Վիկտոր Կրիվուլին․ Քաղաքային զբոսանք

Վիկտոր Կրիվուլինը (1944-2001) ռուս բանաստեղծ է, արձակագիր և էսսեիստ, լենինգրադյան «անդրգրաունդի» նշանավոր ներկայացուցիչ: 1967 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Առաջինն է արժանացել Անդրեյ Բելիի մրցանակին (1978): 1970-ական թվականներին խոշոր գործիչներից էր լենինգրադյան գրականության և արվեստի «Սամիզդատում»՝ «37», «Սեվերնայա պոչտա» և այլն։ 1990-ականներին «Վեստնիկ նովոյ լիտերատուրի» ամսագրի խմբագրական խորհրդում էր։ Իրականացրել է մեծածավալ գրական-հասարակական գործունեություն։ Առաջին երկու գրքերը «Բանաստեղծություններ» (1981, 1988) վերնագրով լույս են տեսել Փարիզում, որոնց հաջորդել են «Դիմում» (1990), «Համերգ ըստ հայտի» (1993), «Վերջին գիրքը» (1993), «Սահմանային» (1994), «Ռեքվիեմ» (1998), «Լող Հորդանանում» (1998), «Հոբելյանական տարվա բանաստեղծություններ» (2001), «Բանաստեղծություններ բանաստեղծություններից հետո» (2001) ժողովածուները։ Հեղինակել է նաև «Շմոն» վեպը, մի շարք պատմվածքներ, որոնք հրատարակվել են «Կոնտինգենտ» ամսագրում:

 

                                                                        Ուրիշ կարծրահող․․․

                                                                                           Ե․ Բորոտինսկիյ

Ատամների տակ խրթխրթացող ավազ։ Սև փոշու հատիկներ։

Թարմ փռած ասֆալտը տաք է, ինչպես սևահողը։

Ծխացող դաշտ։ Առաջին ամպրոպ։

Երկրի այս թանձր շերտը — առատության հնարավորություն։

Թող կարծրահողն ուրիշ լինի։ Նորոգվող փողոցներում երկուսով

մի ամբողջ օր թափառում էինք։

Թող մանրախիճն ուրիշ լինի։ Ու ես հարցրի․

- Որտե՞ղ է այն ցանքը, որտեղ սերմնացանը քաթանե է։

Եվ կբավի՞ ուժդ՝

առջևիդ մտացածին կաղնուտը մտնելու համար։

Ամենուր նորոգում է։ Անողոք ծածկույթից

ազատված երկիր — և առեղծվածը գերեզմանների —

 

տեղ-տեղ այլանդակ և ժանգոտ երեսով,

ինչպես վիրակապից դուրս պրծած արյան հետք․․․

Եվ նա պատասխանեց, որ տապանաքարից

բնավ բարդ չէ ծածկոցը նետել,

բնավ բարդ չէ վերակենդանանալ մնջությունից․

ով սերմ է եղել — նրան բավ չէ բառը։

 

Ով սերմ է եղել, ով սերմնացու — նրա համար

կարծրահողն ուրիշ է և իսկապես պտղաբեր,

և կյանքը նրա կերկարացնեն սոսիների ուղղաձիգ ճյուղերը,

և խավարում երբեմնի մոռացվածը

կծագի խավարից, և հեշտորեն դեն կնետենք

ցեխաջրե անկողինը — որպես վերջին բանտ։

Այո, Բորատինսկիյ, դու ապրում ես։ Քո ուղին

այլախոհ շարունակում է փշահարել։

Միայն կարող եմ պառկել հողին փռած ասֆալտում։

Ոչ թե հողում, այլ այնտեղ, ուր կարելի չէ մեռնել

հարություն առնելու համար։ Նորոգում էր։ Հալած ձյութ էր

հոսում ամենուր․․․

 

մայիս, 1972

 

Թարգմանիչ՝ Արմեն Սարգսյան

  • Hits: 3601

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: