Ինչ-որ մեկը գրել էր ինձ՝ խնդրելով ներդրում ունենալ մանկական պատմվածքների ժողովածուում։ Ասացի, որ մանկական պատմվածքներ չեմ գրում, իսկ նա պատասխանեց, որ վերջերս կայացած կոնգրեսի/գրքերի տոնավաճառի/սեմինարի ժամանակ վիպասաններից մեկն ասել էր, թե յուրաքանչյուր գրող գոնե մեկ պատմվածք պետք է գրի երեխաների համար։ Մտածում եմ բացիկ ուղարկելու մասին, որում կասվի, որ ես համաձայն չեմ որևէ բան գրելու այդ «պետք է»-ի հետ։
Իսկ անցյալ գիշեր արթնացա կամ ինչ-որ բան արթնացրեց ինձ, բայց ինքս չգիտեմ, թե ինչը։
Ենթագիտակցության արձանգանքային խցում[1] ծագած ձա՞յն։
Աղմուկ։
Ճռռոց, որ նման է այն ձայնին, երբ փայտե հատակի վրա ամբողջ քաշդ մի ոտքից մյուս ոտքին ես տեղափոխում։ Ականջ դրեցի։ Զգացի, թե ինչպես են կենտրոնացվածությունից լայնանում ականջներս։ Նորից ճռռոց։ Սպասում էի․ սպասում էի, որպեսզի լսեի, թե արդյոք ոտքերը սենյակից սենյակ չեն անցնում՝ միջանցքով բարձրանալով դեպի իմ դուռը։ Ո՛չ պատուհանի ճաղավանդակներ ունեմ, ո՛չ բարձի տակ դրված ատրճանակ, բայց նույն վախերն ունեմ, ինչ այն մարդիկ, որոնք ձեռք են առնում բոլոր այս նախազգուշական միջոցները, իսկ պատուհաններիս ապակիները եղյամի նման բարակ են ու գավաթի նման կարող են կոտրվել։ Անցյալ տարի երկու թաղամաս այն կողմ գտնվող տանը օրը ցերեկով մի կնոջը էին սպանել, իսկ կատաղի շներին, որոնք հսկում էին ծեր, այրի տղամարդուն և նրա հնագույն ժամացույցների հավաքածուն, խեղդել էին, այրուն դանակահարել էր այն աշխատողը, որին վերջինս առանց վճարելու ազատել էր աշխատանքից։
Հայացքս հառել էի դռանը՝ ավելի շատ մտքում պատկերացնելով, քան խավարում տեսնելով այն։ Զոհի նման անշարժ պառկած էի, իսկ սրտիս առիթմիան խույս էր տալիս՝ մե՛րթ բաբախելով կրծքավանդակիս մի կողմում, մե՛րթ՝ մյուս։ Որքա՜ն սրված են քնից նոր արթնացած զգայարանները։ Օրվա եռուզեռի ժամանակ երբեք չէիք կարողանա այդքան ուշադիր լսել, ինչպես հիմա, որսում էի ցանկացած թույլ ձայն՝ որոշելով և դասասկարգելով դրա հնարավոր վտանգները։
Բայց հասկացա, որ ո՛չ սպառնալու, ո՛չ գթալու էին ինձ։ Հատակի տախտակներին ոչ մի մարդկային քաշի ճնշում էլ չկար, ճռռոցը ճկվածք էր, լարման էպիկենտրոն։ Ես դրա մեջ էի։ Տունը, որ շրջապատում էր ինձ, մինչ քնած էի, փորած հողի վրա է կառուցված․ անկողնուս ներքևում հատակը, տան հիմքը, հանքախորշերը և ոսկու հանքարանների անցումները խոռոչ են բացել, և երբ երեք հազար ոտնաչափ խորության վրա մի քանի քարեր ցնցվում են, պոկվում և ընկնում, ամբողջ տունը թեթևակի տեղաշարժվում է՝ հավասարակշռության տագնապալի լարվածություն և ինձ շրջապատող ողջ կառույցը պահող աղյուսի, ցեմենտի, փայտի և ապակու հակակշիռ առաջացնելով։ Սրտիս զարկերը լռեցին, ինչպես այն փայտե քսիլոֆոններից մեկի խուլ նվագները, որոնք պատրաստել էին չոփի և տսոնգա[2] գաղթական հանքափորները, որոնք այդ պահին կարող էին դեռ այնտեղ՝ ներքևում՝ իմ տակ՝ հողի մեջ լինել։ Հանքահորը, որտեղ գտնվում էր փոսը, կարող էր լքված լինել, իսկ ջուրը կաթեր դրա ճեղքված հանքերակներից, կամ էլ այնտեղ՝ ամենախորը դամբարաններում մարդիկ կարող էին թաղված լինել։
Չէի կարողանում այնպես դիրքավորվել, որպեսզի բանականությունս հանգիստ թողներ մարմինս, և նորից կարողանայի քնել։ Այդպես սկսեցի ինքս ինձ պատմություն պատմել, այնպիսի պատմություն, որը քնելուց առաջ են պատմում։
Քաղաքում՝ արվարձանում՝ տանը ամուսիններ էին ապրում, որոնք շատ էին սիրում միմյանց և ապրում երկար ու երջանիկ։ Որդի ունեին, որին շատ էին սիրում։ Շուն և կատու ունեին, որոնց փոքրիկ տղան շատ էր սիրում։ Մեքենա ունեին և անվավոր շարժական տնակ արձակուրդի համար, ինչպես նաև լողավազան, որը ցանկապատով առանձնացված էր, որպեսզի փոքրիկ տղան և նրա խաղընկերները չընկնեին դրա մեջ ու չխեղդվեին։ Սպասուհի ունեին, որին կարելի էր լիովին վստահել, և շրջիկ այգեպան, որին շատ էին գովում հարևանները։ Երբ սկսեցին երկար և երջանիկ ապրել, իմաստուն, ծեր վհուկը՝ ամուսնու մայրը, զգուշացրեց նրանց, որ ոչ ոքի փողոցից ներս չթողնեն։ Նրանք գրանցված էին բուժօգնության կազմակերպությունում, նրանց սիրելի շունը լիցենզավորված էր, ապահովագրված էին հրդեհից, հեղեղից և կողոպուտից, բաժանորդագրվել էին հարևանության կողմից ստեղծված տեղական պարեկային կազմակերպությանը, որը նրանց դարպասների համար «ՁԵԶ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ» մակագրությամբ ցուցանակ էր տրամադրել, որի վրա հանցագործի ուրվապատկերն էր։ Նա դիմակավորված էր․ անհնար էր ասել՝ արդյոք նա սև էր, թե սպիտակ, ինչն ապացուցում էր, որ անշարժ գույքի սեփականատերը ռասիստ չէր։
Անհնար էր տունը, լողավազանն ու մեքենան ապահովագրել անկարգությունների պատճառով առաջացած վնասներից։ Անկարգություններ լինում էին, բայց քաղաքից դուրս էին կատարվում, որտեղ ուրիշ մաշկի գույն ունեցող մարդիկ էին ապրում։ «Նմանատիպ մարդկանց միայն որպես հուսալի սպասուհիներ և այգեպաններ են թողնում քաղաք, այնպես որ վախենալու ոչինչ չկա», - ասում էր ամուսին կնոջը։ Այնուամենայնիվ, կինը վախենում էր, որ մի օր այդ մարդիկ դուրս կգային փողոց, կպոկեին «ՁԵԶ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ» մակագրությամբ ցուցանակը, կբացեին դարպասներն ու ներս կխուժեին․․․ «Հիմարություն, սիրելի՛ս, - ասում էր ամուսինը, - նրանց հեռու պահելու համար կան զինվորներ, ոստիկանություն, արցունքաբեր գազ և զենք»։ Բայց որպեսզի գոհացներ կնոջը, քանի որ շատ էր սիրում նրան, և քանի որ ավտոբուսներ էին վառում, ավտոմեքենաներ քարկոծում, իսկ ոստիկանությունը դպրոցականների էր գնդակահարում այն թաղամասերում, որոնք բոլորի աչքից հեռու էին, էլեկտրական դարպասներ տեղադրեց։ Նա, ով կփորձեր հանել «ՁԵԶ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ» մակագրությամբ ցուցանակն ու բացել դարպասները, պետք է հայտներ իր մտադրությունների մասին՝ սեղմելով կոճակն ու խոսելով ռադիոընդունիչի մեջ։ Փոքրիկ տղան հիացած էր այդ սարքով և իր փոքրիկ ընկերների հետ խաղալիս որպես ռացիա էր օգտագործում այն։
Անկարգությունները դադարեցվեցին, սակայն արվարձաններում կոտրանքով գողություններ էին կատարվում, և ինչ-որ մեկի վստահելի սպասուհուն գողերը կապել ու փակել էին պահարանում այն ժամանակ, երբ գործատուների տունը վերջինիս հսկողության տակ էր։ Ամուսնու, կնոջ և փոքրիկ տղայի վստահված սպասուհին, այնքան էր վշտացել իր ընկերուհուն վրա հասած դժբախտությամբ, որը պատասխանատու էր մնացել, ինչպես և ինքն էր հաճախ պատասխանատու լինում ամուսնու, նրա կնոջ և փոքրիկ տղայի սեփականության համար, որ աղաչում էր պատուհաններին ու դռներին ճաղավանդակներ տեղադրել և ազդանշանային համակարգ սարքավորել։ Կինն ասաց․
-Նա ճիշտ է, եկե՛ք հետևենք նրա խորհրդին։
Այդպիսով տան յուրաքանչյուր դռնից և պատուհանից, որում ապրում էին երկար և երջանիկ, ծառերին ու երկնքին կարելի էր նայել ճաղավանդակների արանքից, և երբ փոքրիկ տղայի կատուն ուզում էր դռան վրայի պատուհանիկից ներս սողոսկել, որպեսզի փոքրիկ անկողնում գիշերն ընկերակցեր նրան, ինչպես որ միշտ անում էր, ազդանշանային համակարգի ձայնը տարածվեց ամբողջ տնով մեկ։
Հաճախ թվում էր՝ տագնապի ազդանշանին պատասխանում էին այլ տների ազդանշանային համակարգերը, որոնք միանում էին կատուների կամ մկների պատճառով։ Այգուց այգի ազդանշանները կանչում էին միմյանց բարձր ու սուր ճիչերով, բառաչյուններով և վայնասուններով, որոնց բոլորը շատ արագ ընտելացան, այնպես որ այդ աղմուկը կարող էր արթնացնել արվարձանի բնակիչներին այնքանով, որքանով գորտերի կռկռոցը և կնճիթավոր ճպուռների երաժշտական կրճտոցը։ Էլեկտրական հարպիաների զրույցով քողարկվելով՝ հանցագործները կտրում էին երկաթե ճաղերը, տներ ներխուժում և գողանում ստերեո համակարգեր, հեռուստացույցներ, նվագարկիչներ, տեսախցիկներ և ռադիոնվագարկիչներ, հագուստ ու զարդեր, իսկ երբեմն այնքան քաղցած էին լինում, որ ուտում էին այն ամենը, ինչ կար սառնարանում կամ հանդգնորեն կանգ էին առնում աշխատասենյակներում կամ ներսի բակի բարերում՝ վիսկի խմելու։ Ապահովագրական ընկերությունները փոխհատուցում չէին վճարում միաածիկ վիսկիի[3] համար, կորուստն ավելի ափսոս էր դառնում այն պատճառով, որ սեփականատերը գիտեր, որ գողերը չէին կարող ըստ արժանվույն գնահատել այն, ինչ խմում էին։
Հետո եկավ մի ժամանակ, երբ այդ մարդկանցից շատերը, որոնց չէին վստահում սպասուհիներն ու այգեպանները, թափառում էին արվարձանում, որովհետև գործազուրկ էին։ Ոմանք աշխատանք էին պահանջում․ քաղհան կամ տանիքի ներկում, ինչ պատահեր։ Բայց ամուսինները հիշում էին փողոցից ոչ ոքի ներս չթողնելու մասին նախազգուշացումը։ Ոմանք ալկոհոլ էին խմում և դեն նետված շշերով աղտոտում փողոցը։ Ոմանք մուրացկանություն էին անում՝ սպասելով, թե երբ էին ամուսինները դուրս գալու էլեկտրական դարպասներից։ Ոտքերն իջեցնելով կեղտաջրով առուների մեջ՝ նստում էին ծառերի տակ, որոնք կանաչ թունելի էին վերածում փողոցը, որովհետև գեղեցիկ արվարձան էր, որը միայն նրանց ներկայության պատճառով էր փչանում, իսկ երբեմն կեսօրի արևի ներքո հենց դարպասների մոտ գետնին էին պառկում և քնում։ Կինը երբեք չէր տեսել, որ ինչ-որ մեկը քաղցած լիներ։ Իր վստահված սպասուհուն ուղարկեց հաց և թեյ տանելու, բայց սպասուհին ասաց, որ նրանք անբաններ և խուլիգաններ են, որոնք կգան նրան կկապեն և պահարանում կփակեն։ Ամուսինն ասաց․ «Նա իրավացի է։ Ուշադրություն դարձրո՛ւ նրա խորհրդին։ Քո հացով ու թեյով միայն կքաջալերես նրանց։ Նրանք էլ հնարավորություն են փնտրում․․․»։
Եվ ամեն գիշեր ամուսինը փոքրիկ տղայի եռանիվ հեծանիվը այգուց տուն էր բերում, որովհետև չնայած տունը հուսալի կողպված էր, և ազդանշանային համակարգ էր տեղադրված, ինչ-որ մեկը կարող էր մագլցելով անցնել պատի կամ էլեկտրական դարպասների վրայով ու մտնել այգի։ «Իրավացի ես, - ասաց կինը, - այդ դեպքում պատն ավելի բարձր պետք է լինի»։ Եվ իմաստուն, ծեր վհուկը՝ ամուսնու մայրը, վճարեց հավելյալ աղյուսների համար՝ որպես Սուրբ Ծննդյան նվեր իր որդուն և նրա կնոջը, իսկ փոքրիկ տղան տիեզերագնացի հագուստ և հեքիաթների գիրք ստացավ։
Սակայն ամեն շաբաթ ավելի ու ավելի շատ զեկույցներ էին ստացվում ներթափանցումների մասին․ օրը ցերեկով և խոր գիշերով, վաղ առավոտյան և նույնիսկ ամառային հիասքանչ մթնշաղին, երբ ինչ-որ ընտանիք ճաշում էր, վերևում թալանում էին ննջասենյակները։ Արվարձանում կատարված վերջին զինված կողոպուտի մասին զրուցելիս ամուսնու և կնոջ ուշադրությունը գրավեց փոքրիկ տղայի կատուն, որը հեշտությամբ մագլցեց յոթ ոտնաչափ բարձրությամբ պատի վրա, սկզբում արագ շարժումներով և առաջ պարզված թաթիկներով ուղղաբերձ մակերեսով սահեց ներքև, իսկ հետո պոչը սուրացնելով՝ նրբագեղ ցատկով վայրեջք կատարեց սեփականության տարածքում։ Ճերմակացված պատի վրա նշմարվեցին կատվի ելքերն ու մուտքերը, իսկ պատի արտաքին կողմի վրա կարմրահողի մեծ հետքեր հայտնվեցին․ դրանք կարող էին թողնված լինել այն պատռված կոշիկներով, որոնք գործազուրկ անբանների հագին կարելի էր տեսնել, որոնց նպատակները բոլորովին անմեղ չէին։
Երբ ամուսինը, կինը և փոքրիկ տղան շրջակայքի փողոցներով զբոսանքի էին տանում իրենց շանը, այլևս կանգ չէին առնում, որպեսզի հիանային վարդերով կամ անթերի մարգագետիններով, որովհետև դրանք տարբեր տեսակի պաշտպանիչ ցանկապատերի, պատերի և սարքավորումների հետևում էին թաքնված։ Ամուսնու, կնոջ, փոքրիկ տղայի և շան առջև զարմանալի ընտրանի հայտնվեց․ մատչելի տարբերակ կար, որի դեպքում պատի վերին հատվածի երկայնքով ցեմենտի մեջ կոտրված ապակու կտորներ էին շարում, երկաթե ճաղեր կային, որոնց ծայրերը սուր գեղարդներ էին, ոմանք փորձել էին բանտային ճարտարապետության գեղագիտությունը հարմարեցնել իսպանական շքեղ ամառանոցների ոճին (սուր ծայրերը վարդագույն էին ներկում) և նեոդասական ճակատային գիպսե սափորներին (տասներկու դյույմ երկարություն ունեցող կայծակի զիգզագի նման եզրազարդված և ճերմակ ներկված նիզակներ)։ Որոշ պատերից փոքրիկ ցուցանակներ էին կախված՝ այն կազմակերպության անվամբ և հեռախոսահամարով, որը պատասխանատու էր սարքավորումների տեղադրման համար։ Մինչ փոքրիկ տղան շան հետ վազվզում էր առջևում, ամուսինն ու կինը համեմատում էին յուրաքանչյուր ոճի արդյունավետությունն ու դրա արտաքին տեսքը․ և մի քանի շաբաթ անց, երբ կանգ էին առնում այս կամ այն պատնեշի առաջ, երկուսն էլ անխոս գալիս էին այն եզրակացության, որ դրանցից միայն մեկը կարելի էր դիտարկել։ Այն ամենաանճոռնին էր, սակայն համակենտրոնացման ճամբարի ոճի համար ամենահարմարն էր․ ոչ մի ավելորդություն, միայն տեսանելի արդյունավետություն։ Տեղադրված լինելով պատի երկայնքով՝ այն ատամնավոր շեղբերով փայլուն և ամուր մետաղից պատրաստված չընդհատվող գալարագիծ էր, այնպես որ դրա վրայով մագլցելու և թունելով անցնելու ոչ մի հնարավորություն չկար՝ առանց դրա ժանիքներում խճճվելու։ Ելք չէր լինելու, միայն պայքար, որը գնալով ավելի արունոտ, ավելի խորը և ավելի սուրն էր դառնալու, ճանկելու էր մարմինն ու բզիկ-բզիկ անելու այն։ Կինը ցնցվեց դրան նայելիս։ «Իրավացի ես, - ասաց ամուսինը, - յուրաքանչյուրը երկու անգամ կմտածեր․․․» Եվ նրանք հաշվի առան պատից կախված փոքրիկ տախտակի վրա գրված խորհուրդը․ «Լիարժեք անվտանգության համար խորհրդակցե՛ք «ՎԻՇԱՊԻ ԱՏԱՄՆԵՐԻ» մարդկանց հետ»։
Հաջորդ օրը բանվորների խումբ եկավ և ածելու նման սուր օղակներ տեղադրեց այն տան բոլոր պատերին, որտեղ երկար ու երջանիկ ապրում էին ամուսինը, կինը, փոքրիկ տղան, կատուն և շունը։ Արևի լույսի ներքո փայլատակում էին երկաթե ատամիկները, ածելիի նման սուր սեպերի քիվը շրջապատել էր տունը։ Ամուսինն ասաց․
-Ոչինչ։ Կժանգոտի։
Կինը պատասխանեց․
-Սխալվում ես։ Երաշխավորում են, որ ժանգի դեմ դիմացկուն է։ - Հետո սպասեց, մինչև փոքրիկ տղան գնաց խաղալու, և ասաց․ – Հուսանք, կատուն ուշադիր կլինի․․․
-Մի՛ անհանգստացիր, սիրելի՛ս, կատուները միշտ նայում են, թե ուր են թռնում, - պատասխանեց ամուսինը։ Եվ իրոք, այդ օրվանից ի վեր կատուն քնում էր տղայի անկողնում և այգի դուրս չէր գալիս՝ չհամարձակվելով խախտել անվտանգության կանոնները։
Մի երեկո մայրը փոքրիկ տղային մի հեքիաթ կարդաց այն գրքից, որը իմաստուն, ծեր վհուկը նվիրել էր նրան Սուրբ Ծնունդին։ Հաջորդ օրը նա սկսեց արքայազն ձևանալ, որը պետք է սարսափելի մացառուտների միջով անցներ, որպեսզի դղյակ մտներ և համբուրեր քնած գեղեցկուհուն՝ կյանքի վերադարձնելով նրան․ սանդուղքը քարշ տվեց պատի մոտ, պարուրաձև փայլուն թունելը բավականաչափ լայն էր, որպեսզի նրա փոքրիկ մարմինը կարողանար մտնել այնտեղ, և ծնկներին, ձեռքերին և ու ածելու նման սուր ատամիկների առաջին իսկ ծակոցը զգալով՝ բղավեց և սկսեց ավելի խորը մխրճվել դրա մեջ։ Վստահելի սպասուհին և շրջիկ այգեպանը, որոնց «օրն էր» այդ օրը, վազելով եկան, որպեսզի առաջինը տեսնեին և բղավեին նրա հետ, և շրջիկ այգեպանը, վնասելով ձեռքերը, փորձում էր հասնել փոքրիկ տղային։ Հետո ամուսինները վայրագաբար վազեցին այգի, և ինչ-որ պատճառով (հավանաբար կատուն էր) անվտանգության ազդանշանը միացավ՝ խլացնելով ճիչերը, մինչ փոքրիկ տղայի արնահեղեղ մարմինը հանում էին անվտանգության օղակից՝ կծաքցանով և սղոցով կտրելով այն, և նրանք՝ ամուսինը, կինը, փղձկացող վստահելի սպասուհին և ողբացող այգեպանը, փոքրիկ մարմինը տուն տարան։
[1] ԶԼՄ-ի տեսության մեջ կիրառվող հասկացություն, որը ներկայացնում է այնպիսի իրավիճակ, երբ որոշակի գաղափարներ, համոզմունքներ ուժեղանում կամ ամրապնդվում են հաղորդագրության փոխանցման միջոցով կամ փակ համակարգի ներսում (կուսակցություն, ենթամշակույթ, համախոհների շրջանակ) դրա կրկնությամբ։ Ընդ որում՝ այդպիսի հաղորդագրությունները կանխում են նմանօրինակ այլ տեղեկատվական հոսքերը։ Նման «փակ» համակարգում գտնվող հասցեատերերը հաղորդագրություններ են ստեղծում, լսում և համաձայնում իրենք իրենց հետ։ Ոչ մի այլընտրանքային տեղեկատվություն չի մտնում այդ փակ համակարգ։
[2] Հարավային Աֆրիկայում՝ Մոզամբիկում բնակվող ժողովուրդներ։
[3] Թանկարժեք շոտլանդական վիսկի։
Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը
- Hits: 4066