****
Խոստացիր, որ կգաս,
բայց երբեք մի՛ արի։
Եթե գաս,
ամեն ինչ կփչանա․
էլ չեմ կարողանա
այդքան կրքով
աչքերս հառել ծով ու ճամփին։
Ես սովոր եմ
այս սպասումին,
այս թափառումներին
նավամատույցներում ու կայարաններում։
Եթե գաս,
աչքս ո՞ւմ ճամփին եմ պահելու։
****
Դու չկաս,
բայց ես թեյ եմ լցնում քեզ համար։
Երեկ էլ չկայիր,
որ քեզ համար կինոյի տոմս գնեցի։
Սիրում ես ծիծաղել,
սիրում ես լաց լինել
կամ սիրում ես պլշել հայելու մեջ,
պլշել ինձ ու փոքր աշխարհիս վրա։
Էլ ի՞նչ կարևոր է՝
կաս, թե՞ չկաս․
ես քեզնով եմ ապրում։
****
Էլ ոչ մեկի չեմ սպասում․
ով եկավ,
աստղ գողացավ երազներիցս,
ով եկավ,
քաղեց աղավնուս ճերմակից,
ով եկավ,
կտրեց շուրթերիս ժպիտը։
Ոչ մեկի չեմ սպասում․
հոգնած նստել եմ այս կայարանում։
****
Հույսը լավ բան է,
ինչպես գրոշը վերջին,
ինչպես տոմսը վերջին,
ինչպես փամփուշտը վերջին,
ինչպես նավը վերջին։
Վերջին գրոշը չի թողնում՝ կոտրեն հպարտությունդ,
վերջին տոմսը չի թողնում՝ հույդ կտրած հետ դառնաս
կայարաններից,
վերջին փամփուշտը չի թողնում՝ զինվորը գերի ընկնի։
Նա, ով հույս ունի,
աղքատ չէ,
միշտ մի բան ունի։
Մոռացա խոսել նավից այն վերջին․
վերջին նավը, եթե չգա էլ,
չի թողնի մոռանաս
ճանապարհորդությունդ ու անունը ծովի։
****
Լուսինը
ամենից շատն էիր սիրում,
իսկ հիմա
լուսինն ամեն գիշեր
քեզ ինձ է հիշեցնում։
Ուզում եմ մոռանալ քեզ,
բայց էս լուսինը
ոչ մի թաշկինակով
չի մաքրվում պատուհանից։
****
Ամեն գիշեր երազումս
ընկնում եմ երկնաքարից,
դու՝ նրա պռնկից կռացած,
բռնել ես ձեռքիցս։
Ընկնում եմ ամեն գիշեր
գիշերվա տանիքից,
և եթե դու չլինես,
որ ձեռքս բռնես,
անկասկած,
առավոտ ծեգին
դիակս կգտնեն ձորերի խորքից։
****
Տարիներ է՝
հեռախոսը զանգում է գլխումս,
ու ես
չեմ կարողանում վերցնել հեռախոսը։
Տարիներ է՝
գիշեր ու ցերեկ չունեմ,
բայց ինձնից ավելի դժբախտն էլ կա՝
ՆԱ,
նա, ով զանգում է։
****
Գնում էի այս քաղաքից,
կանչեցիր ինձ,
մնացի
նավից, որ գնաց ու խորտակվեց։
Դե․․․
Սա կարող է ընդամենը հեքիաթ լինել․
էս երկաթի ու փոշու քաղաքում
որտեղի՞ց ծով,
որ ես ուզեի նստել,
ու դու կանչես ինձ։
Միայն ուզում եմ ասել՝
փրկել ես ինձ,
որ գերի վերցնես։
****
Միայն մութը գիտի՝
լուսինն ինչքան պայծառ է,
միայն հողը գիտի՝
ջրի ձեռքերը որքան բարի են,
հացի իրական արժեքը
միայն սոված մարդը գիտի․․․
Միայն ես գիտեմ՝
ինչքան սիրուն ես ԴՈՒ։
****
Պառկել եմ անկողնումս։
Սենյակի պատուհան,
շրջանակը տառապում է,
աշուն։
Դու վերջին տերևն ես Օ Հենրիի պատմվածքի․
Եթե ընկնես,
կմեռնեմ։
****
Ոտքս ականի վրա եմ դրել,
շարժվեմ, մեռած եմ․
պիտի էստեղ մնամ
մինչև աշխարհի վերջը։
Լրիվ
պատերազմող զինվորի օրին եմ
գեղեցկությանդ ու քո կողքին։
****
Գալիս եմ մի փունջ կարմիր ծաղիկներով․
սրտիս վերքն է ծաղկել,
բայց ափսոս՝
ոչ ոք չի տեսնելու իմ ծաղիկները․
գարուն է եկել,
ամենուր բողբոջ է ու ծաղիկ։
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի
- Hits: 3941