Էլիաս Ալավին ժամանակակից աֆղան պոետ է, որ ստեղծագործում է պարսկերենով։ Վեց տարեկանում, երբ Աֆղանստանում պատերազմ էր, արտագաղթել է Իրան՝ տարիներ շարունակ ապրելով Մաշհադում։ Այժմ բնակվում է Ավստրալիայում։ Հեղինակել է բանաստեղծությունների երեք ժողովածու։
***
Աստված տա՝ խաղողները հասնեն,
աշխարհն արբենա,
և փողոցներում
ուս ուսի հպվեն
նախագահներն ու մուրացիկները,
Մուհամմադ Ալին տասնյոթ տարի անց
իր մորը տեսնի,
և Ամենեն տասնյոթ տարի անց
հպվի իր զավակին։
Աստված տա՝ խաղողները հասնեն,
Ամուն[1] հետ վերադարձնի իր գեղեցկագույն որդիներին,
Հինդուկուշն ազատի իր դուստրերին։
Մի պահ
ատրճանակները մոռանան կրակել,
դանակները մոռանան կտրել,
գրիչները հրին
հրադադար գրեն։
Աստված տա՝ լեռներն իրար հանդիպեն,
ծովը ճանկի երկինքը,
գողանա լուսինը,
ընձառյուծները եղնիկների հետ մտնեն գինետուն։
Աստված տա՝ արբեցումը տարածվի իրերի վրա,
պատուհանները
կոտրեն պատերը,
և
դու
սիրելիիդ ջերմ համբուրելիս
ինձ հիշես։
Իմ սե՛ր,
իմ հեռավո՜ր սիրեկան,
ինձ ուրիշ մի գավաթ տուր՝
հանուն կախովի այգիների ողջության։
***
Երկուսս էլ հանգուցյալ ենք,
միայն դու ես շնչում, իսկ ես չեմ կարողանում,
բայց երբ ձեռքերդ լվանում ես ջրում,
շունչդ կտրվում է։
Խոսի՛ր ինձ հետ,
որ քո սպանվածն եմ։
***
Գեղեցկությամբդ նստել ես աստիճանին
քաթանե կոշիկներով
ու կանաչ բաճկոնով։
Ցուրտը
պլշել է այտերիդ,
աչք էլ չի թարթում,
շունչդ նոր թրմած թեյ է,
անցորդները հոգնել են մայրամուտից։
Գնացել ես՝
աստիճանին նստած քո գեղեցկությամբ։
***
Գարնանից օրացույցն է մնում,
ինձնից՝
ոսկորները, որ սիրում էին քեզ։
***
Ամառ էր,
երկար ամառ,
ծույլ ամառ,
և ամառը տենչանքի փոշին գլխովին շաղ էր տվել
այն վերևում՝ քաղաքից ու մարդկանցից հեռու։
Տաքսուց իջանք
ու կորանք խորհրդավոր ցորենի դաշտում,
այնտեղ համբուրվեցինք,
համբուրվեցինք առաջին անգամ։
Հետո լեզուս՝ եղջյուրները բաց մի եղնիկ,
հոսեց պարանոցիդ հովիտներից ու ձորերից,
հասավ կրծիքդ լուռ դաշտին
ու կշտացավ նորահաս երկու թզից։
Ներքևում՝
ցորնամաշկիցդ անդին,
կողոսկրերդ էին երևում՝
մեկ, երկու, երեք, չորս․․․
Իսկ հեռվից դաշնամուրի ձայն էր լսվում,
ասացիր․ «Հաստատ Բախ է։ Մեզ համար է նվագում»։
Ծիծաղեցինք
անմեղության աստիճանի
և ծիծաղեցինք տենչանքի աստիճանի։
Մեր կողքի մրջյունները տենչանքի բեռն էին կրում,
աղավնիները տենչանքն էին երգում,
և ամեն ինչ տենչանք էր։
Ամառ էր,
ամառվա կիզակետը,
դու էիր,
ես էի,
և պոկումը՝ ծիրանների հոգու,
բալի,
թզերի
և իհարկե, այն դաշնամուրի ձայնը։
***
Սիրում եմ այն ծովը, որին նայում ես,
ծովն էլ նայում է քո գեղեցկությանը,
մի՛ մոտեցիր նրան,
ես վախենում եմ՝
մի պահ ձեռքերը բաց անի
ու քեզ իր հետ վերցնի։
***
Ձեռքերդ բռնեցին,
բերանդ կոտրեցին․
հեշտ ու հանգիստ վերջացար։
Մի՛ ցանկա, որ մահվանդ էլեգիա գրեմ,
բառերս լվանամ,
ինչպես լվացին շուրթերդ,
իսկ շուրթերիդ արյունը չէր կտրվում։
Ես քեզ նահատակ չեմ կոչում,
դու սպանվել ես խավարում,
սպանվել խավարում։
Սա բանաստեղծություն չէ,
քո փոքրիկ աչքերն է,
որ վախեցել է,
խավարում
ու խոստովանել։
Ես չեմ ուզում քեզ հրեշտակ դարձնել աներևույթ թևերով,
դու էլ էիր անհավատարիմ,
անխնա ծիծաղում էիր,
երբեմն ստում էիր․
դու հրեշտակ չէի՛ր,
բայց նա, ով այրել է կուրծքդ, դրախտ է գնում,
գրկում քաղցրաբույր հուրիներին,
հարություն է առնում Մեծերի հետ,
դու Մեծ չէիր,
պատկանում էիր այս ստոր քաղաքին։
Գիտեմ, որ չես սիրում իմ բանաստեղծությունները,
ասում էիր․ «Պոեզիադ ոսկոր չունի,
ո՞ւր են հանգն ու տողը»։
Հիմա տեսնո՞ւմ ես իմ կործանումը․
դու կյանքիս հանգն ու տողն էիր։
Սա բանաստեղծություն չէ․
արյունն է բերանիդ, որ չի կտրվում։
[1] Ամու – Ամուդարյա գետի կարճ տարբերակը։
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի
- Hits: 3992