Նազանի Ասատրյան. Համայնքային գրադարանները չպետք է լինեն ինչ-որ մեկի տանը

 

 

2020 թվականին Գեղարքունիքի մարզի մի խումբ երիտասարդներ սկսեցին իրականացնել «Գիրք & խառը» ծրագիրը, որի շրջանակներում սկսեցին Գեղարքունիքի մարզի համայնքային գրադարանները վերանորոգել, համալրել դրանք անհրաժեշտ գրականությամբ և զբաղվել այդ գրադարնների մյուս խնդիրներով։ Ծրագրի, դրա գործունեության և հետագա անելիքների մասին զրուցել ենք ծրագրի համահիմնադիր Նազանի Ասատրյանի հետ։

Ինչպե՞ս ծագեց ծրագիրն իրականացնելու գաղափարը և ինչու՞ որոշեցիք զբաղվել Գեղարքունիքի մարզի գրադարանների զարգացմամբ։

2020 թվականի օգոստոսին «Մարդամեջ 2020» սոցիալ-նորարական ծրագրերի իրականացման մրցույթին հայտագրվեցինք ես և ևս մի քանի հոգի։ Ծրագրի շրջանակներում տարբեր համայնքների երիտասարդներ ներկայացնում էին իրենց նախագծերը, որոնք միտված էին իրենց համայնքները զարգացնելուն։ Քանի որ մենք Գեղարքունիքի մարզից ենք, որոշեցինք զբաղվել մեր համայնքային գրադարանների զարգացմամբ։ Մեր ծրագիրը Ֆինանսավորվում է «Մարդամեջ 2020» մրցույթի կողմից։ Մենք այցելում էինք Գեղարքունիքի համայնքային գրադարաններ, տեղեկանում էինք՝ ովքեր են այնտեղի ակտիվ երիտասարդներն ու իրենց հրավիրում էինք մեզ հետ համագործակցելու։ Այս պահին մեր կամավորների թիվն անցնում է 50-ը։

Ծրագիրը սկսեցիք գրադարանների քարտեզագրումից։ Ինչպե՞ս է դա իրականցվում։

Քարտեզագրումը գրադարանների մասին ողջ ինֆորմացիայի հավաքագրումն է, ապա՝ այդ ինֆորմացիայի հասանելիությունը ընթերցողնրի համար ապահովվելը։ Զարմանալի է, բայց ես, լինելով Ծովինար համայնքի քիչ թե շատ ակտիվ երիտասարդ, այս ծրագրի շրջանակներում տեղեկացա, որ մեր համայնքում մեկի փոխարեն գործում էր երկու գրադարան։ Քարտեզագրումը միտված է հենց այսպիսի խնդիրների վերացմանը։ Մենք իրականացրինք 30-ից ավելի գրադարանների քարտեզագրում, որի շնորհիվ ինձ պես շատ երիտասարդներ տեղեկացան իրենց համայնքում գործող գրադարանների մասին։ Ընդ որում՝ բացի գրադարանների մասին բուն ինֆորմացիայից, մենք կցեցինք նաև գրադարանների արտաքին և ներքին տեսքը պատկերող լուսանկարներ։ Քարտեզագրումն իրականացնելու ընթացքում մենք նաև պարզեցինք, թե համայնքային գրադարանների գրադարանավարներից յուրաքանչյուրն ինչպես է աշխատում։

Իսկ ինչպե՞ս են աշխատում նրանք։

Շատ համայնքներում գրադարանավարները սիրով են աշխատում, շատ տեղերում էլ՝ հակառակը։ Խնդիր է գրադարանավարներից շատերի մասնագիտական լճացումը։ Գրադարանավարներ կան, որոնք 30-40 տարի և ավելի աշխատում են նույն տեղում և նույն հաստիքում։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ գրադարանավարները աշխատելու մեծ մոտիվացիա ու եռանդ են ունենում դեռ, և այդ ամենը նաև քեզ է փոխանցվում, դու ավելի հաճույքով ես անում ամեն ինչ։

Գրադրանավարների հետ հատուկ դասընթացներ կազմակերպվե՞լ են։

Երբ քարտեզագրումն ավարտեցինք, սկսեցինք դասընթացներ կազմակերպել գրադարանավարների համար, որովհետև նրանց քիչ է ուշադրություն դարձվում, բայց նրանցից շատ բան է կախված։ Դասընթացների ընթացքում գրադարանավարներին փորձեցինք փոխանցել տարրական գիտելիքներ՝ սկսած հաղորդակցման հմտություններից։ Նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ տարբեր համայնքների գրադարանավարներ գրքերի փոխանակում իրականացնեն։

Նշել եք, որ ծրագրի միջոցով գրադարաններն ուզում եք դարձնել ինովացիոն կենտրոններ ու կաղապարներից դուրս հանել։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամենը։

Սա այն կարևոր կետն է, որի վրա հիմնված է ողջ ծրագիրը, որովհետև մեր խնդիրը միայն գրադարանի քարտեզագրումը չէր, մեզ համար ավելի կարևոր խնդիր էր գրադարանը գիրք «տալ-վերցնելու տեղ» կաղապարից հանելը։ Այսինքն՝ երեխաները պետք է հասկանան, որ գրադարանը տարածք է, որտեղ իրենք կարող են նաև հավաքվել, քննարկումներ անել և այլն։ Բացի դրանից՝ գրադարանը հետաքրքիր չէ երիտասարդին, երբ միայն գիրք «տալ-վերցնելու տեղ» է, որովհետև ինքն այդ նույն գիրքը կարող է շատ հաճախ գտնել օնյալն տարբերակով։

Երկու գրադարան եք վերանորոգել։

Այո, Մարտունու կենտրոնական գրադարանը և Արծվանիստի գրադարանը, որի վերանորոգումը այս պահին շարունակվում է։ Մարտունու գրադարանը գույք ուներ, բայց այնտեղ ոչ բարենպաստ պայմաններ էին։ Շենքը շատ հին էր։ Արծվանիստի գրադարանն անգամ սեփական տարածք չուներ, և գրադարանը գտնվում էր ինչ-որ մեկի տանը։ Համայնքային գրադարանները չպետք է ինչ-որ մեկի տանը լինեն։

Հարցը բարձրացրե՞լ եք համապատասխան պետական օղակներում։

Մենք այդ հարցը բարձրացրինք ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի մոտ, ով մեզ ասաց, որ խնդիրը գտնվում է համայնքների ավագանու անդամների լիազորությունների ներքո։ Նրանք պիտի նիստ գումարեն, որոշում ընդունեն և այլն։

Կպատմե՞ք «Նվիրիր գիրք համայնքի գրադարանի» նախաձեռնության մասին։

Նախաձեռնության հիմանական նպատակը մարդկանց կողմից չօգտագործվող գրքերը համայնքային գրադարաններին նվիրելն է։ Մոտ 300 գիրք ստացել ենք, օրինակ, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտից։ Ընդ որում՝ նրանք մեզ հնարավորություն տվեցին ընտրել գրքերը։ Գրքեր ստացանք նաև Էջմիածնում գործող մշակութային կենտրոնից։ Վերջերս մենք Երանոս համայնքի գրադարանի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ մոտավորապես 50 գիրք իրենց ենք նվիրելու։ Կան գրադարանավարներ, ովքեր ևս դիմել են մեզ՝ իրենց գրքեր նվիրելու համար։ 50-ական գրքեր հատկացրինք Ծովինարի երկրորդ գրադարանին և Վարդենիսի մանկական գրադարանին։ Ու հետաքրքիրն այն է, որ երբ մենք նվիրատվություն ենք անում, շատ է ակտիվանում մեր էջը, ու պարբերաբար նվիրատվությունների նոր խնդրանքներ ենք ստանում։ Պահանջարկը մեծ է ոչ միայն համայնքների, այլև դպրոցների գրադարաններում, որոնք նույնպես գրքերի համալրման ու գրքերի տարբեր ժանրերի բացակայության մեծ խնդիր ունեն։ Օրինակ՝ Ծովինար համայնքի գրադարանը մանկական գրականություն չուներ, անգամ Հովհաննես Թումանյանի հեքիաթները այնտեղ չկային։ Նպատակ ունենք գրքերի մեծ խմբաքանակ ստանալու դեպքում դպրոցների գրադարաններին ևս որոշակի ուշադրություն դարձնել։

Նշեցիք, որ այլ մարզերից ևս հետաքրքրվածություն կա ծրագրի նկատմամբ։ Եթե շարունակեք այն իրականացնել, ապա ո՞ր մարզերը կլինեն հաջորդը։

«Նվիրիր գիրք համայնքի գրադարանին» նախաձեռնության շրջանակներում մենք գրքեր ենք նվիրել նաև Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներին։ Մեզ միացել են Շիրակի մարզից կամավորներ, ովքեր ուզում են Շիրակի մարզի գրադարանների քարտեզագրում իրականացրել ու իրենց գրադարանների առկա խնդիրները վեր հանել՝ դրանք լուծելու նպատակով։ Մենք նրանց հետ առանձին հանդիպումներ ենք ունեցել, քննարկել տարբեր հարցեր՝ սկսած գրադարանների մասին ինֆորմացիայի ստացման եղանակներից։ Արդեն իսկ ինֆորմացիայի փոխանակում տեղի է ունեցել, ու կարծում եմ՝ առաջիկայում Շիրակի մարզի համայնքներում ևս կունենանք գրադարանների քարտեզագրում։

 

Զրուցեց Անի Մարտիրոսյանը

  • Created on .
  • Hits: 2006

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: