Երբ աստիճաններով բարձրացա, տեսա՝ լվացարանի կողքին ընկած-պառկած է:
- Ո՞ւր է նա,- հարցրի ու տեսա նամազի չադրայով փաթաթված, սենյակի անկյունում կուչ եկած մի կնոջ: Ոտքերն առաջ ծալելով՝ ձեռքերը դեմքին տարավ: Ավելի առաջացա: Կես շիշ օղի դրեցի դիմացը: Սենդվիչները դեռ ձեռքումս էին:
- Հըն, փորացավդ ի՞նչ է,- հարցրի:
Ամսագիրն էր բացել, ձեռքը դրել բերանին: Լուսանկարում մի շիկահեր, մերկ կին էր՝ շիրմայի հետևում կանգնած: Կնոջ միայն գլուխը, մի կուրծքը, մի ձեռքն ու ազդրն էին երևում: Մարմնի մյուս հատվածը մի անորոշ ու նուրբ ուրվագիծ էր՝ նրբահյուս շիրմայից անդին: Բղավեցի.
- Էլի ձեռ չես քաշում: Քեզ ո՞վ էր ասել՝ գնաս, էս նկարը գտնես, երբ իրականն էստեղ կանգնած է…
Տեղից պոկվեց, հասավ լվացարանին ու փսխեց: Նայեցի կնոջը՝ նրա սև ու պլշած աչքերին, ճերմակ ու լուսնակ ճակատին թափված խոպոպին, իսկ հետո՝ նրան, որ դեռ փսխում էր: Ուսից բռնեցի:
- Ինչքա՛ն օղի ես խմել, հը՞ն:
- Հավատա՝ չէ…- հազիվ հասցրեց ասել ու նորից որձկաց, բայց ոչինչ չստացվեց: Ձեռքերը պատին հենեց: Կռացել էր լվացարանի վրա: Ողորկ մազերը ծածկում էին ճակատը:
- Բա էլ ինչի՞ց է:
Անկյունում նստած կնոջը մատնացույց արեց, որ ուշադիր նայում էր, և կրկին կռացավ լվացարանի վրա: Կնոջ զգեստը ընկած էր մահճակալին, և միայն նրա աչքերն էին երևում:
- Բերանը…
- Բերանից հոտ է գալիս, հա՞: Շատ էիր ուզում, մի ծամոն տայիր:
Բղավեց.
- Չէ՛, մենակ դա չի. նրա բերանը մի տեսակ ծուռ է: Անգամ երբ չի ժպտում, երեք ատամ երևում է:
Չնայեցի կնոջը. գիտեի, որ դեռ իր սև ու պլշած աչքերով մեզ էր նայում: Ինձ նայեց: Փոքրիկ, տղայական դեմքը կարմրել էր: Մազերը նույնիսկ աչքերն էին ծածկել: Կարմիր շուրթերը դողում էին:
- Ախր, ինքդ էիր նրան գտել, ինքդ ասացիր՝ նրա աչքերը դուրս գալիս են:
- Ես ի՞նչ իմանայի, որ այդ չադրայի տակ…
- Բերանին չնայեիր:
Կռացավ լվացարանի վրա ու այնպես փսխեց, որ ողջ մարմինը մի տեսակ դողաց: Գլուխը ծորակի տակ մտցրի, մազերը թրջեցի: Գլուխը ջրի տակ՝ կամաց ասաց.
- Նրան մերկացրի:
- Նկարի նման, չէ՞:
Գլուխը բարձրացրեց: Դեմքն ավելի էր կարմրել: Շուրթերը դեռ դողում էին:
- Ի՞նչ էիր ուզում՝ անեմ: Եթե դեմքին նայելու չի, էլ ինչի՞ն պիտի նայեի, հը՞:
- Հետո՞:
Կնոջը ցույց տալով՝ ասաց.
- Գնա՛, տես. մարմինն այդ անիծյալ չադրայի տակ դեռ մերկ է:
Կնոջը նայեցի. ճիշտ նույն կերպ անշարժ նստած էր, այն ժամանակի նման, երբ կանգնած էր փողոցի մոտի ծառերի շվաքին, միայն սև աչքերն էին երևում:
Ձեռքը բռնեցի. սառը-սառն էր: Դեռ դողում էր:
- Մինչև մի բաժակ չխմես, չես կարող:
- Չէ, չէ: Ես դրան ընդունակ չեմ:
- Ինչի՞ն ընդունակ չես, հարբեցո՛ղ:
- Չէ՛, ես օղին նկատի չունեի:
Ձեռքից քաշեցի, նստեցրի սենյակի մեջտեղում: Այնուհետև շիշը դանակով բացեցի, երեք բաժակ լցրի: Կնոջն ասացի.
- Կխմե՞ս:
Ասաց՝ համր է:
Եվ օղին քաշեց գլուխը: Կնոջ ձեռքը մինչև արմունկը չադրայի տակից դուրս եկավ. ճերմակ էր: Վերցրեց օղու բաժակը, չադրայի տակ տարավ ու խմեց, հենց տակից էլ բերանը սրբեց: Բաժակը նորից պարզեց: Միայն դաստակն էր երևում: Կնոջն ասացի.
- Լցնե՞մ:
- Մի՞թե չասացի՝ համր է:
Երեք բաժակները լցրի, սենդվիչները հանեցի: Հատ-հատ վերցրինք: Կինն իր չադրայի տակ սենդվիչն էր ուտում, սև աչքերով մեզ նայում:
Նորից վեր կացավ, լվացարանի կողմը գնաց, և սկսվեց:
- Ստամոքսդ դատարկ էր,- ասացի ես:
- Խնդրում եմ, դուրս արա, թող գնա, խնդրում եմ:
- Չես ուզում, մի՛ ուզիր. ոչ ոք քեզ չի ստիպել,- ասացի ու ամսագիրը նրա կողմը նետեցի:
- Խնդրում եմ, փողը տուր, թող գնա: Իմ գրպանից տուր:
Ծորակը բացեց: Կինը վեր կացավ, գնաց մահճակալի մոտ: Հագուստը վերցրեց. միայն դաստակը տեսա: Մեզ մեջքով արեց: Վերև քաշած չադրայի տակից բարձրանալիս երկու ոսկրոտ ու սպիտակ ոտքեր էին երևում: Արտասովոր կերպով սպիտակին էին խփում: Կնոջն ասացի.
- Պետք չի գնաս։ Նա չի ուզում՝ ջհանդամը ուզի:
- Խնդրում եմ, փողը տուր, թող գնա:
Կինը շրջվեց: Միայն աչքերն էին երևում:
- Ամբողջ մարմինը կապտուկ է ու բիծ, ամբողջ մարմինը: Մի առողջ տեղ չկա, հավատա:
Ձեռքը գրպանը տարավ, մի քանի տասթումանանոց հանեց, պարզեց կնոջը: Կինը երկու թղթադրամ վերցրեց ու ճամփա ընկավ: Աստիճաններից ցած իջնելիս ոտնաձայն չլսեցի: Երբ դուռը փակվեց, ամսագիրը թերթեց, նկարը գտավ. կնոջ մանյակը խխունջից էր:
- Լցրո՛ւ:
Լցրի երկու բաժակը և կրկին նայեցի նրբահյուս շիրմայից անդին երևացող կնոջ մարմնի լուսաշող ստվերին:
- Սիրուն է, չէ՞:
- Ողջ-առողջ,- ձայնեցինք միասին:
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի
- Hits: 3448