Ռոշանաքը վեց տարեկան էր, երբ գործել սովորեց: Մի օր տատը, որ տարիներ շարունակ մի մեծ ու երփներանգ ծածկոց էր գործում, ասաց.
- Աղջի՛կ ջան, չարություն անելու փոխարեն նստիր ու էս ծաղիկներից գործիր: Ծաղիկներն իրար կկպցնենք ու ծածկոցն ավելի շուտ կավարտենք:
Ռոշանաքը քարկտիկի քարերը մի կողմ նետեց, նստեց տատի կողքին ու սկսեց ծաղիկներ հյուսել՝ սպիտակ, կարմիր, բիլ, կանաչ ու վարդագույն ծաղիկներ:
Առաջին ծաղիկները ծուռտիկ-մուռտիկ էին ու տգեղ, բայց տատն ասում էր.
- Բան չկա, սրանք ծածկոցի տակի հատվածում կթողնենք, որ չերևան:
Երբ դպրոց գնաց, տառերը սովորելու հարցում խնդիր չունեցավ: «آ»[1]-ը մի ուղիղ թել էր, որ դուրս էր գալիս հատերի միջից, «ب»[2]-ն էլ՝ այն թելը, որ ձգում էր հատին կպցնելու համար: «ج», «چ», «ح», «خ»[3] տառերի կորերն ավելի հեշտ էին ստացվում, քան ծածկոցի ծաղիկների թերթիկները: Ռոշանաքն այդ տարի գերազանցիկ էր, երկրորդ դասարանում էլ... մյուս բոլոր դասարաններում էլ:
Գործած ծաղիկներն արդեն սիրուն էին ու համաչափ, բայց տատն ասում էր.
- Դեռ ծածկոց գործելու մեջ չես հմտացել: Դրա համար պետք է ամենագեղեցիկ ծաղիկը հյուսենք:
Եվ ինքն էլ այնքան սիրուն ծաղիկներ էր գործում, որ Ռոշանաքն ապշած էր մնում:
Տատ ու թոռ գործում էին ու զրուցում: Ավելի շատ տատն էր խոսում, Ռոշանաքը լսում էր: Երկար, նոսր ու ճերմակ վարսերը զույգ ծամկալներով գլխին հավաքած տատը՝ ձմեռները՝ բրդե, ամռանն էլ՝ շղարշե գլխաշորով, ոսկրոտ մարմնով դեպի անցյալն էր ճամփորդում ու թոռանն էլ տանում իր հետ: Տատի հայրական տուն էին գնում հասնում, որի սալարկված մեծ բակը շրջապատված էր անթիվ սենյակներով: Բակի լողավազանի մոտ սոսու մի ծառ կար, որը, տատի ասելով, իր տատն էր տնկել: Տատը տան մեջ ման էր գալիս, խոսում տնեցիների հետ, Ռոշանաքին որոշ բաներ ցույց տալիս, տնեցիների արկածներից պատմում... և Ռոշանաքը տեսնում էր տատին այնպիսին, ինչպիսին այն ժամանակ՝ երիտասարդ, ամոթխած, գեղեցիկ ու լավ պատմություններ պատմող:
Եվ ծածկոցը մեծանում էր ու մեծանում, իսկ տատ ու թոռ միմյանց չէին էլ հարցնում՝ ինչ չափի պետք է այն լինի:
***
Ռոշանաքը դպրոցի վերջին դասարանում էր, երբ տատը մահացավ: Մահից առաջ նարինջ ուզեց: Ամառ էր, ու նարինջ չէր ճարվում. ձմերուկ բերեցին: Կերավ, ասաց. «Ի՜նչ քաղցր նարինջ է» ու մեռավ:
***
Տատի յոթ ու քառասունքից հետո Ռոշանաքը նրա սենյակ գնաց: Ծածկոցը հատակի կեսը ծածկել էր: Վերջին ծաղկից մի թերթիկ էր պակասում: Ռոշանաքը ծաղիկն ավարտեց ու սկսեց ուրիշ ծաղիկ գործել:
Տատից հետո հարյուրքառասուներորդ ծաղիկն էր գործում, երբ լսվեց դռան զանգի ձայնը, մի քանի րոպեից էլ՝ մոր ձայնը.
- Ռոշանա՛ք, հյուր ունենք. թեյ բեր:
***
Ռոշանաքը թեյ տարավ...
***
Տասը տարվա կնիկ ես, դեռ թեյ բերել էլ չես սովորել. թափում ես սինու մեջ, ինչպես առաջին օրը,- հանդիմանեց ամուսինը:
Ռոշանաքը նորածնին գրկեց ու սենյակից դուրս գնաց: Գրասեղանի վրայից նրան ուղեկցեցին երկու աղջիկների վախվորած հայացքները:
Երփներանգ ծաղիկներով ծածկոցը նկուղում գցած էր: Ռոշանաքը երեխային մեղմորեն դրեց ծածկոցին, որի մի ծայրով ծածկեց երեխային ու հելյունը մտցրեց ծածկոցի մյուս ծայրը:
***
Ամուսնու ապահարզան տալու օրը երեք աղջիկներն իրարանցում սարքեցին.
- Օր ծերության տղա՜ է ուզում:
- Օր ծերության տղա՞ է ուզում:
- Օր ծերության տղա՛ է ուզում:
Ռոշանաքը ո՛չ բղավեց, ո՛չ էլ լաց եղավ: Աստիճաններով ներքև իջավ ու նկուղ մտավ: Ծածկոցի ծաղիկներից մեկն անավարտ էր մնացել: Հելյունը ձեռքն առավ: Հետո ցած գցեց: Հելյունը գետնի վրա մի քանի անգամ դեսուդեն ընկավ ու անշարժացավ: Ռոշանաքը ծածկոցը բացեց, բացեց... բացեց: Ծածկոցը ողջ նկուղը ծածկեց: Ռոշանաքը քայլեց ծաղիկների միջով: Տեսավ տատի առաջին ծաղիկները, որ այդքան էլ գեղեցիկ չէին, հետո նկատեց ավելի գեղեցիկները: Մի քանի ծաղիկ իրեն անծանոթ էին, և հիշեց, որ տատն ասում էր. «Սրանք մայրդ է գործել: Երբեք գործելու շնորհք չունեցավ»:
Հետո իր ծաղիկներին հանդիպեց. առաջին ծաղիկները՝ համեստ ու ամոթխած, ապա՝ նուրբ ու փոքրիկ, հետո՝ մեծ ու շքեղ... ու միանման, միանման, միանման, ճիշտ տատի վերջին ծաղիկների նման: Ռոշանաքը հելյունը վերցրեց գետնից:
***
Ռոշանաքն իր երեք աղջիկներից ոչ մեկին երբեք գործել չսովորեցրեց, և նույնիսկ նրա մահվանից տարիներ անց ոչ ոք չիմացավ ու չհարցրեց՝ այն ծածկոցի ծաղիկներն ո՞վ էր գործել՝ Ռոշանա՞քը, թե՞ տատը:
[1] Պարսկերենի առաջին տառն է, կարդացվում է alef:
[2] Երկրորդ տառը պարսկերենում, կարդացվում է be:
[3] Պարսկերենի տառերից են: Կարդացվում են jim, če, he, xe:
Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը
- Hits: 4488