Որուագծեր դիմանկարի համար․ Զուլալ Գազանճեան

Երբեմն կամա-ակամա բանաստեղծությունների տողեր են լսվում ունկերումս՝ ամենատարբեր բանաստեղծների ու այդ տողերի հնչումով կարծես թե ձևավորում, շունչ է առնում և տեսիլքի միջով հայտնվող նրանց կերպարը, մանավանդ եթե ծանոթ ես եղել։

Սննկացած, պարտուած, աներկինք՝ մեռաւ գիշերը այս գիշեր։

Ֆրանսահայ բանաստեղծ Զուլալ Գազանճեանի «ձայնն է լսվում»՝ իրեն բնորոշ դժգույն հնչերանգային կիսատոներով։ Զուլալը, որ ծննդյամբ Ռուբեն անունն ուներ ու Զուլալ վերանվանեց ինքզինք՝ մուսալեռցու իր ինքնաբուխ ազնվամտությունը զորելով իր անվան միջոցով սահեցնել բանաստեղծությունների իր արյունատար երակով, ու այդպես էլ առավել ներկայանալի դարձրել այն միջավայրը, որտեղ ողջ կյանքն ապրեց ինքնամերժորեն․․․

Հիմա, երբ վերհիշում եմ նրան, «Կենաքը-քույրս» /1964/, «Արեւածաղկի մը նման» /1975/, «Շարունակելի», /1988/ եւ մյուս ժողովածուների ընդհանուր բանաստեղծական մթնոլորտում «հայտնվելուց» զատ, իր «Կարդալով Վարուժանին», «Կարդալով Մեծարենցին» և հատկապես «Կարդալով Շահնուր» հոդվածների «իր գիտցածին» կարծես թե մի նոր շերտ ու շնչառություն է հավելվում․ «Շահնուր պիտի փնտռէ ու չգտնէ»։ Երեւի թե Զուլալը նույնպես փնտրեց ու չգտավ․ որովհետեւ գտնելու համար եւ գտնելուց հետո՝ վերջակետներ պետք է հայտնվեին իր հայացքի դեմ ու ինքը անվերջակետ ուղեւորության, ասել է թե փնտրտուքի սիրահարն ու մեկնաբանն էր․ որտեղ եւ ինչ պայմաններում էր լիներ՝ Հալեպում՝ ուսուցչություն անելիս, Վենետիկում՝ Մուրատ-Ռափայէլեան վարժարանում ուսանելիս, թե Փարիզում, ուր ապրեց բանաստեղծի անինքնաբավ կյանքով, Նիկողոս Սարաֆեանի, Զարեհ Որբունու, Յարութ Կոստանդեանի, Պետրոս Զարոյեանի, Շավարշ Միսաքյանի միջավայրում, իսկ Երևանում ամեն մի հանդիպման ժամանակ մեր զրույցների թեման հիմնականում «Փարիզի տղաքի» առանցքի շուրջն էր պտտվում․ եւ ինձ համար սկզբնապես աներեւակայելի էր խոսել, մտերմություն ունենալ մի մարդու հետ, ով նրանց հետ հարաբերվել է։

«Զուլալը ավելի էր խանդավառվում ու մի տեսակ սրտակեղեք դառնում, երբ․․․ օղու բաժակները դատարկ էին լինում ու ես Յարութ Կոստանդեանի կամ Կարօ Փոլատեանից էի հարցնում․ այդ օրերին նա Փարիզից նոր էր վերադարձել, հրատարակել էր Կոստանդեանի նամակների հավաքածուն եւ խանդավախված էր հայ հին բանաստեղծությամբ․ հետագայում, տարիներ անց /1998/ զուգադիր՝ թարգմանությամբ հրատարակեց «Հատընտիր հայ հին բանաստեղծության» երկհատորյակը։ Սա երեւի վենետիկյան ուսումնասիրության փառասիրության ներշնչումն էր․ երբեմն ես էի հարցնում վենետիկյան օրերից ու իր սիրելի բանաստեղծ Սալվատորե Քվազիմոդոյից ու իտալերենի իր իմացությանը «թաքուն» նախանձում, որ Քվազիմոդո, Մոնտալ է, Չեզարե Պավեզե բնագրով է կարդացել։ Ինքը նույնպես ոգեւորվում էր իտալերենի իմ «իմացությամբ», ու ասում․ «Պետք է սորվիս լեզուն, որ անմիջնորդ կարդաս, դյուրին չէ, բայց սերդ կզգացվի․ ամեն ինչ եւ ամենեն առաջ սիրով»։ Ու «սիրտս պարպելու պես ես այս գավաթը կը պարպեմ», երբ իր տողերն իրեն հիշեցնում էի, ժպտում էր․․․ «Կը հիշե՞ս ամեն խմելու ատե՞ն, թե՞ երբ լման ոգելից կ՛ըլլաս։ «Ոգելից եւ ոգեշունչ», փոխադարձաբար ժպտում էի ես։ «Բանաստեղծությունը նախ և առաջ և ավելին՝ ապրված կյանք է, այլ տեսակի առօրյա, քան թե թուղթին բերված արդյունք։ Այնպես որ մեկը կրնա բանաստեղծորեն ամբողջ կյանք մը ապրիլ և բնավ չգրել» /Մովսես Պճաքչյանի հետ ունեցած զրույցից/։

Եւ իրոք, բանաստեղծի կյանք ապրելը գրեթե բոլորին է տրված, նայած թե ինչպես է ապրվում, որ իրականության աննկատ շերտերում է՝ ոչ հասանելի ամենքին, և բնականաբար, ապրեցնող։ Զուլալի ապրած կյանքը երկսայրի էր․ նախ մարդ, հետո բանաստեղծ սկզբունքի ինքնազոհությամբ։

Անկախության ընդունման առաջին օրերն էին․ ՀՀ Գերագույն խորհրդի նորընծա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանով խանդավառված էր․ «Մուսալեռցի է, ասիկա խորհրդանշական կը նկատեմ»։ Խորհրդանշական ու խորհուրդով ապրող մտավորական էր Զուլալը։ Նրան չճանաչողները երբ հանդիպեին, առաջին իսկ պահ բանաստեղծի տպավորությունը չէին ստանա, մանավանդ երբ գինովցած էր կամ «կես ճամբուն վրա»։ Այդժամ պարզ, սովորական մարդու տպավորություն էր թողնում, Հրանտ Մաթեւոսյանի, Վանո Սիրադեղյանի հետ մտերմությունը պատահական չէր, նրանց հետ իրեն հոգեհարազատ թրթիռներով ավելի կենսուրախ էր դառնում, իսկ պատերազմական Արցախ այցելությունները՝ պարտադիր էին, ավելին՝ հպարտանում էր․ «Ղազանչեցվոց եկեղեցին նախնիքս են կառուցած», արյան կանչն անառարկելիորեն էր զգում ու դրանով ինքնավստահ, գոտեպինդ էր։

Հիմա մի տեսակ անխոսությամբ մշուշված, բայց ի զորում եմ դիմել իրեն, իր իսկ տողերով, Զուլալ

Ես քեզ ծաղիկներ պիտի բերէի տակավին․․․

Ու՞ր, ո՞ր սրտին մէջ է գերեզմանդ։

 Արթուր Անդրանիկեան

Զուլալ Գազանճյան

Կատակի պէս, փոխան նամակի՝

Բաբգէն Պօտոսեանին.-

Կորսնցուցած փառք, կրօնք ու անուն,

անտուն, անընկեր ու անհայրենիք,

բայց հայրենիքի ծխանին ծուխով

մխացող արքայ՝ մէկ մէկ Արտաշէս, –

մենք, զաւակներս Հայոց պատմութեան

երբոր կ’անցնէինք Փարիզի շքեղ

պողոտաներէն՝ տողանցելու պէս, –

«Մարսէյէզ»ը մեր՝ «Ընկա՜լ քաղցրութեամբ» …

մինչեւ Էլիզի բերուած՝ շուարած

խե՜ղճ Նարեկացի … «Առաւօտ լուսոյ»՝

երբոր գիշեր էր – Յուլիս 14:

Ի՜նչ լաւ էր, Բաբգէն, երբ զիրար գտած,

ամէն ինչ մոռցած, ամէնուն ներած,

Լուվրը՝ մեր դաշտի վերածած հիւղին,

կութքը դաշտերուն՝ բաշխած ամէնուն,

մեր տաք, ճարճատուն կրակը վառած

նստած կ’երգէինք՝ բաժակ ի ձեռին:

Մեր անկողնին մէջ տաք էր Ճոքոնտան

մեր ոչ թէ սիրոյն՝ այլ ցաւի՛ն նման:

Մեր թեւերուն մէջ Ճոքոնտան մերկ էր.

գիտէինք առնել՝ այլ երբե՛ք սիրել:

Մեր տխրութի՞ւնը … թանգարանային

միայն հնութիւն, միայն Արարատ՝

կախուած պատերէն – այլ երբե՛ք սրտէն:

Մեր տխրութիւնը կարծես մերը չէր …

Մերը չէր, Բաբգէն, մե՛ր իսկ երազը

զոր բանադրած էր Հայոց աստուածը:

Մե՛րն էր կարօտը, բայց մերն էր գինին

երբոր կ’երգէինք՝ բաժակ ի ձեռին:

Սիրելի Բաբգէն. Փրովանսի տաք

լեռներուն վրայ, հիմա կ’ենթադրեմ

ուրախ ես, հանգի՜ստ: Արեւը շռայլ

հասուն աղջկան ստինք է ափիդ

եւ սիրտդ ի վար ցօղուած բարկ գինի՝

խաղաղութիւնն ու գոյնը լեռներուն:

Լեռներուն վրայ գտար թաւուտքներ՝

կիներուն գաղտնի ծալքերն յիշեցնող,

գտար ճամբաներ՝ միշտ հեռուն կանչող,

եւ մտերմութեան մը հետ ձեռք ձեռքի

գացիր ուրտեղնե՜ր … հասար … Երեւան՝

որ ներկայ է միշտ, չես գիտեր ինչո՛ւ …:

Չգիտցար ինչու հասար Երեւան

բայց գոնէ, Բաբգէն, դուն գիտցար պատռել

պաստառդ վերջին. ուզածդ չկար …

լոյս բլուրներդ կը յիշեցնէին – օ՜ տարօրինակ

օ անմարդկայի՜ն սրբապղծութիւն –

սգաւոր, տխեղծ Արարատը մեր:

Լա՛ւ ըրիր, Բաբգէն, պատռէ՛ ամէն ինչ

որ նկար է, գիծ, այլ երբե՛ք՝ խորհուրդ,

որ մարմին՝ սակայն գգուանքներուդ տակ

չկրցաւ շարժիլ, չգիտցաւ տարփալ:

Բաբգէն, թող լեռդ եւ եկուր Փարիզ

որ զիրար գտնենք՝ բաժակ ի ձեռին:

Եկուր որ կրկին հին օրերուն պէս,

Մէկ մէկ ուրուական, մէկ մէկ Արտաշէս,

ամէնուն ներած, ամէն ինչ մոռցած,

Պուլըվարներէն անցնինք երգի պէս.

երթանք անանուն, նոր աշխարհներու:

Երեւակայէ՛ … Պուլըվարներուն մէջ

մարգագետիններ … եւ ամպե՜ր ամպե՜ր՝

թուխ աղջիկներու եբենոս կուրծքով:

Անձրեւը ի՜նչ քաղցր պիտի ըլլայ

սիրելու համար դեռ անհրաժեշտ

ցարդ մեր չթափա՛ծ արցունքներովը:

Մարգագետիններ … եւ ոսկի ցորեն

եւ բարօրութիւն. ա՛լ չքրտնող,

խորշոմ չկապող լուսաւոր ճակատ.

ալ մարդը մարդուն համ, ճաշակ ու գոյն

եւ պտուղ սիրոյ, Վահագնեան ծնունդ՝

Վեհ, աստեղացունց, շքեղ երկունքով:

Բաբգէն, ամէն օր մենք պիտի բացուինք

միշտ վերանորոգ, նո՛ր տեսիլքներու

երբ զիրար գտնենք՝ բաժակ ի ձեռին:

Ի՜նչ լաւ է, Բաբգէն, երազել այսպէս

եւ աստուծոյ պէս՝ ստեղծել ծայրէն

աշխարհ ու երկինք … ի սկզբանէ՜ …:

Երեւակայէ զարմանքը մարդոց

արեւը երբոր յանկարծ կեցընենք

ճիշդ միջօրէին. ու … ե՛տ դարձ, յառա՛ջ

դէպի արեւելք. երթայ կորսուի՛

ուրկէ որ եկաւ. եթէ արեւ է՝

որեւէ տեղէ կը ծագի հարկաւ:

Երեւակայէ բայց, պահ մը գոնէ,

զարմանքը, ամբո՜ղջ ողբերգութիւնը

հայրենի դժբախտ մեր քերթողներուն՝

երբ Արարատը տանինք … Ալասքա:

Բայց նաւասարդեան ի՜նչ խրախճանք, երբ

Շուէտի ոսկի աղջիկներն ամէն

բաժնենք Հայերուն, – թէ՝ առէք կերէ՛ք,

եւ թէ՝ աճեցէ՛ք ու բազմացարուք:

Ի՜նչ լաւ է, Բաբգէն, եթէ հարկ ըլլայ

կրկի՛ն խաչ հանել աստուծոյ որդին՝

այս անգամ Հայո՛ց փրկութեան համար:

Ինչ որ է. անցնի՛նք: Մինչեւ որ լքուած

աստուած մը գտնենք, եւ ոչ թէ Հայը

այլ՝ խեղճուկրակ այդ երանեալը

հաւատայ Հայուն եւ … փրկե՜ն զիրար:

Ինչ որ է. մինչ այդ թէ օր մը օրանց

լեռներէդ անդին փնտռելու երթաս

բանաստեղծը մեր – Յարութը գտնես

ըստ սովորութեան բաժակ ի ձեռին,

չմոռնաս, Բաբգէն, ըսել Յարութին

թէ օր մը Զուլալ կոչուած լեռնցին

լուրջ ու յոտնկայս, բաժակ ի ձեռին,

սիրային քերթուած մը ըսելու պէս

մեր Արարատին հայհոյեց այսպէ՜ս.-

թէ՝ աւելորդ բեռ, անիծի՜ց արմատ

ու ցաւ, կորսուէ՛ հոգիէս, սրտէս.

եթէ աստուած ես՝ այսօր հասկցայ

թէ աստուածի՛ն ալ ձախողածը կայ.

եթէ խորհուրդ ես՝ մնացիր անհաս, –

այս ժողովուրդին փորձանք մը պակաս.

իսկ եթէ լեռ ես՝ կեցիր լերան պէս

ծանրացած հողի՛ն, ո՛չ թէ սրտին մէջ:

Փարիզ, 26/8/1974

Յ.Գ.-

Կը ներես, Բաբգէն, մոռցայ ըսելու

թէ Ուրբաթ, ամսուն 23-ին

յուղարկաւորներն եղանք Շահնուրին:

Արցունք մը պակաս – երգ մը աւելի՛:

Բաբգէն, եթէ ոչ երկրով ու կեանքով,

հարուստ ենք, սակայն, մեր մեռելներով:

«Կենաց» չունինք, բայց … օ՛ն, յիշատակի՛ն,

յոտնկայս՝ վերջին բաժակն ի ձեռին:

***

Կոպոյտը երկինք չնշանակեց այլեւս

աղաւնին չվերադարձաւ իր տանիքին

իրիկուն, ուր ամեն ինչ պարպուած է իր բովանդակութենէն

իր արիւնէն ու մարմինէն 

Ծառի մը ճիւղին

հովը կը շարժէ

թաշկինակի պէս

մոռցուած շապիկ մը

ճերմակ

***

Ցաւը ուրիշ անուն ունի այլեւս

մարմինէն անջատուած ազատագրուած է ցաւը

բարձրացող միշտ բարձրացող ալիք

թեւերուն տրուած վերջնական ձեւ ու շարժում

մեկնելու համար

***

Մինակ

կը դիտեմ ինքզինքս

հեռուէն

Կը մօտենամ զիս չխանգարելու պէս զգոյշ

գիրքս ձեռքէս վար կ՛առնեմ եւ գլուխս բարձրացուցած

կը մտնեմ կը տեղավորուիմ կը գոցուիմ աչքերուս մէջ

Աչքերս գոց

աշխարհին կու տամ իր նախկին ձեւը

եւ քեզ

  • Hits: 1586

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: