«Պիտի վեմի պես անսասան լինեինք․․․» հարցազրույց բանաստեղծ Նշան Աբասյանի հետ

 

Զրուցել ենք բանաստեղծ Նշան Աբասյանի հետ, որը ընթերցողներին հայտնի է իր «Երեքշաբթի», «Ծիրանենի», «Ուրիշ լռություն» բանաստեղծական ժողովածուներով։ Օրերս լույս կտեսնի նրա նոր ժողովածուն՝ «Պետրիկոր» խորագրով։

Մեր զրույցը թերևս սկսենք խոսելով  Ձեր նոր գրքի մասին։ Ինչո՞վ է այն տարբերվում Ձեր նախորդ ժողովածուներից։ Այստեղ ընթերցողը կտեսնի իրեն ծանո՞թ Նշան Աբասյանին, թե՞ կտրուկ կամ ոչ այդքան փոփոխությունների ենթարկված բանաստեղծի։

Գրքում ընդգրկված բանաստեղծությունների մեծ մասը ծանոթ են ընթերցողներին, թեպետ կան նաև նոր գործեր։ Եվ ժողովածուի տարբերությունը նախորդներից այն է, թե նախորդ բոլոր գրքերից ի՛նչ գործեր եմ ընտրել վերստին հրապարակման համար և որոնք եմ բաց թողել։ Այնպես որ՝ առաջին հայացքից կտրուկ փոփոխություններ չեն նկատվի․․․ Երևի ոչ մի փոփոխություն էլ չնկատվի, եթե հիմա չհուշեմ, որ փորձել եմ կարելվույն չափ անցյալում թողնել այն գեղագիտությունը, որտեղ գերիշխում է երևակայականը, եթե անգամ այն տպավորիչ լինի լեզվաոճական առումով։ Այդ կերպ ուզել եմ հորդորել ընթերցողներին զգույշ լինել իրականության զգացողությունից կտրվելուց, որովհետև, օրինակ, թմրանյութն էլ, չէ՞, սկզբում հաճելի է։

Հետաքրքիր է նաև գրքի վերնագիրը՝ «Պետրիկոր»․ անձրևից հետո օդում տարածվող բույրն է այսպես կոչվում։ Ինչո՞ւ «Պետրիկոր»։ Ի՞նչ խորհուրդ ունի այն։

Երկար էինք մտածում գրքի անվան ընտրության շուրջ, և այս տարբերակն առաջարկեց մեր դիզայներներից Արաբո Սարգսյանը։ Անունը կարճ է և փոխաբերաբար բնորոշում է ներքին փոթորկին հաջորդող խաղաղությունը։ Բայց հետո նկատեցի (այն, ինչ հիմա կասեմ, հրատարակչությունում էլ չեմ խոստովանել), որ բառի վերջնամասը նույնանուն է մեր «կոր» արմատին՝ կորացած, ներփակված, իսկ առաջին բաղադրիչը Պետրոս Առաքյալին է հիշեցնում՝ Վեմին։ Որպես առաջին քրիստոնյա ազգ՝ մենք այսօր պիտի վեմի պես անսասան լինեինք, մինչդեռ կորացել ենք որբի նման։

Եթե չեմ սխալվում՝ մոտ 4-5 տարի դադար էիք վերցրել։ Գրախանութներում գրեթե անհնար էր գտնել Ձեր գրքերը, ասում էին՝ էլ չի գրելու։ Եվ ընթերցողը հանկարծ նկատում է, որ Նշան Աբասյանը վերադառնում է՝ իր դադարից բերելով նոր գիրք։ Ի՞նչ տվեց Ձեզ տարիների դադարը, լռությունը։ Սպասո՞ւմ էիք այս վերադարձին։

Չէ, վերադարձին չէի սպասում և չէի էլ նախատեսել, եթե չլիներ «Էդիտ Պրինտ» հրատարակչությունից Շավարշ Կարապետյանի հարվերը՝ աշխատելու որպես խմբագիր, իսկ այնուհետև՝ նրա և շատ այլ ընկերներիս՝ շարունակվող համառ պնդումները՝ նոր գրքով ներկայանալու։ Ինձ մինչև հիմա էլ չափազանց դժվար է հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվելը․ բոլոր նրանք, ովքեր անձնապես շփվում են ինձ հետ, գիտեն այդ մասին։ Ես չեմ վերադառնալու բոհեմիկ կյանք՝ ոչ որովհետև իրավունք ունեմ այնտեղ մեկին քննադատելու, այլ քանի որ ինձ առանձնության մեջ եմ հանգիստ զգում։ Օրինակ՝ շատ կուզեի, որ իմ բոլոր ընթերցողները մի օր վեր կենային, գային մեր գյուղ․․․ (ծիծաղում է, հեղ․)․ բոլորս միասին կփակենքին մեր ջերմատները ու քանի որ շատ կլինեինք, կանեցնեինք Սաքո քեռիի, Վանուշ հոպարի, վարպետ Մուրազի հողամասերին․․․ Շա՜տ զվարճալի կլիներ․․․

ՆշանԻսկ ի՞նչ եք վերցրել Ձեզ հետ մանկությունից։

Արջուկ։ Գռմռացող մի խաղալիք, որով մայրս հանգստացնում էր ինձ, երբ արթնանում էի երևի ինչ-որ վատ երազից վախեցած։

Ինչպիսի՞ն է Ձեր լռությունը։

Այսօր այն ինձ ցավ է պատճառում, խոցոտում Է, թեպետ նախկինում ներքուստ պարծենում էի այդ հատկանիշով, ինձ «բրենդ» էի դարձրել։ Բայց պիտի ասեմ Ձեզ, որ դա բնավ չի նշանակում, թե առանձնապես խոսելու կամավոր ցանկություն ունեմ։

Մի առիթով ասել եք, որ ամենից շատ սիրում եք բազմակետերը և միևնույն ժամանակ վախվորածությամբ եք մոտենում կետադրական այդ նշանին։ Ինչո՞ւ, ի՞նչ կա թաքնված այդ մի քանի կետերում։

Այո՛, այն ժամանակ մտածում էի՝ գեղեցիկ է։ Հիմա հասկանում եմ, որ պոեզիայում հաճախ բազմակետերով պատասխանատվությունը թողնում ես ընթերցողին, իսկ ինքդ՝ քաշվում մի կողմ։

Ինչպես կարելի է նկատել Ձեր բանաստեղծություններից՝ առօրեական ամենափոքր, առաջին հայացքից աննշան թվացող մի երևույթ կարող է Ձեզ այնքան գրավել, ոգևորել, որ դառնա Ձեր բանաստեղծության հիմքը։ Այդպե՞ս է։ Զոհրապի՝ փոքր բաները աչքը շոյելու եւ հոգին մտնելու տեսության կրո՞ղն եք։

Գիտե՞ք՝ դա գեղագիտական գտնված միջոց է։ Բայց ինձ թվում է՝ ուրիշներն էլ կան, որ բոլորովին այլ մանրուքներ են տեսնում և բոլորովին էլ բանաստեղծություն չեն գրում։

Լռության գեղագիտության տարբեր դրսևորումներին զուգահեռ՝  Ձեր պոեզիայում կարելի է նկատել գունային որոշակի գեղագիտություն, ինչպես նաև համային կարոտախտ։ Ի՞նչ նշանակություն ունեն այս տարրերը Ձեր բանաստեղծություններում։

Մի անգամ մի գործուղմամբ հեռու մի տեղ էինք մեկնել․ անտառամեջ ճամբարում սեմինարի էինք մասնակցում։ Երեկոյան՝ հանգստյան ժամին, բոլորը, կանաչի մեջ պառկած, վայելում էին պահը, իսկ ես մտածում էի՝ ինչպես այդ չքնաղ պատկերը բանաստեղծության վերածեմ։ Հետո բոլորը խաղաղված գնացին գիշերելու, իսկ ես բանաստեղծության շուրջ էի մտածում․․․

Որքանով նկատելի է՝ Ձեր գրական աշխարհայացքի վրա մեծ դրոշմ են թողել Գրիգոր Նարեկացին, Ակսել Բակունցը, Հրանտ Մաթևոսյանը, Համո Սահյանը։ Գուցե էլի կան շատերը։ Կարո՞ղ եք առանձնացնել՝ մեծ գրողներից ումից ինչ եք սովորել։

Այո, այդպես է եղել։ Բայց հիմա միայն Նարեկացու օգնությունը կխնդրեի։

Ի՞նչն է պակասում այսօրվա հայ մարդուն։

Համարձակ ուղղախոսությունը։

 

 

Զրուցեց Արեգ Բագրատյանը

  • Created on .
  • Hits: 574

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: