Այն տարի, երբ սկսեցի «վազա»-ի փոխարեն արտաբերել «վաազաա», տղամարդը, որին գրեթե չէի ճանաչում, քիչ էր մնում հանկարծակի սպաներ ինձ։

Այդ տղամարդը չվնասվեց, երբ մեկ ուրիշ մեքենա բախվեց մերին։ Տղամարդը, որին մեկ շաբաթ էի ճանաչում, այնպես էր պահել ինձ փողոցում, որպեսզի չկարողանայի տեսնել ոտքերս։ Հիշում եմ՝ գիտեի, որ չարժի նայել, և գիտեի, որ կնայեի, եթե հնարավորություն լիներ։

Տղամարդու հագուստը իմ արյունով էր պատված։

Նա ասաց․

-Քեզ հետ ամեն ինչ լավ կլինի, բայց այս սվիտերը դեն նետելու բան է։

Ես ճչացի ցավի վախից։ Բայց ոչ մի ցավ էլ չէի զգում։ Հիվանդանոցում ներարկումներից հետո գիտեի, որ ցավ կար, բայց չգիտեի, թե ում ցավն էր։

Ոտքերիցս մեկին պետք է չորս հարյուր կար դնեին, որոնք հինգ հարյուր էին դառնում, երբ պատմում էի դրանց մասին, որովհետև իրականում ոչինչ երբեք այնքան վատ չի լինում, որքան կարող էր լինել։ Այն հինգ օրերը, որոնց ընթացքում բժիշկները որոշում էին, թե արդյոք կարող էին փրկել ոտքս, շատացնելով դարձրի տաս։

Փաստաբանս ճարտար լեզու ուներ։ Բայց մի քանի խոսքից հետո միայն կվերադառնամ դրան։

Արտաքին տեսքի մասին էինք խոսում, այն մասին, թե ինչքանով է այն կարևոր։ Ես ասացի, որ այն բախտորոշ նշանակություն ունի։

Կարծում եմ, որ արտաքին տեսքը բախտորոշ է։

Բայց այդ տղան փաստաբան էր։ Նա անկողնուս հենած փիրուզագույն վինիլային աթոռին էր նստած։ Արտաքին տեսք ասելով՝ ուզում էր հասկանալ, թե իմ արտաքին տեսքի կորուստն ինչ արժեք ուներ օրենքի դաշտում։

Կարող եմ ասել, որ փասատաբանը սիրում էր կրկնել «օրենքի դաշտ» արտահայտությունը։ Պատմեց, որ երեք անգամ ձախողել էր, մինչև որ դիպլոմ էր ստացել։ Ասաց, որ իր ընկերները ուռուցիկ քարտեր էին նվիրել իրեն, որոնց վրա «դիպլոմավորված փաստաբան»-ի փոխարեն գրված էր «վերջապես փաստաբան»։

Նա արդեն հատուցել էր աշխատավարձի կորուստը, որի պատճառով այլևս երբեք չէի կարողանալու բորտուղեկցորդուհի դառնալ։ Փատաբանն ասաց՝ այն, որ ես երբեք էլ չէի մտածել բորտուղեկցորդուհի դառնալու մասին, իրավաբանորեն կարևոր չէ։

-Եվս մի բան կա, - ասաց փաստաբանը։ - Պետք է խոսենք նաև ամուսնության հեռանկարների մասին։

«Ինչի՞ հեռանկարների մասին, - ուզում էի հարցնել, չնայած որ միանգամից գլխի էի ընկել, թե խոսքն ինչի մասին էր»։ Տասնութ տարեկան էի։ Հարցրի․

-Նախ և առաջ երևի պետք է խոսենք ինչ-որ մեկի հետ հանդիպելու հեռանկարների մասին։

Մեկշաբաթյա տղամարդը արդեն լքել էր ինձ, վթարը ստիպել էր նրան վերադառնալ կնոջ մոտ։

-Կարծում ես, որ արտաքին տեսքը կարևո՞ր է, - հարցրի այդ տղամարդուն մինչև ինձ լքելը։

-Առաջնային չէ, - պատասխանեց նա։

Հարևան մի տղա կա, որը քիմիայի ուսուցիչ էր, մինչև որ պայթյունը չխլեց նրա դեմքը, և մնաց այն, ինչ կա։ Այն, ինչ մնացել է նրանից, խնամքով հագնում է մուգ կոստյումներ և մաքրված կոշիկներ։ Պորտֆելով է գնում քոլեջ։ Միակ մխիթարությունը նրա ընտանիքն էր, ասում էին մարդիկ, մինչև որ կինը չվերցրեց երեխաներին և չհեռացավ։

Արևաբուժարանում մի կին ինձ լուսանկար ցույց տվեց և ասաց․

-Նախկինում տղաս այսպիսինն էր։

Երեկոներս դիալիզի բաժանմունքում էի անցկացնում։ Նրանք դեմ չէին, երբ բաժանմունքն ազատ էր լինում։ Լայնէկրան գունավոր հեռուստացույց ունեին, որն ավելի լավն էր, քան վերակենդանացման բաժանմունքինը։ Չորեքշաբթի երեկոները մի հաղորդում էինք նայում, որի ընթացքում լավ հագնված կանայք նստում էին շքեղ բազմոցներին և խոստանում ոչնչացնել միմյանց։

Իմ մի կողմում տղամարդ էր նստում, որը միայն հեռախոսի համարներով էր խոսում։ Եթե հարցնեիր նրան՝ ոնց էր զգում իրեն, կպատասխաներ «924-3130»։ Կամ կասեր «757-1366»։ Երբեմն փորձում էինք գուշակել, թե ինչ էին նշանակում այդ համարները, բայց ոչ ոք նույնիսկ մի ցենտ չծախսեց հստակ իմանալու համար։ Իմ մյուս կողմում երբեմն մի տասներկու տարեկան տղա էր նստում։ Արյան ճնշման դեղերի պատճառով նրա թարթիչները մուգ էին և խիտ։ Փոխներարկման ցանկում նա հաջորդն էր, հենց որ երիկամների «բերքը» հավաքվեր (նրանք «բերք» բառն էին օգտագործում)։

Տղայի մայրը հույսը հարբած վարորդների վրա էր դնում։ Ես հույսս դնում էի տղամարդկանց վրա, որոնք խստաբարո չէին։ «Միգուցե, - մտածում էի ես, - մենք բոլորս ինչ-որ մեկի բե՞րքն ենք»։

Մեկ ժամն անցնելուն պես հերթապահ բուժքույրը հիվանդասենյակ կտանի ինձ։ Կհարցնի․

-Ինչո՞ւ ես այդ աղբը նայում։ Փոխարենը կարող էիր հարցնել, թե ինչպես է անցել օրս։

Քնելուց առաջ տասնհինգ րոպե ռետինե մամլակներ էի սեղմում։ Դեղերից մեկը փայտացնում էր մատներս։ Բժիշկն ասաց, որ այն տալու էր այնքան ժամանակ, մինչև որ չկարողանայի կոճկել բլուզս․ ընդամենը պատկերավոր արտահայտություն բժշկական խալաթով մեկի համար։

-Գթասրտությունը կփրկի քեզ, - ասաց փաստաբանը։

Նա արձակեց վերնաշապիկն ու ցույց տվեց այն տեղը, որտեղ ասեղաբուժության մասնագետը կոլայի մրգահյութով էր օծել նրա կրծքավանդակը, չորս ասեղ խրել և ասել, որ գթասրտությունը կփրկի նրան։

-Ինչի՞ց կփրկի, - հարցրի ես։

-Անկարևորությունից, - պատասխանեց նա։

Հենց որ իմացա, որ ապաքինվում եմ, համոզված էի, որ մահացել էի և չգիտեի այդ մասին։ Օրերս անցնում էին, ասես դատավճիռով վիզը թռցրած գլուխ լինեի։ Սպասում էի այն պահին, որը դուրս էր բերելու ինձ իմ թվացյալ կյանքից։

Վթարը մայրամուտին էր եղել, դրա համար էլ ամենաշատը հենց այդ ժամանակ էի վատ զգում։ Երբ վթարը տեղի ունեցավ, ընթրիքի էի գնում այն տղամարդու հետ, որի հետ մեկ շաբաթ առաջ էի ծանոթացել։ Ընթրիքը լողափում պետք է լիներ, ծովախորշի լողափում, որտեղից կարելի էր նայել և տեսնել քաղաքի լույսերը, վայր, որտեղից կարելի է տեսնել ամեն ինչ, բայց չլսել ոչինչ։

Երկար ժամանակ հետո ես ինքս գնացի այդ լողափ։ Մեքենա էի վարում։ Լողափ գնալու համար առաջին լավ օրն էր․ կարճ շալվար էի հագել։ Ավազին կանգնած քանդեցի առաձգական վիրակապն ու մտա ջուրը։ Հիդրոկոստյումով տղան նայեց ոտքիս։ Հարցրեց, թե արդյոք շնաձուկը չի արել դա․ ծովի այդ ափին մեծ սպիտակ շնաձկներ էին տեսել։ Ես պատասխանեցի, որ այո, շնաձուկն է արել։

-Եվ դու նորի՞ց ես մտնում ջուրը, - հարցրեց տղան։

-Եվ ես նորից եմ մտնում ջուրը, - ասացի ես։

Շատ բան եմ բաց թողնում, երբ ճիշտն եմ ասում։ Նույնը նաև երբ պատմվածք եմ գրում։ Այժմ կսկսեմ պատմել, թե ինչն եմ բաց թողել  «Բերքում», և գուցե փորձեմ բացատրել, թե ինչու եմ այդպես արել։

Ոչ մի ուրիշ մեքենա էլ չկար։ Կար միայն մեկ մեքենա, որը հարվածեց ինձ, երբ նստած էի այդ տղամարդու մոտոցիկլետի հետևում։ Բայց ապա մտածե՛ք, այն անհարմար վանկերի մասին, որոնք ստիպված եք արտաբերել «մոտոցիկլետ» բառն արտասանելիս։

Մեքենայի վարորդը թերթի լրագրող էր։ Տեղական թերթում էր աշխատում։ Նա երիտասարդ էր, նոր էր ավարտել համալսարանն ու արհմիության ժողովի էր գնում՝ դադարեցված գործադուլի մասին զեկուցելու։ Այն, որ այդ պահին ես լրագրության ֆակուլտետի ուսանող էի, անհավատալի կլիներ «Բերք»-ի համար։

Շտապօգնությունն ասաց, որ ոտքիս ոչ թե չորս հարյուր կար է պետք դնել, այլ երեք հարյուրից մի քիչ շատ։ Ես չափազանցնում էի նույնիսկ այն ժամանակ,երբ դեռ չէի սկսել չափազանցնել, որովհետև ճիշտ է, որ իրականում ոչինչ երբեք այնքան վատ չի լինում, որքան կարող էր լինել։

Փաստաբանս «վերջապես փաստաբան» չէր։ Քաղաքի ամենահին փաստաբանական ընկերություններից մեկի գործընկերն էր։ Նա երբեք չէր արձակի իր վերնաշապիկը, որպեսզի ցույց տար ասեղնաբուժության հետքերը, որը երբեք չէր էլ ունեցել։

«Ամուսնության հեռանկարներ»-ը «Բերք»-ի նախնական վերնագիրն էր։

Ոտքիս վնասվածքը կոսմետոլոգիական էր, չնայած որ մինչև հիմա՝ 15 տարի անց, չեմ կարողանում ծնկել։ Արտադատարանական կարգավորման արդյունքում դատի նախորդ երեկոյան 100.000 դոլար փոխհատուցում հատկացվեց ինձ։ Լրագրողի մեքենայի ապահովագրությունը ամսական 12,43 դոլարի հասավ։

Ինձ խորհուրդ էին տալիս սառույցով տրորել ոտքս դատարանում կիսաշրջազգեստս բարձրացնելուց առաջ,  որպեսզի ավելի լավ երևան սպիները։ Սակայն դատարանի դահլիճում սառույց չկար, այնպես որ բարոյական թեստը հանձնելու կամ տապալելու շանս այդպես էլ չունեցա։

Մեկշաբաթյա տղամարդը, ում պատկանում էր մոտոցիկլետը, ամուսնացած չէր։ Բայց եթե դուք մտածեիք, որ նա կին ուներ, չէիք մեղադրի ինձ, որ ուղղակի թույլ տվեցի նրան հեռանալ։

Վթարից հետո այդ տղամարդն ամուսնացավ։ Նրա հարսնացուն մոդել էր։

(«Կարծում ես, որ արտաքին տեսքը կարևո՞ր է, - հարցրի այդ տղամարդուն մինչև ինձ լքելը։ -Առաջնային չէ, - պատասխանեց նա»)։

Բացի գեղեցիկ լինելուց այդ աղջիկը նաև միլիոնավոր դոլարներ արժեր։ Իսկ դուք կուզեի՞ք կարդալ «Բերք»-ում, որ մոդելը նաև մեծ ունեցվածքի ժառանգ է։

Ճիշտ է, որ գնում էինք ընթրելու, երբ այդ ամենը կատարվեց։ Բայց վայրը, որտեղից դուք կարող եք տեսնել ամեն ինչ, բայց չլսել ոչինչ, ոչ թե ծովախորշի լողափն է, այլ Թամալփայս լեռը։ Ընթրիքը մեզ հետ էինք տանում, երբ բարձրանում էինք ոլոր-մոլոր լեռնային ճանապարհով։ Այս տարբերակը կատարյալ հեգնանք է, հետևաբար՝ դեմ չեք լինի, եթե ասեմ, որ հաջորդող մի քանի ամիսների ընթացքում հիվանդասենյակիս պատուհանից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի հենց այդ նույն լեռը։

Կշարունակեի պատմությունս, եթե ինչ-որ մեկը հավատար դրան։ Բայց ո՞վ կհավատա։ Ինքս այնտեղ էի, բայց չեմ հավատում։

Երրորդ վիրահատությանս օրը Սան Քվենտին բանտի՝ հատուկ հսկողության տակ գտնվող «Մահապարտների խցից» փախուստի փորձ էր կատարվել։ Ջորջ Ջեքսոնը՝ «միայնակ եղբայր» մականունով քսանիննամյա սևամորթ տղամարդը, հանել էր թաքուն ներս բերված 38-րդ տրամաչափի ատրճանակն ու բղավել «Բավակա՛ն է» և կրակ բացել։ Ջեքսոնին սպանեցին․ երեք պահակներ և ուտելիք տանող երկու կալանավորներ ևս սպանվեցին։ Մյուս երեք պահակները դանակի վնասվածքներ էին ստացել վզի հատվածում։

Բանտից մինչև Մարինի հիվանդանոց հինգ րոպեի ճանապարհ է, այնպես որ վիրավոր պահակներին բերեցին այնտեղ։ Պահակներին ուղեկցում էին երեք տիպի ոստիկաններ՝այդ թվում նաև Կալիֆոռնիա նահանգի ճանապարհային պարեկախումբը և Մարին շրջանի շերիֆի օգնականները, որոնք լավ զինված էին։ Հիվանդանոցի տանիքին հրացաններով զինված ոստիկաններն էին․ նրանք հերթապահում էին նաև միջանցքներում՝ հիվանդներին և այցելուներին հետ ուղարկելով իրենց հիվանդասենյակներ։

Երբ այդ երեկո՝ գոտկատեղից մինչև կոճ վիրակապելուց հետո ինձ դուրս բերեցին վերականգնողական բաժանմունքից, երեք սպաներ և զինված շերիֆը խուզարկեցին ինձ։

Գիշերային լրահոսում այդ օրվա անկարգությունների կադրերն էին։ Ցույց տվեցին, թե ինչպես է իմ վիրաբույժը զրուցում լրագրողների հետ՝ ցույց տալով կոկորդը և մատնանշելով, թե ինչպես է փրկել պահակներից մեկին՝ մի ականջից մյուսը կարելով կտրած վերքը։

Այդ ամենը նայում էի հեռուստացույցով, որովհետև իմ վիրաբույժն էր, և որովհետև հիվանդանոցի բոլոր հիվանդները իրենց խնդիրներով էին տարված, ու քանի որ դեղերի ազդեցության տակ էի, մտածեցի, որ վիրաբույժն իմ մասին է խոսում։ Կարծեցի, թե ասում է․ «Նա մահացած է։ Այդ մասին քնելիս կհայտնեմ նրան»։

Հոգեբույժը, որի մոտ ինձ ուղղորդել էր վիրաբույժը, ասաց, որ դա սովորական զգացում է։ Ասաց, որ վթարից տուժածները, որոնք վնասվածքներից հետո դեռ չեն բուժվել, հաճախ զգացում են ունենում, թե մահացել են և չգիտեն այդ մասին։

Սպիտակ մեծ շնաձկները, որոնք բնակվում են տանս կողքին գտնվող ջրերում, տարին մեկից յոթ մարդու վրա են հարձակվում։ Նրանց հիմնական զոհերը կակղամորթների որսորդներն են։ Հաշվի առնելով այն, որ կակղամորթների մեկ ֆունտի արժեքը երեսունհինգ դոլար է և շարունակում է մեծանալ՝ Ձկնորսության և որսի նախարարությունը հույս է հայտնում, որ շնաձկների հարձակումները չեն նվազի։

 

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 3434

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: