Մեզ դուր էր գալիս այդ տունը, քանի որ այն բացի շատ ընդարձակ և հինավուրց լինելուց (այսօր, երբ հին տները քանդվում են դրանց հումքից շահ ստանալու համար)՝ լի էր մեր նախատատերի, հայրական կողմի պապիկի, մեր ծնողների և մանկության մասին հիշողություններով։
Ես և Իռենեն սովոր էինք այնտեղ մենակ լինելուն, ինչը խենթություն էր, որովհետև այդ տանը կարող էին ութ հոգի ապրել՝ առանց միմյանց խանգարելու։ Առավոտյան էինք մաքրություն անում․ ժամը յոթին վեր էինք կենում, իսկ տասնմեկին մոտ ես գնում էի խոհանոց՝ վերջին մի քանի սենյակների մաքրությունը թողնելով Իռենեին։
Ճաշում էինք կեսօրին՝ ամեն անգամ ճիշտ նույն ժամին․ անելու ոչինչ չէր էլ մնում՝ բացառությամբ մի քանի կեղտոտ ափսեներ լվանալը։ Հաճելի էր ճաշել՝ մտածելով ընդարձակ և հանգիստ տան մասին և այն մասին, որ մեզ համար բավական էր միայն այն մաքրության մեջ պահելը։ Երբեմն գալիս էինք այն մտքին, որ հենց տունը թույլ չէր տալիս մեզ ամուսնանալ։ Իռենեն առանց պատճառի մերժել էր իր երկու փեսացուներին, իսկ ինչ վերաբերում է ինձ, իմ Մարիա Էսթերը մինչև մեր նշանադրությունն էր մահացել։ Քառասուն տարեկանին էինք մոտենում այն լռին մտքով, որ մեր՝ եղբոր ու քրոջ անխոս և հասարակ միությունն անհրաժեշտ էր եզրափակելու համար տոհմաբանությունը, որն այդ տանը սերմանել էին մեր նախապապերը։
Մի օր այնտեղ էլ մահանալու էինք, մեր անբան և մարդախույս զարմիկները տիրանալու էին տանը, քանդելու էին այն, որպեսզի հարստանան բնահողի և աղյուսների հաշվին, կամ ավելի լավ կլիներ՝ մենք ինքներս ոչնչացնեինք այն, քանի դեռ շատ ուշ չէր։
Իռենեն կյանքում ոչ ոքի չէր անհանգստացնում։ Առավոտվա ակտիվ գործունեությունից հետո օրվա մնացած մասը գործելով էր անցկացնում՝ իր ննջասենյակի բազմոցին նստած։ Չգիտեմ, թե ինչու էր այդքան շատ գործում, բայց կարծում եմ, որ կանայք ոչինչ չանելու մեծագույն պատրվակով են գործում։ Իռենեն այդպիսին չէր, նա միշտ պետքական բաներ էր գործում․ ձմեռային տրիկոներ, ինձ համար գուլպաներ, իր համար զգեստներ և բաճկոնակներ։ Երբեմն բաճկոնակ էր գործում, իսկ հետո միանգամից ձևափոխում էր, որովհետև ինչ-որ մի բան դուր չէր գալիս նրան․ զվարճալի էր ժամեր շարունակ իր ձևը պահպանող գալարուն բրդի կույտ տեսնել զամբյուղի մեջ։ Շաբաթ օրերը կենտրոն էի գնում, որպեսզի նրա համար բուրդ գնեմ․ Իռենեն վստահում էր իմ ճաշակին, գոհ էր մնում գույներից, և ես երբեք ստիպված չէի լինում վերադարձնելու կաժերը։ Այդ այցերից օգտվելով՝ շրջում էի գրախանութներով՝ ապարդյուն հարցնելով՝ արդյոք կան նոր բաներ ֆրանսիական գրականությունից։ Մինչև 1939 թվականը ոչ մի արժեքավոր բան չէր գալիս Արգենտինա։
Բայց ես տան մասին եմ ուզում խոսել, տան և Իռենեի, քանի որ ես ինքս ամենևին էլ հետաքրքիր չեմ։ Հետաքրքիր է՝ ինչ էր անելու Իռենեն առանց գործելու։ Գիրքը կարելի է վերընթերցել, բայց երբ պուլովերն[1] ավարտին է հասցված, անհանար է վերափոխել այն առանց սկանդալի։ Մի անգամ կոմոդի ստորին դարակում մեծ քանակությամբ սպիտակ, կանաչ և մանուշակագույն գլխաշորեր գտա։ Դրանք ցողված էին նավթալինով և դասավորված ինչպես գալանտերեայում[2]․ չէի համարձակվում հարցնել Իռենեին, թե ինչ էր պատրաստվում անել դրանց հետ։ Փող վաստակելու կարիք չունեինք, որովհետև ամեն ամիս հանքերից արծաթ էր գալիս, և ունեցվածքը շատանում էր։ Բայց Իռենեին ուղղակի դուր էր գալիս գործելը, նա հիանալի ճարպկությամբ էր անում դա, և ես ժամեր շարունակ նայում էի նրա ձեռքերին, որոնք ասես արծաթագույն ոզնիներ լինեին, այս ու այն կողմ գնացող շուղերին և գետնին դրված մեկ կամ երկու զամբյուղներին, որոնց մեջ անընդմեջ ցնցվում էին կծիկները։ Գեղեցիկ էր։
Ինչպե՜ս կարող եմ չհիշել տան նախագիծը։ Ճաշասենյակը, գոբելեններով հյուրասենյակը, գրադարանը և երեք մեծ ննջասենյակները գտնվում էին ամենահեռավոր ծայրում, որը դեպի Ռոդրիգես Պենա[3] էր ուղղված։ Տան այս թևը միայն մեծ կաղնե դուռ ունեցող միջանցքով էր առանձնացված առաջնային թևից, որտեղ գտնվում էին լոգասենյակը, խոհանոցը, մեր ննջասենյակներն ու կենտրոնական հյուրասենյակը, որտեղից կարելի էր դուրս գալ և՛ ննջասենյակներ, և՛ միջանցք։ Տուն էինք մտնում մայոլիկե[4] արտասանդուղքով, իսկ նախամուտքի դռնով՝ հյուրասենյակ։ Այսպիսով՝ բարձրանում էիր արտասանդուղքով, մտնում նախամուտքի դռնով և անցնում հյուրասենյակ, որի երկու կողմերում մեր ննջասենյակների դռներն էին, իսկ դիմացը՝ միջանցքը, որը տանում էր դեպի ամենահեռավոր թևը․ միջանցքով գնալով՝ բացում էիր կաղնե դուռը, որի հետևում սկսվում էր տան մյուս հատվածը, կամ հենց դռան առաջ կարելի էր թեքվել ձախ և գնալ ավելի նեղ միջանցքով, որը տանում էր դեպի խոհանոց և լոգասենյակ։ Երբ կաղնե դուռը բաց էր լինում, թվում էր, թե տունը շատ մեծ էր, եթե փակ էր լինում, նեղլիկ բնակարանի տպավորություն էր ստեղծվում, ինչպիսին հիմա են կառուցում․ ես և Իռենեն տան այս թևում էինք ապրում և գրեթե երբեք կաղնե դռնից այն կողմ չէինք անցնում՝ բացառությամբ մաքրություն անելու նպատակով, որովհետև անհավատալի է, թե ինչպես էր փոշի նստում կահույքի վրա։ Բուենոս Այրեսը մաքուր քաղաք է, բայց դրա համար հարկավոր է երախտապարտ լինել դրա բնակիչներին։ Օդը լի է փոշիով, բավական է քամի փչի, այն նստում է մարմարե բարձակներին և մակրամեի շեղանկյունաձև նախշերին․ փոքրիկ ավելով լավ մաքրում ես, այն թռնում է և մնում օդում կախված, իսկ հաջորդ վայրկյանին նորից նստում է կահույքին և դաշնամուրին։
Միշտ պարզ հիշելու եմ դա, որովհետև ամեն ինչ հասարակ էր և զուրկ ավելորդ մանրամասնություններից։ Իռենեն գործում էր իր ննջասենյակում, երեկոյան ժամը ութն էր, և հանկարծ մտքովս անցավ մի գավաթ մատե[5] դնել կրակին։ Միջանցքով գնացի դեպի կիսաբացված կաղնե դուռը և խոհանոցի կողմ պտտվելիս ինչ-որ բան լսեցի գրադարանում կամ ճաշասենյակում։
Աղմուկը խուլ էր և ոչ հստակ, գորգի վրա նետված աթոռի ձայնի կամ խոսակցության ձայնախեղդ շշուկի նման։ Նույն պահին կամ մեկ վայրկյան անց աղմուկ լսեցի նաև միջանցքի խորքից, որն այդ մասերից տանում էր դեպի դուռը։ Նետվեցի դեպի դուռը, քանի դեռ շատ ուշ չէր, շրխկացնելով փակեցի այն՝ մարմնովս ամուր հենվելով դրան․ բարեբախտաբար բանալին մեր կողմից էր դրված։ Բացի դրանից՝ առավել ապահովության համար փակեցի նաև սողնակը։
Գնացի խոհանոց, տաքացրեցի մատեն և երբ սկուտեղը ձեռքիս վերադառնում էի, ասացի Իռենեին․
-Ստիպված փակեցի միջանցքի դուռը։ Զավթել են ներսի թևը։
Իռենեն դադարեցրեց գործելն ու հոգնած և լուրջ աչքերը հառեց ինձ․
-Վստա՞հ ես։
Գլխով արեցի։
-Այդ դեպքում, - շուղերը հավաքելով՝ ասաց Իռենեն, - ստիպված ենք այս թևում ապրել։
Ես դանդաղ մատե էի խմում, սակայն Իռենեից որոշակի ժամանակ պահանջվեց իր աշխատանքին վերադառնալու համար։ Հիշում եմ, որ մոխրագույն բաճկոնակ էր գործում․ ինձ դուր էր գալիս այդ բաճկոնակը։
Առաջին մի քանի օրը դժվար էր, որովհետև շատ իրեր էինք թողել զավթված թևում, որոնք սիրում էինք։ Իմ՝ ֆրանսիական գրականության բոլոր գրքերը, օրինակ, գրադարանում էին։ Իռենեն մի քանի ծածկոցների և հողաթափերի կարիքն էր զգում, որոնք ձմռանն այնքան ջերմացնում էին նրան։ Ես գիհե[6] ծխամորճս էի կարոտում, իսկ քույրս, կարծում եմ, բազմամյա հնեցման Հեսպերիդինայի[7] մասին էր երազում։ Հաճախ (բայց միայն առաջին օրերին) կոմոդի որևէ դարակ էինք բացում ու չգտնելով մեր փնտրած իրը՝ տխուր նայում էինք միմյանց։
-Չկա, այստեղ չէ։
Բայց կային նաև առավելություններ։ Մաքրություն անելն այնքան էր հեշտացել, որ նույնիսկ ուշ արթնանալով, օրինակ ժամը ինն անց կես՝ տասնմեկին մոտ անելու բան չէր մնում, և ձեռքներս ծալած նստում էինք։ Իռենեն սկսեց ինձ հետ խոհանոց գալ՝ ճաշ պատրաստելիս ինձ օգնելու համար։ Լավ մտածելուց հետո որոշեցինք հետևյալը․ մինչ ես ճաշն էի պատրաստում, Իռենեն ընթրիքի համար սառը ուտեստներ էր պատրաստում։ Ուրախանում էինք, որովհետև միշտ նյարդայնացնում էր այն, որ պետք է երեկոյան դուրս գայինք ննջասենյակից՝ ուտելիք պատրաստելու։ Իսկ այժմ ամանով ուտելիքներ էինք դնում Իռենեի ննջասենյակի սեղանին։
Իռենեն գոհ էր, որովհետև ավելի շատ ժամանակ էր մնում գործելու համար։ Ես փոքր-ինչ տխուր էի գրքերի պատճառով, սակայն քրոջս չվշտացնելու համար սկսեցի վերանայել հայրիկի՝ նամականիշերի հավաքածուն, և դա ինձ օգնեց ժամանակ սպանել։ Շատ զվարճալի էր, ամեն մեկն իր գործերով․ հիմնականում Իռենեի ննջասենյակում էինք հավաքվում, քանի որ այն ավելի հարմարավետ էր։ Երբեմն Իռենեն ասում էր․
-Նայի՛ր այստեղ։ Երեքնուկի նման չէ՞։
Մի փոքր անց թղթե քառակուսիկ էի ցույց տալիս նրան, որպեսզի տեսներ Էյպենի[8] և Մալմեդիի[9] նամականիշերի տարբերությունները։ Լավ էինք զգում մեզ և աստիճանաբար սկսեցինք ոչնչի մասին չմտածել։
(Երբ Իռենեն քնի մեջ բարձր խոսում էր, ես քունս կորցնում էի։ Ոչ մի կերպ չէի կարողանում ընտելանալ արձանի կամ թութակի այդ ձայնին, որը ոչ թե կոկորդից էր գալիս, այլ երազներից։ Իռենեն ասում էր, որ ես քնած ժամանակ այնքան ուժեղ էի ցնցվում, որ երբեմն ծածկոցն ընկնում էր վրայիցս։ Մեր ննջասենյակների մեջտեղում հյուրասենյակն էր, սակայն գիշերը տանը ցանկացած աղմուկ լսելի էր։ Շնչառություն ու հազոց էինք լսում, պահակի՝ բանալին փականին մոտեցնելու շարժման ձայնն էինք լսում, փոխադարձ և հաճախակի անքնություններ։
Բացի այս ամենից՝ տանը լռություն էր։ Ցերեկը կենցաղային աղմուկ էր․ շուղերի մետաղի կրճտոցը, ֆիլատելիստական ալբոմի էջերի ճռճռոցը։ Կաղնե դուռը ամուր էր։ Խոհանոցում և լոգասենյակում, որոնք շարունակում էին զավթված թևի կողքին մնալ, սկսում էինք շատ բարձր խոսել կամ Իռենեն օրորոցայիններ էր երգում։ Խոհանոցում խեցեղենի և ապակու աղմուկը չափից ավելի էր, որպեսզի այլ ձայներ ներխուժեին այնտեղ։ Շատ հազվադեպ էինք այնտեղ լռություն պահպանում, բայց երբ թեքվում էինք դեպի ննջասենյակներ և հյուրասենյակ, տունը դառնում էր լուռ ու կիսախավար, նույնիսկ սկսում էինք ավելի դանդաղ քայլել, որպեսզի չանհանգստացնեինք միմյանց։ Կարծում եմ հենց այդ պատճառով է, որ երբ Իռենեն գիշերը սկսում էր երազի մեջ բարձր խոսել, քունս փախնում էր)։
Անընդհատ նույնն էի կրկնելու, եթե չլիներ ավարտը։ Գիշերները ծարավում եմ ու քնելուց առաջ ասացի Իռենեին, որ գնում եմ խոհանոց՝ ինձ համար մի բաժակ ջուր բերելու։ Ննջասենյակի դռնից դուրս գալիս (Իռենեն գործում էր) աղմուկ լսեցի խոհանոցում․ աղմուկը կա՛մ խոհանոցից էր, կա՛մ լոգասենյակից, որովհետև միջանցքի կորությունը խլացնում էր ձայնը։ Իռենեն նկատեց, որ հանկարծակի կանգ առա, ու մոտեցավ՝ առանց մի բառ արտաբերելու։ Կանգնած ականջ էինք դնում ձայներին՝ հստակ նշմարելով, որ դրանք կա՛մ կաղնե դռան այս կողմից էին՝ խոհանոցից և լոգասենյակից, կա՛մ հենց միջանցքից, որտեղից սկսվում էր տան՝ մեր կողքին գտնվող մասը։
Նույնիսկ չէինք էլ նայում միմյանց։ Սեղմեցի Իռենեի ձեռքն ու առանց հետ շրջվելու վազեցինք դեպի նախամուտքի դուռը։ Ձայները ավելի բարձր էին լսվում, բայց խուլ էին ու մշտապես մեր մեջքի հետևում։ Ձեռքի արագ շարժումով փակեցի դուռն, ու մնացինք շեմին։ Այժմ ոչ մի ձայն չկար։
-Այս թևն էլ զավթեցին, - ասաց Իռենեն։ Գործվածքը կախ էր ընկել նրա ձեռքերից, իսկ թելերը գնում էին մինչև նախամուտքի դուռն ու անհետանում դրա տակ։ Երբ Իռենեն նկատեց, որ կծիկները դռան մյուս կողմում էին մնացել, բաց թողեց գործվածքն՝ առանց դրան նայելու։
-Հասցրի՞ր որևէ բան վերցնել, - անմտաբար հարցրի ես։
-Չէ՛, ո՛չինչ։
Մնացինք նրանով, ինչ կար մեր հագին։ Հիշեցի, որ ննջասենյակի պահարանում տասնհինգ հազար պեսո ունեի։ Բայց արդեն ուշ էր։
Քանի որ ձեռքի ժամացույցս ինձ մոտ էր, տեսա, որ արդեն ժամը տասնմեկն էր։ Թևերիս մեջ առա Իռենեին (ոնց որ լաց էր լինում), ու այդպես փողոց դուրս եկանք։ Գնալուց առաջ ափսոսանք զգացի, ամուր փակեցի մուտքի դուռն ու բանալին գցեցի կոյուղին։ Այնպես չէր, որ ինչ-որ խղճուկ մուրացկանի խելքին պետք է փչեր այդ ժամին մտնել ու թալանել տունը, ա՛յն էլ զավթված տունը։
[1] Անօձիք և անկոճակ գործած տաք շապիկ։
[2] Արդուզարդի և անձնական գործածության մանր առարկաների խանութ։
[3] Փողոց Արգենտինայում։
[4] Ջնարակած և նկարազարդ խեցի։
[5] Պարագվայական խմիչք՝ պատրաստված պարագվայական փշարմավի մանրացված և չորացված տերևներից։
[6] Նոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար թուփ կամ փոքր ծառ:
[7] Արգենտինական լիկյոր։
[8] Քաղաք Բելգիայի Լիեժ մարզում։
[9] Մունիցիպալիտետ Բելգիայի Լիեժ մարզում։
Իսպաներենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը
- Hits: 4831