Մոհամմադ Էթթեմադզադեն՝ առավել հայտնի Բեհազին գրական կեղծանվամբ (1914-2006) իրանական ժամանակակից գրականության և թարգմանչության երևելի դեմքերից է։ Ստեղծագործել է պատմվածքների, էսսեների, արձակ բանաստեղծությունների ժանրում։ Նրա ավանդը մեծ է նաև թարգմանությունների մեջ։ Պարսկերեն է թարգմանել համաշխարհային գրականության այնպիսի երևելի դեմքերի ստեղծագործություններ, ինչպիսիք են Շեքսպիրը, Բալզակը, Ռոմեն Ռոլանը, Շոլոխովը և այլք։ Նրա երկերն աչքի են ընկնում իրենց իմաստային խոր փիլիսոփայական հատկությամբ և ճոխ լեզվով։

 

Մռայլ ամպը, ծածկելով հորիզոնը, հոխորտալով առաջ էր շարժվում։ Ծիծեռնակը ճափա էր ելնում, իսկ սոխակը՝ դեռ դայլայլում։ Այգին աշնան երգ ու ձայնով խնդմնդում էր բիլ երկնքին։ Կյանքը դեռ լավն էր․․․      

Քամուց խտացած ամպերը բոլոր կողմերից սկսեցին ասպատակել։ Ծաղիկները գունատվեցին։ Ծառերը դողդղացին։ Տատրակը կուչ եկավ մի անկյունում։ Սոխակը պապնձվեց։ Կիսամերկ այգին աչքը գցել էր դեռ բիլ երկնքի մի կտորին։ 

Քամին ոռնում էր։ Ամպրոմը՝ ատամները շրխկացնում։ Սև ամպը փռվում էր երկնքի վրա և առավել մեծ թափով գլորվում ներքև։ Այգու թոշնած զավակները հողերն էին ընկնում։ Բառերով նկարագրելը մահից փախչել չէր։          

Երկինքն էլ չէր երևում։ Ձյան փաթիլները պտտվելով իջնում էին վար։ Այգին ծածկվում էր սառն ու ճերմակ պատանքով։ Աշխարհիս վրա մի մռայլ լռություն էր ծանրանում։ Միայն ագռավներն էին կռկռում դիակապտների խմբի պես՝ գինովցած իրենց ավարով։        

Բայց այգու ցուրտ սգարանում՝ ծառերի՝ ճերմակով պատված ճյուղերին կամ լճակի սառցակալած մակերեսին սովալլուկ ու մրսած ճնճղուկների մեղեդին էր լսվում․         

Ծը՜լ-վը՜լ, ծը՜լ-վը՜լ, և կգա օրը,
Ձյան պատանքի տակից կհառնի հողը։
Ծը՜լ-վը՜լ, ծը՜լ-վը՜լ, մոտ է այն օրը,
Որ լույսով կժպտա ջերմացնող արևը։
Ծը՜լ-վը՜լ, ծը՜լ-վը՜լ, և կգա գարունը,
Կանաչի միջից կծլի մանուշակը։
Ծը՜լ-վը՜լ, ծը՜լ-վը՜լ, կբացվի բողբոջը,
Էլ չի փախչի մեզնից արեգակը։
Ծը՜լ-վը՜լ, ծը՜լ-վը՜լ, ո՛վ դու ձմեռվա քամի,
Այդ օրը երկինք կկորչես դու մեր հուշերից։

Կինը

Ոտքը ջրում, դեմքն արևին՝ մի ճերմակ ջրաշուշան խնդմնդում էր երկնքին։ Եղյամով ցողված դեմքը հանգիստ էր ու խաղաղ, բայց ճահճի կանաչ խորքերում արմատն ու ցողունը դողդղում էին հազար ու մի թաքուն խրախուսանքով։  

Քո մեջ էլ, ո՜վ կին, որ հան ճահճի ջրաշուշան փթթուն ես ու թարմ, խրախուսանքի հազար ու մի դող եմ ես տեսել․․․

Հերոսը

 Գնա՛, առա՛ջ գնա: Ոտքերիդ ուժով, ծնկներիդ ջանքով, քերծված արմունկներով, արնոտված մատներիդ ծայրերով.... Գնա՛, առա՛ջ գնա: Մի՛ մոռացիր: Պե՛տք է գնաս: Պե՛տք է հասնես: Թե ընկնես էլ, հոգ չէ: Գնա՛, մինչ ուրիշները կգնան, մինչ ուրիշները կհասնեն: Քո ամենածանր բեռը հենց մարմինդ է: Տոկո՛ւն եղիր, մինչ այն, ինչ ներսումդ է, ուժ դառնա.... պայքարի ուժ: Այսօր մի կտոր քարը դժվարությամբ ես գլորում: Կարող են նաև քարը կրծքիդ դնել. ոսկորներդ դրանից կփշրվեն: Հոգ չէ:  Շուտով լեռները տեղից կշարժվեն: Այդժամ դու այն թույլ մարմինը չես լինի, այլ հազար անգամ առավել ուժեղ: Եթե քեզ հաղթեն… լեռներին ե՞րբ են կարողացել հաղթել… Քո պարտությունը պարտություն չէ, բայց հաղթանակդ մարդու հաղթանակի հիմքն է:    

Գնա՛, առա՛ջ գնա: Ո՜վ մենավոր, ո՛վ մարդ Գալիքի:

Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

  • Hits: 3900

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: