Իմ մուսան որտեղ բռնում է, էնտեղ «չոքացնում» է. Լևոն Ջավախյան

Ժամանակակից գրող Լևոն Ջավախյանի հետ զրուցել ենք նրա գեղարվեստական արձակի յուրահատկությունների, ստեղծագործողի ներշնչանքի և սպասվող գրքի մասին։

  

- Բարի առավոտ, պարո՛ն Ջավախյան։ Օրվա լավ տրամադրությունը ինչպե՞ս եք ստեղծում։

 - Օղորմածիկ մերս ասում էր, թե բանը առավոտը շուտ վեր կենալը չէ, բանը գործի հաջողությունն է։  Երբ գործերը հաջող են ընթանում, լավ տրամադրություն է ստեղծվում։ Տրամադրության ամենամեծ անկումն ունենում եմ այն ժամանակ, երբ չեմ կարողանում գրել, երբ ստեղծագործական ամլություն եմ ունենում։

 - Պարո՛ն Ջավախյան, կարդալով Ձեր ստեղծագործությունները՝  նկատեցի, որ այն ընթերցողի համար կարող է հետաքրքիր ուղևորություն լինել դեպի դարերի գրականության խորքերը: Ձեր արձակը հարուստ է միջտեքստային կապերով։ Հետաքրքիր է գրականության ո՞ր շրջանն եք առավել շատ սիրում, և ո՞ր գիրքն է Ձեզ համար մնում անգերազանցելի։

 - Անգերազանցելի գիրք չկա ինձ համար։ Ամենամեծ գիրքը կյանքն է, ես ինչ-որ տեղ կյանքը արտագրում եմ, այն էլ՝ ընտրովի ձևով։ Էքզյուպերին ասում է․ «Ամենակարևորը աչքով չես տեսնի»։ Ինչ որ ուրիշը չի տեսնում, ես տեսնում եմ։ Ամենասիրելի գրողը ինձ համար Հովհ․ Թումանյանն է, ամենամեծ արձակագիրը՝ Լև Տոլստոյը։ Դարերի կապի մասին ասածդ ինձ հիշեցրեց վերջերս տեսած իմ երազը։ Այսպիսի խորհրդապաշտական երազ կյանքումս չէի տեսել, բայց տեսա։ Այնպես տեսա, որ վերջին գրքիս համար նոր վերնագիր էի որոշել, հետո փոխեցի՝ ըստ երազիս տեքստի։  Երազումս գնացել էի բարեկամիս տուն։ Իր փոքր սենյակում աչքիս զարնեց մի մեծ գորգ՝ զարմանալի զարդանախշերով, վրան թելերով հյուսված՝ «Ե՛տ արի»։ Բարեկամիս ասացի գիտե՞ս, որ քո տան ամենամեծ հարստությունը էս գորգն է։ Ասացի գիտե՞ս ինչ է նշանակում «ե՛տ արի», ուսերը թոթվեց։ Ոնց որ վրաս լույս իջած լիներ, սկսեցի բացատրել. «ե՛տ արին» նախնիների կանչն է, հնի և նորի կապն է, դեպի ապագան տանող ճանապարհը, հայի ինքնությունը։ Ու մեկ էլ մտքովս անցավ, որ ինչ-որ տեղ իմ գիրքն էլ նման է մի գորգի՝ սիրուն տառերով, փունջ-փունջ բառերով, նախշուն տողերով հյուսված, ու ո՛չ ավել, ո՛չ պակաս նոր գրքիս վերնագիրը որոշեցի դնել «Ե՛տ արի»։ Գյոթեն ասում է, կա՛նգ առ, ակնթա՛րթ․․․ էստեղ կանգ առած ակնթարթն է ․․․

 - Ձեր պատմվածքները հետաքրքիր զուգահեռների վրա են հյուսվում՝ կյանք-մահ, մարդ-աստված, անկում-հաղթանակ, դադար-վազք, խոսք և լռություն։ Իմ ուշադրությունը գրավեց, հատկապես,  մայր-գրականություն զուգահեռը։ Ձեր գրական կյանքի կայացման ճանապարհին ինչպիսի՞ ուղեկից է եղել Ձեր մայրը․․․

- Կա աստված, որ բոլորինն է, բայց կա մի աստված, որ միայն իմն է․ դա մայրս է։ Իմ մայրը ոչ միայն ինձ ծնունդ տվող է եղել, այլև մի մոգական ուժ է եղել։ Նույնիսկ զգում եմ, որ հողի տակից էլ ինձ վեր է բարձրացնում։ «Ծնկան ծերին» գրքիս համար նախագահի մրցանակ ստացա և համոզված էի, որ ստանալու եմ, որովհետև այնտեղ մորս նկարը կար․ իր վերջին նկարն էր։ Ինչ-որ մոգական, աստվածային բան կա, որ չես կարող խոսքով բացատրել, միայն կարող ես զգալ։ Որտեղի՞ց է գալիս մորս պաշտամունքը։ Երբ որ ծնվել եմ պեծիկով եմ եղել, նշանով եմ եղել, այդտեղից էլ իմ լեգենդը սկսվել է։ Իմ մերն ասել է՝ իմ էրեխեն նշանով է ծնվել, նշանավոր է լինելու։ Գնում էր գրբացի մոտ, ինչ ասում էին, ասում էր՝ իմ տղեն նշանավոր է լինելու։ Անընդհատ դա ուղեկցել է։ Մի անգամ էլ, հիշում եմ, հինգերորդ դասարանում էի, առաջադիմության քարտիկս բերեց, գնահատականներս լրիվ երեք էին։ Մտքովս անցավ` լավ, բա որ նշանավոր մարդ եմ դառնալու, էդ մարդը մի քիչ էլ խելոք չպիտի՞ լինի։ Բայց հետո բարձր դասարաններում արդեն պատմողական առարկաների նկատմամբ առաջադիմությունս ակնհայտ էր, իսկ ինստիտուտի երրորդ-չորրորդ կուրսում՝ գերազանց։ Այսինքն՝ իմ մերը էն գլխից նախանշան էր տվել։ Դա ճակատագիր էր։ Հիմա որ հետ եմ նայում, հիշում՝ ինչ խութեր եմ հաղթահարել, ինչ սարեր ու դաշտեր, զգում եմ, որ կա կյանքում ճակատագիր, և ինչ-որ կերպ մարդուն հուշվում է այդ ճակատագիրը։ Բայց դրանից պիտի մարդը ոչ թե նստի ու սպասի, այլ ճակատագրին ընդառաջ գնա։ Դա ինձ համար այնքան էական ու նշանակալից էր, որ ես նույնիսկ ուզեցի գրել «Ճակատագրին ընդառաջ» վերնագրով վեպ, մի 100 էջ էլ գրեցի, հետո տեսա, որ չի ստացվել, որովհետև ես կարճ տարածքի մարդ եմ, վեպը իմը չէ, սխալվել էի, չէի կարողացել նշանակետին խփել։ Դա ինչ-որ տեղ հնարավոր է` նաև մեր բնաշխարհից է։ Հովհաննես Թումանյանը վեպ չի գրել, Հրանտ Մաթևոսյանը վեպ չի գրել, ես էլ պիտի չգրեի։ Մենք պոռթկումով շարժվող գրող ենք։ Վեպը երկարատև աշխատանքի ծնունդ է, պոռթկումով հնարավոր չէ մեծ տարածքի բան գրել։ Բայց, այնուամենայնիվ, այստեղ մի պարադոքս կա։ Իմ պատմվածքներում հերոսը նույնանում է հեղինակին։ Գրքի հերոսը, փաստորեն, ես եմ, գրողն է, որն էլ տիեզերքի կենտրոնն է։ Աշխարհը նրա աչքով ու խոսքով է նկատվում և գրի առնվում։ Իսկ որ այդ ձևով պատմվածքները իրար գումարում ես, մի խճանկար է ստացվում, որն էլ ընդհանուր մի վեպ է դառնում։ Հատկապես, որ ես ճշտախոս գրող եմ ու մեր պատմությունն եմ գրում, իմ ապրած ժամանակը։ Դա մի յուրահատուկ պատմություն է, հայոց պատմություն՝ ըստ Լևոն Ջավախյանի։ Սկզբում, որ հարցրիր՝ ո՞րն է  այն գիրքը, որ անգերազանցելի է, Խորենացու «Հայոց պատմությունն» է։ Դա մեր ծննդյան վկայականն է։  Այդ գիրքը որ չլիներ... Ոնց որ մարդն առանց անձնագրի, առանց մետրիկայի։ Մեծ առավելություն և մեծ հրաշք է, որ այդպիսի պատմագիր ենք ունեցել։

- Ինչո՞ւ հենց  «Ծնկան ծերին» ․․․

- Ես ծնկան ծերին եմ գրում։ Ես կլասիկ գրող չեմ, որ նստեմ լուսամփոփի առաջ, սեղանիս թղթերս փռեմ ու սկսեմ գրել։ Մարդ կա գալիս գլուխ է գովում, թե ամբողջ գիշեր չեմ քնել, տասը-քսան էջ գրել եմ։ Է՜, տենց գրո՞ւմ են։ Ասում է՝ չեմ գրել, աշխատել եմ։ Գրականությունը նախ և առաջ սեր է։ Չի՛ կարելի ասել` գրականությունը աշխատանքի ծնունդ է, դա սիրո ծնունդ է։ Իմ մուսան որտեղ բռնում է, էնտեղ «չոքացնում» է։ Շատ ժամանակ հենց Վերնիսաժում է լինում։ Ես էլ ծնկան ծերին այդ մտքերը գրի եմ առնում։ Ես կարող եմ քայլելիս գրել, կարող եմ աշխատելիս գրել կամ էլ խոսելիս։ Ինչ-որ տեղ ես նման եմ մեղվի, որը գնում է նեկտարի հետևից անընդհատ, հավաքում այդ նեկտարը ու հյուսում է իր խորիսխը։ Իսկ դրա համար տևական ժամանակ է անհրաժեշտ, չես կարող նստել ու այդ լավ մտքերը անընդհատ որսալ։ Մեն-մենակ ես չեմ կարող գրել, քիչ շնորհքի տեր եմ, որ մեն-մենակ գրեմ, նախ պիտի մեղվի նման հավաքվեմ, որ հետո ընթերցողին մեղրի քաղցրությունը տամ։

 - Լինո՞ւմ են պահեր, երբ զարմանում եք Ձեր իսկ գրած տողից, մտքից, բառից․․․

 - Արվեստի նախաշեմը զարմանքն է։ Եթե զարմանք չկա, գեղարվեստ չի կարող լինել։ Ես պիտի մի հատ զարմանամ, որ գրեմ։ Քանի դեռ այդ մանկական զարմանքը իմ մեջ կա, իմ գրելու ժամանակը երկարում է։ Շատ գրողներ իմ տարիքում կամ մեռած են լինում, կամ էլ չեն կարողանում գրել։ Զարմանքի պակասությունն է, որ ծերացնում է։ Ինձ մոտ, փառք Աստծո, դեռ կա, քանի կարողանում եմ՝ գրեմ։ Ուռի պես դողում եմ, որ վաղը մյուս օրը հնարավոր է չգրեմ։ Ինչ-որ տեղ մարդուն նպատակն է պահում։ Ես մտածում եմ, որ Հրանտ Մաթևոսյանը, որ ընդամենը վաթսունյոթ տարեկանում մեռավ, կարող էր էլի ապրել, բայց չապրեց, որովհետև էլ չէր գրում։ Ապրելը ստեղծագործողի համար մեծ շանս է։ Այսինքն՝ զարմանքից նոր զարմանք կստեղծի։ Եթե զարմանք չկա, ապա մուտք դեպի գեղարվեստական աշխարհ չկա։

- Ինչպիսի՞  ընթերցողի կարիք ունի ժամանակակից գրականությունը։

- Ժամանակակից գրողները պիտի գրեն այնպես, որ ընթերցողը կարդա։ Ընթերցողը մեղավոր չի, գրողն է մեղավոր։ Սովետի ժամանակ ահագին գրողներ կային, որ գեղարվեստորեն թույլ էին գրում,  բայց կարդացվում էին։ Ինձ համար այսօր, որ շեմը կարողանում է ապահովել, իմ մոտիկ ընկերն է՝ Աշոտ Աղաբաբյանը, որը ամսվա մեջ կարող է 1000 գիրք վաճառել։ Ես ուրախանում եմ, դա ուշակորույս ընթերցողին դեպի գրականություն է բերում։ Այսինքն՝ ընթերցողը կա, ապրում է։ Ընթերցողը միշտ էլ կա, ամեն ինչ գրողից է կախված, պետք է գրեն այնպես, որ ընթերցվի, թե մե՞ծ է, փո՞քր է, մեր խնդիր չէ, ժամանակի խնդիրն է, դա ո՛չ ես եմ որոշում, ո՛չ էլ մեկ ուրիշը, ժամանակն է որոշում՝ ով ինչ է տվել։

 - Ասացիք՝ նոր գիրք եք տպագրում։ Ի՞նչ բովանդակություն ունի այն։

 - Նոր գիրքը մի երկու ամսից կլինի արդեն իմ սեղանին «Ե՛տ արի» վերնագրով։ Գիրքը ներառում է այն պատմվածքները, որոնք «Հետք» կայքում արդեն կան, դրանք մի ժողովածուի մեջ եմ հավաքել։ Դա չորս տարվա հայոց պատմությունն է։  Երկու հազար տասնութ թվականից մինչև մեր օրերի իրադարձությունները, թե ինչպես են դրանք իմ միջով անցել և ինչպիսին է աշխարհը  այդ չորս տարվա միջակայքում։

 Զրուցեց Աստղիկ Աբրահամյանը

  • Created on .
  • Hits: 3234

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: