Վարվառա Մանուկյան․ Հայաստանում պիտի զարգացնել պատմական կատարողական արվեստը

 

 

Կլավիրահար Վարվառա Մանուկյանն արդեն երկար տարիներ փորձում է պատմական գործիքներ բերել Հայաստան և զարգացնել պատմական կատարողական արվեստը Հայաստանում։ Վարվառա Մանուկյանն ավարտել է Մոսկվայի պետական ​​կոնսերվատորիան, ապա ուսումը շարունակել Գերմանիայի Մյունխեն քաղաքում, որտեղ էլ այժմ բնակվում է և ստեղծագործում: Նա սովորել է այնպիսի հայտնի երաժիշտների մոտ, ինչպիսիք են՝ Ալեքսեյ Լյուբիմովը, Օլգա Մարտինովան և Քրիստինա Շոռնսհայմը: Վարվառա Մանուկյանը համերգներ է տվել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Նրա հետ զրուցել ենք կրթական համակարգերից և Հայաստանում պատմական կատարողական արվեստի հիմնադրման հարցերի շուրջ։

 

Ներկայումս ապրում և ստեղծագործում եք Մյունխեն քաղաքում, բայց տեղյակ եմ, որ դրանից առաջ ապրել եք նաև Մոսկվայում։ Կխոսե՞ք Ձեր տեղափոխությունների պատճառներց։

Ես ծնվել եմ Երևանում, սակայն 1992 թվականին երկրում ստեղծված դժվարին իրավիճակի պատճառով ծնողներս որոշեցին Մոսկվա տեղափոխվել։ Այնտեղ ես կարողացա իմ երաժշտական ուսումը  շարունակել Գնեսինների անվան  պետական երաժշտական ուսումնարանում, ապա այն ավարտելուց հետո՝ Մոսկվայի Չայկովսկու պետական  կոնսերվատորիայի պատմական և ժամանակակից կատարողական  արվեստի ամբիոնում, որը մի տարի էր, որ բացվել էր։ Արդեն 2005 թվականին որպես DAAD թոշակառու հնարավորություն ստացա պատմական կատարողական փորձս կատարելագործել հանրահայտ կլավիրահար Քրիստինա Շոռնսհայմի դասարանում։

Մոսկվա՞ն Ձեր մեջ պատմական գործիքների նկատմամբ հետաքրքրություն առաջացրեց։

Այո, արդեն նշեցի, որ ընդունվեցի Մոսկվայի կոնսերվատորիայի պատմական և ժամանակակից կատարողական  արվեստի ամբիոն, որը նոր էր բացվել պրոֆեսոր Ալեքսեյ Լյուբիմովի ջանքերոով։ Ես դարձա ամբիոնի առաջին կլավեսինահարը։ Պետք է նշեմ, որ ես, ինչպես երաժիշտների մեծամասնությունը, մոտ 20 տարի նվագել էի միայն ժամանակակից դաշնամուր և պատմական գործիքներին ծանոթ չէի։  Իհարկե պատմական գործիքների մասին տեղյակ էի, բայց միայն երաժշտության պատմության գրքերից,  որտեղ ասվում էր, որ այդ գործիքների ժամանակն անցել էր և այդ գործիքներին փոխարինելու է եկել  ժամանակակից դաշնամուրը, որի վրա ամեն տեսակի երաժշտություն շատ ավելի հետաքրքիր է հնչում։  Բայց կլավեսինով առաջին անգամ նվագելուց հետո անմիջապես հասկացա, որ Բախը բոլորովին այլ կերպ է հնչում այն գործիքի վրա, որի համար այդ երաժշտւթյունը գրվել է։  Դա ինձ շատ հետաքրքրեց և ես սկսեցի խորանալ այդ աշխարհի մեջ։

Իսկ ինչքա՞ն ժամանակ պահանջվեց Ձեզանից կլավեսինին ընտելանալու համար։

Մոտ երեք տարի տևեց մինչև կարողացա ընտելանալ կլավեսինին։ Դաշնամուրը բոլորովին մի կողմ թողեցի, քանի որ այդ երկու գործիքների մեխանիկան բոլորովին տարբեր է, և սկզբնական շրջանում այդպես ավելի ճիշտ էր վարվել։ Կարելի է ասել՝ սկսեցի ուսումս զրոյից։

Ձեր խոսքում հաճախ եք նշում, որ Հայաստանից հեռանալուց հետո ստիպված էիք ամեն ինչ նորից սովորել։ Այսինքն՝ այստեղ հանգում  ենք կրթական համակարգերի տարբերությանը։ Ի՞նչ առավելություններ ու թերություններ ուներ մոսկովյան կրթական համակարգը մեր կրթական համակարգի համեմատ։

Եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, Հայաստանի և Ռուսաստանի կրթական համակարգերը գրեթե նույնն են, որովհետև Հայաստանի երաժշտական ավանդույթները ռուսական երաժշտական ավանդույթներից են սնվել։ Բայց պատմական կատարողական արվեստը հիմնադրվել և սկսել է զարգանալ Ռուսաստանում մոտ 20 տարի առաջ միայն։ Պատմական կատարողական արվեստի հիմնադրման առաջին քայլն էր Մոսկվայի կոնսերվատորիայում պատմական կատարողական ամբիոնի բացումը, այսպես ասած՝ նոր կրթական համակարգի բացումը, որին Ալեքսեյ Լյուբիմովը երկար ժամանակ պայքարելուց հետո կարողացավ հասնել։    Առաջացավ մի կրթական համակարգ, որը Ռուսաստանի համար էլ բոլորովին նոր էր։ Իրենք էլ ամեն ինչ զրոյից էին սկսում, անգամ կլավեսին չունեին։ Վլադիմիր Սպիվակովը հնարավորություն տվեց ամբիոնին օգտագործել պատմական կլավեսինի պատճենը, որը պատկանում էր իր կամերային նվագախմբին։ Այժմ, իհարկե, ամբիոնն ունի տարբեր տեսակի կլավեսիններ և պատմական դաշնամուրներ։ Կլավեսիններից մեկը, որը պատրաստվել էր Փարիզում, Մաքսիմ Վենգերովի նվերն էր ամբիոնին։ Այժմ Մոսկվայում կա նաև մի վարպետ, որը գործիքների պատմական պատճեններն է պատրաստում։ Դրանք տեղադրված են տարբեր սրահներում կամ անհատ երաժիշտների տներում։ Այդպես է զարգացել պատմական արվեստը Մոսկվայում։  

Այսինքն՝ այս պահի դրությամբ տվյալ ճյուղն ամեն դեպքում զարգացած է Ռուսաստանում։ Ի՞նչ կարելի է ներդնել, որ այն մեզ մոտ ևս զարգանա։

Դա այն հարցն է, որի շուրջ երկար տարիներ մտածել եմ և շարունակում եմ մտածել՝ փորձելով նաև կոնկրետ քայլեր կատարել այն ռեալիզացնելու համար։ Մեզ մոտ կան պատմական կատարողական արվեստին տիրապետող մի քանի լավ մասնագետներ, բայց պակասում են պատմական ձևով պատրաստված գործիքները։ Խոսքս միայն կլավեսինների մասին չէ։ Լարային, փողային գործիքները նույնպես այդ գործիքների շարքին են դասվում։ Պետք է շատ ավելի լայն կրթել ուսանողներին՝ նրանց ընտելացնելով պատմական կատարողական արվեստին, որպեսզի նրանք կոնսերվատորիայից դուրս գալուց կիրթ մասնագետներ լինեն։ Դա չի նշանակում, որ բոլորը պիտի կլավեսինահար դառնան, բայց նրանք պետք է իմանան, թե ինչպես է զարգացել երաժշտությունը։ Սխալ մոտեցում է  ուսանողներին քարոզել, որ առաջ եղել են հին գործիքներ, որոնք այսօր ոչ ոքի պետք չեն, որովհետև ստեղծվել է դաշնամուրը և այն ավելի կատարելագործված է։ Պետք է նաև համապատասխան մասնագետներ հրավիրել դրսից, փոխանակում ունենալ ռուսական և եվրոպական պատմական կատարողական դպրոցների հետ ու նաև այդ երաժշտությանը փոքրիկ սրահներում կատարվելու հնարավորություն տալ։ Հայաստանը հետ է ընկել պատմական կատարողական արվեստի զարգացումից, բայց այժմ մենք պետք է նայենք առաջ, տեսնենք՝ ինչ նոր հնարավորություններ կան և բացենք այդ դռները ուսանողների և ունկնդիրների առաջ։ Այդ պատճառով՝ մեզ սկզբում անհրաժեշտ են գործիքներ, հետո՝ մասնագետներ ու նաև կամերային փոքրիկ սրահներ, որոնք պետք են այդ երաժշտության կատարման համար, որովհետև դա այն երաժշտությունը չէ, որը պետք է  մեծ համերգասրահներում բազմահազարանոց ունկնդրի համար նվագվի։   

Իսկ ինչպիսի՞ն է գերմանական կրթական համակարգը։

Երբ դեռ ուսանող էի, Մյունխենի կոնսերվատորիայի պատմական  ամբիոնը այդքան էլ զարգացած չէր, բայց հիմա արդեն շատացել են պրոֆեսսորները և ուսանողները։ Գերմանիայում  կան տարբեր երաժշտական բուհեր, որոնց մեծ մասն ունի այդպիսի ամբիոններ։ Կան նաև հատուկ բուհեր, որտեղ շեշտը դրված է միայն պատմական կատարողական արվեստի վրա։ Հասկանսլի է, որ Եվրոպայի հնարավորություններն ավելի շատ են, քանի որ դու կարող ես հեշտությամբ  ճամփորդել, և ամեն ինչ կարծես ավելի մոտ է։ Փոքր համերգասրահներ էլ ավելի շատ կան, այդ պատճառով ամեն ինչ ավելի հեշտ է։ Կարելի է ասել, որ կրթական համակարգով Ռուսաստանը (իհարկե ես նկատի ունեմ Մոսկվայի կոնսերվատորիայի պատմական կատարողական կրթական համակարգը)  գրեթե մոտեցել է գերմանական պատմական կատարողական կրթական համակարգին։ Մոսկվան ու Եվրոպան մրցակիցներ են դարձել այդ ոլորտում։ Բացի Մոսկվայից՝ Ռուսաստանի արդեն փոքր քաղաքներում  փորձում են ինչ-որ պատմական գործիքներ ունենալ։

Խոսեցինք կլավեսինից։ Իսկ ի՞նչ գործիք է կլավեսինը և որո՞նք են դաշնամուրի և կլավեսինի հիմնական տարբերությունները։

Կլավեսինով հնարավոր է նվագել բարոկ ժամանակաշրջանի բոլոր ստեղծագործությունները՝ սկսած Բախի նախնիներից և վերջացած Բեթհովենի նախնիներով։ Իսկ ինչ վերաբերվում է դաշնամուրի հետ ունեցած նրա տարբերություններին, ասեմ, որ դրանք բոլորովին տարբեր գործիքներ են։ Բուն տարբերությունը դրանց մեխանիկան է։ Մեկն ունի մուրճիկային մեխանիկա, իսկ մյուսը՝ ստեղնային։ Այդ պատճառով, երբ նույն ստեղծագործությունը հնչում է դաշնամուրով և կլավեսինով, դրանք հնչում են բոլորովին տարբեր կերպ։ Այդ գործիքները չեն կարող նաև մեկը մյուսին փոխարինել։ Կարող է լինել փոխադրում մի գործիքից մյուսին, բայց ոչ փոխարինում։ Օրինակ՝ երբ կլավեսինի համար ստեղծված ստեղծագործությունը նվագվում է դաշնամուրով, դա, այսպես ասած, փոխադրում է։ Ասեմ ավելին՝ շատ հաճախ կոմպոզիտորները կապ ունեին իրենց գործիք ստեղծողների և արհեստանոցների հետ։ Նրանք, տեսնելով, որ նոր գործիք է ստեղծվում, գրում էին իրենց ստեղծագործությունը հատուկ այդ նոր գործիքի համար։  Շատերն ասում են՝ այ եթե Բախը այժմ տեսներ մեր դաշնամուրը, նա այն կգերադասեր։ Դա հեռուն տանող ճանապարհ չէ, որովհետև եթե Բախն ունենար, օրինակ, ժամանակակից  գործիք, նա երևի բոլորովին ուրիշ ստեղծագործություններ կստեղծեր։ Մենք ունենք այն, ինչ ունենք։ Պետք է քայլել փաստերի ճանապարհով, ոչ թե ասել՝ երբ, եթե և այլն, դա մեզ ոչինչ չի կարող տալ։

Տեղյակ եմ, որ Դուք քայլեր եք ձեռնարկում կլավեսին Հայաստան բերելու ուղղությամբ։

Առաջին անգամ Հայաստան եկա 2006-2007 թվականին(այդ ժամանակ արդեն Մյունխենում էի ապրում) և փորձեցի կապ հաստատել Հայաստանի հետ, քանի որ որպես արդեն հասուն երաժիշտ՝ ինձ հետաքրքրում էր երաժշտական կյանքն այդտեղ։ Կապ հաստատեցի Արամ Թալալյանի հետ, որովհետև նա այն երաժիշտներից  է, ով ծանոթ է երաժշտական տարբեր ոճերին և դրանց առանձնահատկություններին։ Մենք կարողաղանք միասին գեղեցիկ համերգ տալԿամերային երաժշտության տանը։ Իհարկե փոքր, ոչ պատմական ձևով պատրաստված սպինեթով (կլավեսինի փոքր տեսակը)։ Ավելի ուշ՝ պրոֆեսոր Քրիստոֆեր Ստեմբրիդջը, ում մոտ ուսանել եմ և ում հետ նաև համագործակցել եմ, այցելեց Հայաստան։ Նա հիացած էր Արամ Թալալյանի նվագախմբով և նրա նվիրված գործունեությամբ։ Այդպես նա որոշեց փոքր կլավեսին նվիրել նվագախմբին։ Այն նոր չէր, բայց, այնուամենայնիվ, եկավ  Անգլիայից Հայաստան և տեղ գտավ Նարեկացի արվեստի կենտրոնում։ Այդ գործիքով ես համերգ եմ տվել այնտեղ։ Ես փորձում էի գործիքը դուրս բերել Նարեկացի կենտրոնից, որովհետև ուզում էի բացի Նարեկացի կենտրոնից դրանով նաև ուրիշ տեղում նվագել,  բայց ինձ հնարավորություն չէին տալիս, ինչքան էլ հարցնում էի։ Ինձ հասկանալի էր դառնում, որ պատմական գործիքների համերգ կազմակերպելու մտքով Հայաստան գալ այլևս չեմ ուզում, որովհետև գործիքները հին են և դրանց իրականացման դեպքում էլ ինքս պիտի կոմպրոմիսների գնամ, ինչն այլևս չեմ ուզում։ Այդ պատճառով ես բռնեցի մի նոր ուղղություն՝ կապ հաստատելով մանկավարժների հետ, ովքեր աշխատում են երեխաների հետ։ Կապ հաստատեցի Տիգրան Հեքեքյանի հետ։ 2014 թվականին եկա Սայաթ-Նովայի դպրոց՝ վարպետաց դասեր անցկացնելու։ Տեսա շատ մեծ հետաքրքրվածություն երեխաների և նրանց ուսուցիչների կողմից  պատմական կատարողական արվեստի նկատմամբ։ Կապ եմ հաստատել նաև Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ և հուսով եմ՝ կկարողանանք ինչ-որ բան փոխել։ Վերջերս խոսեցի նաև Հայկ Վարդանյանի հետ, ով Կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրենն է։ Նա ևս շատ շահագրգռված է կատարելագործել Կոնսերվատորիան։ Մեր հիմնական նպատակն է ֆինանսական օգնություն գտնել և փորձել մեկ կլավեսին և մեկ պատմական դաշնամուր բերել Հայաստան։ Այդ քայլերից հետո կարող ենք արդեն քայլ առ քայլ մնացածը իրագործել։ Այստեղ կուզենայի նաև ավելացել,  որ այս ամռանը առաջին անգամ Հայաստանի Օպերային ստուդիայում բարոկ օպերա է բեմ բարձրանալու՝ Գլյուկի «Օրփեոս և Էվրդիկե»-ն, ինչը, հուսով ենք՝ լրացուցիչ խթան կհանդիսանա մեր ծրագրի համար։

Իսկ պետական աջակցություն կա՞ Ձեր ծրագրին։

Դա երևի ամենակարևորն է։ Ոչ մի պետական աջակցություն մեր ծրագրերին չենք ստացել։ Ճիշտն ասած՝ չենք էլ դիմել, որովհետև ում հետ էլ խոսում եմ, ինձ ասում են՝ անհնար է, դրա մասին մի մտածիր։ Ինձ խորհուրդ են տալիս ժամանակ  չկորցնել և ինքնուրույն քայլեր ձեռնարկել։  Մենք փորձում ենք ֆինանսավորում գտնել այն կազմակերպություններից, որոնք օժանդակում են Հայաստանում տարբեր այլ մշակութային ծրագրերին։  Խոսքը միայն Հասյատանում գտնվող կազմակերպությունների մասին չէ, այլև Հայաստանից դուրս գտնվող տարբեր կազմակերպությունների, որոնք հասկանում են մեր մշակութային կյանքի ընդլայման և զարգացման կարևորությունը։ Գումար գտնելուց հետո էլ գործիքը միանգամից չի հասնելու Հայաստան, այն պետք է դեռ պատրաստվի՝ ամենաքիչը մի քանի ամսում։ Դրանից հետո էլ արդեն պետք է հոգալ դրա տեղափոխման ծախսերը։

Նշել եք, որ ոճին տիրապետող մասնագետներ գրեթե չկան։ Ինչպե՞ս եք պատկերացնում մասնագետների վերապատրաստումը։

Մասնագետները պետք է հրավիրվեն արտասահմանից՝ Հայաստանում երկարատև դասավանդման  պայմաններով և իհարկե նաև  կարճատև ծրագրերով։  Պետք է նաև դուրս գալ դասասենյակային պայմաններից, նոր համերգաշարեր հիմնադրել, բարոկ փառատոն կազմակերպել  և այլ համապատասխան քայլեր կատարել՝ պատմական կատարողական երաժշտության կյանքը աշխուժացնելու նպատակով։

Խոսեցինք Ձեր մի քանի համերգներից։ Օրինակ՝ hայաստանաբնակ երաժիշտների հետ համագործակցության ինչպիսի՞ փորձեր եք ունեցել։ Կարո՞ղ եք պատմել ամենահետաքրքիրները։

Հայաստանաբնակ երաժիշտների հետ, ցավոք, համագործակցության շատ փորձեր չեն եղել։ Միակ ակտիվ  համագործակցության փորձը հայաստանաբնակ երաժշտի հետ եղել է կոմպոզիտոր, երաժիշտ Գրիգոր Առաքելյանի հետ։ Նա ապրում և ստեղծագործում է Երևանում և նվագում է մի շատ յուրահատուկ գործիք, որը կոչվում է հայկական վիոլա։ Գործիքը Մարտին Երիցյանն է պատրաստել նրա համար, և նա միակն է, որ ունի այդ գործիքը։ Այդ ժամանակ հրավիրված էի Աթենքի բարոկ փառատոնին ելույթ ունենալու, և ես ու Գրիգորը որոշեցինք միասին մի շատ հետաքրքիր ծրագիր պատրաստել։ Նվագեցինք Բախի գամբայի համար գրված սոնատներից և կատարեցինք Գրիգորի կողմից կլավեսինի և վիոլայի համար մշակված մի շարք հայկական երգեր Կոմիտասից և Գրիգոր Նարեկացուց։ Այդ նույն ծրագիրը նվագեցինք նաև 2019 թվականին Մյունխենում։

Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր ոճի բացակայությունը Հայաստանում կտրում  է Ձեզ հայկական միջավայրից։

Իհարկե կտրում է, և ոչ միայն ինձ՝ որպես մասնագետ, ով չի կարող իր փորձը մինչև վերջ փոխանցել, այլև ձեզ՝ որպես ունկնդիր։ Դրա բացակայությունը  սահմանափակում է մեզ բոլորիս, իսկ հայկական երաժշտական ուղին ընթանում է միայն դասական կերպով….

Նորը դեռ չի գալիս Հայաստան, բայց երբ այն ներս գա, դա կլինի մի դրական «ցնցում»,  որը երաժշտական կյանքին նոր ընթացք կտա։

2013 թվականին միացել եք դաշնակահար Վարդան Մամիկոնյանի «100 համերգ ամբողջ աշխարհում ՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի» նախաձեռնությանը։ Մի փոքր կպատմե՞ք այս նախաձեռնության և Ձեր մասնակցության մասին։

Երբ Վարդանը ինձ հայտնեց իր միտքը, այն ինձ շատ դուր եկավ։  Շուրջ մեկ տարի տևեց այդ նախաձեռնությունը։ Ես հատուկ ծրագիր էի ձևավորել, որտեղ ներառված էին Շուբերտի և Կոմիտասի ստեղծագործությունները։ Ծրագիրը կազմված էր երկու մասից և  կոչվում էր «Ծիրանի ծառ կամ մելանխոլիան»  Օրիենտ և Օկցիդենտ երաժշտության մեջ։ Մելանխոլիկ տրամադրությունը, որով  ներշնչված  է  Շուբերտի վերջին սոնատան, շատ  մոտ է հայկական երաժշտությանը, որը նույնպես մելանխոլիկ երանգներ ունի։  Կարևոր էր նաև համերգի լոգոն, որի վրա գրված էր, թե ինչին է նվիրված համերգը։

Հիմնականում ելույթ եք ունենում որպես մենակատար, իսկ նվագախմբերի հետ հաջողված համագործակցության փորձեր ունեցե՞լ եք։ 

Մենակատար շատ եմ եղել, նաև սիրում եմ նման համերգները։ Մյունխենում սովորելու տարիներին հիմնադրվել էր  «Cuvillies Trio Muenchen» տրիոն, որը  բաղկացած էր պատմական դաշնամուրից, տրավերս ֆլեյտայից( բարոկ ֆլեյտայից) և բարոկ թավջութակից։

Մի քանի տարի անց հիմնադրվել է երկրորդ տրիոն «Pleyel Klaviertrio»-ն, որի հետ 2016 թվականին եկել էինք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ համերգ տալու նպատակով։ Այնտեղ դրված է Պլեյել դաշնամուրը, որը նվիրատվություն է Բուենոս Այրեսի մի ընտանիքի կողմից, որ գնել էր դաշնամուրը հատուկ նրա համար, որ Արամ Խաչատրյանը նվագեր դրանով, երբ գար իրենց տուն ճաշի։ Գործիքը հետագայում նվիրվել է թանգարանին և Արգենտինայից նավով տեղափոխվել է տուն-թանգարան։  

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։

Չնայած մենք մի փոքր սահմանափակված ենք կորոնավիրուսի պատճառով, բայց ես բավական ակտիվ գործում եմ՝  առցանց համերգներ տալով։ Այսպիսի ֆորմատով համերգների ընթացքը նոր էր բոլորիս համար, բայց երբ ինքս սկսեցի առցանց համերգներ նվագել, զգացի, որ ինձ շատ լավ եմ զգում։ Իսկ ինչ վերաբերում է իմ առաջիկա ծրագրերին՝ ասեմ, որ հաջորդ առցանց համերգս մայիսի 16-ին կայանալիք «Երաժշտություն երկու կլավեսինների համար» համերգն է, որի ընթացքում կլինեն միայն երկու կլավեսիններ առանց նվագախմբի։ Կարծում եմ՝ հետագայում կարելի է աշխատել և՛ առցանց, և՛ կենդանի համերգների կայացմանը զուգահեռ՝ համերգի անցկացման ձևի ընտրությունը թողնելով հանդիսատեսին։

 

 

Հարցազրույցը՝ Անի Մարտիրոսյանի

  • Created on .
  • Hits: 1633

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: