***
Պատերազմը նման է բանտի և ծանր հիվանդության․ մեծ դժբախտություն։ Մարդիկ տառապում են, կորցնում մտերիմներին, զրկվում ձեռքուոտքից ու նման այլ բաներ, և գլխավորն այն է, որ ոչ ոք պատերազմից լավը չի դառնում։ Մի լսիր նրան, ով քեզ կասի, թե պատերազմը կոփում է տղամարդկանց, թե պատերազմի միջով անցնելով՝ մարդիկ փոխվում են դեպի լավը։ Ավելի շուտ այսպես է․ պատերազմը շատ լավ մարդկանց վատը չի դարձնում, բայց, առհասարակ, պատերազմի և բանտի պատճառով նրանք կորցնում են մարդկային դեմքը։
***
Տվեք երեխային երաժշտություն, երբ նա պահանջ է զգում պարելու, մատիտ, երբ նկարել է ուզում, գիրք, երբ հասուն է՝ այդ ճանապարհով տեղեկատվություն ստանալու համար․․․ Եվ որքան ողբերգական է, երբ նոր հմտությունը, նոր պահանջմունքը հասունացել են ներսից, իսկ ժամանակը բաց է թողնված, աշխարհը դուրս չի գալիս հանդիման այդ պահանջմունքներին։ Եվ այդժամ տեղի է ունենում արգելակումը․․․
***
Կյանքում կա որոշակի ուղղահայացություն։ Մարդկային կյանքն, ընդհանրապես, հորիզոնական է․ մենք ծնվում ենք, սերունդ տալիս, ինչ-որ բանի հասնում կամ չենք հասնում, իսկ հետո հեռանում ենք։ Բայց ինչ-որ մեկի համար պարտադիր է գտնել այդ ուղղահայացությունը։ Կան մարդիկ, որոնք առանց դրա ապրել չեն կարողանում, նրանք փնտրում են այն․․․
***
Անըմբռնելի, տարօրինակ օրենք. սեփական մեղքի զգացմանը հակված են մշտապես ամենից անմեղները:
***
Այն ժամանակ, երբ բոլոր երկրներում իմաստուն մարդիկ փնտրում են տարբեր ազգությունների և տարբեր էթնիկ խմբերի մարդկանց հաշտեցման, մշակույթների, հավատալիքների և կյանքի ուղիների փոխըմբռնման ձևեր, շատ դառն է տեսնել, թե ինչպես են ոչնչացնում մշակույթը, ավելին՝ կրոնական կառույցները, որոնք պատկանում են մեկ հնագույն մշակույթի՝ մարդկությանը։
***
Մեզ դուր է գալիս Դարվինի էվոլյուցիոն տեսությունը, թե զզվանք ենք զգում, էական չէ. բնության մեջ գոյության պայքարում ողջ է մնում ուժեղագույնը: Սա կենսաբանական էվոլյուցիայի օրենքն է: Մարդկային հասարակությունում՝ ամենախորամանկը: Երբեմն՝ ամենասրիկան:
***
Մարդիկ չեն բաժանվում երկու խմբի՝ հաղթողներ և հաղթվածներ, ինչպես թվում է առաջին հայացքից, այլ երեքի՝ հաղթողներ, հաղթվածներ և պայքարից խուսափողներ:
***
Նա երբեք չի զգացել ինչ-որ մեկի կողմն անցնելու անհրաժեշտությունը, նա կանգնել էր իր սեփակա՛ն կողմում, և այդ տեղը նրան թույլ էր տալիս հավասարապես սիրել բոլորին:
***
Այնպես չէ, որ մարդիկ փոխվել են և դարձել գռեհիկ կամ չափազանց ազատամիտ։ Ոչ, ամենևին, պարզապես հարաբերությունների ինստիտուտն է փոխվել, և սա պետք է ընդունել։
***
Երբ վատ ես զգում, առաջին հերթին պետք է դուրս գալ տնից, պետք է դուրս գալ փողոց․․․
***
Քաղաքակրթությունը փակուղի է մտել: Գիտությանը, կրթությանը, իմացությանն ու արվեստին չհաջողվեց սանձել մարդուն ի բնե տրված ագրեսիան: Նախկինում թվում էր, թե մշակույթն ի զորու է հաղթահարելու ինքնաոչնչացման այդ ձգտումը, բայց վախենամ, որ մարդկությունն այլևս ժամանակ չունի: Քաղաքակրթությունը և նրա երևելի տեխնիկական ձեռքբերումները, որքան էլ ցավալի է, հանգեցրին այն բանին, որ մենք հնարավորություն ունեցանք շատ արագ ոչնչացնելու միմյանց… Դժոխային չարի մասին գաղափարը հնացել է, մարդն ինքն է չարություն ստեղծում՝ գերազանցելով սատանային:
***
Ժամանակը մի հատկություն ունի․ տարիների հետ արագանում է։ Մանկության ժամանակ յուրաքանչյուր տարին ձգվում է անվերջ․ դու անվերջ վեց տարեկան ես և ոչ մի կերպ չի լրանում յոթը, երբ կլինեն ուրիշ կյանք, դպրոց․․․ Իսկ որքան մոտենում ես ծերությանը, այդքան արագ պոկվում են օրացույցի թերթերը։ Թարթեցիր՝ երկուշաբթի է, էլի թարթեցիր՝ նորից դեկտեմբեր․․․
***
Արժանապատիվ պահվածքը կնոջ լավագույն զարդարանքն է։
***
Եսասիրությունը սահմաններ չունի: Նրա միակ սահմանափակումը մեկ ուրիշի եսասիրությունն է:
***
Ընդհանուր մեղքի զգացումը մարդկանց շատ ավելի ամուր է կապում, քան սիրո թելերը։ Ընդհանուր, խմբային մեղքը նվազեցնում է անձնականի բաժինը՝ աննշան, փոքր չափերի հասցնելով։ Այդ պատճառով էլ շատ համոզիչ կոտորակ է ստացվում. համարիչում՝ մեկ, իսկ հայտարարում՝ մի քանի հազար, միլիոն։ Որքան մեծ բանակ է հանցանք գործում, այնքան կարծես քիչ պատասխանատվություն է ընկնում յուրաքանչյուրի վրա: Եվ մենք՝ ահռելի թվերի աշխարհում ապրող մարդիկ, մեզ մխիթարում ենք այդ կեղծ հաշվապահությամբ, մինչդեռ հաշիվն այլ կանոններով է՝ դու և խիղճդ։ Եվ ոչ մի կոտորակ։ Եվ ոչ մի արդարացում, որն ասում է՝ շատ մարդ էր կանգնած ամբոխում․․․ Հանցանքը հաճախ զանգվածային է, ապաշխարանքը` էությամբ անհատական:
Կազմեց և թարգմանեց Արմեն Սարգսյանը
Նյութերն առնված են Ուլիցկայայի վեպերից, պատմվածքներից, հարցազրույցներից
- Hits: 3928