության պատճառով, որ համակել էր օրիորդ Ռեհանայի ժպիտը։

-Բայց, ծերո՛ւկ, ինչո՞ւ եք արդեն իրերս հավաքել և ուղարկում ինձ Անգլիա, -հարցրեց նա։

Մուհամմեդ Ալին ցնցված ոտքի կանգնեց։

-Դուք այնքան երջանիկ տեսք ունեիք, որ ես ուղղակի ենթադրեցի․․․ ներողություն եմ խնդրում, բայց ի՞նչ է, նրանք Ձեզ մերժե՞լ են։

-Նրանց բոլոր հարցերին սխալ եմ պատասխանել, - ասաց օրիորդ Ռեհանան։ - Խալը սխալ այտին եմ դրել, լոգասենյակն ամբողջությամբ վերաձևավորել եմ, ամեն ինչ թարս ու շիտակ եմ արել, հասկանո՞ւմ եք։

-Բայց ի՞նչ անենք։ Ինչպե՞ս եք մեկնելու։

-Այժմ Լահոր[20] կվերադառնամ՝ աշխատանքիս։ Մի մեծ տանն եմ աշխատում որպես երեք լավ տղաների այա[21]։ Նրանք կտխրեին, եթե հեռանայի։

-Բայց դա աղե՜տ է, - սրտնեղեց Մուհամմեդ Ալին։ - Օ՜, ինչպե՜ս էի աղաչում, որ ընդունեիք առաջարկս։ Բայց ափսոսանքով ասում եմ, որ այժմ դա հնարավոր չէ։ Հիմա նրանք Ձեր հարցաթերթիկը կկցեն գործին, կարող են խաչաձև ստուգում անցկացնել, այդ դեպքում նույնիսկ անձնագիրը բավական չի լինի։ Ամեն ինչ կորած է․ այնքան հեշտ կլիներ, եթե խորհուրդը ճիշտ ժամանակին ընդունված լիներ։

-Չեմ կարծում, - ասաց օրիորդ Ռեհանան։ - Իրոք չեմ կարծում, որ սրտնեղելու առիթ ունեք։

Օրիորդ Ռեհանայի վերջին ժպիտը, որին Մուհամմեդ Ալին նայում էր՝ հրապարակում կանգնած, մինչ փոշու ամպը այն չվարագուրեց ավտոբուսի հետ միասին, ամենաերջանիկ բանն էր, որ նա տեսել էր իր երկար, բուռն, ծանր և անսեր կյանքում։

 

[1] Գլխարկի վրա փակցվող մետաղե կլոր կամ ձվաձև նշան՝ գդականիշ, որ կրում էին գլխավորապես զինվորականները և պետական պաշտոնյաները:

[2] Պարոն (հնդկերեն)։

[3] Գաղութային Հնդկաստանում եվրոպացուն անվանելու և դիմելու քաղաքավարի ձև։

[4] Հնդկական տաք ուտեստ։

[5] Քաղաք Պակիստանի Փենջաբ նահանգում։

[6] Սաթլեջ գետի հարավում՝ Հոլիստան անապատի եզրին՝ Փենջաբի պակիստանյան հատվածում գտնվող  քաղաք։

[7] Քաղաք Անգլիայում՝ Բեդֆորդշիր կոմսության հարավային մասում։

[8] Քաղաք և մունիցիպալ շրջան Մեծ Բրիտանիայի կենտրոնական մասում։

[9] Քաղաք Պակիստանի Փենջաբ նահանգում։

[10] Քաղաք Պակիստանում։

[11] Պապիկ, ծերուկ (հնդկերեն)։

[12] Մադամ, տիկին (հնդկերեն):

[13] Պղպեղազգիների ընտանիքին պատկանող արևադարձային փաթաթվող բույս, որի կծվահամ տերևները ծամում են:

[14] Մահմեդականների ողջույնի ձև:

[15] Որոշակի պարտականությունների տեր մարդ։

[16] Աստծո անունը մահմեդականության մեջ։

[17] Ազնվատոհմ կնոջ տիտղոս և դիմելաձև մահմեդական երկրներում և Հարավային Ասիայի որոշ շրջաններում։

[18] Եզրույթ, որը կիրառվում էր վարձու բանվորների, բատրակների համար, որոնց որպես էժան աշխատուժ  XVII դարից մինչև  XX դարի սկիզբը եվրոպացիները Հնդկաստանից և Չինաստանից տանում  էին ամերիկյան և աֆրիկյան գաղութներ։

[19] Ամորտիզատոր։

[20] Քաղաք Պակիստանի հյուսիս-արևելքում, Ռավի գետի ձախ ափին։

[21] Դայակ (հնդկերեն)։

 

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

Լուսանկարը՝ time.com-ի

  • Hits: 4213

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: