Լեոպոլդո Լուգոնեսը քսաներորդ դարասկզբի Արգենտինայում ամենահայտնի հեղինակներից մեկն է: Նա մեծ ազդեցություն է թողել Օրասիո Կիրոգայի, Խորխե Լուիս Բորխեսի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչների վրա: Համարվում է լատինամերիկյան մոդեռնիզմի հիմադիրներից մեկը և գիտաֆանտաստիկ գրականության նախահայրը: Եվ ամենևին պատահական չէ, որ շատերը նրան «արգենտինացի Պո» են անվանում:
Մի գեղեցիկ օր, տան հողամասում խաղալիս, որտեղ մեր ընտանիքն էր ապրում, մի պստլիկ գորտ առաջս ելավ, և ավելի խոշոր իր ցեղակիցների նման փախչելու փոխարեն արտասովոր ձևով փքվեց իմ նետած քարերի տարափի տակ: Ես սարսափում էի գորտերից և իմ ուրախությունն էր հնարավորինս շատ գորտ ճզմելը: Այնպես որ, պստլիկ ու կռկռան երկկենցաղը շատ շուտով զոհվեց քարերիս հարվածներից: Ինչպես մեր գավառական քաղաքների կիսադաշտային միջավայրում մեծացած բոլոր տղաները, ես մողեսների ու գորտերի գիտակ էի: Դրա հետ մեկտեղ տունն էլ քաղաքով անցնող առվի մոտ էր, ինչը նպաստում էր իմ և նման զեռունների շփումների հաճախականության մեծացմանը: Խորանում եմ այս մանրամասների մեջ, որպեսզի հասկանալի լինի, թե որքան մեծ էր զարմանքս, երբ նկատեցի, որ հերսոտ գորտուկը բոլորովին անծանոթ էր ինձ: Խորհրդակցելու հանգամանք է ուրեմն: Նախազգուշական բոլոր միջոցներով վերցրի զոհիս և գնացի հարցուփորձ անելու պառավ սպասուհուն՝ որսորդական առաջին նախաձեռնություններիս վստահորդին: Ես ութ տարեկան էի, իսկ նա՝ վաթսուն: Հարցը, ուրեմն, պիտի որ երկուսիս էլ հետաքրքրեր: Բարեսիրտ կինը սովորության համաձայն նստած էր խոհանոցի դռան առաջ, իսկ ես ակնկալում էի, որ պատմածս, ինչպես միշտ, բարեհոգությամբ պիտի ընդուներ, երբ հազիվ բերանս բացած՝ նա վեր թռավ տեղից և ձեռքիցս խլեց ճխլված կենդանուն:
- Փա՜ռք Աստծու, որ էնտեղ չես թողել, - բացականչեց նա ակնհայտորեն մեծ ուրախությամբ: - Հենց հիմա գնանք - վառե՛նք սրան:
- Վառե՞նք, - զարմացա ես, - բայց ի՞նչ պիտի անի, եթե արդեն սատկած է:
- Չգիտե՞ս, որ սա նախշուն գորտ է, - խորհրդավոր տոնով ասաց զրուցակիցս, - ու սա կենդանանում է, եթե չեն վառում: Ախր քեզ ո՞վ ասաց, որ սպանես: Ի վերջո դա՛ պիտի ստանայիր քարերդ շպրտելով: Հիմա ես քեզ կպատմեմ, թե ինչ է պատահել իմ հանգուցյալ ընկերուհի Անտոնիայի որդուն, Աստված հոգին լուսավորի, նոր կիմանաս:
Խոսելու ընթացքում նա տաշեղներ էր հավաքել և վառել, որոնց վրա էլ դրեց սատկած նախշուն գորտին:
Նախշուն գո՜րտ, - ասում էի ես՝ չարաճճի տղայի իմ մաշկի տակ սարսափած, - նախշուն գո՜րտ: Եվ մատներս դողում էին, ասես գորտի սառնությունը մատներիս էր անցել: Կենդանացած գո՜րտ: Դա բեղ-մորուքն աճած մարդու ուղեղը կարող էր սարսռացնել:
- Բայց դուք մտադիր եք մեզ նոր բատրակոմիոմա՞քիա[1] պատմել, - այստեղ ինձ ընդհատեց Խուլիան իր երեսնամյա հմայքներին հատուկ սիրալիր անմիջականությամբ:
- Ոչ մի դեպքում, սենյորիտա: Պատմությունն իրոք եղել է:
Խուլիան ժպտաց:
- Չեք պատկերացնի, թե ո՜նց եմ ուզում լսել…
- Կբավարարեմ ձեր ցանկությունը նույնքան մեծ հաճույքով, որքան հավակնում եմ դրանով վրեժ լուծել ձեր ժպիտից: Եվ այսպես, - շարունակեցի ես, - մինչ իմ չարաբաստիկ որսը խորովվում էր: Պառավ սպասուհին բացեց իր պատմության կծիկը։
Անտոնիան՝ նրա ընկերուհին, մի զինվորի այրի, այդ զինվորից ունեցած միակ որդու հետ ապրում էր ամբողջ գյուղից կտրված մի խղճուկ տնակում: Տղան աշխատում էր իրենց երկուսի գլուխը պահելու համար՝ մոտակա անտառում փայտ կտրելով, և այսպես մեկը մյուսի ետևից գլորվում էին կյանքի տարիները՝ օրնիբուն աշխատելով: Մի օր՝ կեսօրից հետո, իր ամենօրյա մատեն խմելու համար ուրախ, առողջ, գործունյա պատանին կացինն ուսած տուն դարձավ: Մատե խմելու ընթացքում մորը պատմեց, որ մի շատ ծեր ծառի արմատին նախշուն գորտ էր գտել, որի փքվելը չէր օգնել, որ իր կացնի շեղբի տակ ձվածեղ չդառնա:
Խեղճ կինը որդու պատմածից շատ վշտացավ և խնդրեց իրեն ծառի մոտ տանել, որպեսզի սատկած կենդանուն այրի:
- Լավ իմացիր, - ասաց նա որդուն, - որ նախշուն գորտը երբեք իրեն նեղացնողին չի ներում: Եթե նրան չեն վառում, կենդանանում է, գտնում իրեն սպանողի հետքն ու չի հանգստանում, մինչև նրա հետ նույն կերպ չի վարվում:
Բարեհոգի երիտասարդը քահ-քահ ծիծաղեց այդ հեքրաթի վրա՝ փորձելով համոզել խեղճ պառավին, որ դա լավ փչոցի է չար երեխաներին վախեցնելու համար, բայց միանգամայն անարժան բան խելքը գլխին մարդուն մտահոգելու համար: Պառավն այնուամենայնիվ պնդեց, որ որդին իրեն գորտի մնացորդներն այրելու տանի:
Զուր էին բոլոր կատակները, պատճառաբանությունները, թե վայրը հեռու է, թե դա վնասակար կարող է լինել, որովհետև մայրն արդեն շատ ծեր է, թե նոյեմբերյան խաղաղ երեկո է: Մայրն ինչ գնով էլ լինի, ուզում էր գնալ, և որդին ստիպված որոշեց ուղեկցել նրան:
Այնքան էլ հեռու չէր, շատ-շատ մի վեց-յոթ հարյուր մետր: Հեշտությամբ գտան նոր կտրված ծառը, բայց ինչքան էլ քրքրեցին տաշեղներն ու պոկոտված ճյուղերը, սատկած նախշուն գորտը չկար ու չկար:
- Ասում էի, չէ՞, - արցունքն աչքերին բացականչեց մայրը, - արդեն փախել է, ու հիմա էլ ոչ մի ճար չկա: Իմ հայր սուրբ Անտոնիոն քեզ պահապան:
- Բայց էս ի՜նչ հիմարություն է, է՜, էսքան սրտնեղվե՞լ: Մրջյունները տարած կլինեն կամ սոված աղվես կերած կլինի: Ո՞վ է էսպիսի խելառ բան տեսել՝ գորտի համար լա՜ց լինել: Լավ է տուն գնանք, մութն ընկնում է արդեն, ու խոտերի խոնավությունն էլ վնասակար է:
Ի՞նչ պիտի անեին. տուն վերադարձան, մայրը՝ անընդհատ լաց լինելով, որդին՝ ջանալով շեղել նրան մաիսի արտի մանրամասներով, որը լավ բերք էր խոստանում, եթե անձրևները շարունակվեին, մինչև նորից կատակների ու ծաղրի անցավ՝ մոր համառ տխրության պարագայում: Մութը թևակոխել էր համարյա, երբ տուն հասան: Բոլոր անկյունները հանգամանորեն ստուգելուց հետո, ինչը դարձյալ շարժեց պատանու ծիծաղը, նրանք լուռ ընթրեցին բակում լուսնի լույսի տակ, և որդին արդեն մտադիր էր պառկել իր քնաշորին, երբ Անտոնիան աղաչեց, որ գոնե այդ գիշեր համաձայնի փակվել փայտե թախտի մեջ և էնտեղ քնել:
Բողոքը նման խնդրանքի դեմ բուռն էր: Խեղճ պառավն, անկասկած, թռցրել էր խելքը: Ո՜ւմ մտքով կանցներ էս շոգին իրեն քնել տալ մի թախտի մեջ, որը հաստատ բլոճներով է լցված:
Բայց ծեր կինն այնքան աղաչեց-պաղատեց, որդին էլ այնքան էր սիրում նրան, որ ի վերջո որոշեց տեղի տալ նման քմահաճությանը: Թախտը մեծ էր, ու թեև մի փոքր նեղ, այնքան էլ վատը չէր: Մեծ ջանասիրությամբ պատրաստվեց անկողինը, որդին մեջը մտավ, իսկ տրտում այրին նստեց թախտի կողքին՝ վճռականորեն տրամադրված արթուն հսկել գիշերը, որպեսզի չնչին իսկ վտանգի դեպքում իսկույն փակի թախտը:
Նրա հաշվարկներով արդեն կեսգիշեր կլիներ, քանի որ բավականին իջած լուսինը սկսել էր լույսով ողողել սենյակը, երբ հանկարծ հազիվ նկատելի մի սև բան ցատկեց սաստիկ շոգի պատճառով չփակված դռան շեմին: Անտոնիան ցնցվեց վատ կանխազգացումից:
Ի վերջո հայտնվել էր վրիժառու կենդանին, և հետևի թաթերի վրա նստած՝ ասես մի ծրագիր մտմտար: Ի՜նչ սխալ էր արել որդին, որ ծաղրանքով էր վերաբերվել իր ասածներին: Այդ չարագուշակ, լուսնի լույսով ողողված դռան շեմին անշարժացած կերպարանքը տարօրինակ կերպով խոշորանում էր, հրեշի չափեր ընդունում: Բայց մի՞թե այն հարյուրավոր սովորական գորտերից մեկը չէր, որ ամեն գիշեր տուն են մտնում միջատներ փնտրելու: Սրտապնդված այդ մտքից՝ պառավի շունչը մի պահ տեղն ընկավ: Բայց նախշուն գորտը հանկարծ ցատկ արեց, ապա երկրորդը, այն էլ՝ թախտի ուղղությամբ: Մտադրությունն ակնհայտ էր: Չէր շտապում, ասես վստահ էր իր զոհի վրա: Անտոնիան անասելի սարսափով որդուն նայեց. քնած էր՝ երազների գիրկն ընկած, համաչափ շնչելով:
Այդժամ պառավը դողացող ձեռքով անաղմուկ վրա բերեց ծանր կահույքի կափարիչը: Գորտը կանգ չէր առնում: Շարունակում էր ցատկոտել: Արդեն թախտին էր հասել: Դադարներով պտտվեց շուրջը, կանգ առավ անկյուններից մեկում և հանկարծ իր պստլիկ չափերի համար աներևակայելի ցատկով թռավ կափարիչի վրա:
Անտոնիան չհամարձակվեց որևէ շարժում անել: Նրա բոլոր կենսական ուժերը կենտրոնացել էին աչքերի մեջ: Լուսինն այժմ ողողել էր ամբողջ սենյակը: Եվ ահա թե ինչ տեղի ունեցավ. գորտը սկսեց աստիճանաբար փքվել, մեծացա՜վ-մեծացա՜վ անբնական ձևով, մինչև ծավալը եռապատկվեց: Մի պահ մնաց այդպես, որի ընթացքում խեղճ կինը զգաց, թե ինչպես մահվան բոլոր տառապանքներն անցան սրտով: Ապա հետզհետե փոքրացավ-փոքրացավ, մինչև նախնական չափերն ընդունեց, ցատկեց գետնին, ուղղվեց դեպի դուռը և բակը կտրելով՝ ի վերջո անհետացավ խոտերի մեջ:
Անտոնիան դողահար սիրտ արեց ելնել տեղից: Կտրուկ շարժումով մինչև վերջ բացեց թախտը: Զգացածն այնքան սահմռկելի էր, որ մի քանի ամիս անց մահացավ՝ իրեն համակած սարսափին զոհ գնալով:
Մեռելային սառնություն էր փչում բաց կահույքից, իսկ պատանին սառած էր ու փայտացած թախծոտ լույսի տակ, որով լուսինը պատանում էր գերեզմանի այդ ավարը, որ քարացել էր արդեն անբացատրելի եղյամի շերտի տակ:
[1] Բատրոկոմիամաքիա – հունարեն բառացի նշանակում է գորտամկնակռիվ: Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներին վերագրվող անհայտ հեղինակի գրած ծիծաղաշարժ էպոս է՝ Հոմերոսի «Իլիականի» ծաղրանմանությամբ:
Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի
Այս պատմվածքն ընդգրկված է Լեոպոլդո Լուգոնեսի «Անսովոր ուժեր» ժողովածուում, որը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը:
- Hits: 3412