Հանս Մագնուս Էնցեսբերգեր

Բանաստեղծություններ

    Ծնվել այս չափազանց հակասական դարում, հենց նրա հակասությունների կենտրոնում, սեփական աչքերով տեսնել ֆաշիզմի ծնունդը ու զգալ իր ժողովրդի բարոյական անկումը և այդ ամենից հետո լինել բանաստեղծ, իսկական բանասատեղծ… Երազել ու սգալ, հեգնել ամենաանգութ սարկազմով, խառնվել ու շփոթվել հենց այդ հակասական իրադարձություններում, և այդ ամենի մեջ մնալ բանաստեղծ, իսկական բանաստեղծ – ահա Հանս Մագնուսը իր կենսագրությունով ու պոեզիայով:
    Առաջին հայացքից չափազանց դժվար է հասկանալ, թե  նրա բանաստեղծությունների որ սուր ծայրն է առավել խոսողը: Նա ամենայն անկեղծությամբ դեմ է կյանքի համաչափ ու խաղաղ ընթացքը խոչընդոտող երևույթներին, նա դեմ է նրանց, ովքեր «գնում են վարսավիրանոց, երբ պետք է պայքարի ելնել և ազատել մարդկությունը» - և հենց այս նույն տողի մեջ նա միևնույն ժամանակ ծաղրում է նրանց, ովքեր չափազանցնում, սրում են իրադրությունը: Նա չի սիրում նրանց, ովքեր «գարեջուր են խմում, երբ խաղաքարտին է նետված մեր բոլորի ապագան» և միևնույն ժամանակ հեգնում մարդկային փոքրիկ և գուցե մեծ երջանկություններով ու հաճույքներով զբաղվածներին, քննադատողներին, որոնք խուճապի նետված հայտարարում են, որ այդպիսի մարդկանցով հզոր պետություն կառուցել հնարավոր չէ: Եվ գուցե այս երկհարձակողական բնույթով է բացահայտվում բանաստեղծի հետևյալ անկեղծ հայտարարությունը.
                                 Սև են անվանում սպիտակներն ինձ
                                 և սպիտակ եմ սևերի համար («Կասկած»):
    «Կուրորեն» բանաստեղծության մեջ մենք գտնում ենք այն բանալին, որը քիչ թե շատ հեշտացնում է գտնել անցուղի դեպի բանաստեղծի ներաշխարհը, և միանգամից մաշկիդ վրա զգում ես այն բոլոր փորձություններն ու դժվարությունները, որոնք կան այնտեղ, որտեղ.
                                միաչքանիները
                               իշխանությունն իրենց ձեռքն են վերցրել
                               և կույրերին դարձրել արքա:
    Ահա  թե ինչու բնական ու համոզիչ է բանաստեղծի կասկածը.
                           Վաղը դարձյալ մի օ՞ր է,
                           սա մահճակա՞լ է, թե պատգարակ,
                            ունի՞ իրավունք որևէ մեկը
                            թույլատրվա՞ծ է կասկածի վրա էլի կասկածել…
    Բարդ ու իրարամերժ մտքերը հաջորդում են իրար: Սակայն, թեկուզ և հասարակ ու շփոթ տողերի միջից պարզ երևում է հումանիստը, հայրենասերը և պոետը:
Հովհաննես Գրիգորյան


enzensberger--ԲԱՐՁՐ ԿԱՐԳԻ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԱԳՐՔՈՒՄ
Մի կողմ դիր բանաստեղծությունները որդիս
Կարդա ուղևորման ծրագրերը - նրանք ճշգրիտ են
Քանի դեռ ուշ չէ բաց ծովային քարտեզները
Եղիր զգոն, մի երգիր, նետիր մի կողմ ձոները
Կհնչի ժամը և նրանք ցուցակ կփակցնեն դարպասներին
Եվ կխարանեն բազմաթիվ հետաքրքիր տեսարաններ
Դիմադրողների կրծքերի վրա
Սովորիր թաքնվելու արվեստը սովորիր ավելին քան ես
Սովորիր - փոխել քառորդը մարմնիդ
        փոխել անձնագիրդ
        փոխել դեմքդ
Սովորիր-փոքրիկ մատնություն անել (ամենօրյա կեղտոտ փրկություն)
Հիշիր - օգտակար են շրջաբերականները կրակը կպցնելու համար
Մանիֆեստները կարագը փաթաթելու
Աղը Անօգնականների համար
Իսկ զայրույթն ու համբերությունն անհրաժեշտ են
Նուրբ մահացու փոշին
Իշխանության թոքերի մեջ փչելու համար
Փոշին-որը աղացված էր նրանց կողմից
Ովքեր շուտ են սովորել
enz03Ովքեր շատ են սովորել
Ոքեր ճշտապահ են քեզանից

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ
Թող այս գիշեր քնեմ կիթառի մեջ
գիշերային զարմացած կիթառի մեջ
Թող ինձ հանգստանամ
                            ջարդված փայտի մեջ
թող իմ ձեռքերը քնեն
                              նրա լարերի վրա
թող քնեն
                             իմ զարմացած ձեռքերը
Թող քաղցր փայտը
                                        թող իմ լարերը
                                      թող այս գիշերը
հանգստանան մոռացված կիթառի վրա
Իմ կոտրտված ձեռքերը
                                         թող քնեն
քաղցր լարերի վրա
զարմացած փայտի մեջ

hans-magnus-enzensbergerՁՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԱԾ ԻՐԵՐ
մի փետուր, որը իմ եղբայրն է կորցրել –
ագռավը
երեք կաթիլ արյուն, որը ավազակն է թափել
հայրս
մի տերև պոկված չորացած ճյուղերից
ընկած ձյան վրա
իմ հարսնացուի կոշիկները նուրբ
մի նամակ պարոն փոխպրեզիդենտից
մի քար
մատանի
մի կույտ չոր ծղոտ-պատերազմն է թաղված կույտի տակ
վաղուց շատ վաղուց
պատռիր նամակը
պատռիր կոշիկը
գրիր փետուրով տերևի վրա
սև հարդ
ճերմակ քար
ախ ինչքան լավ է որ չգիտեմ
թե ինչպես է հարսնացուս կոչվում
երկիրս
տունս
եղբայրս է կոչվում
և թե ինչպես եմ կոչվում
ես ինքս

ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեռացրեք դրոշակը դեմքիս վրայից – խտուտ է տալիս:
Փաթաթեք նրանով կատվի դիակը և թաղեք այգում:
Վերցրեք կրծքիցս երկաթե պսակը – սաստիկ քերծում է,
նետեք աղբարկղ,
ժապավեններն էլ տվեք պատահած մի պոռնկուհու,
թող որ դրանցով զարդարի իր խեղճ, հին թասակները:
Հեռախոսով կարդացեք դամբանականը,
Նախօրոք զգուշորեն լարը կտրելով:
Եվ չմոռանաք լճի մեջ թափել փշրանքներն հացի,
որ անպայման կան թաշկինակիս մեջ –
լճի անուղեղ ձկների համար:
Տերտերին ասեք, թող նստի տանը և մի լավ խմի:
Նվիրեք նրան մի շիշ լավ շնապս,
ծերուկը, անշուշտ, ուրախ կլինի կոկորդը թրջել
երկար, ձանձրալի քարոզից հետո:
Եվ շատ եմ խնդրում ոչ մի սգո երգ,
ոչ մի հուշարձան,
բազալտով լավ է փողոցը ծածկեք,
որտեղ չի ապրում ոչ մի շնչավոր, թռչունից բացի:
Պայուսակիս մեջ կգտնեք մի կույտ անպետք ձեռագրեր,
տվեք բոլորը իմ ազգականի փոքրիկ տղային,
թող որ իր համար ինչքան ուզում է նավակներ սարքի,
մի մեծ նավատորմ,
ներկված փողոցի կեղտաջրերում:
Իսկ ինչ որ մնաց. թանկարժեք քարով մատանիս, հետո
վարտիքներ բազում, կրակվառիչը
և զարթուցիչը`
նվիրեք մոտիկ հնավաճառին,
փոխարենն անշուշտ օղի առնելով:
Իսկ ինչ մնում է հարցաքննվելուս
ահեղ դատաստանի հրեշտակների մոտ,
հարությանն հոգուս և այլ հետմահու բազում գործերին –
ինքս կհոգամ,
քանի որ դա իմ անձնական գործն է: Այդպես չէ՞ միթե...
Դե, մնաք բարով...
    Հա, քիչ էր մնում մոռանայի լրիվ,
ծխատուփիս մեջ դեռ մնացել է երեք ծխախոտ...
ՋՐՀԵՂԵՂ
Բարձրացնենք առագաստները, հանգստություն պահպանելով,
այնքան էլ խոր չի լինելու նոր համաշխարհային ջրհեղեղը
Գործողությունների նախկին ընթացքը.
մայորներն ու կովերը էլեկտրասյուներին,
էվակուացիա դեպի Արարատ,
համընդհանուչ ցուցակագրում ալպինիստների խմբակները,
արհեստավորների մեջ խուճապ սոսկալի,
ճարպոտ աղավնիներ` ձիթենու ճյուղերով և առանց ճյուղի –
Էլ բանի պետք չեն:
Համենայնդեպս
ճշմարիտներն ու անմեղները նույն
ի հեճուկս խեղվող մեղավորների,
հանգիստ, անվնաս կելնեն տապանից,
կթողարկեն նոր փոխառություններ
և համաձայնության եկած աստծո հետ
կլծվեն գործի` կարգի բերելու
ջրհեղեղից վնասված արդյունաբերությունը:
Այսօր մի ամբողջ երամ Նոբելյան դափնեկիրներ
զբաղված են լուրջ` կանանց ոտքերի
ստրոնցիումի դեմ պահպանման համար
նոր դեղորայքներ հնարելու մեջ:
Փորձարաններում հավատն է տիրում,
դռան անցքերից հոսում է ցողը,
թանձր, օգտակար այդ նստվածքը,
որ անվտանգ է դարձնում լրիվ
ռումբեր սարքելը,
մահվան սարքելը,
թանձր ու ճարպոտ քսուքը - որը
ապահովում է ամեն տեսակի տհաճ դեպքերից:
Արդեն անցել է փորձարկման պահը:
Իսկ հողի խորքից արդեն ելնում է
հեղուկը լրիվ, լրիվ անվնաս –
համաշխարհային ջրհեղեղը նոր,
և կամաց-կամաց ծածկվում ենք մենք
պահպանելով կարգ տոմսարկղերի մոտ,
առանց խառնվելու, առանց աղմուկի,
խեղդվում ենք լուռ
ժամացույցների խաղաղ, համաչափ
թիկ-թակների տակ:

ԿՈՒՐՈՐԵՆ
Հաղթական լինելը
տեսնողների գործն է
միաչքանիները նրանց իրենց ձեռքն են վերցրել
միաչքանիները
իշխանությունը իրենց ձեռքն են վերցրել և կույրերին դարձրել արքա
Երկրաբաժան սահմանի մոտ կանգնած են
վաղուց կուրացած ոստիկանները
Աչքի բժիշկ են որսում երբեմն
որին հետևում էին
հակապետական գործունեության համար
Բոլոր ղեկավար պաշտոնյա անձինք անկասկած
աջ աչքին սև շորակապ պետք է ունենան
Գտնված իրերի վարչություններում բորբոսնում են
կույրերի շների բերած
անտեր հեռադիտակներն ու ակնոցները
Փութաջան երիտասարդ աստղագետները հառաչանքները զսպած
ապակե աչքերով են փոխում իրենց իսկական աչքերը
Հոգատար ծնողները
ուսուցանում են հատուկ մեթոդներով իրենց երեխաներին
աչքերը շլելու առաջադեմ արվեստը
Թշնամին բորաջուր է քսում
իմ գործակալների աչքերին
Բարեկիրթ և ամենագետ քաղաքացիները
մի կողմ են դրել
աչքի հետ կապված բոլոր հոգսերը
աղ ու պղպեղ են շփում դեմքերին
և կսկծացող աչքերը փակած
արձաններն են շոշափում և այլ տեսարժան վայրեր
և բարեխղճորեն
առանց ծուլանալու
կույրերի գիրն են նրանք սովորում
Թագավորը պարտավոր է բացատրած լինելու
Նա վստահությամբ է ապագային նայում
                                                    Թարգմանությունը` Հովհաննես Գրիգորյանի
                                                                («Գարուն» 1969, N 7)
 
 
 
 
 
 
 
  • Hits: 6236

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: