Հովհաննես Հովակիմյանին

 

 

Լինում է, չի լինում, 1990 թվականն է լինում։ Մթի, ցրտի, գաղթի տարիներ։ Ցոյը մեռնում է, Մամարդաշվիլին մեռնում է, ծնվում եմ ես։

Հորս ընկերը մեռնում է, ինձ անվանակոչում են նրա պատվին։ Գրականությունից հեռու մարդ, իր անունը թողնում է ինձ ու հեռանում։

Կիսափուլ խորհրդային միության մի անկյունում մայրս ուկրաինական հեքիաթներ է կարդում որդու համար։ Էդպես անցնում է մեկ տարի, երկու տարի, շռնդալից իրադարձությունները հաջորդում են միմյանց, փլուզվում է միությունը, անկախանում է Հայաստանը, շարունակվում է պատերազմը։

Երբ լրանում է իմ երեք տարին, մայրս ասում է՝ ուշացնել չի կարելի, ուղիղ դեպի մոտակա մանկապարտեզ։ Հայրս համաձայնում է։

Կանաչ-դեղին դարպասներից մտնում ենք ներս, անցնում միջանցքով, կանգնում երեխաների դեմ, պարզ է, ես ամենափոքրն եմ, պուճո՛ւրը։ Մինչ մայրս զրուցում է դաստիարակների հետ, մեծերը կուտակվում են իմ շուրջ, զուգարանում ծեծ ուտելու հերթն իմն է, պարզ է, պարզ է.. բայց բախտս բերել է, ես հովանավոր ունեմ՝ կյաժ Ալիկը, մորս ընկերուհու տղան, մեծերից մեծ, ուժեղներից ուժեղ։ Նա կանխում է բռնության միակ փորձը ու հարձակվողի գլուխը խոթում ունիտազի մեջ։ Էդպես անցնում է չորս թե հինգ տարի, մանկապարտեզ է ընդունվում իմ ազգական Ճուտը, հաջորդ օրվանից պարսատիկ է սարքում ու կրակում երեխեքի վրա, սողոսկում է ճաղերի արանքով, փախչում, բռնվում, նեղանում ու մեն-մենակ պպզում պատերի տակ, բոլորից առանձին, հետո նորից վերադառնում է խումբ ու նորից վնասում երեխեքին։ Ես Թոմ Սոյերն եմ, ինքը՝ Հեքի Ֆիննը։

Մանկությո՜ւն. հրաշք տարիներ։

Էդպես անցնում է բավական ժամանակ, ինձ տանում են գյուղ, Ճուտը մնում է քաղաքում, դպրոցն ավարտելուց հետո ես ու իմ ընկեր Նիհարը վերադառնում ենք։ Ճուտը տանը խնդիրներ է սարքում ու վերջնականապես տեղափոխվում մեր վարձած բնակարանը։ Մենք ուսանողներ ենք։

Մանկապարտեզի տարիներից Աստղիկին գրեթե չեմ հիշում, բայց առհասարակ, մեր խմբի աղջիկներից մտապահել էի միայն նրան։ Դա չէր կարող անհետևանք անցնել։

Ինստիտուտի բակում ես ծխում եմ իմ բարակ սլիմսը ու սպասում։ Ու սպասում նրան...

Ինչպես միշտ՝ նա հայտնվում է տասը տարի մեծ մի երիտասարդի ուղեկցությամբ, որը ներկայանում է իբրև ախպեր, թեև ախպերը չի ու ազգականը չի, հաստատ գիտեմ, ուղղակի սիրահարված է Աստղիկին, ոնց ես, ու Աստղը թույլ է տալիս ուղեկցել իրեն, շրջել իր հետ, նորմալ է, հաշվի առնելով որ կյանքը աննկարագրելի, կլոր բան է, ինչ ասես կլսես, կտեսնես։

Երիտասարդը նրան մտցնում է դռներից ու ինձ նման միայնակ հետ է դառնում։ Ես ծխում եմ իմ բարակ սլիմսը ու համբերում։ Ես դեռ համբերում եմ։

Նախորդ օրը մենք Սիլաչու նորաբաց, սիրուն գարեջրատներից մեկում նստած էինք։ Ես ու Նիհարը մոտերքում կրվել էինք ամեն բան, ինչ հնարավոր էր առհասակ կրվել անծանոթ բուքմեյքերականում, ասել է թե՝ կանխիկ փող չունեինք, իսկ պարտքով որևէ խաղադրույք չէին վերցնի մեզնից, ու Նիհարը մտորում էր մեկ գավաթ գարեջրի շուրջ, թե ինչ կարելի է գրավ դնել, ու թարսի պես, նորաբաց գարեջրատուն մտավ աշխարհի ամենասիրուն աղջիկը՝ թիկնապահ երիտասարդի ուղեկցությամբ, իսկ Ճուտը ատամով պիստակ էր ջարդում ու մի քանի կում հազիվ ֆռթացրած լիներ իր գարեջրից, Նիհարը պայթած կոպերի տակից նայում էր իր կիսադատարկ գավաթին, իսկ Ճուտը ներս եկած զույգին էր հետևում ու կայտառորեն ջարդում էր պիստակը, ես նկատեցի, լեզուս կծեցի, բայց հարցրեցի։ Ճուտի պատասխանը ինձ համար հնչեց երկրորդ ապտակի պես, որից այլևս պրծում չկար, անհնար էր չսիրահարվել.

  - Մեր մանկապարտեզի Աստղի՛կը։

Զույգը ուրախ-ուրախ սպասում էր, գարեջուրը ծորակից լցվում էր լիտրանոց շշի մեջ, դանդաղ, անփրփուր, նրանք աջուձախ էին շրջվում, քրթմնջում ու ժպտում քթի տակ, Ճուտը հասել էր պատմության ամենացավոտ կետին.

  - Մոր հետ են ապրում։ Իմ ընկեր Ֆինտին գիտե՛ս։ Ֆինտն էս Աստղիկի մորը..։ Հասկացա՛ր։

Ես ուզում էի ասել, որ բան չհասկացա, որ մեկ է, զզվել եմ, և որ ցավոտ է լսել էս ամբողջ պատմությունը Ճուտի բերանից, Նիհարի ներկայությամբ, մեր մանկապարտեզի Աստղիկի հասցեին, բայց ավելի ցավոտ է գիտակցումը, որ հենց դա է ճշմարտությունը, հակառակվելն իմաստ չունի։

Նիհարը անթարթ նայում էր երեք գավաթներին, իմ ու Ճուտի խոսակցությունն անհետաքրքիր էր, նրա համբերությունը հատում էր։ Զույգի հեռանալու պահին Ճուտը բարձրաձայն, երիտասարդի ականջին լսելի ասեց, որ նա ախպեր է ներկայանում, բայց ախպերը չի, փորձում է խաբել հետաքրքրվողներին...

  - Ի՞նչ գիտես, բա որ ախպերը լինի,- հարցրեցի ես։

  - Հաստատ գիտեմ,- նորից բարձրաձայն ընդգծեց Ճուտը,- քեզ ասում եմ՝ ախպերը չի։ Վախկոտ դեմք ա։ Ուզո՞ւմ ես զանգեմ Ֆինտին...

Գարեջուրը սկսել էր գործել, սրահը լցվել էր Հախվերդյանի հանրահայտ կատարումով. ներս արի, ներս արի, ինչ ես կանգնել... որոշ հատվածներում Ճուտը ձայնակցում էր վարպետին. սա քո փողոցն է, կյանքիդ դպրոցը, ուր քեզ սպասում են, դեռ չեն մոռացեեել... Նիհարը զայրացած նայում էր Ճուտի դեմքին, հետո՝ ինձ։ Ստացած տպավորությունները փորձում էի վանել, փորձում էի խոսել Նիհարի հետ, դիմացի պատին ամրացված հայելին փոխանցում էր իմ արտացոլանքը, ես հետևում էի ինձ, ես զզվելի էի իմ աչքին, հաջորդ պահին ես մտածում էի, որ էնքան էլ վատը չեմ, և որ առավելություն ունեմ, Աստղիկի հետ մանկապարտեզի նույն խումբն եմ հաճախել, մանկություն եմ կիսել, սկզբում նա պատկանել է մե՛զ, ինձ ու Ճուտին, ու հատկապես ինձ, որովհետև Ճուտը ուշացումով էր խմբին միացել, նախքան թիկնապահի հայտնվելը, նախքան թանկանոց մակնիշի ավտոները, պատկանել է ինձ, կյանքը արդար չի, մտածում էի, կյանքը արդար չի, մտածում էի այնքան, մինչև որ բերանիցս թռցրի.

  - Կյանքը արդար չի...

Նիհարը հեգնական հետևում էր, հասկացել էր, Ճուտը թարս հայացքներ էր փոխանակում մյուս սեղաններին նստած սիլաչեցի տղերքի հետ, Նիհարը նայում էր ուղիղ իմ դեմքին ու ժպտում էր։

Սիրահարությունից երեք օր առաջ մենք նստած էինք հայտնի օլիգարխի բարեգործական ճաշարանում. ես ու Նիհարը։ Ճուտը դասից հետո մի քանի ժամ փնտրել էր մեզ, հետքը բռնել էր, մտել հերթական բուքմեյքերականը, բնակարանի բանալին վերցրել ու գնացել տուն։ Մենք ուրիշների առջև նվաստանալու ուժ չունեինք և որոշել էինք միայն ինքներս մեր առաջ նվաստանալ։

Գթության ժամ էր. տատիկներ, պապիկներ, չալիկներ, անտուն արարածներ, որոնց դրսում սպասում էին թափառական շները, հոգնում սպասելուց, թաթերը դնում էին պատուհանին և ուսումնասիրում ներսում հանգրվանածներիս, մենք նույնիսկ պատուհաններին ցատկոտող այդ շուն ու կատվի հայացքները չէինք կարող տանել, ես ու Նիհարը աչքերով կպել էինք իրար ու աշխատում էինք միմյանց նկատմամբ հայելու դեր կատարել, մսխել էինք ամեն ինչ, Ճուտից պոկել էինք հնարավոր ամեն ինչ ու նորից մսխել, վստահ էինք, որ Ճուտը մի կերպ հաց կուտեր, բայց մեզ կերակրելու պարտականությունից ազատել էինք նրան։ Ոչ ոք պարտավոր չէր մեզ օգնել, բացի այս բարեգործից, և մենք խոսում էինք հենց նրա վաստակից ու փողերից, և զարմանալի ախորժակով էինք ուտում, շարունակելով ձևացնել թե ախորժակ ունենք...

Գարեջրատնից հետո դրսում ցուրտ էր։ Նիհարը տաքսի ընտրեց, տեղավորվեց վարորդի կողքին, ես ու Ճուտը հետևում էինք նստել։ Ես Աստղիկի մասին նորանոր հարցեր էի տալիս ու նորանոր ամոթալի պատասխաններ ստանում, ամոթից շշուկով էի խոսում, Նիհարը երաժշտությունը քոքել էր ու խզված ձայնով երգում էր ռուսական սիբիրից, ջահել տաքսիստը դեռևս շփոթված էր, նա քշում էր ծայրամասային Կվարտալի ինչ-որ խուլ հայաթներ, ուղղորդում էր Նիհարը, մենք մի դատապարտյալի փաթեթ պիտի ստանայինք, հետո պիտի հանդիպեինք հետախուզման մեջ գտնվող մեկ ուրիշին ու փաթեթը փոխանցեինք նրան, Ճուտն ու ես փսփսում էինք Աստղիկից, մինչև այս պահը Ճուտը միամտություն թույլ չէր տալիս ու չէր հարցնում իմ հետաքրքրության պատճառների մասին։ Աստղիկը գեղեցկության մրցույթների բազմակի դափնեկիր էր, թագուհու կոչումը անվիճելիորեն հանձնվում էր նրան, ես չեմ ուզում պատմել, թե նա էլ ինչեր է արել, ես չեմ կարող պատմել, ուկրաինական հեքիաթն այստեղ ավարտվում է, որպեսզի տեղ ազատվի նաև կյանքի համար։

Նիհարի առաջարկով երեքս էլ իջանք մեքենայից, տանտերը մեզ հրավիրեց ներս, բարձրահարկերի բակերում խցկված փոքրիկ տներ էին, երկու-երեք սենյակ։ Մուտքից մենք միանգամից հայտնվեցինք հյուրասենյակում.

  - Կոֆե կխմե՞ք, տղերք ջան։

Մենք չմերժեցինք։ Փաթեթը գնաց Նիհարի գրպանը։ Հետո տանտերը նկատեց, որ պլշած հեռուստացույց ենք դիտում, քանի որ անելու այլ բան չունեինք։

  - Տելեվիզր կուզե՞ք, տղերք ջան։ Նորմալ գնով կտամ։

Նիհարը ինձ նայեց, մի փոքր էլ Ճուտին չափչփեց ու կտրուկ հրաժարվեց։ Թե բա՝ չէ, չենք ուզում։ Այդ ժամանակ սուրճը հասավ։ Մենք ցմրուր գլուխներս քաշեցինք, շնորհակալություն ասեցինք տանտիրոջը, շնորհակալություն ասեցինք սուրճ հյուրասիրող աղջկան ու թռանք դուրս։

Ճանապարհին ես հարցեր չտվեցի։

Տուն մտնելիս, հենց բնակարանի շեմին, բանալին պտտելու պահին Ճուտն ասեց.

  - Դու աչքիս սիրահարվել ես Աստղիկին։

Ես չպատասխանեցի։

Նիհարը նստեց բազմոցին, փաթեթը դրեց սեղանիկի վրա, ես տեղավորվեցի կողքին։ Ճուտը նստեց Նիհարի աջ կողմում ու գլուխը դրեց նրա ուսին։ Փաթեթի ամբողջ պարունակությունը Կինդերի դեղնուց էր։ Ես նորից հիշեցի մանկապարտեզն ու Աստղիկին։ Ճուտի չռված աչքերի դիմաց Նիհարը զգուշորեն բացում էր կապրոնե դեղնուցը։ Երջանկության հաբերը նման էին մեր ակվարիումային ձկնիկների նախընտրած արհեստական կերերին։ Հոտը չէր տարբերվում։ Ինձ թվաց, եթե խիղճներս կորցնենք, փորձենք, գուցե հորս ձկնիկների չափ երջանիկ լինենք պահի ազդեցության տակ։

  - Փորձենք,- ասեցի ես։

  - Ծուռ Գարոյին պատասխան կտա՞ս, - հարցրեց Նիհարը։

Մենք գիտեինք, որ Ծուռ Գարոն գալու է փաթեթի հետևից, Նիհարի հեռախոսը ամեն վայրկյան կարող էր զանգել, առանց զանգելու էլ կարող էր բնակարանը գտնել, ծանոթությունով, կապերով տղա էր...

  - Անփող, անսեր, անաստղ աշխարհում...,- ասեցի ես ու միտքս կիսատ թողեցի։

Ճուտը լուռ հետևում էր, Նիհարը ծանր էր շնչում, պետք էր համոզիչ լինել ու վճռական խոսքով վերջ դնել կասկածներին։

  - Դու ճիշտ էիր,- ավելացրի ես ու կանգնեցի,- տուզիկը երբեք գամփռ չի դառնա։

Դա իր սիրելի արտահայտությունն էր, կրկնում էր առիթով ու անառիթ, մեր բոլոր խիզախություններից առաջ հնչող կախարդական արտահայտությունը։

  - Նստի՛,- թևս քաշեց Նիհարը,- բայց հիշի՝ Ծուռ Գարոն էսօր-վաղը կհասնի։

Ես նստեցի։ Մեկ էր արդեն, Ծուռ Գարոն, Շիլ Վաղոն, Կաղ Արոն... մեկ էր ամեն ինչ, իմ մանկապարտեզի Աստղիկը քայլում էր ուրիշ մանկապարտեզների ու դպրոցների տղերքի հետ, նստում նրանց ավտոները, փռվում կաշվե նստատեղերին, իմ պարտությունն ակնհայտ էր, ես կորցրել, վատնել, փչել էի, ինչն ի սկզբանե պատկանել էր ինձ։ Կյանքը պատառոտված քարտեզ էր հիշեցնում, սակայն դեռ մնում էր պատից կախ, քրքրված, մաշած ու արդիականությունը կորցրած, իմ կյանքը աշխարհագրության գյուղական դասատուի քարտեզն էր, որի անկյունը այրել էի կրակայրիչով, բայց և նույն րոպեին հանգցրել, կրակը մարել, սա էր իմ ամբողջ կյանքը...

Մենք հերթով բերաններս դրինք երջանկաբեր հաբերը, հերթը Նիհարինն էր, նա անհանգիստ հետուառաջ էր անում սենյակով, սովետական պատուհաններն էր ստուգում, այդպես հոգնեց, սպառվեց, տեղավորվեց բազկաթոռին ու իր հաբը բերանն առավ.

Ծամե՛ք,- հուշեց մեզ,- հիմար բաներ չանեք, աշխատեք հանգստանալ...

Ես ընկա բազմոցին, իսկ Ճուտը փռվեց խալու վրա, Նիհարը նստած էր բազկաթոռին, գլուխը հետ գցած, երեքիս հայացքն էլ ուղղված էր առաստաղին։

Դրսում մութ էր, փողոցի լույսերը դեռ վառն էին, մուտքից դեռ դռների ձայներ էին հասնում, ես մտածում էի Աստղիկի մասին, Նիհարը պատմում էր հալյուցինոգեն սնկերը չորացնելու և աղալու պատմությունը, Ճուտը ուշադիր լսում էր նրան, ես մտածում էի Աստղիկին ուղղված միակ հարցի մասին, թե արդյո՞ք հիշում է ինձ ու զգում, որ բացասական պատասխանի դեպքում շարունակությունն իմաստ չէր ունենա, զարմացական, բացասական պատասխանն ինձ ի սպառ կոչնչացներ՝ կտրելով կասկածելի կապվածության թելը, զրկելով նոր կապ հաստատելու հույսերից։ Իմ աջ ականջը խշշում էր, ձախի մեջ հնչում էր Նիհարի մենախոսությունը, այն ասես մեծ դահլիճի բեմից էր հասնում, ես լսեցի, թե ոնց էր Նիհարը Ճուտին սաստում, որ տանը թքել չի կարելի, դրանից հետո ձախ ականջս խլացավ, խցվեց աջի պես, առաստաղի վրա փոքրիկ կետ էր պտտվում, ես փակեցի աչքերս, նորից բացեցի, կետը ռուլետի նման պտտվում էր ու մեծանում, ահագնանում, կլանված էր արդեն ամբողջ առաստաղը, սև անվապտույտը վայրկյան առ վայրկյան մոտենում էր, ես շարժվելու ջանքեր արի, որպեսզի խույս տամ, փրկվեմ, հայհոյեցի, գլխավերևից ինչ-որ մեկն անընդհատ հարցնում էր.

  - Հը՞, լավ չե՞ս, լավ չե՞ս, լա՞վ ես, լաաաա՞վ ես...

Աչքերս նորից բացեցի, կլանվելու վտանգն անցել էր, ամեն ինչ արցունքոտ փայլում էր, իմ սիրտը կատաղի ուժով բախում էր, պարզելու համար թե դրսում ո՞վ կա ու ի՞նչ է ընդհանրապես կատարվում...

  - Հանդարտի՛ր, հանդարտի՛ր, իմ սիրտ,- ասեցի ես ու ձեռքերս բարձրացրի դեպի առաստաղը։ Արմունկներից սկսած դրանք չինական ծաղկամաններ էին հիշեցնում, դրանց միջից երկար, կարմիր վարդեր էին ձգվում և հասնում էին դիմացի պատին ամրացված գրադարակների վերին շարքերը։ Վախենում էի ձեռներս թուլացնել, վստահ էի, որ ընկնելիս դրանք չրխկալով կփշրվեն և հետագա ամբողջ կյանքում կռնատ կմնամ... ես հերթական անգամ ուշքի եկա, նստեցի, Նիհարը իր բազկաթոռին էր, նրա ճակատից քրտինքը իջնում էր քունքերով ու այտերից կաթում պարանոցի ու օձիքի միջև ընկած բաց տարածությունը, նա կարծես եփվում էր, նրանից օղի էին քաշում, աչքերը փակ էին, դեմքը դալուկ էր ու հանդարտ, բարակ մատերը նրբորեն կլորվել էին բազկաթոռի բռնակներին, շրթունքները կապույտ էին, ես ստուգեցի՝ ձեռքերս նույն վաղեմի ձեռքերն էին, ծաղիկները չկային, հետո երկյուղով սկսեցի փնտրել Ճուտին, հատակին ընկած էր խալու մեջ փաթաթված մի մարդ, նա մրսում էր, դողում էր, խալին ցնցվում էր, քարաբաղնիսը չէր օգնում, ես վախեցա, որ դողէրոցքի դեմ պայքարի հետևանքով մարդը կարող է խեղդվել, կանգնեցի և ինձ թվաց, թե հերթական անգամ ուշքի եկա, թվաց՝ հենց հիմա կփսխեմ, զոռով էի զսպում ինձ, հաջողացրի կանգնած մնալ ու ոտքով բզել խալու մեջ փաթաթված մարդուն, ավելի ուժգին խփեցի, մինչև որ ձայն հանի։ Դա Ճուտի ձայնն էր։ Հանգիստ էի, Ճուտի ձայնն էր, Ճուտի ձայնի արձագանքը քարշ էր գալիս ինձ հետ։ Մութ միջանջքով մի կերպ հասա զուգարան, լույսը միացնելու պահին ինձ թվաց, թե հերթական անգամ ուշքի եկա...

Շատ անցավ, քիչ անցավ, հաստատ չգիտեմ որքան տևեց փսխուքի ու զուգարանի գործը, ուշքս տեղն եկավ, գլուխս պարզվեց կարծես, ես վերադարձա հյուրասենյակ։ Ճուտն ու Նիհարը նստած էին բազմոցին։

Լուսաբաց էր։

- Բարլո՛ւս,- ասեց Նիհարը, - էս ո՞ւր էիր։

Ես չպատասխանեցի։

 - Մենք իջանք, ջուր առանք, հետ եկանք, դու հլը զուգարանում էիր,- ավելացրեց Ճուտը։

Ես սեղանից վերցրի սիգարետի տուփը, հանեցի բարակ սլիմսը, վառեցի կրակայրիչը... ու քաշեցի իմ համբերության սլիմսը...

  - Էդ Աստղիկի ինստիտուտի տեղը գիտե՞ս,- հարցրի Ճուտին։

  - Գիտեմ, գիտեմ...

  - Գյուղում խոսում են, որ դու ուրիշ աղջկա ես սիրում,- ասեց Նիհարը։

  - Մեր գյուղացի աղջկա։ Գիտե՛մ,- ասեցի ես։

  - Խեղճ գյուղացիք... ի՜նչ մտածեին,- ծաղրեց Ճուտը։

  - Փախա՛ր,- կոպտեցի ես։

  - Ագրեսիվ ես դարձել,- նկատեց Նիհարը։

  - Կինդերներով լիքը տուփ պիտի ստանանք,- ասեցի Ճուտին։

  - Կստանանք,- պատասխանեց Ճուտը։

  - Հլը էդ սլիմսիցդ տուր, ծխենք,- ասեց Նիհարը։

Օրը գնում էր։ Արևն արդեն ելել էր շենքերի շալակը։ Հաճելի ժամ էր։

Ես ու Ճուտը ոտքի ելանք, որ հասցնենք։ Նիհարը բազմոցին նստած ծամածռում էր դեմքը ու խռպոտ հնչերանգով դիմում մեզ.

  - Ծուռ Գարոն եմ...

  - Քսան հազար էլ պիտի տաս,- խնդրեցի Ճուտին,- քո պարտքը հասավ երկու հարյուրի։

Մենք փողն էինք հաշվում, Նիհարը դեմքը ծամածռելով կրկնում էր.

  - Ծուռ Գարոն եմ, Ծուռ Գարոն...

Այդ ժամանակ դռան թակոց լսվեց, իրար նայեցինք։

  - Գարոն հասավ,- ասեց Ճուտը։

  - Բերանդ խերով բացի,- ասեց Նիհարը ու դուռը ստուգեց։ Մարդ չկար, երևի թվացել էր։

  - Դու էլ հետներս արի, տանը մենակ մի մնա,- առաջարկեցի ես։

  - Տաք եք, է՜, չեք հասկանում, թե ում հետ գործ ունեք... Ծուռ Գարո՜ն,- հառաչեց Նիհարը։

Երեքով քայլեցինք դեպի երկաթուղայինների կանգառը։ Նիհարն անընդհատ մազերն էր ուղղում ու կրկնում, որ մենք լուրջ խնդիր ենք ստեղծել, ուղղակի դեռ չենք գիտակցում։ Ես զգում էի, որ Աստղիկի հանելուկից պիտի ազատվեմ ու նոր անցնեմ Ծուռ Գարոյին։ Երկաթուղայինների կանգառում կանգնել, ծխում էր մի տղա, դա ես էի, ես չէի... Աստված գիտի։ Նա նման չէր ինձ։ Երբեք էդպիսի բան չէր եղել իմ կյանքում։

Իմ կշռադատվածությունը կորել էր, զսպվածությունը՝ մարել, ես քաշում էի համբերության սլիմսը ու սպասում... ու սպասում էի նրան։ Շինությունների արանքը մտած ինստիտուտի բակում կանաչ տաղավար կար, ձվաձև տուփը դրել էի սեղանին ու աղոթում էի, որ դասից հետո գոնե միայնակ դուրս գա։ Ինձ պետք էր հարյուր մետր տարածություն և մեկ մարդ։ Ավել բան չէի ակնկալում այս աշխարհից։ Ես պատրաստ էի ջնջել նրա անցյալը, փոխել ապագան, հրաժարվել խաղից, վերադարձնել Ճուտի պարտքը, չոքել ու ներողություն խնդրել Ծուռ Գարոյից, եթե միայն վստահ լինեի, որ նա հիշում է ինձ, որ նա սպասել է ինձ, ինչպես ինքս էի բոլոր այս տարիների ընթացքում անգիտակցաբար սպասել նրան։

Ժամը վեցն էր, վեցն անց կես։ Նույն անճանաչելի տղան, որից խոսում էի, պոկվել էր երկաթուղայինների կանգառից ու հասել Կայարան։ Օրվա վերջում քաղաքի տարբեր ծայրերից մարդիկ ձգվում էին այստեղ։ Այստեղ հայրերը հանդիպում էին իրենց լքված որդիներին, այստեղ դատապարտված հոգիները ողջագուրվում էին միմյանց, գողը գրպանն էր խոթում դրամապանակը, հարբեցողը գրպանից քաշում էր օղու շիշը։ Արևը շողում էր բոլորի համար, բայց վերքերն անհնար էր բուժել։ Արևի շողը կտրում էր Դավթի սրի պես։

Սա ես էի, սա ես չէի... չգիտեմ։ Անծանոթի հպումը հերթական անգամ ուշքի բերեց ինձ.

  - Ախպերս, էդ սլիմսիցդ կտա՞ս ծխեմ։

Այդ մարդը մինչև մռութը թաթախվել էր կեղտի մեջ, դժվար էր գուշակել նրա առաջին սիրո պատմությունը, հազվագյուտ պատմություն, որը միավորում է ամենքիս, մտածում էի ես։ Քայլերս ուղղեցի արձանի տակ, էդպես անցավ որոշ ժամանակ, արևը կորավ, Կայարանն ընկղմվեց սազական գորշությամբ։ Հեռվից Նիհարն էր գալիս, ձեռքերը գրպաններն էին, ոտքերն արագ-արագ գցելով հասնում էր ինձ։ Կողքիցս կախ տոպրակը տեսնելով նա ավելորդ հարցեր չտվեց.

  - Չեղա՞վ։

  - Չէ։ Չհիշեց,- պատասխանեցի ես։

  - Ծուռ Գարոյին պիտի սպասենք,- խոսակցությունը միանգամից փոխեց Նիհարը,- եթե մութն ընկնելուց տասը րոպե հետո չեկավ, ուրեմն կգնանք ու տանը կսպասենք։

  - Ծուռ Գարոն, Ծուռ Գարոն... հետախուզման մեջ...,- արտասանեցի ես։

  - Ճարպիկ գող, հմուտ խաբեբա, սառնասիրտ մարդասպան...,- ավելացրեց Նիհարը։

  - Երկնքից երեք դեղնուց ընկավ,- նորից ուշքի գալով վրա բերի ես։

  - Ու մեկը կիսադատարկ էր,- ասեց Նիհարը։

Մթնշաղ էր։ Տեղ-տեղ մութ էր։ Տեղ-տեղ լուսավորություն էր միացված։ Զգայարանները բազմապատիկ զորությամբ սրվել էին։ Անցորդների յուրաքանչյուր քայլ կլանում էր մեր ուշադրությունը, Ծուռ Գարոն կարող էր հայտնվել ցանկացած վայրկյանի, ճարպիկ գող, հմուտ մարդասպան, արդեն կրկնակի դատվածություն ուներ և հիմա մոտենում էր երրորդին։ Ապարդյուն սպասումից հոգնած, մենք քայլում էինք տուն, Ճուտը զանգում էր, Նիհարի հեռախոսը չէր լռում։

Ճանապարհին ես մտածում էի, թե ոնց պատմել Ծուռ Գարոյին Աստղիկի մասին, ոնց ասել, բացատրել, որ նա կին էր, նրա հմայքն անդիմադրելի էր, տիկնայք և պարոնայք, բոլորը պայքարում էին նրա գեղեցկության համար։ Իսկ ես միակն էի, ով սիրում էր նրան։

  • Hits: 4769

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: