27 տարի անց ցուցադրվել է Փելեշյանի նոր ֆիլմը՝ «Բնությունը»

 

Փարիզում՝ Կարտիե հիմնադրամում, 2020-ի հոկտեմբերին առաջին անգամ բացվել է Արտավազդ Փելեշյանին նվիրված «Բնություն և եղանակներ» ցուցահանդեսը, ինչպես նաև՝ 27 տարի անց ցուցադրվել է Փելեշյանի նոր ֆիլմը՝ «Բնությունը»:

«Բնություն» ֆիլմը Փելեշյանի 15 տարվա աշխատանքի գագաթնակետն է, որտեղ ռեժիսորը ցանկացել է բնապատկերների միջոցով մարդկանց ուշադրությունը հրավիրել բնական աշխարհի վրա: Փելեշյանն այս ֆիլմում ցուցադրում է բնական այնպիսի երևույթներ, ինչպիսիք են հրաբխային ժայթքումները, երկրաշարժերն ու ցունամիները: «Ռեժիսորն այս պատկերներով կարծես թե ցանկանում է հիշեցնել մարդկությանը, որ էկոլոգիական քաոսը, որը նա ստեղծել է, չի կարողանա հաղթահարել»,- ասված է Կարտիե հիմնադրամի պաշտոնական կայքում:

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը ֆրանս-գերմանական համատեղ արտադրություն է: Ռեժիսորը ֆիլմի ստեղծման աշխատանքներում համագործակցել է նաև «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հետ:

Cultural.am-ի հետ զրույցում «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հիմնադիր Լևոն Դեր-Բեդրոսյանը նշում է, որ Փելեշյանի բոլոր գործերն անհրաժեշտ է դիտարկել «Ժողովրդական, անտրոպոլոգիայի շրջանակի մեջ»:

Դեր-Բեդրոսյանի խոսքով՝ Փարիզում Արտավազդ Փելեշյանին նվիրված ցուցահանդեսը չափազանց կարևոր է հայ տաղանդավոր անհատներին միջազգային լսարանին ներկայացնելու տեսանկյունից:

«Այս ցուցահանդեսը մեզ համար լուսավոր կետ է: Հայն ու հայի արվեստի նվիրյալ լինելու կողմը օտարներին ավելի լավ ճանաչելու հնարավորություն տալու համար: Մենք կինոարվեստի մեջ մի քիչ տկար ենք, թեև կարող ենք ավելին անել և կարևոր է, որ հայ արվեստը ներկայացվի այլ երկրներում, որպեսզի մյուսները տեղեկանան, թե ով ենք մենք, կարծրատիպային մոտեցում չլինի մեր հանդեպ»,- ասում է Դեր-Բեդրոսյանը:

Լևոն Դեր-Բեդրոսյանը Փելեշյանի հետ առաջին անգամ հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնում՝ 1993 թվականին, որից հետո ռեժիսորի հետ շարունակել է կապ պահել: Փելեշյանի ստեղծագործությունները՝ Դեր-Բեդրոսյանի պնդմամբ, իրեն օգնել են բացահայտել «իր ինքնությունը»:

«Փելեշյանը երկար տարիներ աշխատում է Homo sapiens (Մարդ բանական) սցենարի վրա, դրամի կարիք կա և զանազան պատճառներով չի ստացվում կյանքի կոչել այդ գաղափարը: Երկու տարի առաջ Փելեշյանի հետ խոսակցության ընթացքում տեղեկացա, որ «Բնություն» ֆիլմն ավարտելու աշխատանքներում որոշակի օգնություն է անհրաժեշտ և Ժողովրդական արվեստի հիմնադրամը համեստ ներդրում ունեցավ ռեժիսորի այդ աշխատանքում»,- նշում է Դեր-Բեդրոսյանը:  

 Արտավազդ Փելեշյանի «Բնություն և եղանակներ» ցուցահանդեսը Կարտիե հիմնադրամում տևելու է մինչև մարտի 7-ը: Հիմնադրամի պաշտոնական կայքում նշված է, որ Քովիդ-19 համավարակով պայմանավորված, ցուցահանդեսը ժամանակավորապես փակ է:  

 

 

Ալինա Նահապետյան

  • Hits: 445

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: