Պատմությունները, որոնք մենք էին մեր մասին պատմում մինչև այն, երբ նրանք պատասխանատվություն վերցրին մեզ համար, միջնադարյան և զվարճալի էին թվում, ուրիշ կատեգորիայի գիտելիք, որը չէր կարող մրցել նրանցինի հետ։ Ահա թե ինչպիսի պատկեր է, երբ հիշում եմ, թե ինչպիսին էի երեխա ժամանակ։ Դպրոցում քիչ ժամանակ կար կամ ընդհանրապես չկար այդ ուրիշ պատմությունների համար, ուղղակի իրական գիտելիքների համակարգված կուտակում, որոնք նրանք էին բերել մեզ, գրքերում, որոնք նրանք էին մեզ տրամադրում, և այն լեզվով, որ նրանք էին մեզ սովորեցնում։
Վերջիվերջո բացթողումեր սկսեցին ի հայտ գալ պատմության մեջ։ Ճնշման ներքո այն քայքայվեց և անկում ապրեց, և քրթմնջացող նահանջն անխուսափելի էր։ Չնայած դա պատմությունների ավարտը չէր։ Առջևում դեռ Սուեզն էր, Կոնգոյի և Ուգանդայի վայրագությունները և ուրիշ դաժան արյունահեղություններ փոքրիկ վայրերում։ Այնպես էր թվալու, թե բրիտանացիները բացի օգուտից ոչ մի այլ բան չէին բերել մեզ՝ ի հաեմատ դաժանությունների, որոնք մենք ինքներս կարող էինք մեր գլխին բերել։ Սակայն նրանց լավությունը զուրկ չէր հեգնանքից։ Դասերի ժամանակ բռնապետության դիմադրման վեհության մասին էին պատմում, այնուհետև պարետային ժամ էին հայտարարում մայրամուտից հետո կամ պամֆլետագիրներին[1] բանտ էին ուղարկում խռովությունների հրահրման մեղադրանքով։ Կարևոր չէ․ նրանք ցամաքեցրին առուները, բարելավեցին կոյուղին, պատվաստանյութեր և ռադիո բերեցին։ Ի վերջո նրանց մեկնումն այնքան հանկարծակի, հապճեպ և մի տեսակ նյարդայնացնող թվաց։
Այնուամենայնիվ այդ տարի չորսս էինք, ովքեր կրթաթոշակներ ստացան Կամպալայի Մակերեր համալսարանում սովորելու համար։ Տասնութ տարեկան էի և այժմ մտածում եմ, թե ինչպես էր բախտս բերել, որ աչքերս բացվել էին՝ տեսնելու, թե ինչպես էինք նայվում այդ տեսանկյունից։ Տկար և թափթփված։
***
Հուսեյն։ 1960 թվականը կայուն, հանդարտ քամիներ էր նշանակում, նավահանգիստ բարեհաջող մտած տասնյակ ճոխ բեռնված նավեր՝ ոչ մի հատ ծովում կորած, ոչ մի հատ հարկադրաբար վերադարձած։ Բերքն այդ տարի նույնպես լավն էր․ առևտուրն աշխույժ էր ընթանում, և ոչ մի վիճաբանություն էլ չեղավ, որոնք երբեմն բռնկվում էին նավաշինական ընկերությունների միջև։ Հուսեյնը եկավ կահույքի խանութ, որ բացել էի։
Իրականում այնքան էլ նոր խանութ չէր, բայց հորս՝ հալվայի խանութը վերասարքավորվել էր, վերաներկվել և վերալուսավորվել, որպեսզի կահույք և ուրիշ գեղեցիկ բաներ վաճառվեին։ Չնայած բոլոր ջանքերին՝ հալած յուղի հոտը դեռ սավառնում էր այնտեղ, և հուսահատության պահերին թվում էր, թե այն ոչնչով չէր տարբերվում գորշ, մռայլ քարանձավից, որտեղ հայրս փոքրիկ պնակներով հալվա էր վաճառում։ Բայց ամեն դեպքում գիտեի, որ ամեն բան այլ էր, որ հուսահատությունս ուղղակի փոքրոգություն էր, և որ այդպիսի պահերն անխուսափելի էին։ Գիտեի, որ խանութը ճոխ և թանկ տեսք ուներ, և իրերը, որոնք ցուցադրված էին, իրենք իրենց մասին վկայում էին։ Կահույք և քարտեզ։ Գեղեցիկ, անսովոր իրեր։
Երկու ատաղձագործ-կարմրափայտագործ էի վարձել, որոնք խանութի հետնամասում՝ ցախանոցում, պատվերով բաներ էին պատրաստում՝ պահարաններ, բազմոցներ, անկողիններ։ Իրական փողը, սակայն տան գույքի աճուրդային լոտերում էր, այնուհետև՝ արժեքավոր և անտիկվարային իրերի ընտրության մեջ։ Կոչինում[2] և Տրիվանդրամում[3] կարմիր սանդալի փայտից պատրաստված փոքրիկ պահարանն ավելի շատ հաճույք ու եկամուտ էր բերում, քան մի բուռ նոր յուղալի հրեշները կարմրափայտում և նրբագեղ ապակե պանելներում։ Եթե որևէ ռեստավրացիոն աշխատանքի կարիք էր լինում, ինքս էի անում՝ սկզբում կռահելով, իհարկե հաճախորդներս ինձանից քիչ բան գիտեին դրանց մասին, այնպես որ ոչ մի վնաս չէր հասցվում։
Հաճախորդնե՞րս։ Անտիկվարային և նրբին իրերի տերերը հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ և բրիտանացի գաղութարարներ էին։ Ցերեկային կանգառ էր Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ գնացող «Castle Line» ճանապարհորդական լայներների համար։ Այլ ուղղություններ էլ կային, բայց շաբաթը երկու անգամ պարբերաբար զանգում էին ամրոց, մեկը իջնում էր, մյուսը՝ բարձրանում։ Ափ իջեցման ժամանակ զբոսաշրջիկներին թևանցուկ էին անում լիազորված զբոսավարները, որոնք միջնորդավճարի դիմաց նրանցից շատերին իմ խանութ էին բերում։ Նրանք ամենալավ և ամենացանկալի հաճախորդներս էին, չնայած որ մի փոքր առևտուր էի անում նաև հյուպատոսարանի ֆրանսիացի և հոլանդացի պաշտոնյաների հետ։ Մի անգամ բրիտանացի ռեզիդենտը, նույն ինքը ծովերի տիրակալը, գործակալ էր ուղարկել՝ տեսնելու Մալակկայում պատրասված անցյալ դարի արծաթազարդ շրջանակով հայելին։ Դժբախտաբար արժեքը նրա ուժերից վեր էր։ Ենթական, որին ուղարկել էր, ծռմռեց կարմիր շուրթերը և ցրված անբարյացակամությամբ հարթեց իր խարտյաշ մազերը, երբ նշեցի գինը, ասես չափից ավելին էի ուզում։ Մի քանի անգամ հետ ու առաջ գնաց՝ ուռցնելով տաք այտերը և ինքն իրեն ասելով «վիրավորական, վիրավորական» ու սպասելով, որ արժեքն ընտրելու իրավունքը զիջելու էի ծովակալին, բայց ես սիրալիր ժպտացի և դադարեցի լսել։ Նա, ով ճանաչում էր Մալակկան, կտեսներ, որ այն ոչ մի կոպեկ պակաս չարժեր։
Այնպես չէ, որ հայրենակիցներս ունակ չէին գնահատելու այդ իրերի գեղեցկությունը։ Դրանցից ամենասիրունները որպես ցուցադրանմուշ տեղադրել էի խանութում, և մարդիկ գալիս էին՝ նայելու և հիանալու դրանցով։ Բայց նրանք չէին ուզում և չէին կարող վճարել այն արժեքը, որը ես էի պահանջում։ Նրանք աշխարհի գեղեցիկ իրերը ձեռք բերելու շարունակ հետամտող կարիքը չունեին, ինչպես իմ եվրոպացի հաճախորդները, որպեսզի կարողանային տանել դրանք տուն և տիրանալ դրանց որպես իրենց զարգացվածության և ազատամտության խորհրդանիշներ, իրենց աշխարհիկ կյանքի հաղթանշաններ և բազմաթիվ խանձված սավաննաների զավթումներ։ Մի ուրիշ անգամ բրիտանացի ռեզիդենտի ենթակային չէր կանգնեցնի արծաթե շրջանակով մալակկական հայելու գինը, մանավանդ այն բանից հետո, երբ ասացի, որ աշխարհում ընդամենը մի քանի հատ էր մնացել դրանից։ Նա կվերցներ այն ասված արժեքով կամ ընդհանրապես ձրի, որպես զավթման իրավունք, որպես իրերի համակարգում մեր համեմատական արժեքի արտացոլում։ Այն բանի նման, ինչ արեց Քևին Էդելմանն ուդ ալ-քամարիի իմ արկղիկի հետ։ Այնպես չէ, որ չէի հասկանում այդ ցանկությունը։
Հուսեյնի հետ ծանոթացա, երբ մտավ խանութ․ բարձրահասակ, անսխալական տղամարդ, որը շրջակա աշխարհի տեսք ուներ։ Գլուխս լցվեց այնպիսի բառերով, ինչպիսիք են Պարսկաստան, Բահրեյն[4], Բասրա[5], Հարուն ալ-Ռաշիդ[6], Սինբադ[7] և այլն։ Ծանոթ չէի նրա հետ, բայց փողոցում և մզկիթում տեսել էի։ Արաբերեն էր հետս խոսում՝ ողջունելով, առողջությունովս հետաքրքրվելով, բիզնեսումս բարգավաճում մաղթելով, միգուցե չափից ավելի։ Ներողություն խնդրեցի արաբերենիս համար, որը լավագույն դեպքում անվարժ էր, և սուահիլիով խոսեցի հետը։ Նա տխուր ժպտաց և ասաց․ «Հա՜, սուահիլի։ Ninaweza kidogo kidogo tu[8]»։
Ալոեի փայտը՝ ուդ ալ-քամարը, լուսնային փայտ է։ Ուդը խեժ էր, որը միայն սնկով վարակված ալոեի ծառն էր արտադրում։ Առողջ ալոեի ծառը անօգուտ էր, միայն վարակվածն էր նման գեղեցիկ բույր արտադրում։
Հետո զարմացրեց՝ անգլերեն դիմելով ինձ։ Անգլերենը նշանակում էր դպրոց, և մարդիկ, ովքեր դպրոց էին հաճախել, մուսսիմի առևտրականներ չէին դառնում, որոնք ճղճղանների, մկանուտների և պատժվածների զազրելի ընկերակցությամբ նեղլիկ և աղքատիկ դաուներով[9] էին ճանապարհորդում։
Նստեց առաջարկածս աթոռին՝ շոյելով սև բեղերն ու ժպտալով, սպասելով, որ հարցնեի, թե ինչ գործով էր եկել։ Ասաց, որ լսել էր խանութիս մասին, և որ շատ գեղեցիկ իրեր կային այնտեղ։ Ընկերոջ համար նվեր էր փնտրում, ինչ-որ նուրբ և գայթակղիչ մի բան։
-Ընկերոջ ընտանիքի համար, - ասաց նա։
Դրանից կռահեցի, որ կնոջ համար էր նվեր փնտրում, գուցե գործընկերոջ կնոջ համար, գուցե ոչ։ Շուրջը ցույց տվի նրան, և սկզբում սևափայտե տուփիկը նրան գրավեց, որում կարող էր մարդասպանի դաշույն տեղավորվել։ Հետո կամարավոր դռնանցքերով և շրջաններով փորագրված, հնդկակաղնուց պատրաստված կլոր պահարանի վրա կանգ առավ։ Բայց արդեն տեսել էի՝ ինչպես էր նրա հայացքը հածում դեպի նրբագեղորեն կորացած երեք ոտքերով սևափայտից պատրաստված ցածրիկ սեղանը, որը այնպես էր հղկված, որ նույնիսկ հեռվից էր սրտահույզ փայլում։ Մինչև դրան հասնելը երկար նայում էր արծաթե սկուտեղին դրված ակոսավոր, կանաչ գավաթներին՝ շոշափելով ոսկեզօծ եզրակն ու հառաչելով։
-Գեղեցիկ, - շշնջաց նա։ -Նրբաճաշակ։
-Եվ սա, - ասաց նա, երբ հասանք սևափայտե սեղանին, և ես հասկացա, որ նա ուզում էր այն։
-Այս փոքրիկ բա՞նը, - հարցրի ես։
Նա քաղաքավարի ժպտաց, երբ ասացի արժեքը, և գլխով արեց։ Վերադարձանք մեր տեղը՝ այդ հարցով կարծիքներ փոխանակելու։ Որոշ ժամանակ անց, երբ պարզ դարձավ, որ համաձայնության գալուց շատ հեռու էինք, Հուսեյնը փոխեց թեման ու սկսեց ուրիշ բանի մասին խոսել, չեմ հիշում, թե ինչի։
Կարծում եմ՝ բոլորս էլ թաքուն հիանում էինք բրիտանացիներով նրանց խիզախության համար լինելու այնտեղ՝ տանից այդքան հեռու, այդպիսի վստահությամբ հրամաններ արձակելու և այն բանի համար, որ շատ բան գիտեին կարևոր բաներ անելու մասին․ հիվանդություններ բուժել, ինքնաթիռներ վարել, ֆիլմեր նկարել։
Ահա թե ինչպես ընկերներ դարձանք այդ հրաշալի սեղանի մասին կարծիքներ փոխանակելու ընթացքում և փոքրիկ հաճոյախոսությունների դիմաց, որոնք ասում էինք միմյանց։ Հնարավոր է որոշակի հաճույք ստացանք նաև միմյանց հետ անգլերեն խոսելուց։
Օրվա մեջ մի պահ Հուսեյնն անպայման մտնում էր խանութս, նայում էր, որպեսզի համոզվեր, որ իմ սեղանիկը, ինչպես ինքն էր անվանում այն, դեռ այնտեղ էր, և հետո նստում զրուցելու։ Երբեմն ուրիշ մեկն էլ էր լինում, ժամանակ էր անցկացնում նորություններ հաղորդում և հավաքում, ինչ-որ գործերով զբաղվում։ Հուսեյնը մեջքով աթոռին էր հենվում և ամեն կերպ փորձում հետևել խոսակցությանը։ Ոչ մի չարագույժ բան չկար այդ խոսակցություններում, բայց Հուսեյնն ուշադիր լսում էր՝ իմ օգնությանը դիմելով, երբ այնպիսի բան էր լինում, որը նա չէր ուզում բաց թողնել։ Բայց եթե խանութում ոչ ոք չէր լինում, աջ ոտնաթաթը դնում էր ձախ ազդրի տակ, գլանակ էր փաթաթում և խոսում։
***
Աֆրիկայում նրա երրորդ մուսսիմն էր։ Նրա պապը՝ Ջաաֆար Մուսան, լեգենդար առևտրական էր եղել։ Կյանքի մեծ մասը Մալայայում և Սիամում էր ապրել՝ այնտեղ գնալով որպես իր հորը ծանոթ պարսիկ առևտրականի աշակերտ։ Բազում տարիների ընթացքում պարսիկ և արաբ առևտրականները առևտուր են անում Մալայայում, իսկ VII դարում Հադրամաութի առևտրականներն այնտեղ ընդունել են իսլամի խորհուրդը, նույն դարաշրջանում, ինչ Մարգարեն։ Իսլամ բառը տարածվեց ողջ Մալայայով, ինչը հանգեցրեց իսլամական պետությունների ստեղծման։ Պորտուգալացիները և հոլանդացիները եկան զավթելու 1500-ականներին, բայց միայն 1850-ականներին, երբ խառնվեցին բրիտանացիները, Մալայայի իսլամական պետությունների իշխանությունը զրոյացվեց։ Այս բոլորը կապված էր Հուսեյնի պատմության հետ։
Մալայայում գտնվելու ամենասկզբից Հուսեյնի պապի ջանքերը հաջողությամբ էին պսակվում, և նա դեռևս երիտասարդ ժամանակ էր դիզել իր ունեցվածքը։ Ծաղկուն շրջանում զբաղվում էր ամեն տեսակ բիզնեսով և մի քանի նավեր էր կառավարում ասիական ծովերում։ Այս հիանալի բարգավաճումը համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ եվրոպացիները, հատկապես բրիտանացիներն, աշխարհն իրենց բռի մեջ էին ամուր պահում։ Ափիոն, կաուչուկ, անագ, փայտ, համեմունքներ էին ուզում, և այդ ամենն առանց որևէ միջամտության էին ուզում ունենալ։ Բոլոր հիմքերը կային ենթադրելու, որ այնտեղ էլ էին հասնելու իրենց ուզածին, ինչպես որ ամենուր։ Դրա համար էլ Ջաաֆարը, ցանկանալով հետաձգել այդ պահը, որպես իր նավերի նավապետներ և իր գրասենյակի քարտուղարներ եվրոպացիներ էր վարձել։ Ինչ-որ խորամանկ կերպով նրան հաջողվել էր տպավորություն ստեղծել, որ նրա եվրոպացի աշխատակիցներն էին ղեկավարում իրեն, որ նրա հնարամիտ կամակատարներն էին հիմարեցրել իրեն, առանց որոնց բիզնեսը կփլուզվեր։ Առաջին հայացքից եվրոպական կազմակերպություն էր, բայց իրականում Ջաաֆար Մուսան մնում էր իր՝ ձեռնարկության հետնամասում գտնվող փայտե հին սենյակում՝ իր ձեռնարկումներում հուսալով Աստծու օրհնանքին և նոր ձեռնարկումներ պլանավորելով։ Նրա նավերն առևտրով էին զբաղվում հյուսիսում՝ մինչև Սուլավեսի, հարավում՝ մինչև Քիմարի, Քմերի, և արևմուտքում՝ մինչև Բահրեյն։ Հանգիստ հետևում էր, թե ինչպես էին ինքնագով եվրոպական կազմակերպությունները սնանկանում, մինչ նրանց նավերի խիզախ նավապետներն ու անձնակազմերը ինքնասպանների և նավահանգստային առնետների էին վերածվում։ Իհարկե, դրանցից ոչ բոլորը սնանկացան, բայց հուսադրող քանակությամբ կազմակերպություններ սնանկացան, և որոշ ժամանակ անց անհնար էր չնկատել, որ Ջաաֆար Մուսան Մալայայի ամենահարուստ առևտրականներից էր։
Մեծ վտանգի պահ էր նրա համար, ինչը նա շատ լավ հասկանում էր։ Բրիտանացիներն ամեն տեղ, ուր կարողանում էին, միջամտում էին՝ եռանդով ներթափանցելով տեղական իշխանության համակարգված փլատակներ, հետախուզական հարցեր տալով, զեկույցներ կազմելով, կարգի բերելով, ռեզիդենտներ, հյուպատոսներ և մաքսային կանոններ սահմանելով, կարգ ու կանոն ստեղծելով, պատասխանատվություն վերցնելով այն ամենի համար, ինչը թվում էր, թե մեկ կամ երկու կոպեկ էր բերելու։ Եվ այդ պարսիկ առևտրականը, այդ արաբը, ինչպես բրիտանացիներն էին համառորեն նկարագրում նրան, որին ասեկոսեներն ու վարկածներն ավելի հարուստ էին դարձրել, քան իրականում կար, և որին նախանձն անողոք բանսարկու, բռնակալ, ստրկավաճառ, հարեմ պահող, փոքրիկ տղաներին բռնացող էր դարձրել, ով հմտորեն վերահսկում էր առևտուրը, որը պետք է ավելի արժանի ձեռքերում լիներ։ Ոչ ոք այդ ամենը Ջաաֆար Մուսայի առաջ չէր ասում, բայց նա գիտեր, որ դրանք եվրոպացիների դատարկաբանություններն էին, և հասկանում էր, թե որքան էին վերջիններս ցանկանում, որ դա ճիշտ լիներ։ Ինչ-որ բան էր տեսել իր համար աշխատող եվրոպացիների աչքերում, ինչը ստիպել էր ենթադրել, որ նրանց համար այժմ ավելի քան երբևէ դժվար էր չծաղրել նրան, չնայած որ նրանց վարքագիծը դեռևս քծնող էր և բարեկիրթ։
Ջաաֆար Մուսան մեկ որդի և երկու դուստր ուներ, որոնք երկուսն էլ ծնվել էին Մալայայում նրա հանգուցյալ սիրեցյալից՝ Մարիամ Քուֆահից, Աստված նրա հոգին լուսավորի։ Նրա դուստրեր Զեյնաբը և Ազիզան այդ իրադարձությունների ժամանակ արդեն արժանավայել ամուսնացած էին և իրենց ամուսինների հետ, որոնք երկուսն էլ ծագումով Ջաաֆարի հետ հեռակա կապված ընտանիքներից էին, ապրում էին Մումբայում ու Շիրազում։ Ջաաֆար Մուսայի բնազդն այն էր, որպեսզի կարողանար զգուշավոր և ծպտված հեռանալ, քանի դեռ անգլիացիների ագահությունը անտանելի չէր դարձել դիմադրելու համար։ Դուստրերի անունով բիզնեսները կտեղափոխեր Մումբայ և Շիրազ և դրանց գլուխ կդարձներ նրանց ամուսիններին, քանի դեռ իրադարձություններն իրենց հաջորդականությամբ էին ընթանում։
Նրա որդի Ռեզան չհամաձայնեց։ Երկար տարիներ էր ինչ նրան նյարդայնացնում էին հոր խորամանկությունները։ «Պատերազմ են ուզում, պատերազմ կստանան, - ասում էր նա»։ Պետք է ազատվեին մեծամիտ շներից և մալայացիներ, հնդիկներ, արաբներ վարձեին, իսկ հետո հնարավորինս անողոք առևտրով զբաղվեին։ Ջաաֆար Մուսան, ով ողջ հասուն կյանքն անողոք առևտրով էր զբաղվել, անհանգիստ և սրտաբեկ էր որդու զայրույթի պատճառով։ Խոսքը գյուղացի սուլթանների մասին չէր, այլ աշխարհի տիրակալների։ Նա համոզում էր որդուն, պատմում հանգամանքների մասին և վերջիվերջո իր ասածն անել տվեց։ Ռեզան խելոք ենթարկվեց, բայց չտարհամոզվեց, դեռևս փրփրում էր անարդարությունից։
1899 թվականին Ջաաֆար Մուսան կաթված ստացավ։ Քայլում էր իր տան վերին պատշգամբով՝ հետկեսօրյա զբոսանքի ուղևորվելով, որը միշտ իր գեղեցիկ պարտեզի շուրջն էր կատարում, երբ սրտի կաթված ստացավ։ Այգեպանը՝ Աբդուլրազակը, ով միշտ երեկոյին մոտ էր ջրում ծաղկաթմբերը, ով միշտ սպասում էր տանտիրոջ հայտնվելուն, որպեսզի վերջինս խրախուսեր և հրահանգներ տար իրեն, ով կարծիքների այդ փոխանակումը իր աշխատանքային օրվա գագաթնակետն էր համարում, այդ պահին հասմիկ էր հավաքում իր կնոջ համար՝ աչքի պոչով նայելով պատշգամբին, որը առևտրականի ննջասենյակից էր դուրս գալիս։ Նա տեսավ, թե ինչպես Ջաաֆար Մուսան կուչ եկավ, կողքի ընկավ և մի պահ քարացավ աշխարհի վերջը տեսնելիս։ Այգեպանը վերև վազեց՝ օգնություն կանչելով, հնդկակաղնուց պատրաստված հղկված աստիճանի վրա սայթաքելով և քերծելով սրունքները։ Աբդուլրազակը գիրկն առավ առևտրականին՝ երեխայի նման օրորելով նրան, և գոռաց, որպեսզի ինչ-որ մեկը օգնության հասներ։ Բայց ոչ ոք չեկավ։ Տան այդ կողմում այդ ժամին ոչ ոք չէր լինում, որ գար։ Առևտրականի պարտեզի պատշգամբն էր, որտեղ նախկինում երեկոները նստում էր իր սիրեցյալ Մարիամ Քուֆահի հետ՝ զրուցելով հետը կամ լսելով, թե ինչպես էր ընթերցում, և որտեղ նրանց դուստրերը, երբ մինչև մոր մահը դեռ ապրում էին այնտեղ, միանում էին նրանց՝ երգելով, ծիծաղելով և զրուցելով։ Երբ Ռեզան ավելի երիտասարդ էր, նա էլ էր նստում նրանց հետ։ Նրանց հեռանալուց հետո բացի այգեպանից ոչ ոք չէր գալիս այնտեղ, այն էլ օրվա այդ ժամին։ Այսպիսով այնպես եղավ, որ Ջաաֆար Մուսան՝ լեգենդար, անգութ արաբ առևտրականը, մահացավ իր այգեպանի՝ Աբդուլրազակի գրկում, որի դեմքը արցունքներով, փսլինքներով և արյունով էր պատվել։
***
-Նույնիսկ երբ թաղման հսկայական թափորն էր առաջնորդում, իմ հայր Ռեզան փոփոխություններ էր պլանավորում, - ասաց Հուսեյնը։ - Անհույս էր, և նա կորցրեց բիզնեսը, ինչպես որ կանխագուշակել էր պապս։ Որքան հնարավոր էր շուտ՝ մոտավորապես 1900-ականներին, ազատվեց եվրոպացի աշխատակիցներից, բայց չկարողացավ համոզել որևէ մեկին աշխատել նրա հետ։ Չափից շատ էին վախենում անգլիացիներից։ Մինչև այդ սուլթաններն ընդունել էին բրիտանական պրոտեկտորատը[10]։ Հայրս՝ Ռեզան, ստիպված եղավ մեծ, շատ մեծ փոխհատուցում վճարելու բոլոր նավապետներին և մենեջերներին, որոնցից ազատվել էր, և բոլոր կազմակերպություններին, որոնք մատակարարում և ապրանքներ էին սպասում։ Դատարանով ստիպեցին վճարել։ Ապահովագրորդները հրաժարվեցին նրան ապահովագրություն տրամադրելուց։ Մաքսատներում ամեն ինչ խուզարկեցին, կասեցրին ամեն բան և կաշառակերության մեջ մեղադրեցին նրան։ Հավանաբար դա ճիշտ էր։ Նա հավանաբար մտածում էր, որ նրանց ուզածն էլ այդ էր։
Քսան տարեկանն անց էր, և կարծում էր՝ այնքան լավն էր, որքան ուրիշները, բայց այդպես չէր։ Համենայն դեպս այնքան լավը չէր, որքան եվրոպացիները։ Դրա համար էլ ճնշեցին նրան, և բիզնեսը փլուզվեց։ Նույնիսկ չէր կարողանում վարկ վերցնել տեղական աղբյուրներից, էլ չեմ ասում բարձրաստիճան և հզոր բրիտանացիների մասին։ 1910 թվականից հետո ամբողջ Մալայան նրանցն էր, նույնիսկ հյուսիսային նահանգները, և տաս տարվա ընթացքում մեծ կազմակերպությունը, որը պապս այդքան խորամանկորեն կառուցել էր, ընդամենը մանրուք էր, սակայն դեռևս ոչ ոքի պարտական չէր։ Պարտքերից խուսափելը հորս սևեռուն գաղափարն էր։ Վերջիվերջո ստիպված եղավ մտածելու տան և դրա գեղեցիկ պարտեզի վաճառքի մասին։ Այգեպանը այդ ողջ ընթացքում պահպանում էր պարտեզի գեղեցկությունը։ Իսկ հետո, երբ տունը վաճառքի հանվեց, պապիս մասին պատմությունները վերսկսվեցին՝ հանցագործություններ, ստրկատիրություն և այլն։ Միայն թե այս անգամ ավելացրել էին, թե նա սեռական հարաբերություններ էր ունեցել այգեպանի հետ, դրա համար էլ նրա գրկում էին մահացած գտել։ Ժամանակն էր եկել, որպեսզի հայրս հեռանար մարդկանց այլանդակությունից, որոնք այդպես անամոթաբար պատռում էին իրենց դեմքերը։
Հենց այդպես էր Ռեզան այդ պատմությունը պատմել իր որդուն՝ Հուսեյնին, երբեմն նաև նրանց, ովքեր ուզում էին իմանալ նրա՝ Մալայայում եղած ժամանակների մասին, բայց չէր սիրում այդ մասին խոսել։ Բարկանում էր, երբ պատմում էր այդ մասին, երբեմն դրա անարդարությունը ստիպում էր նրան արտասվել։ Պատմելու համար այնքան էլ լավ պատմություն չէր, հատկապես որդուն, հատկապես առևտրականներին, որոնց հետ Ռեզան Բահրեյնում կապեր ուներ։ Կորցրել էր կարողությունը, որն իր հայրն այդքան ջանասիրաբար կուտակել էր այդպիսի հեռավոր վայրում։
Բրիտանացիներն աշխարհն իրենց բռի մեջ էին ամուր պահում։ Ափիոն, կաուչուկ, անագ, փայտ, համեմունքներ էին ուզում և այդ ամենն առանց որևէ միջամտության էին ուզում ունենալ։
Ջաաֆար Մուսան արել էր այն, ինչի մասին երազում էր յուրաքանչյուր առևտրական։ Իրական էր դարձրել առևտրականի ռոմանտիկան, որը հեռավոր մի տեղ է ուղևորվում իր ապրանքներով և բարգավաճման ու հարգանքի արժանանում։ Ռեզայի անհաջողությունը առևտրականի մղձավանջն էր․ մի ամբողջ կյանք խորամանկություննեևից և զոհողություններից հետո որդին կորցնում էր այդ ամենը։ Հենց դա էլ ասացի, երբ Հուսեյնն այս ամենը պատմեց ինձ։ Նույնիսկ երբ Ռեզան մտավ այդ պատմության մեջ, ինքս ինձ մտածեցի, որ կորցնելու էր ամեն ինչը։
Լա՛վ, ամեն ինչ չէր կորցրել։ Բավականաչափ էր վերցրել մնացորդներից, որպեսզի կարողանար Բահրեյնում նոր բիզնես սկսել՝ օծանելիք, անուշահոտություններ և կտորեղեն ներկրելով Սիամից, Մալայայից և ավելի հեռու հյուսիսից։ Բահրեյնում, ինչպես և ողջ հայտնի աշխարհում, նույնպես բրիտանացիներն էին իշխում, բայց այնտեղ նրանց իշխանությունը հին գործ էր։ Նրանց համար այն մի վայր էր, որտեղ կարող էին գրոհել իրենց թշնամիներին և նավերի վառելանյութի պակասը լրացնել։ Իսկ պարսիկ, արաբ և հնդիկ առևտրականները, որոնք դարեր շարունակ Բահրեյնից էին գործում, չափից ավելի խորամանկ էին, որպեսզի նրանց հնարավոր լիներ մեծամիտ արհամարհանքով վախեցնել։ Ամեն դեպքում մինչև այն, երբ 1930-ականներին նավթ գտան այնտեղ, բացի ներմուծման առևտրից՝ ոչինչ չկար, ինչի համար կարելի էր պայքարել․ ո՛չ անագ, ո՛չ կաուչուկ, ո՛չ ոսկի, ո՛չ էլ ցանկացած ապրանք, որ կարելի էր հանել հողից և արտահանել Եվրոպա։
Այնուամենայնիվ Բահրեյն տեղափոխվելուց հետո Ռեզան օրհնված էր, ինչպես իր հայրը Մալայայում, բայց ոչ այնքան տպավորիչ ձևով։ Թուրքերի դեմ պատերազմը ոչ մի վնաս չհասցրեց նրան՝ բիզնես բերելով հազարավոր տհաճ անգլիական և հնդկական զորքեր, որոնք այնտեղով դեպի Իրաք էին գնում պատերազմելու։ Պատերազմից շատ չանցած՝ 1918 թվականին, Ռեզան ամուսնացավ, և մինչև Հուսեյնին ունենալը, երեք դուստրերով օրհնվեց։ Մարդիկ ամբողջ օրը նրա խանութ էին գնում-գալիս՝ միշտ վստահ լինելով, որ սիրալիր ընդունելության էին արժանանալու՝ անկախ նրանից, եկել էին առնելու թե վաճառելու, կամ հարբեցնող բույրերի մթնոլորտում նստելու և շաղակրատելու։ Նրա երեխաները թափառում էին խանութում, բոլորը նրանց երես էին տալիս և գովաբանում, իսկ նրանք վաղահաս ինքնատիրապետմամբ էին ընդունում նման երկրպագումը։
-Նա սիրում էր իր երեխաներին, - ասաց Հուսեյնը, և հիշողություններից նրա աչքերն արցունքներով լցվեցին։ - Նրանք էլ իրեն էին սիրում։ Նա շատ․․․ սրտահույզ էր մոտենում դրան, և, ըստ երևույթին, ուզում էր, որ ուրիշներն էլ նրանց սիրեին։
Երբ Հուսեյնը տաս տարեկան էր, Ռեզան որոշեց մեկնել Մալայա, ավարտին հասցնել այն, ինչ մնացել էր բիզնեսից, նորից տեսնել հին վայրերն ու բոլոր նրանց, ում հետաքրքիր էր, ցույց տալ, որ ամեն բան այնքան էլ վատ չէր նրա մոտ։ Հուսեյնին վերցրեց հետը որպես իրեն բաժին հասած բախտավորության ապացույց, բայց նաև նրա համար, որպեսզի Հուսեյնը ճանաչեր աշխարհն ու սկսեր սովորել, թե ինչպես պետք է ապրեր այնտեղ։ Չորս ամիս ճանապարհորդում էին․ ծովային ճանապարհորդություններ, բիզնեսի կառավարում, տեսարժան վայրերի դիտում, այցելություններ ընկերներին։
Նույնիսկ Բանգկոկ գնացին, որտեղ Ռեզան մի քանի ամիս ապրել էր հոր կամակատարի հետ, երբ նրանց գործերը վատ էին ընթանում։ Այն ժամանակ Բանգկոկը ջրանցքներով և առափնյա ծառուղիներով հանգիստ, գեղեցիկ նավահանգստային քաղաք էր, այլ ոչ թե լեփ-լեցուն աժդահա, ինչպիսին այն հետո դարձավ։ Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ այնտեղ էին հավաքվում՝ չինացիներ, հնդիկներ, արաբներ, եվրոպացիներ։ Հուսեյնի համար դա անկրկնելի, աննկարագրելի ճանապարհորդություն էր, և այդ ժամանակների բոլոր պատկերները հավերժ նրան մնացին։ Եվ չնայած պատմվածքի նման պատմեց դրանց մասին, այն ժամանակից ի վեր դրանք ինձ հետ են։ Մինչև այսօր պատկերացնում եմ նրա նկարագրած զբոսանքը թագավորական կղզու տաճարի ներքին բակով․ պատկերացնում եմ խստաշունչ հանգստությունը, որը նկարագրել էր, և տաճարի գմբեթի ճնշող ուժը։ Այստեղ գալուցս հետո տեսել էի տաճարի լուսանկարը, բայց Հուսեյնի նկարագրած գեղեցկությունից ոչինչ չկար այնտեղ։
Բանգկոկում նրա հայրը Կամբոջայից բերված բարձր որակի ուդ ալ-քամարի էր գնել հարմար գնով և ուղարկել Բահրեյն։ Նա էր՝ Հուսեյնի հայրը, ով բացատրեց, որ ուդ ալ-քամարին՝ լուսնային փայտը, ուդ ալ-քիմարիի՝ քմերական փայտի նեխումն է։ Ճապոնական պատերազմը սկսվեց նրանց՝ Բահրեյն վերադառնալուց անմիջապես հետո, դրա համար էլ դեռ յոթ կամ ութ տարի ուդ չկար, և Ռեզան երկար ժամանակ այդ խմբաքանակից էր շահույթ ստանում։
-Մի քիչ դեռ ունեմ, - ժպտալով ասաց Հուսեյնը, որպեսզի տեսներ, թե ինչպես էր ճանապարհորդության և ուդի մասին պատմությունը կախարդել ինձ։ Հենց այդ պահին հասկացա, որ խորամանկ Հուսեյնը դեռ սակարկում էր սևափայտե սեղանի գինը։ Կարճ հայացք գցեց դրա վրա և ընկերական, ըմբռնող հայացքով նայեց ինձ։
Երբ հաջորդ անգամ եկավ, կարմրափայտե փոքրիկ արկղիկ բերեց՝ ամենահրաշալի ուդ ալ-քամարիով, որից ինձ բախտ էր վիճակվել հոտ քաշել։ Խանութիս դիմացի մայթի սրճավաճառի շնորհիվ, որը մի քանի կտոր շիկացած ածուխ տվեց, Հուսեյնը պատրաստեց խնկամանն ու անուշաբույրով օծեց օդը, որ շնչում էինք։ Փողոցով անցնող մարդիկ քարացած կանգ էին առնում և մոտենում, որպեսզի նստեին վառվող անուշահոտության կողքին։ Սրճավաճառն անցավ փողոցն ու կանգ առավ աստիճաններին․ «Մաշալլահ, Մաշալլահ, հրաշալի է, սիրելի Ալլահ։ Սուրճ բերե՞մ, մաուլա՛նա[11]»։ Նրա երախտապարտությունն ինձ չէր ուղղված, որովհետև ես քանդել էի նրա կյանքը։ Հայտնի է, որ հնարավոր չէ առանց մեկ գավաթ սուրճի հալվա ուտել, և երբ փակեցի բիզնեսը, կտրեցի նրա կոկորդը, ինչպես ինքն էր ասում։ Սպանեցի նրան։ Բայց այժմ նա նույնիսկ խանութ մտավ և նստեց՝ շնչելով անուշահոտ օդը, ինչ բոլորս։ Կարծում էի, թե այդ անուշահոտ բույրի մեջ կկարողանայի որսալ այն հեռավոր վայրերի հոտը, չնայած պատճառը միայն այն էր, որ Հուսեյնն իր պատմություններով այդ երկուսն իրար էր կապել, և ես ամբողջությամբ անձնատուր էի եղել դրանց։
Իհարկե, վերջիվերջո Հուսեյնը ստացավ իր սևափայտե սեղանը։
Որոշեցինք, որ վճարելու էր սեղանի համար պահանջածս արժեքի կեսը, իսկ մնացածի փոխարեն ուդ ալ-քամարիի քսան ֆունտանոց կապոց էր տալու ինձ։ Նա էր առատաձեռն, կամ ես ավելի լավ էի գործարքներ կնքում, քան կարծում էի։ Արկղիկն ինձ նվիրեց, այն արկղիկը, որը Քևին Էդելմանը գողացավ ինձանից, իսկ դրա հետ նաև Հուսեյնի և նրա հոր կողմից պատերազմից մեկ տարի առաջ Բանգկոկում գնված վերջին ուդ ալ-քամարին, տուփիկը, որը բերել էի հետս որպես բեռ նախկին կյանքից, որպես հանդերձյալ կյանքիս պաշար։
***
Քևին Էդելմանը՝ եվրոպացի բարապանը, տոհմական բակի այգիների դռնապանը, այն նույն դարպասների դռնապանը, որոնցից դուրս էին եկել հորդաները՝ ոչնչացնելու աշխարհը, և որոնց մոտ էինք եկել՝ մուտքի թույլտվություն աղաչելու։ Փախստական։ Ապաստարան։ Գթասրտություն։
[1] Պարսավագիր։
[2] Քաղաք հնդկական Կերալա նահանգում։
[3] Կերալա նահանգի վարչական կենտրոն։
[4] Պետություն Ասիայում՝ Պարսից ծոցի հարավ–արևմուտքում՝ Բահրեյնյան կղզիների վրա։
[5] Քաղաք Իրաքի հարավային մասում՝ Շատ ալ-Արաբ գետի վրա՝ Քուվեյթի և Իրանի մեջև։
[6] Արաբ խալիֆ։
[7] Առասպելական ճանապարհորդ, առևտրական և նավագնաց։
[8] Միայն մի քիչ, մի քիչ եմ կարողանում։
[9] Հնդկական կաղնուց պատրաստված արաբական նավեր։
[10] Պետությունների կախվածության ժամանակակից ձևերից մեկը, որը հնարավորություն Է տալիս առավել ուժեղ կապիտալիստական պետություններին իրենց ենթարկելու ավելի թույլ պետությունների։
[11] Իր կրոնական ուսմունքի կամ բարեպաշտության համար հարգված մահմեդական։
Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը
- Hits: 3737