Ուրուագիծ դիմանկարի համար. Հետգրութիւն մը Յարութիւն Քիւրքչեանի (1943-2024) համար
Դիմանկարային այս շարքում սա երևի թե այն հազվագյուտ վերնագրային որոշակի փոփոխումն է՝ նմանողությամբ Յ․Քիւրքչեանի գրած Նիկողոս Սարաֆեանի «Չափածոյ երկեր» հատորի խորագիտակ վերջաբանի, ու հիմա խորին տխրությամբ եմ ուրվագծում նրա դիմանկարը ինձ համար ցավալի նրա մահվանից ամիսներ անց․․․ «Հավատով խոստովանիմ», որ Նիկողոս Սարաֆեանը Յ․Քիւրքչեանի գրական-մտածողական ուղղորդումներով է իմ մեջ մեծագույն պատկառանք արթնացրել իբրև Սփյուռքի բանաստեղծության հիմնադիր․ վկայությունները իմ աշխատասիրությամբ հրատարակված մեծանուն բանաստեղծի, արձակագրի, գրադատի հատորներն են, Հայաստանի և Սփյուռքի մամուլում տպագրված հոդվածները։
․․․«Կարելի է անշուշտ հասկնալ․ խօսք մը կայ» հոգևոր մտերմությունը երբեմն ավելի նպաստաբեր է՝ մարդուն, գրական-մշակութային գործչին, մանկավարժին ճանաչելու համար, քան մերձավոր հարաբերութիւնները։
Յարութիւն Քիւրքչեանին «հանդիպած եմ» շատ պատահաբար, 2016թ․ Բեյրութում, Համազգայինի գրատանը և միանգամից ճանաչեցի, ներկայացա, ջերմ ողջագուրվեց, խոսքը՝ հատու էր․ «Ի վերջոյ հանդիպեցանք, քեզմէ լուրեր կը ստանամ․․․»։ Զրույցը՝ «հոտընկայս էր» և ավաղ առաջին և վերջին․․․ Արդեն գիտեի, որ Յ․Քիւրքչեանը հայկական ինքնության գաղափարաբանությունը մեկնաբանող «ջրասուզակներից է»։ Հիմա կորստի կսկիծը անդառնալի է․ ճանաչել Մարդուն, գրադատին, մանկավարժին, ազգային գործչին, ՀՅԴ թերևս ամենագաղափարական տեսաբանին, որի հեղինակած «Ուրուագիծ ՀՅԴ պատմութեան․ 1919-1924» /1988/, «Գաղափարագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» /քառահատոր, 1990-1995/ աշխատությունները եզակի են մանավանդ պատմական անցյալը խորազննին ներկայացնող վերլուծակերպով։ Ինչ վերաբերում է Յ․Քիւրքչեանի մանկավարժական գործունեությանը, ապա Բեյրութի կրթական հաստատություններում «Նշան Փալանճեան» ճեմարան, Հայկազեան համալսարան, Հայագիտական հիմնարկ/ ավելի քան քսան տարիների,- 1964-1980,- վաստակը չի շրջագոծվում զուտ իր մանկավարժական դասագրքերի հրատարակությամբ և փորձառության նպաստաբեր ներդրումով այլ, դասագրքերի հրատարակությունը փոխառնչվում է հայագիտության իր իմացության համակարգային ուսուցումով։
Տակավին, 1980-ական թվականներին, երբ Նիկողոս Սարաֆեանը անհայտ էր հայաստանյան ընթերցողներին, Յ․Քիւրքչեանը անկարող էր չբարձրաձայնել․ «Կարելի է նոյնիսկ հասկնալ, որ գրապատմական տուեալ պահումը ըմբռնումով՝ գրականութիւնը սահմանուած եղած ըլլայ իբր խոյզը ցեղային-արիւնային, անփոփոխ տուեալներու գոց համակարգի մը կամ իբր «քաղաքացիական» գործարկումը դասական գեղագիտութեան տէր քաղաքացի պոետի․․․ Հասկնալի է մանաւանդ ու դժբախտաբար, Սարաֆեանի վաստակին առջեւ ամրափակումը Հայրենիքի դռներուն․․․»։
Հիմա ժամանակներն այլ են․ Հայրենիքի դռները Սարաֆեանի անփոխարիների ստեղծագործության առաջ լայնորեն բացուած, հրատարակված են նրա վեպերը, բանաստեղծությունները, գրական-մտածողական դատումները եւ Յ․Քիւրքչեանը առաջիններից էր, կանխատեսել էր Սարաֆեանի ստեղծագործությունների հրատարակման գրապատմական անհրաժեշտությունը և որ ամենաէականն է, առավելապես էր կարևորում հայեցի կրթությունը, և եթե չեմ սխալվում, 2008թ․ Համազգային հայ կրթական և մշակութային միության կրթական խորհրդի կողմից և իր անմիջական գործակցության շնորհիվ կազմակերպվեց «Հայեցի կրթություն» համագումարը։
Յ․Քիւրքչեանի հայագիտական մտահոգությունների ոլորտը ներառնում էր հատկապես արևմտահայերենի ինքնության պահպանումը։ 2010 թ․, ես ցավում եմ, որ չկարողացա մասնակցել, քանի որ մասնավոր անձ էի «և ոչ մի կապ չունեի արևմտահայերենի հետ», Ծաղկաձորում տեղի ունեցած «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքի մեջ» եռօրյա համահայկական համագումարին, այդ ժամանակ իր բանախոսությունը նույնպես վերաբերում էր արևմտահայերենի վերարժևորմանը՝ ներկայիս այն առավելս տեսանելի է ցավալիորեն օրե օր գոցվող սփյուռքյան վարժարանների խորապատկերի վրա․․․
Այսպիսի տողերով է ավարտվում Յ․Քիւրքչեանի «Հետգրութիւն մը Նիկողոս Սարաֆեանի համար»․ «Աս Շարժումի ներանձնացման, ոգեղինացման վերջին հանգրուանը․․․»։ Յարութիւն Քիւրքչեանը վերջին հանգրվան չունի, իր ապրած ամբասիր ստեղծագործ կյանքը իր շարունակականության մեջ է՝ «լեցուն հոգիի գոյութեամբ․․․»։
Արթուր Անդրանիկեան
- Hits: 10730