Լենա Գևորգյան․ Փոթորիկ
Փոթորիկ էր` իսկական քաոս դրսում…Հայելու առջև կանգնած էի վտիտ ու փոքրամարմին` տենդագին վառվող աչքերով: Գլխիս շագանակագույն մազերի հսկայական զանգվածը ոչ մի տեղ չէր տեղավորվում. արձակ թողեցի, վերցրեցի այդ տանը գտնվող ինձ պատկանող միակ իրը` կարմիր շարֆը: Սիրտս արագ էր խփում, ծանր էի շնչում: Նա մահճակալին նստած անտարբեր հայացքով ինձ էր հետևում: Հայացքով նրան ընդմիշտ հրաժեշտ տվեցի: Ուշադիր հագիս բաճկոնին էր նայում՝ ինքն էր գնել. մի կողմ նետեցի։ Անսպասելի մոտեցավ ինձ, մազերիցս մի փունջ կտրեց, հրեցի նրան ու դուրս փախա…
Դուրս եկա: Փոթորիկն իր տարերքի մեջ էր։ Պտտահողմը մեքենաներ էր շուռ տվել, իսկ ես հիացած քայլում էի: Քամին հսկայական ծառեր էր ճկում, իսկ հարևանությամբ մի խումբ երիտասարդներ խանութ էին թալանում: Դրսում միայն ես ու փոթորիկն էինք: Պատուհաններից ինձ բազմաթիվ զարմացած աչքեր էին հետևում: Քայլում էի, շուրջս փոթորիկ էր. երկար քայլում էի` ճեղքելով օդը` լցված փոշով, կոտրտված իրերով, ու քամու բույրով: Արբած էի, որքան հեռու էի գնում այնքան ավելի էի տարերքի հետ տարրալուծվում։ Գիտեի, որ հետևելու է ինձ: Հետ նայեցի, ոչինչ չտեսա…Փոթորիկն ամեն րոպե նոր ավերածություն էր գործում, քամին մեքենաներն իրար վրա էր նետում, կտուրներ էր պոկում…
Ես անվնաս քայլում էի՝ կարծես փոթորկի հետ պայման էի կապել։ Նորից շրջվեցի՝ պար եկող փոշու մեջ նրա ծանոթ ուրվագիծը տեսա, սկսեցի արագ քայլել՝ հաղթահարելով քամու կառուցած փոշու պատնեշը։ Զգում էի, որ մոտ է… Մի հսկա ծառ՝ կոտրված ճյուղերի աղմուկով ու կարծես հոգոց հանելով վայր ընկավ, ես էլ ընկա, բայց նորից սթափվեցի: Զգացի, որ անվնաս եմ, բայց մազերս ինչ-որ տեղ էին խճճվել, ազատեցի ու սկսեցի արագ քայլել՝ համարյա վազել։ Գիտեի սև ժայռի մոտ՝ օվկիանոսի հարևանությամբ նա՝ այն մյուսը, ինձ է սպասում, իսկ սա հետապնդում է, ուր որ է՝ կհասնի: Ինչու՞ է հետապնդում, ի՞նչ է ուզում…Չգիտեմ, չեմ ուզում իմանալ: Վազում եմ՝ շնչելով փոթորիկը, որը արթնացել է՝ սրբելու այս ձանձարալի քաղաքի առօրեականությունը, խոնարհելու դարերով կանգնած հաստաբուն ծառերը, ցույց տալու տարերքի ցնցող, արթնացնող ուժը: Զգացի որ մազերս ինչ-որ տեղ են խճճվել, մտածեցի մի նոր ծառ է շրջվել, փորձեցի ազատվել, բայց ձեռքս էլ ամուր բռնվեց, զգացի որ կոկորդս կարծես աքցանի մեջ լինի. երկու ուժեղ՝ ատելությամբ լցված աքցաններ խեղդում էին…
Սկսեցի պայքարել. կյանքի մասին չէի մտածում, այլ նրա՝ այն մյուսի հայացքի, սպասվող գրկախառնության, այդ ամենին ներկա օվկիանոսի հարևանության մասին էի մտածում: Հանկարծ հիշեցի, որ սա ամառային փոթորիկ է, իսկ ես միայն ձմռանը մեռնելուց էի վախենում, մի քիչ հանգստացա: Մի պահ աքցանը թուլացավ, փոշոտ օդը ագահաբար ներս շնչեցի։ Դիմացս նա էր ընկած, իսկ կողքին՝ նրան գետին տապալած աղյուսի կտորը: Ես չարախնդացի. նա չգիտեր իմ ու իմ փոթորկի մասին: Շնչակտուր հասա սև ժայռին` ներքևում օվկիանոս էր։ Նրա դեղնամոխրագույն ալիքները աղմուկ հանելով գվվոցով ու մռնչյունով ժայռերին էին զարնվում, հետո նորից հետ էին քաշվում ավելի ուժգին հարվածելու համար։ Ամեն զարնվելուց ալիքների փրփուրները միլիարդավոր մարգարիտների նման սպիտակին էին տալիս ու նորից վերանում։ Հիացած նայում էի և քայլ առ քայլ մոտենում, ընթացքում խորը շունչ էի քաշում։ Օվկիանոսի բույրն ամենուր էր։ Իսկ նա՝ այն մյուսը չկար, գնացե՞լ էր:
Առաջ գնացի, ոտքս սայթաքեց, մի կերպ ինձ պահեցի, բռնեցի ժայռի մի կտորից, սակայն մի ծանր ձեռք ինձ նորից ետ հրեց, ես սկսեցի ներքև գլորվել՝ ժայռն ի վար, սակայն մի պահ նորից ինձ հավաքեցի բռնվեցի մի քանի սուր քարերից և արյունլվա մատերով սկսեցի վեր բարձրանալ։ Զգացի, որ հասա: Աջ ոտքս վեր բարձրացրի, որ վեր կենամ, սակայն նորից մի կերպարանք ուրվագծվեց դիմացս: Ոտքս քաշեցի, որ կամովին նետվեմ դեպի օվկիանսի գիրկը` մտածելով, որ արդեն ես՝ միայն ես եմ իմ ճակատագրի տերը, սակայն երկու ուժեղ ձեռք ինձ փետուրի նման վեր բարձրացրեցին Ես նրան տեսա, նրան՝ այն մյուսին: Նա կանգնած անթարթ մեկ ինձ էր նայում, մեկ օվկիանոսին։ Սկսեց աչքերիս մեջ նայել. նրա աչքերի մեջ ինձ տեսա՝ նույնն էի վտիտ, ցածրահասակ, բայց այս անգամ՝ գեղեցիկ: Նա բռնեց ձեռքս և մենք սկսեցինք քայլել։ Թիկունքում օվկիանոսն էր, չէր հանգստանում…
Մազերիս հսկայական զանգվածը խառնվում էր, խճճվում էր, իսկ նա ամեն անգամ` հարյուրերոդ անգամ ուղղում էր, դեմքս բացում էր և նայում էր աչքերիս։ Կարմիր մետաքսից շարֆը տարուբերվում էր մոխրագույնի ֆոնին, գրկում էր նրա դեմքը… Այդ պահին նա խորը շունչ էր քաշում, իմ փոշու և օվկիանոսի հոտերը միախառնվել էին: Մենք կանգ առանք, ճաքճքված շուրթերով համբուվեցինք ու այդ պահին իմ սև կատուն ուսիս թռավ սկսեց ճանկռել: Տուն էինք հասել, բայց նա՝ այն մյուսը ձեռքիցս բռնած տարավ նորից փոթորկի միջով, և մենք երեքով նստեցինք, հենվեցինք հաստաբուն ծառին ու իրար… Օվկիանոսը նորից գվվում էր, իսկ փոթորիկը ծառերն ու պատուհաններն էր կոտրում:
- Hits: 3735