Հարցազրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի առիթով

Հարզազրույց արձակագիր Թերեզա Ամրյանի հետ

 

Ինչպիսի՞ն էր Ձեր մուտքը գրականություն։ Եկեք խոստովանենք, որ ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում հրապարակվեցիք մի շարք գրական կայքերում, և ինչ-որ չափով ճանաչում ձեռք բերեցիք, այնուհետև հանդես եկաք Ձեր իսկ գրքի տպագրությամբ։ Կարելի է փաստել, որ հայաստանյան պայմանների համար հրաշալի է, քանի որ շատ գրողներ երկար ժամանակ ունեն ճանաչում, սակայն չեն համարձակվում, կամ որևէ մի այլ բան խանգարում է նրանց տպագրվել։ Ո՞րն էր Ձեր՝ արագ տպագրվելու «ֆենոմենը»։

- Իմ գրական ակտիվությունը սկսվեց այն բանից հետո, երբ «Գրանիշում», ապա «Երևանյան էսքիզում» հայտնվեցին իմ պատմվածքները։ Որոշ ժամանակ անց «Զանգակ» հրատարակչության հետ համագործակցության արդյունքում լույս տեսավ «Այն եզդի կնոջ ճամպրուկը» վեպը։ Ցանկացած գործունեության ընթացքում կան և՛ նպաստող հանգամանքներ, և՛ մեծ ու փոքր խոչընդոտներ։ Երբ համատեղ ուժերով նույն նպատակին լծված մարդկանց միջև կա բարի կամեցողություն, ապա դրա զորությունը կարող է հաղթահարել տարբեր խոչընդոտներ։ Խոչընդոտների հաղթահարմանը նպաստեց իմ և ինձ հետ աշխատող մարդկանց հավատի ուժը։

Երևի Ձեզ ամենից շատ տրված հարցերից․ ի՞նչ կա եզդի կնոջ ճամպրուկում։ Դա զուտ ճամպրո՞ւկ է, թե՞ տոհմածառի վերածվող սուրբ մասունք։

- Եզդի կնոջ ճամպրուկում եզդի կնոջ և նրա բազմազգ քույրերի երազանքներն են, անցյալի վերագնահատումն և հույսը ապագայի նկատմամբ։

Ձեր երկերում ամբողջովին եզդիական կյանքն է, կարելի է ասել՝ գրում եք պատմություններ եզդի ժողովրդի մասին։ Այդ թեմայով գրելը համարում եք ազգային արժեհամակարգի պահպանմանը միտված քայլ-պարտավորությո՞ւն, թե՞ զգում եք, որ դա է Ձեզ հոգեհարազատ։

- Իմ պատմվածքներում և վեպում կան եզդիների կյանքի տարբեր դրվագներ, երբեմն` նաև նրանց հուզող որոշ հարցեր։ Ես գրելը պարտավորություն չեմ համարում․ գրելը ներքին մղում և ցանկություն է՝ մտքերն ու տարբեր իրավիճակները թղթին հանձնելու համար։ Իհարկե, այն ամենը, ինչը ես գրել եմ, շատ հարազատ է ինձ, որովհետև անմիջականորեն առնչվում է իմ ժողովրդին և ընտանիքին․ ես շատ կցանկանայի, որ այդ հարստությունը երկար ապրի։

Գիրքը կարդալիս այնպիսի տպավորություն է, որ ընթերցողի հետ մինչև վերջին սահմանն անկեղծացել եք։ Մտավախություն չկա՞, որ այն ամենը, ինչ տարիներ շարունակ թանկ մասունքի պես պահել եք Ձեր ներսում, այսօրվա ընթերցողը գուցե ճիշտ չընկալի, և դրա պատճառով այդ մասունքը ստիպված կլինի կորցնել իր արժեքը։

- Գրելու պրոցեսը կարծես զրույց լինի ինքս ինձ հետ։ Գուցե դա է պատճառը, որ ընթեցողը անկեղծություն է տեսնում և գնահատում է այն։ Ես վստահ եմ, որ ընթերցողը ոչ թե նպաստում է գրածի արժեզրկմանը, այլ ընդհակառակը յուրովի է արժևորում դա։

yezdi knoj jampruky

Գրքի շնորհանդեսի ժամանակ կարծիքներ հնչեցին երկի ժանրային առանձնահատկության մասին։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ գիրք է «Այն եզդի կնոջ ճամպրուկը»։ Նաև խոսվեց, որ այստեղ կան տարրեր պարսից դասական պոեզիայից, տեղ-տեղ կգտնվեն միստիկ թեմային հարող մասնիկներ։ Մտածե՞լ եք այդ մասին։ Արդյոք «Այն եզդի կնոջ ճամպրուկում» հնարավո՞ր է գտնել արևելյան դասական պոեզիայի ազդեցություն։

- Իմ կարծիքով ստեղծագործություններիս վրա կարող է լինել առաջին հերթին եզդիական բանահյուսության ազդեցությունը։ Վեպի մեջ, անխոս, կարելի է նաև եզդիների մշակույթի տարբեր տարրեր տեսնել։ Իմ ժողովրդի մշակույթը բազմազան շերտեր ունի, և ցանկացած ընթերցող կարող է իրեն հարազատ բան գտնել՝ սկսած միստիկ տարրերից վերջացրած արևելյան պոեզիայի առանձնահատկություններով։

Ինչպես գիտենք՝ Դուք նախևառաջ դասախոս եք, երկար ճանապարհ անցած գիտնական, մի մենագրության հեղինակ։ Գիտնականի համար դժվար չէ՞ գրել գեղարվեստական ստեղծագործություն։

- Ինձ համար գեղարվեստական ստեղծագործություն գրելն ավելի հեշտ է, որովհետև այս դեպքում գործ չունեմ մեթոդների, տեսությունների, դատողությունների և վերլուծությունների հետ, այս դեպքում գործ ունեմ իմ աշխարհի հետ։ Պարզապես վերաբերմունքն է տարբեր գիտական աշխատանքների և գեղարվեստական գործերի նկատմամբ․ իմ պատմվածքներին և վերպին ես սրտի թրթիռով եմ վերաբերվում։

Ձեր գրքում հեղինակ-հերոսը շարունակ փնտրտուքի, ինչ-որ տեղ փախուստի և դրանից բխող վերադարձի հոգեվիճակի մեջ է։ Մանկության հուշերն են քաղցր երազի պես անընդհատ իրենց հիշեցնել տալիս՝ «ստիպելով» տեղ-տեղ կտրվել իրականությունից։ Անգամ կարելի է ֆիզիկական փախուստներն և վերադարձերը նկատել։ Ի վերջո, փախո՞ւստ, վերադա՞րձ, թե՞ դարձ ի շրջանս յուր․․․

- Կարծում եմ՝ հեռանալն ու վերադառնալը հատուկ է բոլոր մարդկանց, իսկ ցանկացած մարդ իր ընտրած ուղու ճամփորդն է։ Ճամպրուկի հետ անցած ուղին մի մեծ ճամփորդություն է․ ցանկացած ճամփորդությունից հետո կա վերադարձ դեպի հարազատ եզերք։

Ի՞նչ կարծիքներ եք ստանում ընթերցողներից։ Դեռ չե՞ք ստացել խիստ գրաքննադատական կարծիք։

- Ընթերցողներից շատերն ասում են, որ վեպը կարդալուց հետո իրենք հիշել են իրենց տատիկ-պապիկներից ժառանգություն ստացած քսակների, գոտիների, գրչատուփերի մասին․ հավատացեք, դա շատ ջերմացնող է։ Դե իսկ գրաքննադատական կարծիքները չափազանց արժեքավոր են, քանի որ դրանցից կարելի է անվերջ սովորել։

Եվ վերջում՝ ընթերցողը ինչո՞ւ պիտի կարդա «Այն եզդի կնոջ ճամպրուկը»։

- Ընթերցողը կկարդա «Այն եզդի կնոջ ճամպրուկը»՝ դա մի նոր գույնով հարստացնելու համար։

 

Հարցազրույցը՝ Արեգ Բագրատյանի

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ 

 «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքից

***

Երբ փոքր էի, ժամանակ առ ժամանակ հոգևորականը հյուր էր գալիս մեզ. նա Հայոց ցեղասպանությունից առաջ ծնվել էր Սուրմալուի եզդիական գյուղերից մեկում և երբեք չէր եղել Իրաքում: Այս հոգևորականը, սակայն, պատմում էր, Լալիշի ու Սինջարի մասին, ասում էր, որ Մոսուլը շքեղ քաղաք է, որտեղ մեծ ու հարուստ շուկա կա: Նա ասում էր, որ Մոսուլում կան սիրուն տներ, շքեղ, կանաչ պարտեզներ: Պապիկիս հետ զրուցելիս այդ եզդի հոգևորականն այնքան մանրամասն էր նկարագրում Սինջարի լեռները, այնտեղի ծաղկուն եզդիական գյուղերը, եզդիական սրբատեղիները, դրանց մոտ աճող սուրբ ծառերը, որ թվում էր՝ հենց նոր է Սինջարից եկել: Բնօրրանից հեռու ծնված և մեծացած եզդիները կարոտել են հայրենի եզերքը, որը չեն տեսել իրենց աչքերով:

***

Սիրո մասին մտորելիս աղոտ կերպով հիշում եմ ընեի պատմած մի եզդիական հեքիաթ: Այս հեքիաթում տղան գնում է իր կորած սիրեցյալին գտնելու: Աղջկան որոնելիս նա մոլորվում և ընկնում է մութ աշխարհ: Մութ աշխարհը 7 շերտ կամ 7 աստիճան ներքև էր լուսավոր աշխարհից, և տղան պետք է այդտեղից դուրս գար՝ նստած թռչունի մեջքի վրա: Ամեն մի աստիճան անցնելուց հետո նա պետք է մի մեծ կտոր միս և մի տակառ ջուր լցներ թռչունի բերանը, որպեսզի թռչունն ուժ հավաքեր և վերև սլանար։ Միսը չի բավարարում, և տղան թրով իր ազդրից մի կտոր կտրում ու տալիս է թռչունին: Ընեի պատմած հեքիաթում սիրելիին հասնելու համար սիրահարը պետք է հաղթահարեր մութ աշխարհի յոթ աստիճաններն և իր էությունից մի պատառ զոհելով՝ վճարեր սիրո գինը…

***

Երբեմն մտաբերում եմ իմ մանկության մեծ ընտանիքի անդամներին: Իմ Արևելքում անհատականությունը երբեմն անտեսվում է, քանի որ մարդիկ կարևորում են մեծ ընտանիքները, գերդաստանները, ցեղերը. իմ Արևելքում մենակյաց լինելը հանցանքի նման մի բան է: Իմ Արևմուտքում անհատականությունները հաղթահարել են մեծ ընտանիքի նկատմամբ կարոտը, նրանք կարծես ձգտում են դեպի միասնական համամարդկային ընտանիքը: Այնքան ջերմություն կար մեր բակի թթենու շուրջ. ամռանը բոլորս հավաքվում էինք այդ ծառի տակ: Ամեն անգամ թթի ծառը թափ տալու ժամանակ շենքի բոլոր բնակիչները մի մեծ ընտանիք էին դառնում: Հարևաններից մեկը ծառն էր բարձրանում, իսկ մյուսները մեծ կտոր էին պահում, և թութը լցվում էր այդ կտորի վրա:

 

  • Created on .
  • Hits: 1301

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: