Ես պառկած եմ աշխատասենյակումս՝ ոտքերս դեպի բուխարին։ «Ահա թե ինչ, - մտածում եմ, - կրունկներս տաքանում են, իսկ գուլպաներիս փչում է»։ Շարունակում եմ մտորել․ «Ես եմ էքզիստենցիալիստի պես մտածում։ Եվ դա անհամ է։ Ավելի անհամ կլինի միայն այն, որ այս երկու մտքերը առանձին տետրի մեջ գրեմ»։

Սպան վեր կացավ հնաոճ կաշվե բազմոցից, մոտեցավ սեղանին և առանձին տետրի մեջ գրեց երկու մտքերն էլ։ Սեփական ոչ բացառիկության համար ամոթը և կազմազրկությունը պատեցին նրա ամբողջ գոյությունը։ Նա անցավ սենյակով, լուսամուտից նայեց բանտի բակին և հետ դարձավ սեղանի կողմ։

«Ինքս ինձ հետ գրազ եմ գալիս», - գրեց նա, - «որ եթե հանկարծ ու հանկարծ մեկ անգամ էլ ինչ-որ բանի շուրջ մտածեմ էքզիստենցիալիստի պես, գլխիցս կթողնեմ կամ էլ կկախվեմ»։

Այդ մտքից թեթևացավ։ Իջավ բակ։ Արևը, չնայած վաղ ժամին, հասցրել էր տաքացնել քարերը։

Երկու բանտարկյալները՝ մեկը գեր, մյուսը՝ ծեր, կանգնել էին պատի տակ ու նայում էին՝ ինչպես են զինվորները դես ու դեն վազում գնդացրի մոտ։ Գերը մոտեցավ Ծերին ու հարցրեց․

- Ո՞նց են գործերը։

- Սովորական, - պատասխանեց Ծերը, - իսկ քո՞նը։

Գերը փսփսաց․

- Առաջարկում եմ մեր դահիճների սրտերը փափկեցնենք անկաշկանդ զրույցով։ Նրանք կշփոթվեն, ներսում մարդկային ինչ-որ բան կարթնանա, և մեզ չեն գնդակահարի։

- Շա՜տ լավ։ Հա, այո՛, այ թե լավ բան է։

- Եվ եթե մեզ չգնդակահարեն, ինձ հազար ավստրալիական դոլլար պարտք կլինես։ Չէ՞ որ իմ գաղափարն է։

- Այսինքն գրա՞զ ենք գալիս։ Շատ լավ, արի՛ խոսենք։

Նրանք սկսեցին բարձրաձայն զրուցել։ Այնքան բարձր, որ նրանց պարզորեն լսում էին թե՛ սպան, թե՛ զինվորները։

Գերը տոնը բարձրացրեց․

- Լսել եմ, որ Ռուսաստանում մի պարաշյուտիստ կին ցատկել է ինքնաթիռից, և հենց այդ պահին էլ սկսել ծննդաբերել։ Եվ որովհետև թռիչքը երկարատև էր, ծնունդն օդում ընդունել է ռազմական կինոօպերատորը, որը նկարահանում էր այդ ամենը հեռուստատեսության համար։

- Իրո՞ք։ Շա՜տ հետաքրքիր է։

- Բայց պարզվեց՝ երեխան սև էր, իսկ հեռարձակումը՝ ուղիղ։ Նյարդային շոկին չդիմանալով՝ ռուսական հեռուստատեսության տնօրենը թույն խմեց ու մեռավ։ Պատերազմ սկսվեց Ուգանդայի հետ։

- Դա դեռ ի՞նչ է։ Ես թերթում կարդացել եմ, որ այս տարի եղանակ չի լինելու։ Դա հաստատել են Ուգանդայի առաջատար օդերևութաբանները, սակայն ոչինչ դեռ պարզ չէ։

Դատապարտյալները արագ էին խոսում, հասկանալով, որ կարևորը կանգ չառնելն է։ Վախից վերհիշում էին իրենց կյանքից ինչ-որ կարևոր, ինչ-որ հետաքրքիր բան, և, այնպես ստացվեց, որ ամենը թերթային ու հեռուստատեսային նորություններ էր։ Բայց երբ զինվորներից մեկը սկսեց կապել նրանց աչքերը, Գերը ապավինեց լիրիկային․

- Ես, առհասարակ, էնպիսի մի կրքով եմ սիրում գիտությունը։ Եվ արվեստը։ Դրան գումարած նաև սպորտը ․․․ կրկեսը ․․․ նամականիշերը ․․․ ֆիլատելիան։

Զինվորը կապեց Ծերի աչքերը։

- Անկաշկանդ զրույց, - ասաց Ծերը, - ահա այն ամենը, ինչը պետք է ինտելեգենտին։ Կամ էլ, գուցե, հանգիստ է պետք։ Ես ողջ կյանքում երազում էի ֆրանսիացի կամ չեխ լինել, աշխատել «Շկոդա»-ի կամ «Պեժո»-ի գործարաններում, իսկ շաբաթ օրերին նստել հեռուստացույցի դիմաց, աջ ձեռքիս տակ գարեջրի արկղ դնել ու ֆուտբոլ նայել։

Զինվորը քայլեց գնդացիրի մոտ և սպասողական նայեց սպային։ Թե ինչի մասին էին խոսում բանտարկյալները, այլևս անլսելի էր։ Նրանք անշարժ կանգնած պտտում էին գլուխները՝ ասես միմյանց էին փնտրում։ Սպան նշան տվեց, և երբ ամեն ինչ վերջացած էր, զինվորների հետ մոտ գնաց։

- Դե ինչ, տո՛ւր փողերս, - ուրախ-ուրախ ընկերոջը դիմեց աչքերը կապող զինվորը։

Սպան զարմացավ․

- Ի՞նչ փող։

Ա՜, մենք, հարգարժան սպա, գրազ էինք եկել, - պատասխանեց կրակողը, - որ եթե այս պետական հանցագործները, մժեղը նրանց ականջներո՛ւմ, արդարացի պատժից առաջ լռեն, ուրեմն էդ է, որ կա, բաց կթողնեինք, կանցկացնեինք դարպասի անցքով։

- Իսկ եթե ոչ, ուրեմն կրակում ենք, կենգուրուն կծի դրա՛նց, իսկ ես հազար ավստրալիական դոլլար եմ պարտք մնում։

- Առաջին զինվորը մի խուրձ փող հանեց ու մեկնեց ընկերոջը։ Գնդացրորդը վերցրեց այն, բայց մի քիչ մտածելուց հետո դրեց Ծերի դիակի վրա և տուն գնաց։

Սպան կռացավ փողի վրա։

«Ճի՜շտ է։ Չէ՞ որ Ծերը հաղթեց», - մտածեց նա։

Էքզիստենցիալիստի պես։

 

Թարգմ․՝ Անահիտ Ղազախեցյան

  • Hits: 3565

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: