Նվիրվում է Անրի դը Գրուին

 

 

Ժակն իրեն պարզապես անտանելի էր զգում։ Զզվելի էր մնալ այստեղ՝ մթության մեջ, ասես սրբապիղծ մի լրտես, մինչ իրեն բացարձակ անծանոթ այս կինը խոստովանություն էր անում։ 

Բայց այդ դեպքում նա պետք է հեռանար միանգամից, հենց այն պահին, երբ քահանան գլխանոցով ծածկված մի կնոջ հետ ներս մտավ, կամ գոնե աննշան աղմուկ պիտի բարձրացներ, որպեսզի նրանց նախազգուշացներ իր ներկայության մասին։ Այժմ արդեն ուշ է․ անխոհեմությունը կարող է միայն վատթարացնել իրավիճակը:

Կիզիչ օրվա վերջալույսին ալարկոտ փայտոջիլների նման զով տեղ փնտրելիս՝ Ժակը տարօրինակ ու արտասովոր մի քմահաճույք ուներ՝ մտնել հին եկեղեցի, նստել խոստովանարանի ետևում՝ այդ մթության մեջ ու երազել՝ հետևելով պատուհանի մեծ վարդանախշի հետզհետե անհետանալուն:

Մի քանի րոպե անց՝ առանց իմանալու՝ ինչպես և ինչու, նա ակամայից դարձավ խոստովանության վկա:

Ճիշտ է, բառերը նրան հստակ չէին հասնում․ միայն շշուկներ էր լսում, բայց վերջում կարծես թե խոսակցությունը թեժացավ:

Տեղ-տեղ այս խոստովանության պղտոր գետից դուրս էր պրծնում մի քանի վանկ, և երիտասարդը, որ կարծես զարմանալիորեն անկիրթ մարդու հակապատկեր լիներ, իրապես վախենում էր խոստովանություններից՝ ակնհայտորեն խուսափելով դրանցից:

Հանկարծ այս կանխազգացումն իրականություն դարձավ: Ասես մի կատաղի իրարանցում սկսվեց։ Հանդարտ ալիքները մռնչացին ու անսպասելի ճեղքվելով՝ հրեշը դուրս պրծավ։ Սարսափահար ունկնդիրը լսեց աճապարանքով արտաբերված այս բառերը․

-Տե՛ր հայր, ասացի չէ՞, որ նրա բուսական թեյի մեջ թույն եմ լցրել։

Եվ վերջ։ Կինը, որի դեմքը չէր երևում, վեր կացավ խոստովանաաթոռից և թանձր խավարում լուռ անհետացավ։

Ինչ վերաբերվում է քահանային, նա մահացածի պես քարացել էր և միայն րոպեներ անց կամաց բացեց դուռն ու իր հերթին շփոթված ու ծանրաքայլ հեռացավ։ Ժակն այնքան էր ցնցվել ականջների մեջ աղմուկի պես հնչող խոսքերից, որ եկեղեցու սրահում պահակի բանալիների համառ զրնգոցն ու հեռանալու հրահանգը ստիպեցին միայն սթափվել ու վեր կենալ տեղից։

Նա հիանալի ճանաչել էր մոր ձայնը: Օ՜, անհնար էր սխալվել։ Նա նույնիսկ ճանաչել էր նրա քայլվածքը, երբ կնոջ ստվերը դեռ մի քանի քայլ էր հեռացել։ Իսկ ի՞նչ ակնկալել հետո, երբ ամեն ինչ հիմնահատակ ավերվեց, ամեն ինչ փշրվեց։ Կարծես, թե հրեշավոր կատակ լիներ։ Նա ապրում էր միայնակ մոր հետ, որը գրեթե ոչ մեկին չէր տեսնում և դուրս էր գալիս միայն աշխատանքի բերումով: Նա պաշտում էր մորն ամբողջ հոգով՝ իբրև արդարության և բարության եզակի օրինակ:

Նա փորձում էր վերհիշել անցյալը, և նրանց միջև ոչինչ՝ ո՛չ խանգարող հանգամանք, ո՛չ հարկադրանք, ո՛չ անախորժություն, ո՛չ մոլորություն չէր կարող մտաբերել։ Աչքի առաջ էր հառնում միայն գունատ երկնքի ներքո նրանց անցած գեղեցիկ ու հարթ ճանապարհը։ Որպես աղքատ կին՝ նրա գոյությունը գուցե միայն միօրինակ է թվացել:

Շամպինիում՝ նրա ամուսնու սպանությունից հետո, որին երիտասարդը հազիվ էր հիշում, մայրը երբեք չէր դադարել սգալ և զբաղվում էր միայն որդու կրթությամբ՝ ոչ մի օր այն աչքաթող չանելով։ Նա մշտապես խուսափում էր որդուն դպրոց ուղարկել՝ վախենալով այլոց հետ շփումից և ուսումը վերցրել էր իր ուսերին՝ որդու հոգին կառուցելով սեփական հոգու կտորներով:

Այս ռեժիմի պատճառով Ժակը նույնիսկ ձեռք էր բերել տագնապալի գերզգայունություն, և ժամանակ առ ժամանակ նյարդային ցնցումները նրան ենթարկում էին անհեթեթ ցավերի, գուցե նաև իրական վտանգների։

Իսկ երբ վրա հասավ հասունացման տարիքը՝ իրեն բնորոշ անհեթեթություններով, որոնցից մայրը չէր կարող խուսափել, դա մորը մի փոքր տխրեցրեց, բայց չազդեց որդու հանդեպ տածած սիրո վրա։ Ոչ մի նախատինք կամ լուռ տեսարաններ։ Ինչպես մյուսները, նա ևս ընդունեց այն ամենը, ինչն անխուսափելի էր։

Ի վերջո, բոլորը սկսեցին նրա մասին հարգանքով խոսել, և աշխարհում իր միակ սիրելի որդին այսօր հասկացավ, որ ստիպված է արհամարհել նրան։ Արհամարհել նրան՝ ծնկի իջած, արցունքն աչքերին, ինչպես հրեշտակները կարհամարհեին Աստծուն, եթե նա չկատարեր իր խոստումները։

Իրոք, նա փողոցի մեջտեղում քիչ էր մնում խելագարվեր, գոռար ամբողջ ուժով։ Նրա մայրը թունավորող էր։ Դա անմտություն էր, միլիոն անգամ անհեթեթ ու բացարձակապես անհնար, բայց միաժամանակ հաստատ։ Մի՞թե մայրը ինքը չհայտարարեց այդ մասին։ Քիչ էր մնում Ժակն իր սեփական գլուխը մաշկազերծ աներ։

Բայց, Տե՛ր Աստված, ու՞մ է թունավորել: Իր շրջապատում չկար որևէ մեկը, որ մահացած լիներ թունավորումից։ Խոսքն իր հոր մասին չէր կարող լինել, քանի որ նա մահացել է որովայնի հատվածում հրազենային վիրավորումից։ Նրան էլ հաստատ չի փորձել սպանել։ Նա երբեք չի հիվանդացել, երբեք բուսական թեյի կարիք չի ունեցել, բացի այդ, մայրը պաշտում է նրան։ Առաջին անգամ, երբ նա երեկոյան ուշ էր եկել, իհարկե,  ոչ իր մեղքով,  մայրն անգամ անհանգստությունից վատացել էր։ 

Գուցե այդ պատմությունը եղել է իր ծնվելուց առաջ։ Իր հայրը նրա հետ ամուսնացել էր՝ հմայվելով նրա գեղեցությամբ: Այդ ժամանակ մայրն ընդամենը քսան տարեկան էր։ Արդյոք այս ամուսնությանը նախորդել է ինչ-որ արկածախնդիր հարաբերություն, որն ավարտել է հանցավոր արարքով։

Թերևս, ո՛չ։ Այդ անշուք անցյալը հայտնի էր նրան․ հարյուր անգամ լսել էր, և վկայությունները չափազանց հստակ էին։ Ուրեմն ի՞նչ էր նշանակում այս սարսափելի խոստովանությունը։ Եվ ինչու՞ նա պետք է ցավալիորեն, ականատես լիներ այդ խոստովանությանը։

Այսպես՝ սարսափն ու հուսահատությունը սրտում՝ նա մտավ տուն։

 

Մայրը շտապեց համբուրել նրան։

-Ինչ ուշ վերադարձար, սիրելի՛ զավակս, ինչքան գունատ ես։ Քեզ վա՞տ ես զգում։

-Ո՛չ,- պատասխանեց նա,- հիվանդ չեմ, բայց այս անտանելի շոգն ինձ թուլացրեց և կարծում եմ՝ չեմ կարող անգամ ուտել։ Իսկ Դուք վատ չե՞ք զգում։ Հաստատ դուրս եկած կլինեք՝ մի քիչ մաքուր օդ շնչելու։ Նույնիսկ կարծես, թե Ձեզ հեռվից տեսել եմ նավամատույցում։

-Այո՛, ես, իսկապես, դուրս էի եկել, բայց անհնար է, որ ինձ նավամատույցի մոտ տեսած լինես։ Ես գնացել էի խոստովանության, իսկ դու երկար ժամանակ է նման բան չես արել, ինչը կարծում եմ՝ վատ է։

Ժակը զարմացավ, որ շունչը չկտրվեց, մեջքի վրա չընկավ կամ կաթվածահար չեղավ, ինչպես պատահում էր իր կարդացած գրքերում։

Այսպիսով՝ ամեն ինչ ճիշտ էր․ մայրը գնացել էր խոստովանության: Նա քնով չէր ընկել եկեղեցում, այդ անտանելի աղետը մղձավանջ չէր, ինչպես մի պահ անցավ նրա մտքով։

Ժակը չուշաթափվեց, բայց գույնն ավելի գցեց, և մայրը վախեցավ։

-Ի՞նչ է պատահել, ի՛մ փոքրիկ Ժակ,- հարցրեց մայրը,- դու տանջվում ես, կարծես՝ ինչ-որ բան ես թաքցնում մորիցդ։ Դու պետք է ավելի մեծ վստահություն ունենաս նրա հանդեպ, ով միայն քեզ սիրում է և միայն քեզ ունի․․․ Այդ ինչպե՞ս ես ինձ նայում, իմ թանկագին որդի․․․ Ասա՛, ի՞նչ է քեզ հետ պատահել, արդեն վախեցնում ես ինձ։

Մայրը նրան գորովանքով գիրկն առավ։

-Լա՛վ լսիր ինձ,  մե՛ծ երեխա։ Ես հետաքրքրասեր չեմ, դու դա լավ գիտես։ Ես չեմ ուզում լինել քո դատավորը։ Ոչինչ մի՛ ասա, եթե չես ուզում ասել, բայց թո՛ւյլ տուր հոգ տանել քո մասին։ Դու պետք է անմիջապես պառկես քնելու։ Այդ ընթացքում ես քեզ մի փոքրիկ, շատ թեթև ընթրիք կպատրաստեմ ու կբերեմ, կուզե՞ս։ Իսկ եթե հանկարծ ջերմություն ունենաս, քեզ համար բուսական թեյ կպատրաստեմ․․․

Այս անգամ Ժակն արդեն ընկավ գետնին։

-Վերջապես,- ձեռքը մեկնելով դեպի զանգը՝ մի փոքր հառաչեց մայրը։

Վերջին շրջանում Ժակը անևրիզմա ուներ, իսկ մայրը՝ սիրեկան, որը չէր ուզում խորթ հայր դառնալ։

Այս հասարակ դրաման տեղի է ունեցել երեք տարի առաջ՝ Սեն-Ժերմեն-դե-Փրեի հարևանությամբ։ Տունը, որն այս իրադարձությունների դեպքի վայրն էր, այժմ պատկանում է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառուին։

 

Ֆրանսերենից թարգմանեց Արմինե Մուրադյանը

  • Hits: 3697

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: