Նախագիծ, որ նպատակ ունի արվեստի ոլորտում ներդնելու ոչ ֆորմալ կրթության նոր մոդել
Հարցազրույց «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ»-ի տնօրեն, նկարիչ, համադրող Սարգիս Հովհաննիսյանի հետ
«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» իրականացնում է «Ժամանակակից արվեստի աշխատարան» նոր նախագիծը: Այն նպատակ ունի ստեղծել ազատ հարթակ ժամանակակից արվեստագետների և նորավարտ արվեստաբանների համար, որտեղ մշակութային ոլորտի փորձառու մասնագետները կաշխատեն երիտասարդների հետ՝ փոխանցելով իրենց փորձն ու հմտությունները: Ըստ էության նախագիծն այսկերպ հիմք է դնում ոչ-ֆորմալ արվեստային կրթության փորձնակության (պրակտիկայի) մոդելին:
«Ժամանակակից արվեստի աշխատարան» նախագծի մասին Cultural.am-ը զրուցել է «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ»-ի տնօրեն, նկարիչ, համադրող Սարգիս Հովհաննիսյանի հետ:
- Կխնդրեի նախ ներկայացնել «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամ»-ը՝ որպես արվեստի տարածք:
2018 թվականին ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանը ստեղծեց «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», որտեղ ներկայացված են մեծ վարպետի քանդակները, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները:
Հիմնադրամի առաքելություններից է ոչ միայն ժողովրդականացնել նրա արվեստը, այլև պահպանել XX դարի մյուս վարպետների հիշատակը, նպաստել Հայաստանի երիտասարդ արվեստագետների ստեղծագործական առաջընթացին:
Հիմնադրամի գործունեությունը բազմաոլորտ է. փոփոխվող ցուցադրություններից բացի, իրականացվում են կրթական և համերգային ծրագրեր, դասախոսություններ՝ նվիրված հայ և համաշխարհային արվեստի պատմությանը: XX դարի վարպետների աշխատանքներին զուգահեռ ցուցադրվում են նաև հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ:
- Ինչի՞ց ծնվեց «Ժամանակակից արվեստի աշխատարան» նախագծի գաղափարը: Ովքե՞ր են նախաձեռնողները:
Որպես արվեստագետ և արվեստի կառավարիչ՝ թանգարանային միջոցառումների ուսումնասիրությունների արդյունքում հասկացել եմ, որ շատ թանգարաններ ժամանակակից մոդելներից դուրս են մնացել, այսինքն՝ մնացել են միջոցառումների մակարդակում, որի պատճառներից մեկը պրոֆեսիոնալ համադրողների բացն է թանգարանում: Սովորաբար թանգարաններում նախագծեր իրականացնում են անկախ համադրողները, բացի դրանից ժամանակակից արվեստի ընկալումը Հայաստանում մնացել է մոդեռն արվեստի դրսևորումների մեջ: Եվ այս ամենից ելնելով՝ մտածեցինք «Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» անցկացնել «Ժամանակակից արվեստի աշխատարան» նախագիծը:
- Ո՞րն է նախագծի նպատակը:
Նախագծի նպատակը երիտասարդ մասնագետներին ժամանակակից արվեստագետների փորձը փոխանցելը, վերջիններիս հետ ստեղծագործելու հնարավորություն տալն է: Խթանել նորավարտ արվեստաբանների, թանգարանագետների մասնագիտական աճը, հիմք դնել ոչ ֆորմալ արվեստային կրթության իրագործմանը:
Նպատակներից մեկն էլ անհատ համադրողների, թանգարանագետների, մշակութային կառավարիչների, արվեստագետների և ուսանողների միջև համագործակցային նոր մոդելի ներդնումն է, կրթական համակարգի արդիականացումը։
Դասընթացի ամբողջ պրոցեսը հիմնադրամին թույլ կտա մշակել փորձնակության ժամանակակից նոր մոդել, որը գործնական կիրառելիություն կապահովի հայաստանյան արվեստի դաշտում, կնպաստի ժամանակակից համադրողական մոդելի զարգացմանը:
- Արվեստի բնագավառում ի՞նչ բացեր է լրացնելու այն:
Ինչպես գիտենք, թանգարանները ինստիտուցիոնալ կառույցներ են, բայց, ցավոք, այսօր քիչ թանգարաններ են կիրառում ինստիտուցիոնալ մոտեցումներ: Ժամանակակից թանգարանների գործառույթը պետք է լինի հասարակության հետ կապը պահպանելը, որպեսզի մարդը թանգարանում միայն ցուցանմուշներ չդիտի, այլ նաև որոշակի կրթական և մշակութային ազդեցություն կրի իր վրա:
Այս նախագիծը ուսանողին տալիս է հավելյալ ոչ ֆորմալ արվեստային կրթություն, որն ավելի կամրապնդի նրա գործունեությունը: Երիտասարդ մասնագետն ավելի արագ կինտեգրվի աշխատանքային գործընթացներին՝ տվյալ պարագայում թե՛ ստրուկտուրալ համակարգերում (համալսարան, դպրոց, թանգարան), թե՛ հասարակության մեջ:
- Ծրագրի շրջանակում ի՞նչ ուղղություններով են անցկացվում/անցկացվելու վարպետության դասընթացները:
Դրանք անցկացնում են թանգարանային ոլորտի փորձառու մասնագետներ, անկախ արվեստագետներ, համադրողներ, որոնք ներկայացնում են Հայաստանում և արտերկրում իրականացված նախագծերը, ինչպես նաև իրենց փորձառությունը:
«Նիկողոսյան» հիմնադրամի տարածքից բացի` որոշ դասախոսություններ տեղի են ունենում նաև մշակութային այլ հաստատություններում:
- Փորձնակության ընթացքում ի՞նչ ճանապարհ են անցնում ծրագրի մասնակիցները և ի՞նչ արդյունք է ակնկալվում ստանալ վերջնարդյունքում:
Մասնակիցները տարբեր բուհերի ուսանողներ են, և շատ կարևոր է, որ նրանք անմիջական շփումներ են ունենում ժամանակակից արվեստագետների հետ, ճանաչում իրենց կողքին ապրող ստեղծագործողներին։
Կարևոր է նաև, որ իրենք նույնպես գործնական աշխատանք են կատարում: Սովորում են վարել էքսկուրսիաներ, կատարել հետազոտական աշխատանքներ, ներկայացնել պրեզենտացիաներ հայ և համաշխարհային արվեստագետների մասին, նաև ձեռք են բերում տեսախցիկի առաջ խոսելու հմտություն:
Կարծում եմ՝ նախագծի արդյունքում հիմնադրամի կողմից կստեղծենք նոր, ոչ ֆորմալ ժամանակակից աշխատարանի մոդել, որը նաև կփոխանցենք Հայաստանի մշակութային օջախներին, որպեսզի այն ավելի լայն կիրառում ունենա մեր երկրի մշակութային կյանքում:
- Ի՞նչ տևողությամբ է լինելու նախագիծը:
Այն տևելու է մինչև մայիսի 18-ը, բայց նախատեսվում է նախագիծն անցկացնել տարեկան երկու անգամ: Ծրագիրը շարունակական է լինելու:
Նշեմ, նաև, որ բացի ընտրված մասնակիցներից, ովքեր մասնակցում են աշխատարաններին, ծրագիրը բաց է թանգարանային ոլորտի ներկայացուցիչների և արվեստով հետաքրքրվող մարդկանց համար:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 1970